(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)
i
040.0380.160415
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մարտի 2015 թվականի N 380-Ն
i
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԺԱՊԱՎԵՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հսկիչ-դրամարկղային մեքենաներին և դրանց շահագործման համար օգտագործվող ժապավեններին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2015 թվականի մարտի 26-ի
N 380-Ն որոշման
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԺԱՊԱՎԵՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն պահանջներով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում` գործունեության որոշակի ոլորտներում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կազմակերպություն) կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներին (այսուհետ` ՀԴՄ) և դրանց շահագործման համար օգտագործվող ժապավեններին ներկայացվող պահանջները:
II. ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
2. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ՀԴՄ-ները պետք է բավարարեն սահմանված տեխնիկական պահանջները:
3. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ՀԴՄ-ների տպագրվող և ինդիկատորի վրա արտացոլվող տեղեկատվությունը պետք է լինի հայերեն:
4. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ՀԴՄ-ները պետք է բավարարեն հետևյալ ընդհանուր տեխնիկական պահանջները`
1) ՀԴՄ-ն պետք է ունենա`
ա. ֆիսկալային հիշողություն,
բ. ծրագրային նշանաբառ մուտքագրելու հնարավորություն (4 կարգից ոչ պակաս) կամ թվային բանալիներ (99 տարբերակից ոչ պակաս)` ՀԴՄ-ի հետ միասին մատակարարվող լրակազմի ցուցակում նշված քանակին համապատասխան,
գ. հսկիչ հաշվիչների (գործառնական գրանցիչների) առնվազն 4 թվով կարգայնություն` հանված ցուցմունքների և մարումների համար,
դ. ինդիկատոր` պատասխանատու անձի համար (պատասխանատու անձ է համարվում այն անձը, ում վրա սահմանված կարգով դրված է ՀԴՄ-ի միջոցով հաշվարկներ իրականացնելու պարտականությունը),
ե. ինդիկատոր` գնորդի համար (պատասխանատու անձի ինդիկատորը, գնորդի համար տեսանելի լինելու դեպքում, պարտադիր չէ),
զ. մակնշվածք, որում պետք է նշված լինեն ՀԴՄ-ի անվանումը, գործարանային համարը, թողարկման ամսաթիվը, ՀԴՄ արտադրողի ֆիրմային նշանը: Մակնշվածքի դրոշմման եղանակը պետք է ապահովի դրա պահպանվածությունը ՀԴՄ-ի ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում.
2) 2013 թվականի հունվարի 1-ից ամսական ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից կիրառվող ՀԴՄ-ն պետք է լրացուցիչ ունենա`
ա. չջնջվող հիշող սարք` նվազագույնը 128 ՄԲ ծավալով,
բ. 256 ՄԲ օպերատիվ հիշողություն, 256 ՄԲ հիմնական հիշողություն և մինչև 32 ԳԲ լրացուցիչ հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն,
գ. SIM քարտի միջոցով 3G և GPRS կապուղիներով, Ethernet պորտի միջոցով մալուխային կապուղիներով համացանցի միջոցով վերադաս հարկային մարմնի տեղեկատվական համակարգին միանալու հնարավորություն,
դ. SAM քարտով ծածկագրավորման հնարավորություն,
ե. PCI EMV 1 և 2 կարգերի համապատասխանության սերտիֆիկատ,
զ. ծրագրային ապահովման փոփոխության և նոր մոդուլների ինտեգրման հնարավորություն.
3) ՀԴՄ-ն պետք է ապահովի`
ա. ցանցային սնուցման անջատման դեպքում անկախ հիշողության մեջ դրամական և գործառնական գրանցիչների տեղեկատվության, ինչպես նաև ծառայողական տեղեկատվության պահպանումը,
բ. թվաբանական գործողությունների կատարումը` ներսարքված հաշվարկիչի կողմից` գումարում, հանում, բազմապատկում,
գ. աշխատանքի հիմնական ռեժիմների ծրագրավորումը,
դ. ՀԴՄ-ի ավտոմատ թեստավորումը,
ե. աշխատունակությունն էլեկտրացանցի (էլեկտրասնուցման) վթարային անջատումներից հետո, ՀԴՄ-ի անխափան աշխատանքը` միջավայրի ջերմաստիճանի 0-40oC տիրույթում և մթնոլորտի 95 տոկոս (+25oC պայմաններում) հարաբերական խոնավության դեպքում.
4) 2013 թվականի հունվարի 1-ից ամսական ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից կիրառվող ՀԴՄ-ն պետք է լրացուցիչ ապահովի`
ա. վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված հատուկ ձևաչափով (արձանագրությամբ) տեղեկատվական համակարգի հետ աշխատանքը,
բ. վերադաս հարկային մարմնի կողմից տրամադրված ալգորիթմով վիճակահանությանը մասնակցող թվերի գեներացումը,
գ. բանկային պլաստիկ քարտերի (չիպային և մագնիսական) միջոցով դրամական հաշվարկների իրականացումը,
դ. համապատասխան պարբերականությամբ կապի հաստատումը հարկային մարմնի տեղեկատվական համակարգի հետ` տվյալների փոխանակման նպատակով (կտրոնների տվյալների ուղարկումը և նոր տվյալների ստացումը հարկային մարմնի միասնական շտեմարանից),
ե. հարկային մարմնի տեղեկատվական համակարգի հետ համապատասխան տվյալների (ամսաթիվը, ժամը և այլն) ներդաշնակեցումը (համապատասխանեցումը),
զ. տվյալ և հաջորդ ամիսների վիճակահանության շահող թվերը վերադաս հարկային մարմնի տեղեկատվական համակարգից ստանալու և պահպանելու հնարավորությունը` հետագայում դրանք ՀԴՄ կտրոնի վրա արտատպելու նպատակով,
է. ՀԴՄ կտրոնների հերթական համարների թվային միջակայքը (առաջին և վերջին թվերը) ստանալու և պահպանելու հնարավորությունը` այն հետագայում ՀԴՄ կտրոնի վրա արտատպելու նպատակով,
ը. RSA ստանդարտին համապատասխան` SAM քարտի միջոցով տվյալները ծածկագրավորելու հնարավորությունը և այն պահպանելը հատուկ չջնջվող հիշող սարքի մեջ (նվազագույնը 128 ՄԲ).
5) ՀԴՄ-ն պետք է ապահովի աշխատանքի կասեցումը`
ա. ՀԴՄ-ի կտրոնի ժապավենի բացակայության դեպքում,
բ. պատասխանատու անձի կողմից սխալ գործողությունների կատարման դեպքում,
գ. ՀԴՄ-ի մեջ այնպիսի վթարային իրավիճակներում, որոնք հանգեցնում են տպվող փաստաթղթի փչացմանը,
դ. գերլցման, անսարքության, ֆիսկալային հիշողության անջատման, ինչպես նաև աշխատանքի ժամանակ ՀԴՄ-ի ֆիսկալային ռեժիմում ֆիսկալային հիշողության չթույլատրված մուտքի դեպքում.
6) ՀԴՄ-ի տեխնիկական հնարավորությունները պետք է ապահովեն`
ա. սպասարկման տեսակների քանակը` 30-ից ոչ պակաս,
բ. ենթաբաժինների (բաժինների) քանակը` 8-ից ոչ պակաս,
գ. պատասխանատու անձանց (օպերատորների) թիվը` 2-ից ոչ պակաս,
դ. մուտքագրվող և ինդիկացվող գումարների կարգայնությունը` 7-ից ոչ պակաս,
ե. դրամական հաշվարկիչների կարգայնությունը` 8-ից ոչ պակաս,
զ. ընդհանուր հանրագումարի հաշվարկիչների կարգայնությունը` 9-ից ոչ պակաս:
5. Ցանցային հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով փոխանցվող տվյալները և դրանց փոխանցման ձևաչափը սահմանում է վերադաս հարկային մարմինը:
6. ՀԴՄ-ները պետք է բավարարեն ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջները:
7. ՀԴՄ-ն պետք է ունենա պատյան, որը չի կարող հանվել` առանց արտադրող կազմակերպության կամ ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկումն իրականացնող կազմակերպության և հարկային տեսչության կողմից դրված կապարակնիքները վնասելու (պոկելու):
8. Հայաստանի Հանրապետությունում ՀԴՄ-ների շահագործման (կտրոնների տպագրման) համար կիրառվող չեկային ժապավենները պետք է բավարարեն հետևյալ պահանջները`
1) հարկային մարմնի կողմից հաստատված ժապավենի թղթի տեխնիկական և որակական բնութագրերին` թղթի քաշին, հաստությանը, լայնությանը, թափանցիկությանը, թղթի վրա տպագրված (ջերմագրված) տեղեկատվության դիմացկունության նվազագույն ժամկետներին, արտաքին ազդեցությունների նկատմամբ թղթի դիմացկունությանը ներկայացվող պահանջները.
2) ժապավենների համար հարկային մարմնի հաստատած պաշտպանվածության աստիճաններին` նախշանկարով խորքային ֆոնային ցանցին (գիլիյոշիրային ֆոնին), խոշորացման դեպքում ամբողջությամբ ընթեռնելի միկրոշրիֆտով տպագրված տեքստին, նախշանկարի թանաքին և թղթի պաշտպանիչ թելերին ներկայացվող պահանջները.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային վարչարարությանն օժանդակելու նպատակով վիճակահանության (այսուհետ` վիճակահանություն) անցկացման համար հարկային մարմնի հայտարարած ժամանակահատվածում ժապավենների դարձերեսներին պետք է տեսանելի գույնով տպագրված լինեն հատուկ համարներ` ութ թվերի կամայական չկրկնվող համակցություններ: Հատուկ համարներում կամայական բաշխվածությամբ և հայերեն մեծատառերով պետք է տեսանելի գույնով տպագրված լինեն երկնիշ սերիաներ: Ժապավենի դարձերեսի յուրաքանչյուր հատուկ համարին կից պետք է տեսանելի գույնով տպագրված լինի հարկային մարմնի կողմից հաստատված տեքստով գրառում: Հատուկ համարները, դրանց սերիաները և գրառումները պետք է տպագրված լինեն միայն ժապավենի դարձերեսին.
4) վիճակահանության անցկացման ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշմամբ սահմանված գործունեության տեսակների մասով ՀԴՄ-ների համար պետք է կիրառվեն հարկային մարմնի կողմից հաստատված` տարբերակված գույնի ժապավեններ: Յուրաքանչյուր ամսվա, եռամսյակի կամ տարվա համար` սույն ենթակետով սահմանված ժապավենների մասին տեղեկատվությունը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում և տեղադրվում հարկային մարմնի ինտերնետային կայքում:
9. Վիճակահանության անցկացման համար սույն պահանջների 8-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջների պարտադիր պահպանմամբ նույն կետի 3-րդ ենթակետով սահմանված պահանջներով ժապավենների ապահովման և հատուկ համարների միասնական հաշվառման համակարգի վարման նպատակով հարկային մարմնի կողմից հայտարարվում է մրցույթ` հարկային մարմնի հաստատած կարգով ու մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներով: Մրցույթին մասնակցության հայտի հետ միասին ներկայացվում է նաև վիճակահանության անցկացման ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում ՀԴՄ շահագործողներին կտրոնների ժապավենների իրացման վերաբերյալ առավելագույն գնային առաջարկը: Մրցույթին մասնակցության պահանջների բավարարման դեպքում նախապատվությունը տրվում է ժապավենի թղթի տեխնիկական և որակական բնութագրերին, ժապավենների պաշտպանվածության աստիճաններին, հատուկ համարների հաշվառմանն ու միասնական համակարգի վարմանը ներկայացվող պահանջներին առավելագույն համապատասխանությամբ և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին: Մրցույթում հաղթող ճանաչված առևտրային կազմակերպությանը հարկային մարմնի կողմից տրվում է երաշխավորագիր` 1-3 տարի ժամկետով: Երաշխավորման ժամանակահատվածում երաշխավորված կազմակերպության կողմից սույն պահանջների կամ հարկային մարմնի հետ կնքված պայմանագրի պայմանների խախտման կամ երաշխավորված կազմակերպության լուծարման դեպքում հարկային մարմինը հայտարարում է նոր մրցույթ` սույն կետում նշված պայմաններով: Մրցույթների հրավերքները մրցույթի անցկացումից առնվազն տասն օր առաջ, իսկ մրցույթների արդյունքները` մրցույթի անցկացմանը հաջորդող հինգ օրվա ընթացքում հրապարակվում են «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում և տեղադրվում հարկային մարմնի ինտերնետային կայքում:
10. Հարկային մարմնի երաշխավորած կազմակերպության հետ կնքվող պայմանագրի պարտադիր պայմաններն են`
1) վիճակահանության անցկացման համար սույն պահանջներին և Հայաստանի Հանրապետությունում շահագործվող ՀԴՄ-ների ժապավենների համար հարկային մարմնի ներկայացրած պահանջարկին համապատասխան ժապավենների տպագրումը և (կամ) ներմուծումն ու իրացումը Հայաստանի Հանրապետությունում ՀԴՄ-ներ շահագործողներին.
2) հատուկ համարների հաշվառման միասնական համակարգի վարումը ժապավենների և դրանց հատուկ համարների հաշվառման համակարգչային ծրագրային փաթեթով, հարկային մարմնի հաստատած կարգով ու ժամկետներում ժապավենների շարժի, իրացման բաշխվածության, մնացորդների մասին և այլ անհրաժեշտ տեղեկությունների փոխանակումը հարկային մարմնի հետ.
3) ժապավենի գլանափաթեթավորմանը (այդ թվում` գլանափաթեթավորման համար ժապավենի երկարությանը), գլանափաթեթի տրամագծին, գլանափաթեթների նույնականացման միջոցներին, գլանափաթեթների խմբավորմանը և փաթեթավորմանը ներկայացվող` հարկային մարմնի ներկայացրած պարտադիր պահանջները.
4) ժապավենի դարձերեսի հատուկ համարների, դրանց սերիաների և գրառումների գույնին, տառաչափին, տառաձևին, սերիաների հերթականությանը, ժապավենի դարձերեսին դրանց դասավորվածությանը ներկայացվող` հարկային մարմնի ներկայացրած պարտադիր պահանջները.
5) երաշխավորման ժամանակահատվածում մրցույթին մասնակցության հայտով ներկայացված` Հայաստանի Հանրապետությունում ժապավենների իրացման գնային առաջարկը չգերազանցելը:
11. Վիճակահանության անցկացման ժամանակահատվածից դուրս հարկային մարմնի կողմից հաստատված ՀԴՄ-ի ժապավենի նմուշը, ինչպես նաև այդ նմուշի ժապավեններ իրացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկերը տեղադրվում են հարկային մարմնի ինտերնետային կայքում:
12. ՀԴՄ-ի միջոցով տպագրվող կտրոնը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`
1) չեկի հերթական համարը.
2) կազմակերպության անվանումը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը.
3) ՀԴՄ-ի գրանցման համարը.
4) գնման (սպասարկման) ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.
5) գնման (սպասարկման) ժամը.
6) գնման (սպասարկման) գումարը.
7) ավելացված արժեքի հարկի գումարը.
8) գնորդի (սպառողի) (այսուհետ` գնորդ) մուծած գումարը.
9) մանրադրամի գումարը.
10) ՀԴՄ-ի գործարանային համարը.
11) սպասարկման տիպի, ստորաբաժանման (բար, բուֆետ, ռեստորան, հյուրանոց)` հիշվող նիշերի թիվը` առնվազն 11 նիշ.
12) ապրանքի (ծառայության) անվանումը և ծածկագիրը.
13) պատասխանատու անձի ծածկագիրը:
13. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ՀԴՄ-ների միջոցով իրականացվող դրամարկղային գործառնությունների կազմը ներառում է`
1) դրամական գումարների հաշվառումը.
2) մասնավոր հանրագումարների հաշվառումը.
3) մանրադրամի գումարի հաշվումը.
4) ընդհանուր հանրագումարների հաշվումը.
5) դրամական գրանցիչների մարումը` ավտոմատ ելքագրմամբ տպագրելու համար.
6) գործառնական գրանցիչների մարումը` ավտոմատ ելքագրմամբ տպագրելու համար.
7) վաճառքը (հաշվարկը)` կանխիկ դրամով.
8) վերադարձումը.
9) տարայի և փաթեթավորման գնի հաշվառումը.
10) չեղյալ համարումը.
11) գնման (սպասարկման) կրկնումը.
12) տոկոսային հավելավճարի հաշվարկը.
13) պատասխանատու անձի (օպերատորի) սխալի ուղղումը` մինչև տեղեկատվության ելքագրումը տպագրման տեխնիկական կրիչին.
14) ապրանքի մուտքի հաշվառումը.
15) ավելացված արժեքի հարկի առանձնացումը:
14. ՀԴՄ-ները պետք է ապահովեն հետևյալ հաշվետվական փաստաթղթերի կազմումը`
1) հաշվետվական փաստաթղթերի ձևավորումը (տարբեր տիպի հաշվետվությունները կարող են համատեղվել մեկ տեղեկագրում` բացառությամբ ֆիսկալային հաշվետվության).
2) ֆիսկալային հաշվետվություն` ըստ պատասխանատու անձանց (օպերատորների), ըստ ենթաբաժինների (սպասարկումների), ըստ ապրանքատեսակների.
3) ժամային հաշվետվություն:
15. Սույն պահանջների 14-րդ կետում նշված հաշվետվական փաստաթղթերը (հաշվետվությունները) կարող են տպագրվել (ստացվել) սույն պահանջներին չհամապատասխանող ցանկացած ժապավենով:
III. ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՖԻՍԿԱԼԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
16. ՀԴՄ-ներին ներկայացվող` սույն պահանջներում կիրառվող հասկացություններն են`
1) ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողություն` երկարատև հիշող սարք, որը ՀԴՄ-ի բաղկացուցիչ մասն է և նախատեսված է օրական կամ հերթափոխային (այսուհետ` հերթափոխային) հաշվետու հանրագումարային տեղեկատվության գրանցման համար և բացառում է այդ տեղեկատվության փոփոխությունը: Հերթափոխային գրանցումը բնակչության հետ դրամական հաշվարկների մասին հանրագումարային տեղեկատվության գրառում է ֆիսկալային հիշողության մեջ` հերթափոխի վերջին գործառնությունը (գնումը) կատարելուց հետո: Հերթափոխի տևողությունը չպետք է գերազանցի 24 ժամը.
2) ֆիսկալային հիշողության կուտակիչ` մեկ կամ մի քանի հատուկ առանձնացված հիշողության միկրոսխեմաներ` ֆիսկալային տվյալների պահպանման համար.
3) ֆիսկալային տվյալներ` տեղեկատվություն, որը ենթակա է գրանցման ֆիսկալային հիշողության մեջ.
4) ֆիսկալավորում` ՀԴՄ-ի ֆիսկալային ռեժիմի միացում.
5) հանրագումար` գումար, որը ենթակա է գրանցման` փաստաթղթի ձևակերպումն ավարտելիս: Հանրագումարի մեծությունը չի կարող լինել բացասական.
6) մասնավոր հանրագումար` գումար, որը ձևավորում է ՀԴՄ-ն` փաստաթղթի ձևակերպման գործընթացում: Մասնավոր հանրագումարի մեծությունը չի կարող լինել բացասական: Մասնավոր հանրագումարի ձևավորման գործընթացում «ստոռնոյի» կիրառման, ճշտման, զեղչի գործառնությունները նվազեցնում են մասնավոր հանրագումարը` համապատասխան մեծությամբ.
7) հերթափոխային վաճառքների հանրագումար` հերթափոխի ընթացքում վաճառքների (սպասարկումների մատուցման) գրանցման ժամանակ ՀԴՄ-ով ձևակերպված փաստաթղթերի հանրագումարների գումար.
8) հերթափոխային դրամական գրանցիչներ` ՀԴՄ-ի օպերատիվ հիշողության տիրույթ, որում հերթափոխի ընթացքում ՀԴՄ-ի միջոցով գրանցվում են մուտքագրվող գումարները.
9) ընդհանուր դրամական գրանցիչներ` ՀԴՄ-ի օպերատիվ հիշողության տիրույթ, որում աշխատանքային ամբողջ ժամկետի ընթացքում կամ էլ վերջին ընդհանուր մարման պահից ՀԴՄ-ի միջոցով գրանցվում են մուտքագրվող գումարները.
10) գործառնական գրանցիչներ` ՀԴՄ-ի օպերատիվ հիշողության տիրույթ, որում գրանցվում է կատարված գործառնությունների թիվը.
11) հերթափոխի փակում` գնումների հերթափոխային հաշվետվության մարում.
12) ընդհանուր մարում` ընդհանուր դրամական և գործառնական գրանցիչների (բացի մարումների քանակի գրանցիչից) զրոյացում: Եթե ՀԴՄ-ում նախատեսված է աշխատանքի ռեժիմի ծրագրավորում` հանրագումարների կուտակմամբ առանց ընդհանուր մարման, ապա ծրագրավորումը միացվում է ՀԴՄ-ի տեղակայման ժամանակ` շահագործման փաստաթղթերի համաձայն: Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ՀԴՄ-ների շահագործման փաստաթղթերը պետք է լինեն հայերեն, կամ պետք է առկա լինի դրանց հայերեն թարգմանությունը:
17. Ֆիսկալային հիշողության մեջ գրանցվում է հետևյալ տեղեկատվությունը (ֆիսկալային տվյալները)`
._____________________________________________________________________.
|Գրառման տեսակը |Ռեկվիզիտները |Ռեկվիզիտի |Գրա- |
| | |կարգայնությունը|ռում-|
| | |(տասնորդական |ների |
| | |կարգերի) |քանա-|
| | | |կը |
|___________________|___________________________|_______________|_____|
|Համար |ՀԴՄ-ի գործարանային համարը | | 1 |
|___________________|___________________________|_______________|_____|
|ՀԴՄ-ի ֆիսկալավորում|ՀԴՄ-ի գրանցման համարը |նվազագույնը` 8 | |
| |___________________________|_______________| |
| |կազմակերպության հարկ |նվազագույնը` 12| |
| |վճարողի հաշվառման համարը | | |
| |___________________________|_______________| |
| |ֆիսկալավորման ամսաթիվը, | 6 | 1 |
| |ամիսը, տարեթիվը | | |
| |___________________________|_______________| |
| |վերագրանցում անցկացնելու և |նվազագույնը` 5 | |
| |ֆիսկալային հաշվետվություն | | |
| |ստանալու նշանաբառը | | |
|___________________|___________________________|_______________|_____|
|ՀԴՄ-ի վերագրանցում |ՀԴՄ-ի գրանցման համարը |նվազագույնը` 8 | |
| |___________________________|_______________| |
| |կազմակերպության հարկ |նվազագույնը` 12| |
| |վճարողի հաշվառման համարը | | |
| |___________________________|_______________| |
| |վերագրանցման ամսաթիվը, | 6 | |
| |ամիսը, տարեթիվը | | |
| |___________________________|_______________| 4 |
| |հերթափոխի վերջին փակման | 4 | |
| |համարը | | |
| |___________________________|_______________| |
| |վերագրանցում անցկացնելու և |նվազագույնը` 5 | |
| |ֆիսկալային հաշվետվություն | | |
| |ստանալու նշանաբառը | | |
|___________________|___________________________|_______________|_____|
|Հերթափոխի փակում |հաշվետվության ամսաթիվը, | 6 |նվա- |
| |ամիսը, տարեթիվը | |զա- |
| |___________________________|_______________|գույ-|
| |հերթափոխի փակման համարը | 4 |նը` |
| |___________________________|_______________|2000 |
| |հերթափոխի վաճառքների |նվազագույնը` 9 | |
| |հանրագումարը | | |
|___________________|___________________________|_____________________|
|Ծառայողական |գրառումների հսկիչ |Որոշվում է արտադրողի |
|տեղեկատվություն |գումարները |կողմից |
|(պարտադիր է) |___________________________| |
| |ստորակետի դիրքը ֆիսկալային | |
| |հաշվետվության մեջ գրանցվող | |
| |հանրագումարների արժեքներում| |
| |___________________________| |
| |ծառայողական դասիչները, | |
| |հատկանիշները (դրոշմները) | |
._____________________________________________________________________.
IV. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐԸ ԵՎ ՖԻՍԿԱԼԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
18. ՀԴՄ-ն պետք է ապահովի աշխատանքը ոչ ֆիսկալային և ֆիսկալային ռեժիմներում:
19. Ոչ ֆիսկալային ռեժիմը ՀԴՄ-ի գործելու ռեժիմն է` մինչև ֆիսկալավորումը: Ոչ ֆիսկալային ռեժիմում չօգտագործված են մնում ֆիսկալային հիշողության մեջ հերթափոխային հաշվետվությունների գրանցման և ֆիսկալային հաշվետվության ստացման գործառույթները: Ոչ ֆիսկալային ռեժիմում հնարավոր է իրականացնել ՀԴՄ-ի մնացած բոլոր գործառույթները, այդ թվում` նաև վաճառքների վերաբերյալ տվյալների կուտակումը և փաստաթղթերի ձևավորումը` ՀԴՄ-ի մոդելի շահագործման փաստաթղթերին համապատասխան: Բնակչության հետ հաշվարկներ կատարելիս` չի թույլատրվում ոչ ֆիսկալային ռեժիմում ՀԴՄ-ի օգտագործումը:
20. Ֆիսկալային ռեժիմը ՀԴՄ-ի գործողության ռեժիմն է, որն ապահովում է ֆիսկալային հաշվետվության մեջ ֆիսկալային տվյալների գրանցումը: Ֆիսկալային ռեժիմը պետք է ապահովի ՀԴՄ-ի աշխատանքը` շահագործման փաստաթղթերին համապատասխան: ՀԴՄ-ի` ֆիսկալային ռեժիմում ձևակերպվող բոլոր փաստաթղթերը (ներառյալ կտրոնները) պետք է ունենան տարբերիչ հատկանիշ, որը նշված է ՀԴՄ-ի կոնկրետ մոդելի շահագործման փաստաթղթերում և տպագրվում է միայն ֆիսկալային ռեժիմի միացումից հետո:
21. Ֆիսկալային ռեժիմը պետք է միացվի ՀԴՄ-ի ֆիսկալավորումն ավարտելիս: ՀԴՄ-ն ֆիսկալավորվում է միայն հարկային տեսուչին մատչելի հատուկ առանձնացված ռեժիմում: Մուտքը ռեժիմ թույլատրվում է ֆիսկալային հիշողություն մուտքի նշանաբառի մուտքագրումից հետո: Ֆիսկալային հիշողություն մուտքի նախնական նշանաբառը և ֆիսկալավորման ու վերագրանցման կարգը պետք է նշվեն ՀԴՄ-ի կոնկրետ մոդելի շահագործման փաստաթղթերում: Ֆիսկալավորումից հետո ֆիսկալային ռեժիմն անջատվել չի կարող:
22. Ֆիսկալավորման ընթացքում հարկային տեսուչը մուտքագրում է հետևյալ ռեկվիզիտները`
1) ՀԴՄ-ի գործարանային համարը.
2) ՀԴՄ-ի գրանցման համարը.
3) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
4) ֆիսկալավորման կարգը.
5) ֆիսկալային հաշվետվություն մուտքի նշանաբառը:
23. Եթե ՀԴՄ-ի գործարանային համարը մտցվում է ֆիսկալային հաշվետվության մեջ` արտադրող կազմակերպությունում, ապա ֆիսկալավորման ժամանակ այն չի մուտքագրվում:
24. Հարկային տեսուչը վերագրանցման գործընթացում մուտքագրում է հետևյալ ռեկվիզիտները`
1) ֆիսկալային հիշողություն մուտքի նշանաբառը.
2) ՀԴՄ-ի գրանցման համարը.
3) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
4) վերագրանցման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,
5) ֆիսկալային հաշվետվություն մուտքի նոր նշանաբառը:
25. Ֆիսկալավորման կամ վերագրանցման դեպքում հարկային տեսուչի մուտքագրած բոլոր ռեկվիզիտները (բացի ֆիսկալային հիշողություն մուտքի նոր նշանաբառից) պետք է տպվեն կտրոնում կամ գրանցվեն ներդիր փաստաթղթում:
26. Հերթափոխային հաշվետվության տվյալները պետք է գրանցվեն ֆիսկալային հիշողության մեջ հերթափոխի ավարտման գործառնության կատարման ժամանակ (ՀԴՄ-ի կողմից մարմամբ հերթափոխային հաշվետվության ձևավորման դեպքում): Ընդ որում, դրամական հերթափոխային գրանցիչները պետք է մարվեն միայն հերթափոխային հաշվետվությունը տպելուց և տվյալները ֆիսկալային հիշողության մեջ գրանցելուց հետո: ՀԴՄ-ի վրա ընդհանուր մարման, վերագրանցման, ֆիսկալային հաշվետվության հանման և ամսաթիվն ուղղելու գործառնությունները կարող են իրականացվել միայն հերթափոխն ավարտելուց հետո: Մինչ այդ պահը նշված գործառնությունների իրականացումը պետք է կասեցվի: Սույն կետում նշված հաշվետվությունները կարող են տպագրվել սույն պահանջներին չհամապատասխանող ցանկացած ժապավենով:
27. ՀԴՄ-ն պետք է վերահսկի հերթափոխի տևողությունը, որը պետք է սահմանափակվի օրացուցային օրով կամ կազմի 24 ժամից ոչ ավելի: Հերթափոխի տևողության սկիզբ է համարվում հերթափոխի ընթացքում առաջին վճարային փաստաթղթի ձևակերպման ավարտը: Հերթափոխի` նշված տևողության գերազանցման դեպքում ՀԴՄ-ն պետք է կասեցնի վճարային փաստաթղթի ձևակերպման հնարավորությունը` մինչև մարմամբ հերթափոխային հաշվետվության անցկացումը:
28. Ընթացիկ ամսաթվի ուղղման դեպքում ՀԴՄ-ն պետք է վերահսկի մուտքագրվող ամսաթվի ճշտությունը, որը չի կարող լինել ավելի վաղ, քան ֆիսկալային հիշողության մեջ վերջին գրառման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ներառյալ նաև ֆիսկալավորման կամ վերագրանցման գործողությունների կատարման ամսաթիվը: Հետին ամսաթվի մուտքագրմամբ փորձի դեպքում ՀԴՄ-ն պետք է կասեցնի բոլոր գործառնությունները` մինչև ճիշտ ամսաթվի մուտքագրումը: Մեկ օրվանից ավելի տարբերությամբ հետագա ամսաթվի գրանցման դեպքում ՀԴՄ-ն պետք է կատարի գործողություններ` գրանցման պատահական սխալի կանխման նպատակով, օրինակ, ամսաթվի կրկնական հարցում և դրա տեղադրումը միայն կրկնակի համընկնումից հետո:
V. ՖԻՍԿԱԼԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔԻ ԿԱՐԳԸ
29. Ֆիսկալային հաշվետվության ստացումը և վերագրանցումը հնարավոր են բացառապես ֆիսկալային հիշողություն մուտքի նշանաբառով:
30. Ֆիսկալային տվյալներին դիմելու դեպքում հարկային տեսուչը համապատասխան ռեժիմ պետք է մտնի բանալու և (կամ) ռեժիմ մուտքի նշանաբառի օգնությամբ: Այդ ռեժիմում հարկային տեսուչի հետագա գործողությունները պետք է շարադրված լինեն ՀԴՄ-ի կոնկրետ մոդելի շահագործման փաստաթղթերում:
VI. ՖԻՍԿԱԼԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՄԲ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՍԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
31. ՀԴՄ-ն պետք է կասեցնի գործողությունների կատարումը հետևյալ դեպքերում`
1) ֆիսկալային հիշողություն մուտքի ոչ ճիշտ նշանաբառի մուտքագրման փորձի դեպքում, ընդ որում, կասեցվում են բոլոր գործառնությունների կատարումը և նշանաբառի մուտքագրման ռեժիմից ելքը: Կասեցումը պետք է գործի մինչև ճիշտ նշանաբառի մուտքագրման պահը.
2) ընդհանուր մարման վերագրանցման, ֆիսկալային հաշվետվության հանման և ամսաթվի ուղղման գործառնությունների անցկացման փորձի ժամանակ սույն պահանջների 26-րդ կետում նշված դեպքում: ՀԴՄ-ի այդ գործառույթների կատարման կասեցումը պետք է հանվի ավարտման գործառնության կատարումից հետո.
3) առանց ՀԴՄ-ի ընդհանուր մարման գործառնության անցկացման` տասնորդական կետի դիրքի փոփոխման փորձի դեպքում ՀԴՄ-ի այդ գործողության կասեցումը պետք է հանվի ՀԴՄ-ի ընդհանուր մարման գործառնության անցկացումից հետո.
4) հերթափոխն ավարտելու գործողությունը չանցկացվելու դեպքում (սույն պահանջների 27-րդ կետում նշված դեպքում): ՀԴՄ-ի գրանցող գործողությունների կասեցումը պետք է հանվի հերթափոխն ավարտելու գործողությունը կատարելուց հետո.
5) ամսաթիվն ուղղելու ժամանակ` սույն պահանջների 28-րդ կետում նշված դեպքում: ՀԴՄ-ի գրանցող գործողությունների կասեցումը պետք է հանվի ճիշտ ամսաթվի մուտքագրումից հետո.
6) ֆիսկալային հիշողության գերլցում, անսարքություն կամ անջատում հայտնաբերվելու դեպքում: ՀԴՄ-ի գրանցող գործողությունների կասեցումը պետք է հանվի կասեցում առաջացնող պատճառները վերացնելուց հետո: Ընդ որում, կարող է թույլատրվել հերթափոխային կամ կուտակային հաշվետվությունների ստացումը` առանց մարման, իսկ ֆիսկալային հիշողության գերլցման դեպքում` նաև ֆիսկալային հաշվետվության ստացումը:
32. ՀԴՄ-ն պետք է ապահովի ֆիսկալային հիշողության մեջ ազատ դաշտերի թվի մասին հաղորդագրության ստացումը` հերթափոխային հաշվետվությունների գրառման համար: Ազատ դաշտերի 30-ից պակաս թվի դեպքում հաղորդագրության ելքագրումը պարտադիր է և պետք է իրականացվի ավտոմատ կերպով` հերթափոխն ավարտելու կամ հերթափոխն սկսելու գործողությունների ժամանակ` ՀԴՄ-ի ձևակերպած փաստաթղթի վրա:
VII. ՖԻՍԿԱԼԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ
33. Ֆիսկալային հաշվետվության նշումը և նրա ստացման համար գործողությունների հաջորդականությունը պետք է շարադրված լինեն ՀԴՄ-ի կոնկրետ մոդելի շահագործման փաստաթղթերում:
34. Ֆիսկալային հաշվետվություն ստանալու համար հարկային տեսուչը պարտավոր է`
1) գործողության մեջ դնել ֆիսկալային հաշվետվություն մուտքի նշանաբառը.
2) գործողության մեջ դնել այն ժամանակամիջոցի սկզբնական ամսաթիվը (կամ հերթափոխն ավարտելու սկզբնական համարը), որի համար ստացվում է ֆիսկալային հաշվետվությունը.
3) գործողության մեջ դնել ֆիսկալային հաշվետվության տեսակների հատկանիշը (լրիվ կամ կրճատ):
35. Ընդհանուր դեպքում կարող է տրվել ակնհայտորեն ավելի մեծ ժամանակամիջոց, քան ֆիսկալային հաշվետվության մեջ փաստացի գրանցվածը:
36. Ֆիսկալային հաշվետվությունը պետք է պարունակի հետևյալ ռեկվիզիտները`
1) կազմակերպության անվանումը.
2) ֆիսկալային հաշվետվության հատկանիշը.
3) փաստաթղթի համընդգրկող կարգային համարը.
4) հաշվետվության ստացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.
5) հաշվետվության ստացման ժամանակը` ՀԴՄ-ի տեխնիկական պահանջներին համապատասխան.
6) ժամանակամիջոցը, որի համար ձևավորվում է հաշվետվությունը.
7) ՀԴՄ-ի գործարանային համարը.
8) ՀԴՄ-ի անցկացրած բոլոր վերագրանցումների ռեկվիզիտները (բացի նշանաբառից).
9) տվյալ ժամանակամիջոցում հերթափոխային վաճառքների բոլոր հանրագումարները` կոնկրետ հանրագումարի գրանցման ամսաթվի և հերթափոխի ավարտման համարի նշմամբ: Այս տեղեկությունները դուրս են բերվում միայն լրիվ ֆիսկալային հաշվետվություն ստանալու դեպքում.
10) տվյալ ժամանակամիջոցում հերթափոխային գնումների բոլոր հանրագումարները` կոնկրետ հանրագումարի գրանցման ամսաթվի և հերթափոխի ավարտման համարի նշմամբ: Այս տեղեկությունները դուրս են բերվում միայն լրիվ ֆիսկալային հաշվետվություն ստանալու դեպքում.
11) տվյալ ժամանակամիջոցում վաճառքների գումարային հանրագումարը: Եթե տվյալ ժամանակամիջոցում, որի համար հանվում է ֆիսկալային հաշվետվությունը, փոխվել է տասնորդական կետի տեղադիրքը, ապա ռեկվիզիտները պետք է վերահաշվվեն և տպվեն ՀԴՄ-ում սահմանված ֆորմատով, որը պարունակում է նշանների առավելագույն թիվը տասնորդական կետից հետո.
12) տվյալ ժամանակամիջոցում գնումների գումարային հանրագումարը: Եթե տվյալ ժամանակամիջոցում, որի համար հանվում է ֆիսկալային հաշվետվությունը, փոխվել է տասնորդական կետի տեղադիրքը, ապա ռեկվիզիտները պետք է վերահաշվվեն և տպվեն ՀԴՄ-ում սահմանված ֆորմատով, որը պարունակում է նշանների առավելագույն թիվը տասնորդական կետից հետո:
37. Ֆիսկալային հաշվետվությունը կարող է տպագրվել (ստացվել) սույն պահանջներին չհամապատասխանող ցանկացած ժապավենով:
VIII. ՖԻՍԿԱԼԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
38. Ֆիսկալային հիշողությունը պետք է տեղակայված լինի ՀԴՄ-ի ընդհանուր կապարակնքված պատյանի տակ, իսկ ՀԴՄ-ի հանգուցային կառուցվածքի դեպքում` կապարակնքված պատյանի տակ, որը ծածկում է էներգաանկախ օպերատիվ հիշող սարքը (որում ձևավորվում են ֆիսկալային տվյալները) և ֆիսկալային հիշողության ու վճարային փաստաթղթերը տպող սարքի կառավարման պրոցեսորը:
39. Ֆիսկալային հիշողությունը կամ առնվազն ֆիսկալային հիշողության կուտակիչը պետք է ունենա առանձին մոդուլի տեսք: Այդ մոդուլի կառուցվածքը պետք է ապահովի ֆիսկալային հիշողության մեջ տեղեկատվության փոփոխման և ֆիսկալային հիշողության կուտակիչի փոխարինման անհնարինությունը:
40. Ֆիսկալային հիշողության (ֆիսկալային հիշողության կուտակիչի) կառուցվածքը պետք է նախատեսի պաշտպանվածություն մեխանիկական, էլեկտրամագնիսական և այլ տեսակի ներգործություններից` ինչպես ՀԴՄ-ի աշխատանքի, այնպես էլ` տեխնիկական սպասարկման և վերանորոգման ընթացքում:
41. Ֆիսկալային հիշողության կուտակիչում գրանցված տեղեկատվությունը պետք է պահպանվի ոչ պակաս, քան 6 տարի` ՀԴՄ-ն ֆիսկալային ռեժիմի փոխադրելու պահից:
IX. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐ
42. ՀԴՄ-ում պետք է նախատեսվի ֆիսկալային տվյալների պահպանվածությունն ստուգելու ռեժիմ: Ռեժիմի անցկացման կարգը պետք է շարադրված լինի ՀԴՄ-ի կոնկրետ մոդելի շահագործման փաստաթղթերում:
43. ՀԴՄ-ում պետք է նախատեսված լինի վերանորոգող կազմակերպության պայմաններում, այլ տեխնիկական միջոցներով, հարկային տեսուչի կողմից ֆիսկալային հիշողության պարունակության ընթերցման հնարավորություն` ՀԴՄ-ի վթարի դեպքում: Այդ դեպքի համար ֆիսկալային հիշողության պարունակության ընթերցման կարգը պետք է նշված լինի ՀԴՄ-ի կոնկրետ մոդելի վերանորոգման փաստաթղթերում:
44. ՀԴՄ-ի ծրագրային ապահովումը, ՀԴՄ-ի տեխնիկական պահանջներին համապատասխան, գործողությունների լրիվ իրականացման հետ մեկտեղ` պետք է բացառի օգտագործողի կողմից առանց ՀԴՄ-ի կապարակնքման խախտման իր այն մասի փոփոխման հնարավորությունը, որը ղեկավարում է տեղեկատվության ընթերցումը և գրանցումը ֆիսկալային հիշողության մեջ, ֆիսկալային տվյալների ձևավորումն էներգաանկախ հիշող սարքում և ֆիսկալային ռեժիմի տարբերիչ հատկանիշի տպագրումը փաստաթղթերի վրա: ՀԴՄ-ի բազմապրոցեսորային կառուցվածքի դեպքում նշված պահանջը վերաբերում է միայն մեկ` ֆիսկալային հիշողության ղեկավարման համար առանձնացված պրոցեսորի ծրագրային ապահովմանը, բացառապես, որի միջոցով և պետք է իրականացվի մյուս պրոցեսորների ծրագրային և ֆիզիկական մուտքը ֆիսկալային գործողություններ: