Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 105-ՐԴ, 128-ՐԴ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 105-ՐԴ, 128-ՐԴ 203-ՐԴ ՀՈԴՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                            Վարչական գործ թիվ թիվ

    դատարանի որոշում                                 ՎԴ/5170/05/12  

    Վարչական գործ թիվ ՎԴ/5170/05/12                  2014 թ.

Նախագահող դատավոր` Ա. Աբովյան

    Դատավորներ`        Ա. Առաքելյան

                       Գ. Ղարիբյան  

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի   

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                              

2014 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 18.03.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կոմիտեի ընդդեմ Վահե Հարությունյանի` 3.584.034 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը բռնագանձելու և ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով նախատեսված պարտավորությունը կատարելուն, այն է` Հայաստանի Հանրապետություն ներմուծված ոսկյա զարդերի վերաբերյալ մաքսային մարմնին հայտարարագիր ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին, և ըստ Վահե Հարությունյանի հայցի ընդդեմ Կոմիտեի` 20.07.2012 թվականի որոշումը վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Վահե Հարությունյանից բռնագանձել 3.584.034 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումար, ինչպես նաև վերջինիս պարտավորեցնել կատարելու ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով նախատեսված պարտավորությունը, այն է` Հայաստանի Հանրապետություն ներմուծված ոսկյա զարդերի վերաբերյալ մաքսային մարմնին հայտարարագիր ներկայացնել:

Դիմելով դատարան` Վահե Հարությունյանը պահանջել է վերացնել Կոմիտեի հետաքննության վարչության պետի 20.07.2012 թվականի որոշումը:

ՀՀ վարչական դատարանի 05.10.2012 թվականի որոշմամբ թիվ ՎԴ/5170/05/12 և ՎԴ/5355/05/12 վարչական գործերը միացվել են մեկ վարույթում թիվ ՎԴ/5170/05/12 համարի ներքո:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 07.08.2013 թվականի վճռով Կոմիտեի հայցը բավարարվել է, իսկ Վահե Հարությունյանի հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.03.2014 թվականի որոշմամբ Վահե Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 07.08.2013 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` Կոմիտեի հայցը մերժվել է, իսկ Վահե Հարությունյանի հայցը` բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածը,

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ մաքսային օրենսգրքի 128-րդ 203-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 21.11.2003 թվականի «Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով մեկնող և ժամանող ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ երկուղային համակարգի կիրառման կարգի մասին» թիվ 1927-Ն որոշումը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային վարչության պետի ««Զվարթնոց» օդանավակայանի մաքսային կետում երկուղային համակարգի կիրառմամբ մաքսային հսկողության մասին» կարգը հաստատելու մասին 10.07.1998 թվականի թիվ 85-ՄՎՐ հրամանը, խախտել է գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները ենթակա չեն հայտարարագրման միայն այն դեպքերում, եթե դրանք սահմանված են օրենսդրությամբ: Իսկ տվյալ դեպքում առկա չէ այնպիսի օրենք, որը սահմանում է, որ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ տարածք ներմուծվող ապրանքները ենթակա չեն հայտարարագրման: Ներմուծված ապրանքների հայտարարագրումն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով` գրավոր, բանավոր կամ էլեկտրոնային եղանակով` նշելով ճշգրիտ տեղեկություններ ապրանքների և տրանսպորտային միջոցների և դրանց տեղափոխման նպատակների մասին, ինչպես նաև մաքսային հսկողության ու ձևակերպման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Օրենսդիրն անձնական օգտագործման իր է դիտարկում ՀՀ մաքսային սահմանը հատող տվյալ անձի անձնական օգտագործման համար նախատեսված իրերը: Երրորդ անձին պատկանող իրը չի կարող համարվել ՀՀ մաքսային սահմանը հատող անձի անձնական օգտագործման իր:

Սույն գործերի փաստերն օրենսդրական կարգավորումների լույսի ներքո դիտարկելով` ակնհայտ է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային վարչության պետի ««Զվարթնոց» օդանավակայանի մաքսային կետում երկուղային համակարգի կիրառմամբ մաքսային հսկողության մասին» կարգը հաստատելու մասին 10.07.1998 թվականի թիվ 85-ՄՎՐ հրամանի դրույթները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով հաստատվել է, որ Վահե Հարությունյանի կողմից առանց հայտարարագրման ներմուծվել է այլ անձի պատկանող 10 հատ` 125,312 գրամ ոսկյա զարդերը, որի արդյունքում ՀՀ պետական բյուջե չեն վճարվել մաքսային վճարներ: Հետևաբար նշված զարդերը չեն կարող համարվել անձնական օգտագործման զարդեր և դրանց նկատմամբ վերոնշյալ հրամանի դրույթները կիրառելի չեն:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.03.2014 թվականի որոշումը և այն փոփոխել` Կոմիտեի հայցը բավարարել, իսկ Վահե Հարությունյանի հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 14.02.2012 թվականին ժամը 21:15-ին ՀՀ կառավարությանն առընթեր մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցները «Արմենիա» միջազգային օդանավակայանի ուղևորների ժամանման սրահում մաքսային հսկողության գոտու «կանաչ ուղու» ելքը հատելուց հետո կանգնեցրել և հսկողության են ենթարկել նույն օրը Մոսկվա-Երևան թիվ 511 չվերթով ժամանած Վահե Հարությունյանի ուղեբեռը և հայտնաբերել վերջինիս կողմից առանց հայտարարագրման ՀՀ մաքսային սահմանով տեղափոխված 10 հատ 125,312 գրամ քաշով ոսկյա զարդեր: 14.02.2012 թվականին Վահե Հարությունյանի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ առանց հայտարարագրման ՀՀ մաքսային սահմանով տեղափոխված ոսկյա զարդերը վերցվել են և հանձնվել Կոմիտեի հետաքննության վարչություն (հատոր 1-ին, գ.թ. 17-18).

2) ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի 19.03.2012 թվականի թիվ 04091204 եզրակացության համաձայն` փորձաքննության տրամադրված 10 հատ` 125,312 գրամ քաշով զարդերը պատրաստված են 750 հարգի ոսկուց, որոնց շուկայական արժեքը 14.02.2012 թվականի դրությամբ կարող էր կազմել 5.580.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 38-42).

3) 20.07.2012 թվականի Կոմիտեի հետաքննության վարչության պետի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշմամբ Վահե Հարությունյանը ճանաչվել է զանցառու ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով և տուգանվել է առանց հայտարարագրման ՀՀ մաքսային սահմանով տեղափոխված 10 հատ` 125,312 գրամ ոսկյա զարդերի մաքսային արժեքի` 3.584.034 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 710).

4) Վահե Հարությունյանի կողմից Դատարան է ներկայացվել 08.02.2012 թվականին տրված լիազորագիր, որով Օֆելյա Վարդանյանը լիազորել է Վահե Հարությունյանին «իր փոխարեն հանդես գալու Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի «Վնուկովո» օդանավակայանում ստանալու իրեն պատկանող 10 կտոր ոսկյա զարդերը, դրանք տեղափոխելու Հայաստանի Հանրապետություն, ներկայացնելու անհրաժեշտ փաստաթղթերը, տալու հայտարարություններ, դիմումներ, ստորագրելու իր փոխարեն և կատարելու սույն լիազորություններից բխող բոլոր գործողությունները» (հատոր 1-ին, գ.թ. 146):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսել է դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ, 128-րդ, 203-րդ հոդվածները սխալ մեկնաբանելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող է ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

I) ի՞նչ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող իրը հանդիսանում ՀՀ մաքսային սահմանով տեղափոխող ֆիզիկական անձի անձնական օգտագործման իր.

II) արդյո՞ք միջազգային օդանավակայաններով ՀՀ ժամանող ֆիզիկական անձանց համար սահմանված ապրանքների հայտարարագրման պարտականությունը կարող է համարվել պատշաճորեն կատարված, երբ վերջինս, ՀՀ մաքսային սահմանով տեղափոխելով երրորդ անձի անձնական օգտագործման իրերը, ընտրել է մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության իրականացման «Կանաչ» ուղին:

ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:

ՀՀ մաքսային օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապրանքները և տրանսպորտային միջոցները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, ենթակա են հայտարարագրման տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատներում կամ մաքսային կետերում վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով, եթե`

ա) դրանք տեղափոխվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով.

բ) փոփոխվում է դրանց նկատմամբ կիրառվող մաքսային ռեժիմը.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 21.08.08 ՀՕ-155-Ն)

դ) դրանք ենթակա են հայտարարագրման` նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն.

ե) դրանք հանդիսանում են «Ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» և «Ժամանակավոր արտահանում վերամշակման համար» մաքսային ռեժիմներով տեղափոխված ապրանքների վերամշակումից առաջացած թափոններ կամ մնացորդներ:

Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության համաձայն` հայտարարագրումն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևով` թղթային, բանավոր, էլեկտրոնային եղանակներով, կամ գործողությամբ` ներկայացնելով ճշգրիտ տեղեկություններ ապրանքների և տրանսպորտային միջոցների, դրանց տեղափոխման նպատակի մասին, ինչպես նաև` մաքսային հսկողության և ձևակերպման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

i

ՀՀ մաքսային օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` որպես հայտարարատու կարող է հանդես գալ ապրանքներ տեղափոխող անձը կամ նրա կողմից լիազորված անձը:

ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայտարարատուն պարտավոր է`

ա) իրականացնել ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրում` նույն օրենսգրքով նախատեսված կարգով.

բ) մաքսային մարմինների պահանջով ներկայացնել հայտարարագրվող ապրանքները և տրանսպորտային միջոցները.

գ) մաքսային մարմիններ ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ:

Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելը կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելը` (...) որն առաջացնում է ոչ սակագնային կարգավորման միջոցների չկիրառում` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում` առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:

i

ՀՀ կառավարության 21.11.2003 թվականի «Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով մեկնող և ժամանող ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ երկուղային համակարգի կիրառման կարգի մասին» թիվ 1927-Ն որոշման 1-ին կետով հաստատված` «Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով ժամանող ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ երկուղային համակարգի կիրառման» կարգի (այսուհետ` Կարգ) 7-րդ կետի համաձայն` «Կարմիր» ուղին նախատեսված է այն ուղևորների համար, ովքեր տեղափոխում են գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ: «Կարմիր» ուղին կարող են ընտրել նաև այն ուղևորները, ովքեր չունենալով գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ` ցանկություն են հայտնում լրացնելու ուղևորային մաքսային հայտարարագիր:

Կարգի 13-րդ կետի համաձայն` «Կանաչ» ուղին նախատեսված է այն ուղևորների համար, որոնք չունեն գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ:

Կարգի 14-րդ կետի համաձայն` ուղևորի կողմից «Կանաչ» ուղին ընտրելը և նույն կարգի 4.2-րդ կետում նշված «Կանաչ» ուղու ելքը հատելը համարվում է բանավոր հայտարարագրում:

Կարգի 15-րդ կետի համաձայն` եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ «Կանաչ» ուղի ընտրած ուղևորի մոտ առկա են գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ, ապա մինչև ուղևորի կողմից «Կանաչ» ուղու մուտքը հատելը մաքսային մարմնի պաշտոնատար անձը կարող է կանգնեցնել նրան և առաջարկել տեղափոխվել «Կարմիր» ուղի:

Կարգի 16-րդ կետի համաձայն` եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ «Կանաչ» ուղու ելքը հատած ուղևորն իր հետ տեղափոխում է գրավոր հայտարարագրման ենթակա կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելված ապրանքներ, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձն իրականացնում է մաքսային հսկողության գործողություններ:

ՀՀ մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներով երեսապատված մետաղներից պատրաստված ոսկերչական իրերը և դրանց մասերը ՀՀ մաքսային սահմանով ներմուծելու դեպքում գանձվում է մաքսատուրք` այդ իրերի մաքսային արժեքի 10% դրույքաչափով:

ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել իրենց վրա կրվող կամ ուղեբեռում գտնվող անձնական օգտագործման իրերը: Որպես այդպիսիք դիտվում են այն ապրանքները, որոնք`

ա) չունեն գործարանային փաթեթավորում, պիտակավորում և գտնվում են ուղեկցվող ուղեբեռում.

բ) ֆիզիկական անձինք կրում են իրենց վրա Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն սահմանված ապրանքատեսակների:

Վկայակոչված հոդվածների համակարգային վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, որպես ընդհանուր կանոն, սահմանել է, որ ՀՀ մաքսային սահմանը հատելիս ֆիզիկական անձինք պարտավոր են հայտարարագրել իրենց կողմից տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները: Օրենսդիրը, միաժամանակ, նշված ընդհանուր կանոնից նախատեսել է բացառության հնարավորություն ամրագրելով, որ բացառությունները պետք է սահմանվեն օրենքով:

Օրենսդրի կողմից ՀՀ մաքսային սահմանը հատող անձանց համար սահմանված ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրման պարտականություն նախատեսելն ինքնանպատակ չէ: Նման իրավակարգավորման նպատակը ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածով ամրագրված հարկեր, տուրքեր վճարելու, պարտադիր այլ վճարումներ կատարելու անձի սահմանադրաիրավական պարտականության պատշաճ կատարման համար անհրաժեշտ իրավական երաշխիքների ապահովումն է, քանի որ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները հայտարարագրելու միջոցով լուծվում է տվյալ ապրանքի կամ տրանսպորտային միջոցի ներմուծման կամ արտահանման համար գանձվող մաքսատուրքի վճարման հարցը, ինչպես նաև պարզվում է գանձման ենթակա մաքսատուրքի չափը:

ՀՀ-ում մաքսային սահմանը հատելիս ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրումն իրականացվում է թղթային, բանավոր, էլեկտրոնային եղանակներով կամ գործողությամբ: Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրումը, ըստ էության, ՀՀ մաքսային սահմանը հատող անձի կողմից մաքսային մարմիններին որոշակի տեղեկատվություն տրամադրելու օրենսդրորեն սահմանված եղանակ է: Մասնավորապես` ՀՀ մաքսային սահմանը հատող անձը պարտավոր է տեղեկություններ ներկայացնել ապրանքների և տրանսպորտային միջոցների, դրանց տեղափոխման նպատակի մասին, ինչպես նաև` մաքսային հսկողության և ձևակերպման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ տրամադրել: Միաժամանակ, ՀՀ մաքսային սահմանը հատող անձինք պարտավոր են համապատասխան մաքսային մարմիններին ներկայացնել ոչ թե ցանկացած, այլ ապրանքների մաքսային հսկողության և ձևակերպման համար անհրաժեշտ և ճշգրիտ տեղեկություններ:

ՀՀ կառավարության 21.11.2003 թվականի թիվ 1927-Ն որոշումը` ՀՀ մաքսային օրենսգրքի վերը նշված կարգավորումների լույսի ներքո վերլուծելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջազգային օդանավակայաններով ՀՀ ժամանող ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող բեռների մաքսային հսկողության համար սահմանված է առանձնահատուկ կարգ կամ այսպես կոչված` երկուղային համակարգ: Այն դեպքում, երբ միջազգային օդանավակայաններով ՀՀ ժամանող ֆիզիկական անձի կողմից ներմուծվում է այնպիսի ապրանք, որը ՀՀ մաքսային սահմանով տեղափոխելու համար օրենքով սահմանված է մաքսատուրք վճարելու պարտականություն, ապա միջազգային օդանավակայաններով ՀՀ ժամանող ֆիզիկական անձը պարտավոր է ընտրել մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության իրականացման «Կարմիր» ուղին: Այն դեպքում, երբ տվյալ ֆիզիկական անձի կողմից ներմուծվում է այնպիսի ապրանք, որը ՀՀ մաքսային սահմանով տեղափոխելու համար օրենքով սահմանված չէ մաքսատուրք վճարելու պարտականություն, ապա միջազգային օդանավակայաններով ՀՀ ժամանող ֆիզիկական անձը կարող է ընտրել մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության իրականացման «Կանաչ» ուղին, որն ընտրելը համարվում է գրավոր հայտարարագրման ենթակա ապրանքներ չունենալու մասին բանավոր հայտարարագրում: Այսինքն` «Կանաչ» ուղու ընտրության դեպքում բանավոր հայտարարագրումն իրավաչափ է միայն այն դեպքում, երբ միջազգային օդանավակայաններով ՀՀ ժամանող ֆիզիկական անձը ՀՀ չի ներմուծում այնպիսի ապրանք, որը ՀՀ մաքսային սահմանով տեղափոխելու համար օրենքով սահմանված է մաքսատուրք վճարելու պարտականություն:

ՀՀ մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի իրավադրույթի բովանդակությունից հետևում է, որ թանկարժեք մետաղներից կամ թանկարժեք մետաղներով երեսապատված մետաղներից պատրաստված ոսկերչական իրերը և դրանց մասերը ՀՀ մաքսային սահմանով ներմուծելու դեպքում սահմանված է մաքսատուրք վճարելու պարտականություն: Միևնույն ժամանակ, նույն օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ մասում օրենսդիրը ֆիզիկական անձանց համար սահմանել է արտոնություն, այն է առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխել իրենց վրա կրվող կամ ուղեբեռում գտնվող անձնական օգտագործման իրերը, և որպես այդպիսիք դիտվում են այն ապրանքները, որոնք`

ա) չունեն գործարանային փաթեթավորում, պիտակավորում և գտնվում են ուղեկցվող ուղեբեռում

բ) ֆիզիկական անձինք կրում են իրենց վրա Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին, բացառությամբ ՀՀ մաքսային օրենսգրքի նույն 105-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն սահմանված ապրանքատեսակների:

Միայն վերը նշված պայմանների առկայության դեպքում է անձն օգտվում օրենսդրությամբ սահմանված արտոնությունից, որի դեպքում ապրանքների սխալ հայտարարագրելը կամ ընդհանրապես չհայտարարագրելը չի հանգեցնում նրա սահմանադրաիրավական պարտականության ոչ պատշաճ կատարմանը:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը, որը կարող է արտահայտվել նաև դրանց մասին ճշգրիտ տեղեկություններ չհայտարարագրելու միջոցով, մեղավոր անձի նկատմամբ առաջացնում է այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով տուգանքի նշանակում: Ընդ որում, մաքսային կանոնները խախտած անձը պատասխանատվության է ենթակա այդ կանոններն ինչպես դիտավորյալ, այնպես էլ անզգուշորեն խախտելու համար (տե՛ս, Արամ Բաբայանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/2122/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` 14.02.2012 թվականին ժամը 21:15-ին ՀՀ կառավարությանն առընթեր մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցները «Արմենիա» միջազգային օդանավակայանի ուղևորների ժամանման սրահում մաքսային հսկողության գոտու «Կանաչ ուղու» ելքը հատելուց հետո կանգնեցրել և հսկողության են ենթարկել նույն օրը Մոսկվա-Երևան թիվ 511 չվերթով ժամանած Վահե Հարությունյանի ուղեբեռը և հայտնաբերել են վերջինիս կողմից առանց հայտարարագրման ՀՀ մաքսային սահմանով տեղափոխված 10 հատ` 125,312 գրամ քաշով ոսկյա զարդեր: 14.02.2012 թվականին Վահե Հարությունյանի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ առանց հայտարարագրման ՀՀ մաքսային սահմանով տեղափոխված ոսկյա զարդերը վերցվել են և հանձնվել Կոմիտեի հետաքննության վարչություն: ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի 19.03.2012 թվականի թիվ 04091204 եզրակացության համաձայն` փորձաքննության տրամադրված 10 հատ` 125,312 գրամ քաշով զարդերի շուկայական արժեքը 14.02.2012 թվականի դրությամբ կարող էր կազմել 5.580.000 ՀՀ դրամ: 20.07.2012 թվականի Կոմիտեի հետաքննության վարչության պետի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշմամբ Վահե Հարությունյանը ճանաչվել է զանցառու ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով և տուգանվել է առանց հայտարարագրման ՀՀ մաքսային սահմանով տեղափոխված 10 հատ` 125,312 գրամ ոսկյա զարդերի մաքսային արժեքի` 3.584.034 ՀՀ դրամի չափով: Վահե Հարությունյանի կողմից Դատարան է ներկայացվել 08.02.2012 թվականին տրված լիազորագիր, որով Օֆելյա Վարդանյանը լիազորել է Վահե Հարությունյանին «իր փոխարեն հանդես գալու Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի «Վնուկովո» օդանավակայանում ստանալու իրեն պատկանող 10 կտոր ոսկյա զարդերը, դրանք տեղափոխելու Հայաստանի Հանրապետություն, ներկայացնելու անհրաժեշտ փաստաթղթերը, տալու հայտարարություններ, դիմումներ, ստորագրելու իր փոխարեն և կատարելու նշված լիազորություններից բխող բոլոր գործողությունները»:

Սույն գործով Դատարանը, Կոմիտեի հայցը բավարարելով և Վահե Հարությունյանի հայցը մերժելով, պատճառաբանել է, որ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները ենթակա չեն հայտարարագրման միայն այն դեպքերում, եթե այդպիսիք նախատեսված են օրենքով, իսկ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքները չհայտարարագրելու վերաբերյալ առկա չէ որևէ օրենսդրական դրույթ: Ֆիզիկական անձինք, որպես ուղեկցող բեռ, կարող են ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել իրենց ուղեբեռում գտնվող անձնական օգտագործման իրերն առանց մաքսատուրքի վճարման, և ֆիզիկական անձանց կողմից ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները ենթակա են հայտարարագրման, միևնույն ժամանակ, եթե այդ ապրանքների մաքսային արժեքը չի գերազանցում օրենքով սահմանված չափը, այդ ապրանքների համար սահմանվում է մաքսատուրքի արտոնություն: Տվյալ դեպքում Վահե Հարությունյանը 14.02.2012 թվականին «Արմենիա» միջազգային օդանավակայանով իր հետ Հայաստանի Հանրապետություն է ներմուծել 125,312 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր` խախտելով ՀՀ մաքսային օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի, 130-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները, ինչը հանգեցրել է նույն օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտմանը, այն է` ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների չհայտարարագրելուն, որն էլ իր հերթին հանգեցրել է ՀՀ Սահմանադրությամբ սահմանված հարկեր, տուրքեր վճարելու սահմանադրական պարտականության չկատարմանը: Դատարանը, անդրադառնալով Վահե Հարությունյանի կողմից որպես ապացույց դատարան ներկայացված 08.02.2012 թվականի լիազորագրին, նշել է, որ այն սույն գործի լուծման համար էական նշանակություն ունենալ չի կարող, քանի որ 14.02.2012 թվականին առանց հայտարարագրման ՀՀ մաքսային սահմանով տեղափոխված ապրանքները հայտնաբերվել են Վահե Հարությունյանի ուղեբեռում, ինչը նշանակում է, որ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումը թույլ է տրվել վերջինիս կողմից:

Վերաքննիչ դատարանը, Վահե Հարությունյանի բողոքը բավարարելով, պատճառաբանությունների հիմքում դրել է այն հանգամանքը, որ ՀՀ մաքսային օրենսգրքի 128-րդ հոդվածի և ՀՀ մաքսային վարչության պետի 10.07.1998 թվականի թիվ 85-ՄՎՐ հրամանի իրավանորմերի համադրված մեկնաբանությունից հետևում է, որ անձնական օգտագործման ոսկյա զարդերը գրավոր հայտարարագրման ենթակա չեն, իսկ տվյալ դեպքում գործով ներկայացված ապացույցների համակցությունից հետևում է որ Վահե Հարությունյանը գործել է Օֆելյա Վարդանյանի լիազորագրի հիման վրա` նրա հանձնարարությամբ և նրա անունից: Հետևաբար, Վահե Հարությունյանի մոտ գտնվող ոսկյա զարդերն անվերապահորեն հանդիսանում են Օֆելյա Վարդանյանի անձնական օգտագործման ոսկյա զարդերը, որոնց Օֆելյա Վարդանյանի անունից հայտարարագրելու լիազորությունը Վահե Հարությունյանն ունեցել է և դրանց բանավոր հայտարարագրումը նա կատարել է անցնելով «Կանաչ» ուղով և դուրս գալով այդ ուղուց: Վերաքննիչ դատարանը գտել է, որ այդ զարդերը գրավոր հայտարարագրման ենթակա չեն եղել, հետևաբար Վահե Հարությունյանի կողմից թույլ չի տրվել ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումը:

Վերոնշյալ իրավական դիրքորոշման լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերից հետևում է, որ 14.02.2012 թվականին Մոսկվա-Երևան թիվ 511 չվերթով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած Վահե Հարությունյանը ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել է ոսկերչական իրեր, որոնք ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի իմաստով չեն հանդիսացել վերջինիս անձնական օգտագործման իրերը: Մասնավորապես` նշված ոսկերչական իրերը Վահե Հարությունյանին չեն պատկանել` նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործում առկա ապացույցի համաձայն այդ ոսկերչական իրերը պատկանել են այլ անձի: Հետևաբար, Վահե Հարությունյանը ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի իմաստով չէր կարող օգտվել օրենսդրությամբ սահմանված արտոնությունից և պարտավոր էր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով ՀՀ ներմուծված ոսկերչական իրերի համար վճարել օրենքով սահմանված վճարը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը ՀՀ մաքսային օրենսդրության վկայակոչված իրավանորմերի սխալ մեկնաբանման արդյունքում սխալ հետևության է հանգել իրավախախտման բացակայության փաստի վերաբերյալ` անտեսելով այն հանգամանքը, որ օրենսդրի կողմից սահմանված արտոնությունից կարող է բացառապես օգտվել անմիջականորեն տվյալ իրը ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով որպես անձնական օգտագործման առարկա տիրապետող ֆիզիկական անձը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վահե Հարությունյանը պարտավոր էր ընտրել մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության իրականացման «Կարմիր» ուղին և գրավոր հայտարարագիր ներկայացնել իր կողմից տեղափոխվող ոսկերչական իրերի վերաբերյալ: Այսինքն` Վահե Հարությունյանը խախտել է ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պարտականությունը, հետևաբար և իրավաչափորեն ենթարկվել է պատասխանատվության ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման համար:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համարն

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 18.03.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 07.08.2013 թվականի վճռին:

2. Վահե Հարությունյանից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձել 127.521 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 24.09.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Վահե Հարությունյանից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 147.521 ՀՀ դրամ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2014
N ՎԴ/5170/05/12
Որոշում