Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ԵՎ 27...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ԵՎ 278-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                        Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                 ԱՎԴ/0487/02/12

    Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0487/02/12             2014 թ.

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

    Դատավորներ`        Ա. Խառատյան

                       Դ. Խաչատրյան  

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Գ. Հակոբյանի

                                              Վ. Աբելյանի   

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ԱՐԱՐԱՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2013 թվականի որոշման դեմ ըստ հայցի «ՍԻՄՈՆԱ ԱԿՎԱ» ՍՊԸ-ի (այսուհետ Ընկերություն) ընդդեմ Արարատի մարզի Դաշտաքար համայնքի ղեկավարի, ՀՀ Արարատի մարզպետարանի և «ԱՐԱՐԱՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի (այսուհետ Կազմակերպություն) վարձակալության պայմանագիրը մասնակիորեն և դրա հիման վրա կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, վարձակալության պայմանագիր կնքելուն պարտադրելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է մասնակիորեն` 220 քմ մակերեսի չափով, անվավեր ճանաչել ՀՀ Արարատի մարզպետի և Կազմակերպության միջև 13.07.2007 թվականին կնքված թիվ 2144 վարձակալության պայմանագիրն ու դրա հիման վրա կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումը, որպես անվավերության հետևանք` ՀՀ Արարատի մարզի Դաշտաքար համայնքի ղեկավարին պարտադրել այդ մասի վերաբերյալ Ընկերության հետ կնքել վարձակալության պայմանագիր:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Լ. Արազյան) (այսուհետ` Դատարան) 12.06.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 05.12.2013 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.06.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ և 278-րդ հոդվածները, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 80-րդ հոդվածի 3-րդ, 6-րդ և 7-րդ մասերը, ՀՀ կառավարության 21.04.2011 թվականի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունն արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի փոփոխելու մասին» թիվ 558-Ն որոշումը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ 51-րդ 53-րդ և 54-րդ հոդվածները, 219-րդ հոդվածի 1-ին կետը, մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ և 132-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, որի արդյունքում հանգել է սխալ եզրահանգման այն մասին, որ Ընկերությունն ունի հանքարդյունահանման և դրանից ածանցվող այլ իրավունքներ, և որ վարձակալության պայմանագիրն Ընկերության կողմից կնքվել է հանքարդյունահանման իրավունքով արդեն իսկ ծանրաբեռնված հողամասի նկատմամբ: Հողամասը վարձակալության իրավունքով Կազմակերպությանը տրամադրվել է 13.07.2007 թվականին, և այդ ժամանակ տվյալ տարածքում առկա բոլոր երեք հորատանցքերը 24.10.2006 թվականին տրված թիվ 20 լիցենզիայով տրված են եղել Կազմակերպությանը, իսկ Ընկերությանը լիցենզիան տրամադրվել է միայն 11.01.2011 թվականին, ուստի Կազմակերպության հետ վերը նշված վարձակալության պայմանագիրը կնքելու պահին հողամասը չէր կարող ծանրաբեռնված լինել Ընկերության իրավունքներով: Այսինքն` նշված պայմանագիրը կնքելիս Ընկերության որևէ իրավունք չի խախտվել, և վերջինս չի հանդիսանում շահագրգիռ անձ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերությունը սահմանված ժամկետում չի վերաձևակերպել ինչպես լիցենզիան, այնպես էլ պայմանագիրը, որի պայմաններում դրանք կորցրել են իրենց իրավական ուժը, իսկ ընդերքօգտագործողի գործունեությունն էլ համարվում է առանց թույլտվության իրականացված գործունեություն:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ վարձակալության պայմանագիրը և դրանից բխող իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելով հենց 220 քմ մակերեսի չափով` Դատարանը որևէ կերպ դա չի հիմնավորել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.12.2013 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանություններով.

Ընկերությունը, ունենալով հանքահորի հանքարդյունահանման համապատասխան լիցենզիա և ստորերկրյա հանքային ջրի տրամադրման ու օգտագործման պայմանագիր, փաստացի զրկված է այդ լիցենզիաներից բխող իրավազորություններն իրականացնելու հնարավորությունից, քանի որ դրան խոչընդոտում է Կազմակերպությունը, որին վարձակալությամբ հանձնված է այն հողամասը, որում գտնվում է թիվ 19 հանքահորը:

Ընկերությունը սույն գործով հանդիսանում է շահագրգիռ անձ, քանի որ ունի վավեր հանքարդյունահանման իրավունք, իսկ վիճարկվող պայմանագրով ուղղակիորեն ոտնահարվում են Ընկերության շահերը:

Պետության կողմից Կազմակերպությանը վարձակալությամբ տրամադրվել է մի հողամաս, որում առկա երեք հանքահորերից մեկը հանքարդյունահանման իրավունքով արդեն իսկ ծանրաբեռնված է եղել Ընկերության իրավունքներով, որի արդյունքում շրջանցվել են գործող օրենսդրության պահանջները:

ՀՀ Արարատի մարզպետի և Կազմակերպության միջև 13.07.2007 թվականին կնքված վարձակալության պայմանագրի և Ընկերությանը լիցենզիա տրամադրելու միջև հակասություն չկա, քանի որ 13.07.2007 թվականին Կազմակերպությանը թույլատրվել է օգտագործել բացառապես թիվ 11 հորատանցքը: Այսինքն վերջինս որևէ իրավունք չի ունեցել թիվ 12 և հատկապես թիվ 19 հորատանցքի նկատմամբ, որի նկատմամբ իրավունքներն իրավաչափորեն փոխանցվել են Ընկերությանը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ բնապահպանության նախարարությունը 24.10.2006 թվականին Կազմակերպությանը տրամադրել է ՀՀ Արարատի մարզի Վեդու «Արարատ» ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի (թիվ 11, 12 և 19 հորատանցքեր) հանքարդյունահանման թիվ 20 լիցենզիան (հատոր 2-րդ, գ.թ. 73).

2) ՀՀ Արարատի մարզպետի և Կազմակերպության միջև 13.07.2007 թվականին կնքվել է հողամասերն օգտագործման հանձնելու մասին պայմանագիր, որի համաձայն ՀՀ Արարատի մարզի վարչական սահմաններում գտնվող հողերից Կազմակերպությանը տրամադրվել է 7 հա մակերեսով հողամաս: Նշված պայմանագրից բխող իրավունքը գրանցվել է, որի հիման վրա Կազմակերպությանը 18.07.2007 թվականին տրվել է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական (հատոր 2-րդ, գ.թ. 66-71).

3) ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը 11.01.2011 թվականին Ընկերությանը տրամադրել է ՀՀ Արարատի մարզի «Արարատ ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրի (թիվ 19 հորատանցք) հանքարդյունահանման թիվ 39 լիցենզիան (հատոր 1-ին, գ.թ. 9).

4) ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը 28.06.2011 թվականին Կազմակերպությանը տրամադրել է ՀՀ Արարատի մարզի Վեդու «Արարատ» ածխաթթվային հանքային ջրերի հանքավայրի (թիվ 11 հորատանցք) հանքարդյունահանման թիվ ՀԱ-Լ-14/664 հատուկ լիցենզիան (հատոր 2-րդ, գ.թ. 74).

5) ՀՀ Արարատի մարզի Դաշտաքարի գյուղապետարանի և Ընկերության միջև 29.11.2011 թվականին ստորագրվել է հողամասի վարձակալության մասին պայմանագիր, որի համաձայն ընդերքօգտագործման նպատակով Ընկերությանը տրամադրվել է 220 քմ մակերեսով հողամաս: Նշված պայմանագիրը նոտարական կարգով չի վավերացվել, դրանից բխող իրավունքը չի գրանցվել (հատոր 2-րդ, գ.թ. 47, 48).

6) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Վեդու» ստորաբաժանման կողմից 13.12.2011 թվականին տեղեկանք է կազմվել այն մասին, որ ՀՀ Արարատի մարզի Դաշտաքար համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող 220 քմ մակերեսով հողամասում առկա է գրանցված իրավունք. տարածքը համադրվում է Կազմակերպության անվամբ գրանցված հողամասի, ինչպես նաև շինության և պարսպի հետ (հատոր 2-րդ, գ.թ. 31).

7) ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը 20.10.2012 թվականին Կազմակերպությանը տրամադրել է ՀՀ Արարատի մարզի Վեդու «Արարատ» ածխաթթվային հանքային ջրերի հանքավայրի (թիվ 11 հորատանցք) արդյունահանման թիվ ՇԱԹՎ-29/125 (նախկին 14/664) թույլտվությունը (հատոր 2-րդ, գ.թ. 72).

8) Ընկերությունը ՀՀ ընդերքի մասին օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո 12 ամսվա ընթացքում չի դիմել լիազոր մարմնին` իրեն տրամադրված լիցենզիան վերաձևակերպելու համար:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

i

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 80-րդ հոդվածի մեկնաբանությանը, ինչը պետք է ապահովի դատարանների կողմից վերոնշյալ նորմի միատեսակ կիրառությունը և նպաստի դրա վերաբերյալ նախադեպային իրավունքի զարգացմանը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արդեն իսկ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի մեկնաբանությանը: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով հայցվորի շահագրգռվածության հարցը: Դատարան դիմելով` հայցվորը պետք է հիմնավորի, իսկ դատարանը` պարզի, թե հայցվորի ո՞ր իրավունքներն են իրականում խախտվել և ի՞նչ անբարենպաստ հետևանքների են հանգեցրել այդ խախտումները, ու ներկայացված հայցի նպատակն արդյո՞ք իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումն է, և հնարավոր է արդյոք ընտրված միջոցով պաշտպանել կամ վերականգնել հայցվորի իրավունքները (կամ, համապատասխան դեպքերում, նրան պատճառված վնասը փոխհատուցել): Հայցվորն իրավունք ունի դատարան դիմելու իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության և վերականգնման համար (տե՛ս Ստիխտինգ Ադմինիստրատենկանտոր Ֆայնենշլ Փերֆորմանս Հոլդինգս հիմնադրամը, «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերությունը, «Յուկոս Ինթերնեյշնլ UKB.V.» ընկերությունը և Արմեն Միքայելյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի տարածքային բաժնի և «Նեֆտեննայա կոմպանիա «Ռոսնեֆտ»» ԲԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1494/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.10.2011 թվականի որոշումը):

ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` մինչև նույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը (ուժի մեջ է մտել 01.01.2012 թվականին) տրամադրված ընդերքօգտագործման իրավունքները պահպանում են իրենց ուժը նաև նույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո: Նշված օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` ընդերքօգտագործման իրավունքը համապատասխան ընդերքօգտագործման համաձայնությունով կամ թույլտվությունով, ծրագրով կամ նախագծով, ընդերքօգտագործման պայմանագրով, լեռնահատկացման ակտով հավաստվող` ընդերքի որոշակի տեղամասի երկրաբանական ուսումնասիրության կամ օգտակար հանածոների արդյունահանման բացառիկ իրավունքն է:

ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 80-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ընդերքօգտագործման ոլորտում նախկինում տրված լիցենզիաները պահպանում են իրենց ուժը մինչև նոր օրենսգրքին համապատասխան թույլտվությունների ստացումը: Ընդերքօգտագործման իրավունքի վերաձևակերպման դեպքում նույն օրենսգրքով սահմանված թույլտվությունների տրման և գործողության ժամկետներ են համարվում մինչև նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելն ընդերքօգտագործման ոլորտում տրված լիցենզիաների տրման և գործողության ժամկետները:

ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 80-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո` 12 ամսվա ընթացքում, ընդերքօգտագործողները պարտավոր են դիմել լիազոր մարմին` իրենց ընդերքօգտագործման իրավունքը (լիցենզիա, պայմանագիր, լեռնահատկացման ակտ) վերաձևակերպելու համար:

ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 80-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո` 12 ամսվա ընթացքում, ընդերքօգտագործման իրավունքը (լիցենզիա, պայմանագիր, լեռնահատկացման ակտ) չվերաձևակերպելու դեպքում ընդերքօգտագործողի գործունեությունը համարվելու է առանց թույլտվության իրականացրած գործունեություն, և կիրառվելու են պատասխանատվության միջոցներ:

Վկայակոչված հոդվածների համակարգային վերլուծությունից հետևում է, որ ընդերքի որոշակի տեղամասի երկրաբանական ուսումնասիրության կամ օգտակար հանածոների արդյունահանման այն բացառիկ իրավունքները, որոնք հավաստված են մինչև 01.01.2012 թվականը տրամադրված համապատասխան փաստաթղթերով, 01.01.2012 թվականից հետո իրենց ուժը պահպանելու են մինչև նշված օրենսգրքին համապատասխան 12 ամսվա ընթացքում թույլտվությունների ստացումը (ընդերքօգտագործման իրավունքի վերաձևակերպումը), որպիսի ժամկետում ընդերքօգտագործման իրավունքը (լիցենզիա, պայմանագիր, լեռնահատկացման ակտ) չվերաձևակերպելու դեպքում ընդերքօգտագործողի գործունեությունը համարվելու է առանց թույլտվության իրականացրած գործունեություն, և կիրառվելու են պատասխանատվության միջոցներ: Ելնելով նման իրավակարգավորումից Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաձևակերպման նպատակով իրավատիրոջ կողմից անգործություն դրսևորելու արդյունքում ընդերքօգտագործման իրավունքն օրենքի ուժով դադարում է: Ընդ որում, նշված վերլուծությունը բխում է նաև նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից, որն ընդերքօգտագործող է ճանաչում այն իրավաբանական անձին (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությանը), որն ընդերքօգտագործումն իրականացնում է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքին համապատասխան, այսինքն` պահպանելով նաև նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի պահանջները:

Սույն վեճի նկատմամբ վերոնշյալ մեկնաբանությունների կիրառումը.

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մինչև ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի ուժի մեջ մտնելը` 11.01.2011 թվականին, Ընկերությանը տրամադրել է ՀՀ Արարատի մարզի «Արարատ ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրի (թիվ 19 հորատանցք) հանքարդյունահանման թիվ 39 լիցենզիան: Ընկերությունը ՀՀ ընդերքի մասին օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո (01.01.2012 թ.) 12 ամսվա ընթացքում չի դիմել լիազոր մարմնին` իրեն տրամադրված լիցենզիան վերաձևակերպելու համար, հետևաբար վերջինիս ընդերքօգտագործման իրավունքը նշված ժամկետի ավարտով, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 80-րդ հոդվածի 7-րդ մասի հիմքով դադարել է:

Սույն գործով Դատարանը 12.06.2013 թվականին կայացրած վճռով հայցը բավարարել է պատճառաբանելով նաև, որ «օրենսդրությանը համապատասխան ունենալով հանքահորի հանքարդյունահանման համապատասխան լիցենզիա և ստորերկրյա հանքային ջրի տրամադրման ու օգտագործման մասին պայմանագիր` Ընկերությունը փաստացի չի կարողանում իրացնել այդ լիցենզիայից բխող իրավազորությունները...»:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ «անհիմն են բողոքաբերի այն պնդումները, թե իբր սույն գործով հայցվորն ի սկզբանե չի ունեցել հանքարդյունահանման իրավունք, քանի որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 80-րդ հոդվածի ուժով այն պետք է վերաձևակերպած լիներ: Սույն պարագայում անհրաժեշտ է հաշվի առնել նաև ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասը, որը նախատեսում է, որ մինչև նույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը տրամադրված ընդերքօգտագործման իրավունքները պահպանում են իրենց ուժը նաև նույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո: Վկայակոչված հոդվածի ուժով ընդերքօգտագործման իրավունքի վավերության ու օրինականության ապահովման համար ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա որևէ պարտականություն նախատեսված չէ օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո վերաձևակերպելու ընդերքօգտագործման իրավունքը: Հետևաբար դրանք պահպանում են իրենց ուժը նաև օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո», «նման պայմաններում անհրաժեշտ է եզրահանգել, որ «ՍԻՄՈՆԱ ԱԿՎԱ» ՍՊԸ-ին պատկանող ստորերկրյա ջրերի հանքարդյունահանման լիցենզիան վավեր է ամբողջապես», «հայցվորն ունի վավեր հանքարդյունահանման իրավունք, հետևաբար անհիմն է նաև բողոքում մատնանշված երկրորդ հիմքն առ այն, թե իբր հայցվորն իրավունք չունի վիճարկելու 13.07.2007 թվականի Արարատի մարզպետի և «ԱՐԱՐԱՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի միջև կնքված թիվ 2144 վարձակալության պայմանագիրը: Նա սույն գործով համարվում է շահագրգիռ անձ, և նշված պայմանագրով ուղղակիորեն ոտնահարվել են իր շահերը նույնպես: Հետևապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթն առ այն, որ շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար, ամբողջապես կիրառելի է սույն գործով հայցվոր «ՍԻՄՈՆԱ ԱԿՎԱ» ՍՊԸ-ի նկատմամբ»:

Վերը նշված իրավական վերլուծությունների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ իրավական նորմի սխալ մեկնաբանությունն առկա է նաև այն դեպքում, երբ դատարանը, ճիշտ որակելով կողմերի միջև առկա իրավահարաբերությունը, սխալ է պարզաբանել վիճելի, իրավահարաբերությունը կարգավորող իրավական նորմի բովանդակությունը, վերջինիս վերլուծության արդյունքում, ըստ էության, սխալ հետևություններ է արել կողմերի սուբյեկտիվ իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև հավելել, որ իրավունքը համակարգային երևույթ է, որի առանձին տարրերը իրավական նորմերը, սերտորեն փոխկապված են միմյանց հետ, ուստի որևէ նորմի իմաստն ամբողջությամբ բացահայտելու համար բավարար չէ նրա ներքին բովանդակության վերլուծությունը, այլ անհրաժեշտ է բացահայտել տվյալ նորմի համակարգային կապն այլ նորմերի հետ:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասը մեկնաբանել է անտեսելով նույն հոդվածի մյուս մասերում ամրագրված իրավական նորմերը, ինչն էլ հանգեցրել է տվյալ իրավանորմի սխալ մեկնաբանությանը: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ օրենսդիրը, սահմանելով, որ մինչև ՀՀ ընդերքի մասին գործող օրենսգիրքն ուժի մեջ մտնելը տրամադրված ընդերքօգտագործման իրավունքները պահպանում են իրենց ուժը նաև նույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո, այդուհանդերձ, նույն հոդվածի այլ մասերում նախատեսել է այդ իրավունքի հետագա պահպանման համար որոշակի նախապայմաններ, որոնք չիրականացնելը հանգեցնում է համապատասխան իրավունքի դադարմանը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, վերլուծության չենթարկելով վկայակոչված հոդվածի հետագա իրավակարգավորումը, սխալ եզրահանգման է եկել առ այն, որ ընդերքօգտագործման իրավունքի վավերության և օրինականության ապահովման համար ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար որևէ պարտականություն նախատեսված չէ օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո վերաձևակերպելու նշված իրավունքը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավական նորմի սխալ մեկնաբանությունը հանգեցրել է նաև գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների սխալ գնահատման: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերության ընդերքօգտագործման իրավունքը գործի ըստ էության լուծման պահին արդեն իսկ դադարած է եղել` նկատի ունենալով, որ գործում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ Ընկերությունը ՀՀ ընդերքի մասին օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո 12 ամսվա ընթացքում դիմել է լիազոր մարմնին` տրամադրված լիցենզիան վերաձևակերպելու համար:

Հաշվի առնելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության ընդերքօգտագործման իրավունքը դադարած լինելու պարագայում Կազմակերպության հետ կնքված հողամասի վարձակալության պայմանագրի առկայությունը, ինչպես նաև Կազմակերպության անվամբ գրանցված` հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի գոյությունն Ընկերության որևէ իրավունք չէին կարող խախտել, հետևաբար վերջինս նշված պայմանագիրը վիճարկելու պահանջով շահագրգիռ անձ չէ և վերջինիս պահանջը վարձակալության պայմանագիրը մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին, ենթակա էր մերժման: Վճռաբեկ դատարանը, միաժամանակ նկատի ունենալով, որ Ընկերությունը նաև ներկայացրել է վարձակալության պայմանագրի հիման վրա կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և վարձակալության պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջներ, որոնք իրենց բնույթով ածանցվում են վարձակալության պայմանագիրը մասնակիորեն անվավեր ճանաչելու հիմնական պահանջից, գտնում է, որ հիմնական պահանջի մերժման պայմաններում մերժման էին ենթակա նաև ածանցյալ պահանջները:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համարն

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2013 թվականի որոշումը և փոփոխել այն` «ՍԻՄՈՆԱ ԱԿՎԱ» ՍՊԸ-ի հայցը մերժել:

2. «ՍԻՄՈՆԱ ԱԿՎԱ» ՍՊԸ-ից հօգուտ «ԱՐԱՐԱՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար, 60.000 ՀՀ դրամ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Գ. Հակոբյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.12.2014
N ԱՎԴ/0487/02/12
Որոշում