(սույն պայմանագիրն ուժը կորցրել է 01.01.2018 թվականից` 11.04.17 «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր)
i
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱՄԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունները, այսուհետ` Կողմեր,
հիմք ընդունելով «Միասնական մաքսային տարածք ստեղծելու և Մաքսային միություն ձևավորելու մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանագրի և «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի դրույթները,
հաշվի առնելով միջազգային իրավունքի` համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներն ու նորմերը,
պայմանավորվեցին հետևյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
1. Սույն Պայմանագրով սահմանվում է Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից կանխիկ դրամական միջոցների և(կամ) դրամական գործիքների տեղափոխման կարգը:
2. Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման առնչությամբ ծագող հարաբերությունները, որոնք կարգավորված չեն սույն Պայմանագրով, կարգավորվում են Մաքսային միության այլ միջազգային պայմանագրերով, իսկ դրանց բացակայության դեպքում` Կողմերի օրենսդրությամբ:
3. Սույն Պայմանագրի դրույթներով չեն կարգավորվում Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից օրինական վճարամիջոց հանդիսացող թանկարժեք մետաղներից մետաղադրամների տեղափոխման առնչությամբ ծագող հարաբերությունները:
ՀՈԴՎԱԾ 2
1. Սույն Պայմանագրի նպատակներով գործածվում են հետևյալ եզրույթները և դրանց սահմանումները`
կանխիկ դրամական միջոցներ` թղթադրամների և գանձապետական տոմսերի, մետաղադրամների տեսքով դրամանիշեր` բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամների, որոնք շրջանառության մեջ են գտնվում և օրինական վճարամիջոց են հանդիսանում Մաքսային միության անդամ պետություններում կամ օտարերկրյա պետություններում (օտարերկրյա պետությունների խմբում), այդ թվում` շրջանառությունից հանված կամ հանվող, սակայն շրջանառության մեջ գտնվող դրամանիշերի հետ փոխանակման ենթակա դրամանիշերը.
դրամական գործիքներ` ճանապարհային չեկեր, մուրհակներ, չեկեր (բանկային չեկեր), ինչպես նաև փաստաթղթային արժեթղթեր, որոնցով հաստատվում է թողարկողի (պարտապանի)` այն դրամական միջոցները վճարելու պարտավորությունը, որոնց դեպքում չի նշվում այն անձը, ում կատարվում է այդ վճարումը:
2. Սույն Պայմանագրում օգտագործվող մյուս հասկացությունները օգտագործվում են Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված իմաստներով, իսկ Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված չլինելու դեպքերում` Կողմերի օրենսդրությամբ սահմանված իմաստներով:
ՀՈԴՎԱԾ 3
1. Ֆիզիկական անձի կողմից Մաքսային միության մաքսային տարածք կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի ներմուծումն իրականացվում է առանց սահմանափակումների հետևյալ կարգով`
10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարին հավասար կամ դրա չափը չգերազանցող ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի միանվագ ներմուծման դեպքում նշված դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը ենթակա չեն գրավոր ձևով մաքսային հայտարարագրման.
10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափը գերազանցող ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի միանվագ ներմուծման դեպքում նշված դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը ենթակա են գրավոր ձևով մաքսային հայտարարագրման` ներմուծվող կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի ամբողջ գումարի մասով ուղևորային մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով:
2. Ֆիզիկական անձի կողմից 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարին հավասար կամ դրա չափը չգերազանցող ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի միանվագ ներմուծումը կարող է գրավոր ձևով հայտարարագրվել ֆիզիկական անձի ցանկությամբ:
3. Ֆիզիկական անձի կողմից դրամական գործիքների, բացառությամբ ճանապարհային չեկերի, ներմուծումն իրականացվում է գրավոր ձևով մաքսային հայտարարագրման պայմանով` ուղևորային մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով:
ՀՈԴՎԱԾ 4
1. Ֆիզիկական անձի կողմից Մաքսային միության մաքսային տարածքից կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի արտահանումն իրականացվում է առանց սահմանափակումների հետևյալ կարգով`
10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարին հավասար կամ դրա չափը չգերազանցող ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի միանվագ արտահանման դեպքում նշված դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը ենթակա չեն գրավոր ձևով մաքսային հայտարարագրման,
10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափը գերազանցող ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի միանվագ արտահանման դեպքում նշված դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը ենթակա են գրավոր ձևով մաքսային հայտարարագրման` արտահանվող կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի ամբողջ գումարի համար ուղևորային մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով:
2. Ֆիզիկական անձի կողմից 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարին հավասար կամ դրա չափը չգերազանցող ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի միանվագ արտահանումը կարող է գրավոր ձևով հայտարարագրվել ֆիզիկական անձի ցանկությամբ:
3. Ֆիզիկական անձի կողմից դրամական գործիքների, բացառությամբ ճանապարհային չեկերի, արտահանումն իրականացվում է գրավոր ձևով մաքսային հայտարարագրման պայմանով` ուղևորային մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով:
ՀՈԴՎԱԾ 5
1. Ֆիզիկական անձի կողմից կանխիկ դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը Մաքսային միության մաքսային տարածք ներմուծելու կամ այդ տարածքից արտահանելու դեպքում վերահաշվարկն ԱՄՆ դոլարով կատարվում է ուղևորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացնելու օրվա դրությամբ այն Կողմի օրենսդրության համաձայն սահմանված փոխարժեքով, որի պետական սահմանով տեղափոխվում են այդ կանխիկ դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը:
2. Դրամական գործիքների, բացառությամբ ճանապարհային չեկերի, մաքսային հայտարարագրման ժամանակ ուղևորային մաքսային հայտարարագրում նշվում է անվանական արժեքը կամ համապատասխան գումարը` Մաքսային միության անդամ պետության արժույթով կամ արտարժույթով, որի ստացման իրավունքը հաստատվում է դրամական գործիքով: Անվանական արժեքի բացակայության և Մաքսային միության անդամ պետության արժույթով կամ արտարժույթով գումարը որոշելու անհնարինության դեպքում, որի ստացման իրավունքը հաստատվում է դրամական գործիքով, ուղևորային մաքսային հայտարարագրում նշվում է տեղափոխվող դրամական գործիքների քանակը:
ՀՈԴՎԱԾ 6
Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու նպատակով ֆիզիկական անձանց կողմից Մաքսային միության մաքսային սահմանով գրավոր ձևով պարտադիր հայտարարագրման ենթակա կանխիկ դրամական միջոցներ և(կամ) դրամական գործիքներ տեղափոխելու դեպքում ուղևորային մաքսային հայտարարագրում պետք է լրացուցիչ նշվեն հետևյալ տվյալները`
1) ֆիզիկական անձի ծննդյան ամսաթիվը և վայրը, օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` Մաքսային միության անդամ պետության տարածքում գտնվելու (բնակվելու) իրավունքը հաստատող փաստաթղթի վավերապայմանները, Մաքսային միության անդամ պետության տարածքում բնակության (գրանցման) վայրի կամ գտնվելու վայրի հասցեն,
2) դրամական գործիքների` բացառությամբ ճանապարհային չեկերի մասին տվյալներ (դրամական գործիքի տեսակը, թողարկողի անվանումը, թողարկման ամսաթիվը և նույնականացման համարը` առկայության դեպքում),
3) կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների աղբյուրի, դրանց սեփականատերերի (հայտարարատուի սեփականությունը չհանդիսացող կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման դեպքերում), ինչպես նաև ենթադրվող օգտագործման մասին տվյալներ,
4) կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների փոխադրման երթուղու և միջոցի (տրանսպորտի տեսակի) մասին տվյալներ:
ՀՈԴՎԱԾ 7
1. Կողմերի միջև ծագող` սույն Պայմանագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են Կողմերի միջև անցկացվող խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով:
2. Եթե Կողմերը խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով վեճը չեն կարգավորում դրանց անցկացման վերաբերյալ` մի Կողմից մյուս Կողմին հասցեագրված պաշտոնական գրավոր դիմումը ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, ապա Կողմերից յուրաքանչյուրը կարող է այդ վեճը հանձնել Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը:
3. Մաքսային միության հանձնաժողովը Կողմերին աջակցություն է ցուցաբերում վեճի կարգավորման հարցում` նախքան այդ վեճը Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը հանձնելը:
ՀՈԴՎԱԾ 8
Սույն Պայմանագրի մասով վերապահումներ չեն թույլատրվում:
ՀՈԴՎԱԾ 9
Կողմերի պայմանավորվածությամբ սույն Պայմանագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են սույն Պայմանագրի անբաժանելի մասը կազմող առանձին արձանագրություններով:
ՀՈԴՎԱԾ 10
Սույն Պայմանագիրը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման ամսաթվից, սակայն «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից ոչ շուտ, և ենթակա է վավերացման:
Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից, սակայն «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից ոչ շուտ:
Կատարված է Աստանա քաղաքում, 2010 թվականի հուլիսի 5-ին, մեկ բնօրինակից` ռուսերենով:
Սույն Պայմանագրի բնօրինակը պահվում է Մաքսային միության հանձնաժողովում, որը սույն Պայմանագրի ավանդապահն է և որը յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը:
Բելառուսի Ղազախստանի Ռուսաստանի
Հանրապետության Հանրապետության Դաշնության
կողմից կողմից կողմից
(ստորագրություն) (ստորագրություն) (ստորագրություն)