Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                        Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                 ԵԿԴ/1118/02/12     

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1118/02/12              2014 թ.

Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան

    Դատավորներ`        Ա. Պետրոսյան

                       Ա. Խառատյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի   

                                              Ս. Անտոնյանի  

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Տաթևիկ Գալստյանի ընդդեմ Բանկի` կողմերի միջև 16.04.2010 թվականին կնքված թիվ 42 աշխատանքային պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 6.1 կետով սահմանված դրույթն անվավեր ճանաչելու և Պայմանագիրն անորոշ ժամկետով կնքված համարելու, Բանկի խորհրդի 10.04.2012 թվականին ընդունած որոշումը (այսուհետ` Որոշում) և Բանկի գործադիր տնօրեն Ն. Բակբերգենովի 10.05.2012 թվականի թիվ 177-Ա հրամանը (այսուհետ` Հրաման) անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տաթևիկ Գալստյանը պահանջել է անվավեր ճանաչել Պայմանագրի 6.1 կետի դրույթը` Պայմանագրի գործողության ժամկետը մինչև 11.05.2012 թվականը սահմանելուն վերաբերող մասով, և Պայմանագիրը համարել կնքված անորոշ ժամկետով, անվավեր ճանաչել Պայմանագրի ժամկետը չերկարաձգելու վերաբերյալ Բանկի խորհրդի որոշումը, անվավեր ճանաչել Հրամանը և վերականգնել նախկին աշխատանքում` Բանկի գլխավոր հաշվապահի պաշտոնում, բռնագանձել միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած 11.05.2012 թվականից:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 17.04.2013 թվականի վճռով հայցը մերժվել է, Տաթևիկ Գալստյանից բռնագանձվել է 500.000 ՀՀ դրամ` որպես Բանկին մատուցված իրավաբանական ծառայությունների դիմաց կրած ծախս:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.01.2014 թվականի որոշմամբ Տաթևիկ Գալստյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Որոշումը և Հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը բռնագանձելու պահանջների մերժմանը և դատական ծախսերի բաշխմանը վերաբերող մասով Դատարանի 17.04.2013 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` Տաթևիկ Գալստյանին վերաբերող մասով անվավեր է ճանաչվել Որոշումը, անվավեր է ճանաչվել Պայմանագիրը 11.05.2012 թվականին լուծելու վերաբերյալ Հրամանը, Տաթևիկ Գալստյանը վերականգնվել է Բանկի գլխավոր հաշվապահի պաշտոնում և բռնագանձվել է միջին աշխատավարձ` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` սկսած 11.05.2012 թվականից: Դատարանի 17.04.2013 թվականի վճիռը` Պայմանագրի 6.1 կետով սահմանված դրույթն անվավեր ճանաչելու և Պայմանագիրն անորոշ ժամկետով կնքված համարելու պահանջները մերժելու մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Տաթևիկ Գալստյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 21.6-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, չի կիրառել նույն օրենքի 21.10-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերությունը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն փաստը, որ Բանկի խորհրդին են պատկանում գլխավոր հաշվապահի նշանակման և նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցման լիազորությունները: Մինչդեռ գլխավոր հաշվապահի լիազորությունների ոչ վաղաժամկետ դադարեցման լիազորությունը պատկանում է Բանկի գործադիր տնօրենին, այլ ոչ թե խորհրդին: Տվյալ դեպքում Տաթևիկ Գալստյանի հետ կնքված Պայմանագիրը եղել է ժամկետային, ժամկետի ավարտը հանդիսացել է 11.05.2012 թվականը, իսկ աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ Հրամանը կայացվել է հենց այդ օրը` 11.05.2012 թվականին, երբ լրացել է աշխատանքային պայմանագրի ժամկետը, ուստի խորհրդի Որոշման անվավերությունը չի կարող հանգեցնել գործադիր տնօրենի հրամանի անվավերության, քանի որ Տաթևիկ Գալստյանի հետ կնքված Պայմանագիրը վաղաժամկետ չի լուծվել:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես`Բանկի խորհրդի կանոնակարգը` հաստատված Բանկի բաժնետերերի 22.04.2008 թվականի ընդհանուր ժողովի կողմից, որին պատշաճ իրավական գնահատական տալու դեպքում կեզրահանգեր, որ Բանկի խորհրդի առկա նիստերի քվորումը և քվեարկության արդյունքները որոշելիս հաշվի են առնվում նաև նիստից բացակայող խորհրդի անդամների գրավոր կարծիքները, որոնք պետք է ներկայացված լինեն մինչև խորհրդի նիստի սկիզբը:

Մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման` Բանկի կանոնակարգի անտեսման արդյունքում Վերաքննիչ դատարանը եկել է սխալ եզրահանգման առ այն, որ Բանկի խորհրդի որևէ անդամ, որը ներկա չի գտնվում նիստին և չի օգտվում ինտերնետ կապի միջոցով հաղորդակցվելու հնարավորությունից, չի կարող համարվել այդ նիստի մասնակից:

3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաստատել է այն փաստը, որ գործում բացակայում է 17.04.2013 թվականի դատական նիստի արձանագրությունը և բեկանել է Դատարանի վճիռն ու փոփոխել, մինչդեռ Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված դատական պրակտիկայի համաձայն` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքի առկայության պայմաններում դատական ակտը բեկանելը և այն փոփոխելը չի բխում արդարադատության արդյունավետության շահերից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 30.01.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 17.04.2013 թվականի վճռին կամ մասնակիորեն` Հրամանն անվավեր ճանաչելու, հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու, Որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասով, բեկանել և փոփոխել վերաքննիչ դատարանի 30.01.2014 թվականի որոշումը և այդ մասերով հայցը մերժել, մնացած մասով Վերաքննիչ դատարանի որոշումը թողնել օրինական ուժի մեջ, կամ մասնակի` Հրամանն անվավեր ճանաչելու, հայցվորին նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հաշվարկված միջին աշխատավարձը հօգուտ հայցվորի բռնագանձելու և Որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և այդ մասով գործն ուղարկել Դատարան` նոր քննության` մնացած մասով Վերաքննիչ դատարանի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Բողոք բերած անձի այն պնդումը, թե Վերաքննիչ դատարանը հաստատել է Բանկի խորհրդի նիստն առկա եղանակով հեռախոսակապի միջոցով անցկացված լինելու փաստը, չի համապատասխանում իրականությանը, քանի որ Վերաքննիչ դատարանը որոշման պատճառաբանական մասում ոչ միայն ժխտել է Բանկի խորհրդի 10.04.2012 թվականի նիստի թիվ 2 արձանագրությունում նշված փաստի համապատասխանությունն իրականությանը, այլև նշել է, որ արձանագրությունը պարունակում է գրառում նիստը հեռախոսակապի միջոցով անցկացրած լինելու մասին, սակայն արձանագրության բովանդակությունից պարզ է, որ հեռախոսակապ չի կիրառվել: Ավելին, եթե անգամ հեռախոսակապ կիրառվել է, ապա դա հիմք չի տալիս Կուրմանովայի մասնակցության փաստն արձանագրելու համար:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել Տաթևիկ Գալստյանի վերաքննիչ բողոքը 17.04.2013 թվականին նշանակված դատական նիստի արձանագրության բացակայության հիմքով և բեկանել է Դատարանի 17.04.2013 թվականի վճիռը և մասնակիորեն բավարարել հայցը, քանի որ Դատարանի կողմից հետազոտված ապացույցները հնարավորություն են տվել կայացնել նոր դատական ակտ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Գործում առկա են Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 03.07.2012, 24.07.2012, 12.10.2012, 01.11.2012, 21.11.2012, 03.12.2012, 13.12.2012, 18.01.2013, 31.01.2013, 12.02.2013, 28.02.2013, 02.04.2013 և 17.04.2013 թվականներին կայացած դատական նիստերի արձանագրությունների համակարգչային համառոտագրումները (հատոր 1-ին, գ.թ. 44, 53, 63, 65, 104, 106, 109, 113, 181, 197, 201, 203, 205):

2) Ըստ գործում առկա 17.04.2013 թվականի դատական նիստի արձանագրային համառոտագրման` բողոքարկված վճիռը հրապարակվել է այդ նիստում, ժամը 17:10-ին, սակայն նիստի ձայնային արձանագրությունը գործում առկա չէ: Գործի նյութերին կցված երեք լազերային կրիչներից ոչ մեկը չի պարունակում 17.04.2013 թվականի դատական նիստի ձայնային արձանագրությունը (հատոր 1-ին, գ.թ. 46):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

արդյո՞ք Վերաքննիչ դատարանը կարող է կիրառել դատական ակտը բեկանելու և փոփոխելու լիազորությունը, եթե առկա է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք, մասնավորապես` գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել է դատավարության ընթացքում դատական նիստի արձանագրության ունեցած դերին և նշանակությանը` ընդգծելով, որ դատական նիստի արձանագրությունը` որպես դատավարական գործողությունների կատարման բոլոր էական հանգամանքները հաստատող փաստաթուղթ, ունի կարևոր ապացուցողական նշանակություն: Մասնավորապես` դատավարության կողմերը կարող են հիմնավորել իրենց վերաքննիչ և վճռաբեկ բողոքները` հղում կատարելով դատական նիստերի արձանագրությանը, իսկ վերադաս ատյանի դատարանները դատական նիստերի արձանագրությունների միջոցով կարող են ստուգել ստորադաս դատարաններում գործի քննության օրինականությունը. արդյո՞ք ստորադաս դատարանի կայացրած դատական ակտը համապատասխանում է այն փաստերին, որոնք հաստատվել են դատաքննության ընթացքում կամ որևէ դատավարական գործողություն իրականացնելիս դատարանն արդյո՞ք պահպանել է սահմանված դատավարական կարգը:

Այսպիսով, դատական նիստի արձանագրությունն անձի դատական պաշտպանության իրավունքի և հատկապես` բողոքարկման իրավունքի իրացումն ապահովող կարևորագույն միջոցներից է, ինչով էլ պայմանավորված է դատական նիստի արձանագրության բացակայության դեպքում օրենսդրի կողմից դատական ակտի բեկանման պարտադիր պահանջի սահմանումը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական նիստերում, ինչպես նաև դատական նիստերից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս վարվում է արձանագրություն: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում արձանագրությունը վարվում է դատական նիստի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակ համառոտագրման միջոցով: Համառոտագրումը դատական նիստերի դահլիճում կատարվող գործողությունների մասին նշումներն են:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիս դրա համառոտագրումը կատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով: Ձայնային արձանագրությունը գործի նյութերին կցվում է լազերային կրիչի վրա: Համառոտագրումը գործի նյութերին կցվում է թղթային կրիչի վրա` հավաստված դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ:

Վերը նշված իրավանորմերի փոխկապակցված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտել է, որ դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում դատական նիստի արձանագրումը ենթադրում է ձայնային արձանագրում` ամրագրված լազերային կրիչի վրա և համառոտագրում` արտատպված թղթի վրա: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ձայնային արձանագրումը ներկայումս հանդիսանում է դատական նիստի բոլոր տվյալների անընդմեջ արձանագրման հիմնական միջոցը, հետևաբար նաև դատավարության հրապարակայնության ապահովման միջոցը:

Ինչ վերաբերում է թղթային համառոտագրմանը, ապա վերջինս դատական նիստերի դահլիճում կատարվող գործողությունների մասին նշումների ամբողջություն է, որն ունի ուղղորդիչ բնույթ, հետևաբար առանց ձայնային արձանագրման այն չի կարող բավարար պատկեր ստեղծել դատական նիստի ընթացքի վերաբերյալ, չի կարող բավարար չափով ապահովել դատավարության հրապարակայնությունը և ծառայել որպես անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների ապահովման երաշխիք:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտել է, որ դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում լազերային կրիչի վրա ամրագրված ձայնային արձանագրման և համակարգչային համառոտագրման միաժամանակյա առկայությունը պարտադիր է յուրաքանչյուր դատական նիստով, և դրանցից որևէ մեկի բացակայությունը ենթադրում է դատական նիստի արձանագրության բացակայություն (տե՛ս, Կարեն Ստեփանյանն ընդդեմ Ջուլետտա Սմբատյանի թիվ ԵԱՔԴ/2279/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով իր իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել հետևյալը.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`

1) դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով.

2) դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին.

3) վճիռը ստորագրել է ոչ այն դատավորը, որը կայացրել է այն.

4) վճիռը կայացրել է ոչ այն դատավորը, որը մտնում է գործը քննող դատարանի կազմի մեջ.

5) գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը:

Վճռի անվերապահ բեկանման հիմքերի վերոհիշյալ ցանկի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը քննարկվող հոդվածում առանձնացրել է այնպիսի դատավարական սխալներ, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, և վճիռը բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի` իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ ու հեղինակավոր և պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետևանք: Գործից դատական նիստի արձանագրության բացակայությունը սերտորեն կապված է գործերի քննության հրապարակայնության և կողմերի իրավահավասարության սկզբունքների խախտման հետ, իսկ նման խախտմամբ գործի քննության իրականացման արդյունքում կայացված դատական ակտն էլ չի կարող լինել օրինական և հիմնավորված: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետում թվարկված մյուս խախտումները ևս վերաբերում են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված արդարադատության սկզբունքներին (օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարան, դատարանի օրինական կազմ, լսված լինելու իրավունք, դատավարության լեզու և այլն), ուստի դրանց առկայությունը կասկածի տակ է դնում ընդհանրապես արդարադատություն իրականացված լինելու կամ արդարադատությունը դատարանի կողմից իրականացված լինելու իրողությունը: Վերադաս ատյանի կողմից նման խախտումների արձանագրումը ipsօ factօ հանգեցնում է վերանայվող դատական ակտի բեկանմանը` անկախ բողոքում բարձրացված նյութական իրավունքի նորմերի սխալ կիրառման կամ չկիրառման վերաբերյալ հիմքերի հիմնավոր լինելուց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված խախտումների բնույթն այնպիսին է, որ դրանք կարող են վերացվել բացառապես դատական ակտի բեկանումից հետո գործի ամբողջ ծավալով նոր քննություն իրականացվելու դեպքում: Նշված պատճառաբանությամբ էլ Վերաքննիչ դատարանի կողմից վճռի բեկանման անվերապահ որևէ հիմքի առկայությունը հաստատված լինելու դեպքում կիրառման է ենթակա դատական ակտը բեկանելու և գործը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գործում առկա 17.04.2013 թվականի դատական նիստի արձանագրային համառոտագրումը վկայում է այն մասին, որ տվյալ դատական նիստի արձանագրությունը վարվել է ոչ թե պարզ թղթային եղանակով, այլ` համակարգչային ձայնագրման եղանակով, որպիսի պարագայում ձայնային արձանագրությունը պետք է զետեղվեր էլեկտրոնային կրիչի վրա և կցվեր գործի նյութերին, սակայն գործում այդպիսին առկա չէ (գործի նյութերին կցված երեք լազերային կրիչներից ոչ մեկը չի պարունակում 17.04.2013 թվականի դատական նիստի ձայնային արձանագրությունը), ինչը վճիռը բոլոր դեպքերում բեկանման ենթակա լինելու հիմք է: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ դատական ակտի բեկանման արդյունքում ենթակա է կիրառման դատական ակտը փոփոխելու Վերաքննիչ դատարանի լիազորությունը, և բեկանելով Դատարանի վճիռը` փոփոխել է այն:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանի կարծիքով գործում դատական նիստի արձանագրության բացակայության փաստը հաստատելու պարագայում Վերաքննիչ դատարանի կողմից ենթակա էր կիրառման դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված լիազորությունը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի երրորդ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

Ինչ վերաբերում է նյութական և դատավարական իրավունքի այլ նորմերի խախտումների հետ կապված վճռաբեկ բողոք բերած անձի փաստարկներին, ապա բողոքի երրորդ հիմքի հիմնավոր լինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը դրանց հնարավոր չի համարում անդրադառնալ:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.11.2014
N ԵԿԴ/1118/02/12
Որոշում