Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                            Վարչական գործ թիվ

    դատարանի որոշում                                 ՎԴ/3135/05/13

    Վարչական գործ թիվ ՎԴ/3135/05/13                  2014 թ.

Նախագահող դատավոր` Ա. Բաբայան

    Դատավորներ`        Ա. Սարգսյան

                       Ք. Մկոյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վալերի Ցականյանի ներկայացուցիչ Կիմա Սարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 24.01.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն) ընդդեմ Վալերի Ցականյանի` 250.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ծառայությունը պահանջել է Վալերի Ցականյանից 250.000 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ արձակել վճարման կարգադրություն:

ՀՀ վարչական դատարանը 07.11.2011 թվականին արձակել է վճարման կարգադրություն:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Վալերի Ցականյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 02.11.2010 թվականի թիվ ԱԲ 977572 որոշումը:

ՀՀ վարչական դատարանը 04.03.2013 թվականի որոշմամբ վճարման կարգադրության վարույթից անցում է կատարել հայցային վարույթի և հակընդդեմ հայցը վերադարձրել է:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 16.07.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.01.2014 թվականի որոշմամբ Վալերի Ցականյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.07.2013 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վալերի Ցականյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, 301-րդ հոդվածը, չի կիրառել նույն օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 07.02.2012 թվականի թիվ ՀՕ-2-Ն ՀՀ օրենքով կատարված փոփոխությունը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասում 07.02.2012 թվականի թիվ ՀՕ-2-Ն ՀՀ օրենքով կատարված փոփոխությունից հետո վերացել է Ծառայության 02.11.2010 թվականի թիվ ԱԲ 977572 որոշման հիմք հանդիսացած վարչական պատասխանատվություն սահմանող նորմատիվ իրավական ակտը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.01.2014 թվականի որոշումը և գործի վարույթը կարճել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Համաձայն Ծառայության 02.11.2010 թվականի թիվ ԱԲ 977572 որոշման և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության` Վալերի Ցականյանը 02.11.2010 թվականին վարել է օրենքով սահմանված տարեկան տեխնիկական զննությունը չանցած տրանսպորտային միջոց, ինչի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ենթարկվել է վարչական պատասխանատվության` 50.000 ՀՀ դրամի չափով (գ.թ. 2):

2) Ծառայությունը 10.03.2011 թվականի թիվ Մ-04297 ելքի համարով Վալերի Ցականյանից 250.000 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ վճարման կարգադրություն արձակելու մասին հայցադիմում է ներկայացրել Դատարան, որը Դատարանում մուտքագրվել է 24.10.2011 թվականին թիվ 33629/11 մուտքի համարով (գ.թ. 1):

3) Համաձայն գործում առկա փոստային առաքանու ստացման ծանուցագրի` Վալերի Ցականյանը Դատարանի կողմից 07.11.2011 թվականի արձակած թիվ ՎԴ/33629/03/11 վճարման կարգադրությունը ստացել է 09.02.2013 թվականին (գ.թ. 6):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասի սխալ կիրառման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքարկվող դատական ակտում կիրառված նորմերի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշմամբ տրված մեկնաբանությանը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող իրավական ակտերի հետադարձ ուժի խնդրին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

Ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը` բացառություն ընդհանուր կանոնից: Այս մոտեցումը բխում է իրավական որոշակիության, օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների, մարդու իրավունքների երաշխավորման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման նկատառումներից: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքի հետադարձ ուժի հանգամանքը պայմանավորված է Սահմանադրությամբ օժտված իրավունքի ուժով, ինչպես նաև ՀՀ միջազգային պարտավորություններով և օրենսդրի որևէ հայեցողություն չի ենթադրում (տե՛ս «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի և 3-րդ մասի 3-րդ պարբերության` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին ՀՀ սահմանադրական դատարանի 29.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-1000 որոշումը):

Սույն խնդրի վերաբերյալ արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում նաև Վճռաբեկ դատարանը և չի տեսնում որևէ հիմք փոխելու նշված դիրքորոշումը:

Այսպես, ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի:

i

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն նույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում:

Հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ խստացնող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` իրավական ակտում կատարված փոփոխությունների կամ լրացումների, բացառությամբ նրա առանձին մասերը վերացված կամ անվավեր կամ չեղյալ ճանաչելու դեպքերի, գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա, եթե նույն օրենքով, այլ օրենքներով, ինչպես նաև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Մինչև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում են մինչև փոփոխությունները կամ լրացումներն ուժի մեջ մտնելը գործող նորմերը, եթե նույն օրենքով կամ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

ՈՒժը կորցրած իրավական ակտի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը ծագած հարաբերությունների վրա, եթե նույն օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտումը կատարելու ժամանակ և վայրում գործող օրենսդրության հիման վրա: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը հետադարձ ուժ ունեն, այսինքն` տարածվում են նաև այդ ակտերի հրատարակումից առաջ կատարված իրավախախտումների վրա:

Վերոհիշյալ իրավանորմերի համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

- եթե վարչական իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կայացնելու պահին գործող օրենքը նախատեսում է ավելի խիստ պատասխանատվություն (պատասխանատվությունը խստացնող օրենք), քան նախատեսված էր իրավախախտումը կատարելու ժամանակ գործած օրենքով, ապա վարչական տույժը նշանակվում է իրավախախտումը կատարելու ժամանակ գործած օրենքին համապատասխան,

- եթե վարչական իրավախախտումը կատարելու ժամանակ գործած օրենքը նախատեսում էր ավելի խիստ պատասխանատվություն, քան նախատեսված է իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կայացնելու պահին գործող օրենքով (պատասխանատվությունը մեղմացնող օրենք), ապա վարչական տույժը նշանակվում է իրավախախտումը կատարելու ժամանակ գործած օրենքին համապատասխան, եթե պատասխանատվությունը մեղմացնող օրենքով վերջինիս հետադարձ ուժ տրված չէ,

- եթե վարչական իրավախախտումը կատարելու ժամանակ գործած օրենքը նախատեսում էր ավելի խիստ պատասխանատվություն, քան նախատեսված է իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կայացնելու պահին գործող օրենքով (պատասխանատվությունը մեղմացնող օրենք), ապա վարչական տույժը նշանակվում է իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կայացնելու պահին գործող օրենքին համապատասխան, եթե այդ օրենքով վերջինիս տրված է հետադարձ ուժ,

- եթե վարչական պատասխանատվություն նախատեսող օրենքն ուժը կորցնում է, այսինքն` տվյալ վարչական իրավախախտման համար նախատեսված պատասխանատվությունը վերացվում է, ապա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման, եթե պատասխանատվությունը վերացնող օրենքով վերջինիս տրված է հետադարձ ուժ,

- եթե վարչական պատասխանատվություն նախատեսող օրենքն ուժը կորցնում է, այսինքն` տվյալ վարչական իրավախախտման համար նախատեսված պատասխանատվությունը վերացվում է, ապա անձը ենթակա է պատասխանատվության վարչական իրավախախտումը կատարելու ժամանակ գործած օրենքին համապատասխան, եթե պատասխանատվությունը վերացնող օրենքով վերջինիս հետադարձ ուժ տրված չէ (տե՛ս «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսանդր Աբրահամյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության թիվ ՎԴ/8645/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշումը):

Զարգացնելով վերոնշյալ դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում բացահայտել, թե որոնք են համարվում պատասխանատվությունը վերացնող, պատասխանատվությունը մեղմացնող ակտեր:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ իրավական ակտը համարվում է պատասխանատվությունը վերացնող, եթե դրանով իրավախախտում չի համարվում այն արարքը, որը նախկին իրավական ակտով համարվում էր իրավախախտում:

Իրավական ակտը համարվում է պատասխանատվությունը մեղմացնող, եթե սանկցիայում նախատեսված պատասխանատվության տեսակը փոխարինվում է ավելի մեղմ պատասխանատվության տեսակով: Ընդ որում, տուգանքների դեպքում պատասխանատվությունը մեղմացնող է դիտվում այն դրույթը, որով նախկինում գործող տուգանքը փոխարինվել է նվազ չափի տուգանքով: Ինչ վերաբերում է պատասխանատվության այլ միջոցների մեղմացմանը, օրինակ` տուգանքը որոշակի իրավունքից զրկելով փոխարինելուն, ապա պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքի պարզումը յուրաքանչյուր գործով ինքնուրույն գնահատման ենթակա հանգամանք է:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 07.02.2012 թվականի թիվ ՀՕ-2-Ն ՀՀ օրենքով, ի թիվս այլոց, փոփոխություն է կատարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածում, որի 2-րդ մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ` «ՈՒժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի` օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով»:

Մինչև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 07.02.2012 թվականի թիվ ՀՕ-2-Ն ՀՀ օրենքով կատարված փոփոխությունը ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում էր` «Սահմանված ժամկետում տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»:

Այսինքն` մինչև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 07.02.2012 թվականի թիվ ՀՕ-2-Ն ՀՀ օրենքով կատարված փոփոխությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասում նկարագրված իրավախախտումը (զանցանքը) դրսևորվում էր սահմանված ժամկետում տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելով, որի համար որպես վարչական պատասխանատվության միջոց սահմանված էր 50.000 ՀՀ դրամ վարչական տուգանք, իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 07.02.2012 թվականի թիվ ՀՕ-2-Ն ՀՀ օրենքով կատարված փոփոխությունից հետո դրանում նկարագրված իրավախախտումը (զանցանքը) դրսևորվում է ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի` օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելով, որի համար որպես վարչական պատասխանատվության միջոց սահմանված է 20.000 ՀՀ դրամ վարչական տուգանք:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տեխնիկական զննությանն առնչվող փոփոխված օրինադրույթով սահմանված «ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի` օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելու» արարքն էապես տարբերվում է «սահմանված ժամկետում տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու» արարքից, քանի որ մի դեպքում խոսքը գնում է տեխնիկական զննության կտրոնն առկա լինելու (հետևաբար նաև տեխնիկական զննություն անցած լինելու), սակայն սահմանված տեղում փակցված չլինելու մասին, իսկ մյուս դեպքում` տեխնիկական զննության կտրոնի (հետևաբար նաև տեխնիկական զննություն անցած չլինելու) ընդհանրապես բացակայության մասին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 07.02.2012 թվականի թիվ ՀՕ-2-Ն ՀՀ օրենքով վերացվել է «սահմանված ժամկետում տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու» համար պատասխանատվությունը, ինչը վերը նշված պատճառաբանությունների լույսի ներքո պետք է գնահատվի որպես պատասխանատվությունը վերացնող և հետադարձ ուժ ունեցող իրավական ակտ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական տույժ նշանակելու մասին որոշում կայացրած մարմինը (պաշտոնատար անձը) որոշման կատարումը դադարեցնում է` վարչական պատասխանատվություն սահմանող ակտի վերացման դեպքում:

Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության 02.11.2010 թվականի թիվ ԱԲ 977572 որոշմամբ Վալերի Ցականյանն օրենքով սահմանված տարեկան տեխնիկական զննությունը չանցած ավտոմեքենան վարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ենթարկվել է վարչական պատասխանատվության` 50.000 ՀՀ դրամի չափով, որը չվճարելու փաստի ուժով հնգապատկվել է:

Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Ծառայությունը Վալերի Ցականյանից 250.000 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումը դատարան է ներկայացրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 302-րդ հոդվածի պահանջի պահպանմամբ:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ 02.11.2010 թվականի թիվ ԱԲ 977572 որոշման հիմքով Ծառայությունը դատարան է դիմել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 302-րդ հոդվածով սահմանված` վարչական տույժ նշանակելու մասին որոշման կատարման վաղեմության մեկ տարվա ժամկետի պահպանմամբ, որպիսի ժամկետի ընթացքն ընդհատվել է դատարան դիմելու փաստով:

Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ Ծառայության թիվ ԱԲ 977572 որոշման կայացման օրվա` 02.11.2010 թվականի դրությամբ, Վալերի Ցականյանին վերագրված իրավախախտումը սահմանված է եղել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասով, որով և պատասխանատվության է ենթարկվել Վալերի Ցականյանը, իսկ հետագայում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասում կատարված փոփոխությունները որևէ կերպ չեն կարող անդրադառնալ ուժի մեջ գտնվող, չվերացված վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ ԱԲ 977572 որոշման կատարման նկատմամբ:

Սույն գործի փաստերը համադրելով վերը նշված վերլուծության հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 07.02.2012 թվականի թիվ ՀՕ-2-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վարչական մարմինը, տվյալ դեպքում Ծառայությունը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով պարտավոր էր դադարեցնել թիվ ԱԲ 977572 որոշման կատարումը, իսկ չդադարեցնելու պարագայում նրա ներկայացրած հայցը ենթակա էր մերժման, քանի որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 07.02.2012 թվականի թիվ ՀՕ-2-Ն ՀՀ օրենքով վերացել է Վալերի Ցականյանի արարքը վարչական պատասխանատվություն համարող դրույթը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 24.01.2014 թվականի որոշումը և այն փոփոխել` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հայցը` Վալերի Ցականյանից 250.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, մերժել:

2. ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից հօգուտ Վալերի Ցականյանի բռնագանձել 7.500 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
28.11.2014
N ՎԴ/3135/05/13
Որոշում