Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 344-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 344-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                        Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                                 թիվ ԵԿԴ/0502/02/13

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0502/02/13             2014 թ.

Նախագահող դատավոր` Ի. Վարդանյան

    Դատավորներ`        Ա. Մկրտչյան

                       Ն. Բարսեղյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի հուլիսի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.12.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռազմիկ, Սիրանուշ, Կարեն, Տիգրան Մանուչարյանների և Կարինե Հարությունյանի ընդդեմ Նախարարության, Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)` բնակարանին համարժեք դրամական փոխհատուցում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռազմիկ, Սիրանուշ, Կարեն, Տիգրան Մանուչարյանները և Կարինե Հարությունյանը (այսուհետ` Հայցվորներ) պահանջել են պարտավորեցնել Նախարարությանը և Քաղաքապետարանին բնակարանին համարժեք դրամական փոխհատուցում տրամադրելուն:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 18.07.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.12.2013 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.07.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Հայցվորները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ, 337-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր և կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Հայցվորները 01.01.1999 թվականից իմացել են կամ պետք է իմացած լինեին իրենց իրավունքների խախտման մասին, հետևաբար, նրանք իրենց խախտված իրավունքների պաշտպանությունը կարող էին հայցել մինչև 01.01.2002 թվականը:

Բացի այդ, Հայցվորներն իրենց ենթադրյալ իրավունքի խախտման մասին իմացել են նաև Քաղաքապետարանի 28.06.2008 թվականի թիվ 29/1-Մ3333 գրությունից, իսկ այդ պահից հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման դեպքում Հայցվորները դատական պաշտպանության կարող էին դիմել մինչև 28.06.2011 թվականը, այնինչ դատարան են դիմել 01.03.2013 թվականին, որպիսի պայմաններում Նախարարության կողմից դատարան ներկայացված` հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը հիմնավոր էր և ենթակա բավարարման:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ մասի էությունից բխում է, որ հայցային վաղեմությունը բացառելու համար անհրաժեշտ են հետևյալ երկու տարրերի միաժամանակյա առկայություն` հայցվորը հայցի հարուցման պահին պետք է լինի գույքի սեփականատերը կամ այլ օրինական տիրապետողը, և ներկայացված հայցով հայցվորը պետք է խնդրի սեփականության կամ օրինական տիրապետման ցանկացած խախտման վերացում, թեկուզև այդ խախտումը կապված չի եղել տիրապետումից զրկելու հետ:

Տվյալ դեպքում դիմելով դատարան` Հայցվորները պահանջել են իրենց հատկացնել երեքսենյականոց բնակարանին համարժեք դրամական փոխհատուցում: Այսինքն` վիճելի իրավահարաբերությունը կրում է ոչ թե գույքային, այլ պարտավորական բնույթ: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը և Դատարանը չպետք է կիրառեին նեգատոր հայցի նկատմամբ հայցային վաղեմության կիրառելիությունը բացառող դրույթը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ առանց համապատասխան գույքի առկայության, այդ գույքի նկատմամբ որևէ անձի մոտ չի կարող ծագել որևէ գույքային իրավունք, այդ թվում` սեփականության իրավունք: Հետևաբար Հայցվորները չունեն սեփականության իրավունք իրենց ամրակցված, սակայն չկառուցված գույքի նկատմամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.12.2013 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Նախարարության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը չի պարունակում դատական սխալի մասով որևէ իրավաչափ և ճիշտ հիմնավորում, որն ազդած կլիներ գործի լուծման վրա, այն չի բավարարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի պահանջներին:

Թե՛ Դատարանի, և թե՛ Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երքաղխորհրդի գործկոմի 15.01.1992 թվականի թիվ 14 որոշման 2.1 կետի համաձայն` «Երուղևորատրանս» արտադրական գլխավոր վարչությանը հատկացված հինգ բնակարաններից մեկը հատկացվել է նույն ձեռնարկության վարորդ Ռազմիկ Մանուչարյանին: Միաժամանակ նշվել է հատկացվող բնակարանի հասցեն` Նորքի 9-րդ միկրոշրջանի թիվ 7, մուտքը` 1-ին, հարկը` 11, բնակարան` 38, սենյակների թիվը` 3, մակերեսը` 71,0 քմ մակերես, որից բնակելի` 44,6 քմ մակերես (հատոր 1-ին, գ.թ. 20):

2) Ի պատասխան Ռազմիկ Մանուչարյանի կողմից Երևանի քաղաքապետին և ՀՀ վարչապետին հասցեագրված դիմումներին` Քաղաքապետարանի 28.06.2008 թվականի թիվ 29/1Մ-3333 և 22.08.2008 թվականի թիվ 20/1-Մ4422 գրություններով հայտնվել է, որ ՀՀ կառավարության 18.06.1997 թվականի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բազմաբնակարան բնակելի տների բնակարանների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» հ.191 որոշմամբ հաստատված կարգի համաձայն` Նորքի 9-րդ միկրոշրջանի հ.7 նախագծային շենքը հանձնվել է Նոր-Նորքի թաղային համայնքին, որը սակայն չի կառուցվել և բարձրացված հարցը սահմանված կարգով կարող է քննարկվել չկառուցված բազմաբնակարան շենքերի վերաբերյալ համապատասխան հայեցակարգի առկայության դեպքում (հատոր 1-ին, գ.թ. 18-19):

3) 01.03.2013 թվականին ներկայացված հայցադիմումով Հայցվորները պահանջել են պարտավորեցնել Նախարարությանը և Քաղաքապետարանին իրենց հատկացնելու Երքաղխորհրդի գործկոմի 15.01.1992 թվականի թիվ 14 որոշման 2.1 կետի համաձայն հատկացված երեքսենյականոց բնակարանին համարժեք դրամական փոխհատուցում (հատոր 1-ին, գ.թ. 5-7):

4) 02.04.2013 թվականին Նախարարության կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանով Նախարարությունը միջնորդել է կիրառել հայցային վաղեմություն և այդ հիմքով հայցը մերժել (հատոր 1-ին, գ.թ. 40-46):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

i

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետի մեկնաբանությանը, ինչը պետք է ապահովի դատարանների կողմից վերոնշյալ նորմի միատեսակ կիրառությունը և նպաստի դրա վերաբերյալ նախադեպային իրավունքի զարգացմանը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` հայցային վաղեմությունը չի տարածվում սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջների վրա, թեկուզև այդ խախտումները կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ (հոդված 277):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 278-րդ հոդվածի համաձայն` նույն օրենսգրքի 274-277 հոդվածներով նախատեսված իրավունքները պատկանում են նաև այն անձին, ով թեև սեփականատեր չէ, սակայն գույքը տիրապետում է օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքով: Այդ անձն իր տիրապետման պաշտպանության իրավունք ունի նաև ընդդեմ սեփականատիրոջ:

Վերոհիշյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան հայցային վաղեմության կիրառությունը բացառելու համար անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը`

1) հայցվորը պետք է լինի գույքի սեփականատեր կամ այլ տիրապետող,

2) ներկայացված հայցով հայցվորը պետք է պահանջի իր իրավունքի ցանկացած խախտման վերացում, թեկուզև այդ խախտումը կապված չի եղել գույքի տիրապետումից զրկելու հետ:

Առաջին պայմանի վերլուծությունից հետևում է, որ վերոհիշյալ նորմը կիրառվել չի կարող, եթե հայցվորն այն գույքի սեփականատերը կամ այլ տիրապետողը չէ, որի հետ կապված պահանջում է իր իրավունքի խախտման վերացում: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը հիմնավորվում է քննարկվող նորմի մեկնաբանությամբ, ինչից ուղղակիորեն բխում է, որ այդ նորմը վերաբերում է «սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի» իրավունքի խախտման վերացմանը:

Ինչ վերաբերում է երկրորդ պայմանին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցային վաղեմությունը տարածելու արգելքը վերաբերում է սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի իրավունքի ոչ բոլոր խախտումների վերացման պահանջների նկատմամբ, այլ միայն այն խախտումների, որոնք կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ: Այս հետևությունը հիմնավորվում է նրանով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետում ամրագրված իրավանորմի բովանդակության շարադրանքից անմիջապես հետո օրենսդիրը փակագծերում մատնանշել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը, որը վերաբերում է տիրապետումից զրկելու հետ չկապված խախտումներից սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությանը (նեգատոր հայցերին):

Եթե օրենսդրի կամքն ուղղված լիներ սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի բոլոր տեսակի խախտումների վերացման պահանջների վրա հայցային վաղեմությունը չտարածելուն, ապա քննարկվող հոդվածում այլևս անհրաժեշտություն չէր լինի հատուկ մատնանշելու տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքի խախտումների մասին, այլ ուղղակի կարող էր սահմանվել, որ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի իրավունքի ցանկացած խախտման վերացման պահանջների նկատմամբ հայցային վաղեմությունը չի տարածվում:

Մինչդեռ քննարկվող հոդվածը նման կարգավորում չի նախատեսել, հետևաբար սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի` տիրապետումից զրկելու հետ կապված իրավունքի խախտումների վերացման պահանջների (վինդիկացիոն հայցերի) նկատմամբ հայցային վաղեմությունը տարածվում է, իսկ քննարկվող նորմի համաձայն` հայցային վաղեմությունը չի տարածվում միայն սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի` տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքի խախտումների վերացման պահանջների վրա: Նման իրավակարգավորումը պայմանավորված է նեգատոր հայցի առանձնահատկություններով: Մասնավորապես, նեգատոր հայցը գույքի սեփականատիրոջ կողմից արտապայմանագրային հարաբերություններից բխող սեփականության իրավունքի պաշտպանության միջոց է, որն ուղղված է սեփականատիրոջ կողմից գույքի օգտագործման կամ տիրապետման իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը: Ընդ որում, գույքի տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքի խախտումները, որպես կանոն, տևական և շարունակական են, ինչն էլ պայմանավորել է սեփանության իրավունքի պաշտպանության այս միջոցի նկատմամբ հայցային վաղեմության ինստիտուտի կիրառման բացառումը: Այսինքն` եթե սեփականատերը կամ այլ տիրապետողն ինչ-որ ժամանակահատվածում չի պահանջել նման խախտումների վերացում, ապա դա դեռևս հիմք չէ, որպեսզի նա հետագայում ևս զրկվի այդ խախտումներից պաշտպանվելու հնարավորությունից:

Սույն գործով Դատարանը, հայցը բավարարելով և հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ պատասխանողի միջնորդությունը մերժելով, պատճառաբանել է, որ վիճելի իրավահարաբերության նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելի չէ, քանի որ հայցվորն ըստ էության իրավասու մարմիններից մերժողական պատասխաններ չի ստացել, որպեսզի արձանագրվեր նրա իրավունքների խախտման պահը:

Միաժամանակ Դատարանը, արձանագրելով, որ Քաղաքապետարանի կողմից 28.06.2008 թվականին հայցվորին պատասխանել են, որ իր բնակարանի հատկացման հարցը կքննարկվի չկառուցված բազմաբնակարան շենքերի վերաբերյալ համապատասխան հայեցակարգի առկայության դեպքում, հանգել է այն հետևության, որ հայցվորին բնակարան հատկացնելու ժամկետ որևէ ակտով սահմանված չի եղել:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, պատճառաբանել է, որ հայցվորները դիմել են դատարան` իրենց սեփականության իրավունքը պատասխանողի կողմից խախտված լինելու կապակցությամբ, այն է` պետության կողմից որոշում է կայացվել նրանց բնակարան հատկացնելու մասին, սակայն այն չի հատկացվել և դրա փոխարեն համարժեք փոխհատուցում չի տրվել:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ հայցվորների ներկայացված պահանջները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված բացառության մեջ ընդգրկված լինելու հիմնավորմամբ դրանց նկատմամբ հայցային վաղեմությունը կիրառելի չէ, ուստի պատասխանողի վկայակոչած` հայցվորների կողմից իրենց խախտված իրավունքի հիմքում ընկած հանգամանքների մասին տեղյակ լինելու, իսկ նման պարտավորություն ունենալու դեպքում` այդ պահից սկսած երեք տարվա ընթացքում դատարան դիմելու ժամկետի հաշվարկ կատարելու հիմքերը բացակայում են:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքները, որ նախ` սույն գործով հայցվորները երբևէ գործկոմի որոշմամբ իրենց հատկացված բնակարանի սեփականատեր կամ այլ տիրապետող չեն հանդիսացել, և երկրորդ` նրանց պահանջը վերաբերում է տիրապետումից զրկելու հետ կապված իրավունքի (գույքային իրավունքի) խախտման վերացմանը, հետևաբար նման պահանջի նկատմամբ հայցային վաղեմությունը կիրառելի է:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոք բերած անձի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետը, որը չպետք է կիրառեր:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար, որպիսի քննության ընթացքում անհրաժեշտ է պարզել հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը և որոշել կիրառելի ժամկետը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.12.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.07.2014
N ԵԿԴ/0502/02/13
Որոշում