Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 07.09.2006 ԹՎԱԿԱՆԻ Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 07.09.2006 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 1398-Ն ՈՐՈ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
քաղաքացիական գործ թիվ
ԱՐԱԴ/0209/02/13        2014թ.
Քաղաքացիական գործ թիվ   ԱՐԱԴ/0209/02/13

     Նախագահող դատավոր`   Լ. Գրիգորյան
                        Դատավորներ`    Գ. Մատինյան
                                                         Ա. Թումանյան

    

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
  Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Ե. Սողոմոնյանի

 

 

2014 թվականի հուլիսի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Աշտարակի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.09.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մանյա Մանուկյանի ընդդեմ Աշտարակի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)` հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մանյա Մանուկյանը պահանջել է 05.06.1996 թվականին տրված թիվ Ա 050308 հողի սեփականության իրավունքի պետական ակտի հիման վրա ճանաչել իր սեփականության իրավունքն Աշտարակ համայնքի Հողագործների փողոցի թիվ 742-002 ծածկագրի 600 քմ մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Մարգարյան) (այսուհետ` Դատարան) 15.05.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.09.2013 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.05.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 07.09.2006 թվականի թիվ 1398-Ն որոշումը, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածը, 10-րդ հոդվածի 7-րդ կետը, 22-րդ և 60-րդ հոդվածները, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 52-րդ, 53-րդ հոդվածները, 130-րդ հոդվածի 3-րդ կետը, 131-րդ, 132-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 1976 թվականին Արայի սովխոզի դիրեկտորը չէր կարող տնամերձ հողամասի հատկացում անել վիճելի տարածքում, քանի որ այդ տարածքը դեռևս 1964 թվականից հանդիսացել է Աշտարակ քաղաքի զբոսայգու տարածք (հիմք` Ազգային արխիվի Արագածոտնի մարզային մասնաճյուղի կողմից տրված տեղեկանքը), այսինքն` վիճելի տարածքը դեռևս 1964 թվականից համարվել է զբոսայգի, ընդգրկված է եղել քաղաքի կանաչ գոտու մեջ և ոչ մի կերպ չէր կարող տրվել որպես սեփականություն, ուստի ներկայացված հողի սեփականության ակտը որպես ապացույց հիմք ընդունելն անիմաստ է:

Մանյա Մանուկյանը ներկայացրել է կատարված վճարումների մի շարք անդորրագրեր, որոնք կապ չունեն վիճելի հողատարածքի հետ. մի մասը վերաբերում են գյուղատնտեսական նշանակության հողամասերի հողի հարկին, մի մասն էլ` իր բնակարանի գույքահարկին:

Մանյա Մանուկյանը ներկայացրել է նաև քաղվածք Աշտարակ քաղաքի տնտեսության թիվ 5 գրքից այն մասին, որ 228 գրանցման համարի տակ առկա է Ասատուր Մանուկյանի անվամբ 1.200 քմ մակերեսով տնամերձ հողամաս, որը, ինչպես և պետական ակտը, ապացույց չի կարող դիտվել, քանի որ դրանց ծագումն անհայտ է և ենթակա է համապատասխան մարմինների կողմից քննության:

Վերաքննիչ դատարանն անտեսել է ՀՀ վարչական դատարանի 20.07.2011 թվականի թիվ ՎԴ/0993/05/10 վճիռը, որով ապացուցված է համարվել այն փաստը, որ Ասատուր Մանուկյանը 1984 թվականին փոխհատուցում է ստացել ոչ թե 0,06 հա մակերեսով հողամասի, այլ 0,12 հա մակերեսով հողամասի համար:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.03.2013 թվականի թիվ ԱՐԱԴ/0037/02/13 վճիռը, որով մերժել է Մանյա Մանուկյանի պահանջը` հաստատված համարելով այն հանգամանքը, որ վիճելի հողակտորը համարվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում գտնվող հողամաս և սեփականության իրավունքով փոխանցվել չի կարող:

Վերաքննիչ դատարանը հիմնվել է 19.09.2008 թվականին Աշտարակ քաղաքի տնտեսության գրքից տրված քաղվածքի վրա, որում, սակայն, նշված չէ, թե տվյալ 1.200 քմ մակերեսով հողամասը որտեղ է գտնվում և արդյոք վերաբերում է վիճելի տարածքին, թե ոչ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.09.2013 թվականի որոշումը և հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Աբովյանի տարածքային բաժնի կողմից 13.05.2010 թվականին տրված ամուսնության ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի համաձայն` Մանյա Մանուկյանի և Ասատուր Մանուկյանի ամուսնությունը գրանցվել է 1962 թվականին (հատոր 1-ին, գ.թ 26):

2) Հայաստանի Ազգային արխիվի Արագածոտնի մարզային մասնաճյուղի 23.09.2008 թվականի թիվ 231 արխիվային տեղեկանքի համաձայն` նախկին ՀՍՍՀ Աշտարակի շրջանի Արայի սովխոզի դիրեկտորի 05.05.1976 թվականի թիվ 180 հրամանով հաստատվել են հողային հանձնաժողովի կողմից ներկայացված տնամերձ հողամասերի չափումների և ստուգումների վերաբերյալ տվյալները: Ասատուր Արսենի Մանուկյանին Աշտարակ քաղաքում հանձնվել է 0,12 հա մակերեսով տնամերձ հողամաս` հերթական համարը 228 (հատոր 1-ին, գ.թ 16):

3) Աշտարակի քաղսովետի գործկոմի նախագահի կողմից 06.09.1984 թվականին հաստատված գնահատման ակտի համաձայն` 37-րդ սովխոզի ճանապարհի բացման նպատակով տեղում չափման և գնահատման են ենթարկել հայցվորի ամուսնուն պատկանող իրացման ենթակա շինությունը, կառույցը, տնկարքը և պարզել են, որ փոխհատուցման գումարը կազմել է 1.892 ռուբլի 83 կոպեկ, ընդ որում փոխհատուցվել են ծառեր` 131 հատ, խաղողի վազեր` 87 հատ, թփեր և այլ դեկոր` 113 հատ, բետոնե հենապատ` 9,0 խմ, ցանկապատերի մետաղյա ցանց` 136 քմ մակերեսով (հատոր 1-ին, գ.թ 49):

4) Հողի սեփականության իրավունքի 05.06.1996 թվականին տրված թիվ Ա 050308 պետական ակտի համաձայն` Ասատուր Մանուկյանի անվամբ սեփականաշնորհվել է Աշտարակի շրջանի Արայի պետական ձեռնարկության հողերից 0,64 հա մակերեսով հողամաս, որից 0,06 հա մակերեսով տնամերձ հողամաս (հատոր 1-ին, գ.թ 11-12):

5) Աշտարակի քաղաքապետի 30.07.1999 թվականի թիվ 89 որոշման համաձայն` Ասատուր Մանուկյանի ստացած 600 քմ հողամասը` նախկին Արայի տնտեսության կողմից 9-րդ թաղամասի թիվ 56 հողակտորը, փոխանակվել է Ալիխանյան եղբայրների փողոցի թիվ 69 հողակտորի հետ` նախկինը թողնելով Քաղաքապետարանի տրամադրության տակ (հատոր 1-ին, գ.թ 43):

6) Աշտարակի քաղաքապետի 03.08.1999 թվականի թիվ 92 որոշման համաձայն` քաղաքապետի տեղակալի 30.07.1999 թվականի թիվ 89 որոշման 1-ին կետում փոխանակման կարգով Ասատուր Մանուկյանին Ալիխանյան եղբայրների փողոցից հատկացվող հողակտորի թիվ 69-ը կարդալ 65 (հատոր 1-ին, գ.թ 48):

7) Թիվ ԱԱ N 168571 մահվան վկայականի համաձայն` Ասատուր Մանուկյանը մահացել է 14.12.2009 թվականին (հատոր 1-ին, գ.թ 9):

8) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արագածոտնի մարզային ստորաբաժանման 29.04.2013 թվականի թիվ 204 գրության համաձայն` ըստ Աշտարակ քաղաքի տնտեսության հմ 6 գրքի (գրանցում հմ 225) Ասատուր և Մանյա Մանուկյաններին հատկացվել է 0,06 հա մակերեսով հողամաս, որն Ասատուր Մանուկյանի մահից հետո, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայականի հիման վրա, բաժնային սեփականության իրավունքով գրանցվել է Մանյա, Սևակ Մանուկյանների և Էլմիրա Մաղաքյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ 44):

9) Ըստ հայցի Մանյա Մանուկյանի ընդդեմ Քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աշտարակի տարածքային ստորաբաժանման` Աշտարակ համայնքի 1.200 քմ մակերեսով տնամերձ հողամասն Աշտարակ համայնքի վարչական տարածքում գտնվող պետական հողերի քարտեզում հաստատելու գործողություններն ապօրինի ճանաչելու և նախկին դրությունը վերականգնելու, այն է` վիճելի հողամասը համայնքի հողերից սահմանազատելուն, դրա վերաբերյալ նախկին գրառումները վերականգնելուն և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աշտարակի տարածքային ստորաբաժանմանը համապատասխան պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/0993/05/10 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած 20.07.2011 թվականի վճռով հայցը մերժվել է: ՀՀ վարչական դատարանը նշված վճռով հաստատված է համարել հետևյալ հանգամանքները` 1. Նախկին ՀՍՍՀ Աշտարակի շրջանի Արայի սովխոզի դիրեկտորի 05.05.1976 թվականի թիվ 180 հրամանով հաստատվել են հողային հանձնաժողովի կողմից ներկայացված տնամերձ հողամասերի չափումների և ստուգումների վերաբերյալ տվյալները, և Մանյա Մանուկյանի ամուսնուն` Ասատուր Արսենի Մանուկյանին, Աշտարակ քաղաքում հանձնվել է 0,12 հա տնամերձ հողամաս: 2. Մանյա Մանուկյանի ընտանիքին ՀՍՍՀ Աշտարակի շրջանի Արայի սովխոզի դիրեկտորի 05.05.1976 թվականի թիվ 180 հրամանով հատկացված 1.200 քմ մակերեսով հողամասը 1984 թվականին 37-րդ սովխոզի ճանապարհի բացման պատճառով ետ է վերցվել, և քաղաքացու ընտանիքին տրվել է փոխհատուցում: 3. 1991 թվականին Աշտարակ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովը Մանյա Մանուկյանին և իր հանգուցյալ ամուսնուն` Ասատուր Մանուկյանին, հատկացրել է մեկ բաժին` 0,064 հա մակերեսով հողատարածք, և 05.06.1996 թվականին տրվել է հողի սեփականության իրավունքի պետական ակտ: 4. Ակտում նշված 0,06 հա մակերեսով տնամերձ հողամասն Աշտարակի քաղաքապետի տեղակալի 30.07.1999 թվականի թիվ 89 որոշմամբ փոխանակվել է այլ տեղ, ըստ Աշտարակ համայնքի կադաստրային քարտեզագրման` 251-րդ թաղամաս (հատոր 1-ին, գ.թ. 50-62):

10) Ըստ հայցի Մանյա Մանուկյանի ընդդեմ Քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արագածոտնի մարզային ստորաբաժանման` ձեռքբերման վաղեմության ուժով Աշտարակ համայնքի 1.200 քմ մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՐԱԴ/0037/02/13 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած 27.03.2013 թվականի վճռով հայցը մերժվել է: Դատարանը նշված վճռով հաստատված է համարել այն հանգամանքը, որ վիճելի հողամասը ՀՀ կառավարության 07.09.2006 թվականի թիվ 1398-Ն որոշմամբ հանձնվել է Աշտարակ համայնքին և հաշվառվել որպես զբոսայգու տարածք (հատոր 2-րդ, գ.թ 15-22):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը` նախկինում քննված վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև քննվող քաղաքացիական գործի համար նախադատելի նշանակություն ունեն, թե ոչ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

Վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոնշյալ հոդվածի վերլուծությանը, նշել է, որ օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նույն անձանց միջև այլ գործի քննության արդյունքում նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին:

i

Գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք: Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում: Որպես կանոն, դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով թե՛ գործին մասնակցող անձանց, թե՛ դատարանի վրա (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետ): Հետևաբար, նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն: Դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս (տե՛ս, «Սաթնէ» ՍՊԸ-ն ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների թիվ 3-93 (ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

Վերահաստատելով իր դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ համաձայն ընդհանուր կանոնի` նախադատելիությունն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ սահմաններ: Նախադատելիության օբյեկտիվ սահմանները կազմում են այն փաստական հանգամանքները, որոնք հաստատվել են ավելի վաղ քննված գործով օրինական ուժի մեջ մտած վճռով: Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ նախադատելիության օբյեկտիվ սահմանների որոշման համար էական նշանակություն ունի հետևյալ երկու դատավարական կանոնների պահպանումը`

1) վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը դատարանը պարզում է միայն օրենքով նախատեսված կարգով ձեռք բերված և հետազոտված ապացույցների միջոցով (բացառություն են կազմում միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերը).

2) դատարանը պարզում է միայն գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ): Այս կանոնը կիրառելիս դատարանը պարտավոր է առաջնորդվել հայցվորի կողմից կանխորոշված հայցի առարկայի և հիմքի սահմաններով, որի փոփոխման բացառիկ իրավունքը պատկանում է հայցվորին (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդված) (տե՛ս, «Սաթնէ» ՍՊԸ-ն ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների թիվ 3-93(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

Նախադատելիության սուբյեկտիվ սահմաններն այն անձինք են, որոնց համար դատական ակտով հաստատված հանգամանքներն ունեն նախադատելի նշանակություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ փաստերը կարող են նախադատելի նշանակություն ունենալ այն անձանց համար, որոնք մասնակցել են գործի քննությանը:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ հարկ է համարում ընդգծել, որ նախադատելիության ինստիտուտը կարևոր նշանակություն ունի դատական խնայողության սկզբունքի ապահովման և դատական ակտերի միջև անհաղթահարելի հակասությունների կանխարգելման առումով: Մասնավորապես` այն մի կողմից կոչված է պարզեցնելու խախտված իրավունքները վերականգնելու դատավարական կարգը` ազատելով կողմերին նույն փաստը կրկին ապացուցելու պարտականությունից, մյուս կողմից կոչված է բացառելու միևնույն փաստերի տարբեր, հակասական գնահատումը, որը կարող է հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտման:

Վերահաստատելով իր դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի նախադատելիության վերոշարադրյալ կանոնները և դրանց վերաբերյալ մեկնաբանությունները քաղաքացիական դատավարությունում հավասարապես կիրառելի են վարչական գործերով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքների նկատմամբ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում (ընդունվել է 17.06.1998 թվականին, ուժի մեջ է մտել 01.01.1999 թվականից) ընդունման պահին ընդգրկված են եղել «Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու կամ նրանց գործողությունները (անգործությունը) վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ 26-րդ գլուխը, ինչպես նաև վարչական այլ իրավահարաբերությունների վերաբերյալ վեճերի վարույթը կարգավորող 24-րդ և 25-րդ գլուխները, որոնք իրենց ուժը կորցրել են 20.12.2007 թվականի թիվ ՀՕ-277-Ն, 26.12.2007 թվականի թիվ ՀՕ-269-Ն ՀՀ օրենքներով` կապված ՀՀ վարչական դատարանի ստեղծման և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (ուժի մեջ է մտել 01.01.2008 թվականին, ուժը կորցրել է 07.01.2014 թվականին) ընդունման հետ: Հետևաբար 01.01.1999 թվականից մինչև 01.01.2008 թվականը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով է կարգավորվել վարչական իրավահարաբերությունների վերաբերյալ վեճերով գործերի քննության կարգը, այդ թվում` վճիռների նախադատելիության հարցը: 28.11.2007 թվականին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ կետը և 05.12.2013 թվականին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում են, որ նախկինում քննված քաղաքացիական և վարչական գործերով դատարանի` օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտով հաստատված փաստերը միևնույն կողմերի մասնակցությամբ նույն օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունեն:

Վերոհիշյալ իրավակարգավորումների համալիր վերլուծությունից հետևում է, որ վճիռների նախադատելիության կանոնները միևնույնն են ինչպես վարչական, այնպես էլ քաղաքացիական դատավարությունում, հետևաբար քաղաքացիական գործեր քննելիս վարչական գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտերով հաստատված հանգամանքները, ինչպես այլ քաղաքացիական գործերով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները, ևս ունեն նախադատելի նշանակություն: Հակառակ դեպքում կստացվի, որ տարբեր դատարաններ միևնույն փաստական հանգամանքներին կարող են տալ տարբեր իրավական գնահատականներ` հանիրավի ընդլայնելով դատական հայեցողության սահմանները: Մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված նորմի նպատակն է պարզեցնել ապացուցման գործընթացը, այն է` միևնույն փաստը մեկ անգամ մեկ այլ դատարանի կողմից հաստատված լինելու դեպքում կողմերին և դատարանին ազատել այդ փաստերը հաստատելու գործընթացը կրկին կատարելու բեռից, ընդ որում, նախադատելիության կիրառման համար օրենսդիրը կարևորել է այն հանգամանքը, որ նոր քննվող գործը վերաբերի միևնույն անձանց միջև վեճին:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ գործով հաստատվել է այն փաստը, որ վիճելի հողամասը որպես սեփականություն հատկացվել է Մանյա Մանուկյանի ընտանիքին, և նրա պահանջը` դրա նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին, հիմնավոր է: Բացի այդ, Մանյա Մանուկյանին 1.200 քմ մակերեսով հողամաս հատկացված լինելու հանգամանքն ընդունվել է Քաղաքապետարանի կողմից, որի մասին վկայում է վերջինիս կողմից Աշտարակ քաղաքի տնտեսության գրքից 19.09.2008 թվականին տրված քաղվածքն այն մասին, որ Ասատուր Մանուկյանի անվամբ գրանցվել է 1.200 քմ մակերեսով տնամերձ հողամաս: Այս առումով Վերաքննիչ դատարանը նշել է, որ Ասատուր Մանուկյանին 1984 թվականի դրությամբ նոր տնամերձ հողամաս չի հատկացվել, ինչն էլ հիմնավորում է այն փաստը, որ ճանապարհի կառուցման նպատակով վերջինիցս վերցվել է միայն դրա մի մասը, իսկ գործում առկա ակտի համաձայն` Ասատուր Մանուկյանին փոխհատուցվել է միայն ծառերի, վազերի, թփերի, բետոնե հենապատի և մետաղյա ցանցի արժեքը, հողատարածքում առկա որևէ կառույցի համար փոխհատուցում չի տրվել:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ չի վիճարկվել այն հանգամանքը, որ տասնյակ տարիներ շարունակ վիճելի հողամասը տիրապետել է և տիրապետում է Մանյա Մանուկյանի ընտանիքը և երբևէ Քաղաքապետարանի կողմից այդ տիրապետումը դադարեցնելու փորձ չի արվել, ինչպես նաև գործում առկա հողամասի սեփականության թիվ Ա 050308 պետական ակտը չի վիճարկվել, որպիսի պայմաններում դրա կեղծ լինելու մասին Քաղաքապետարանի պատճառաբանությունները զուրկ են հիմքերից: Ինչ վերաբերում է բողոքի այն պատճառաբանությանը, որ Դատարանը հաշվի չի առել ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/0993/05/10 վարչական գործով 20.07.2011 թվականի վճռով հաստատված հանգամանքները, ապա Վերաքննիչ դատարանը գտել է, որ բողոքն այդ մասով անհիմն է, քանի որ վկայակոչած վարչական գործով կայացված վճռով հաստատված հանգամանքները սույն գործով նախադատելի չեն:

Վերը նշված վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախկինում քննված ըստ հայցի Մանյա Մանուկյանի ընդդեմ Քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աշտարակի տարածքային ստորաբաժանման` Աշտարակ համայնքի 1.200 քմ մակերեսով տնամերձ հողամասն Աշտարակ համայնքի վարչական տարածքում գտնվող պետական հողերի քարտեզում հաստատելու գործողություններն ապօրինի ճանաչելու նախկին դրությունը վերականգնելու, այն է` վիճելի հողամասը համայնքի հողերից սահմանազատելուն, դրա վերաբերյալ նախկին գրառումները վերականգնելուն և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աշտարակի տարածքային ստորաբաժանմանը համապատասխան պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/0993/05/10 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած 20.07.2011 թվականի վճռով արդեն իսկ հաստատվել է այն հանգամանքը, որ ՀՍՍՀ Աշտարակի շրջանի Արայի սովխոզի դիրեկտորի 05.05.1976 թվականի թիվ 180 հրամանով Մանյա Մանուկյանի ամուսնուն` Ասատուր Մանուկյանին, Աշտարակ քաղաքում հանձնվել է 0,12 հա մակերեսով տնամերձ հողամաս, որը 1984 թվականին 37-րդ սովխոզի ճանապարհի բացման պատճառով հետ է վերցվել, որի դիմաց տրվել է փոխհատուցում: Բացի այդ, նախկինում քննված ըստ հայցի Մանյա Մանուկյանի ընդդեմ Քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արագածոտնի մարզային ստորաբաժանման` ձեռքբերման վաղեմության ուժով Աշտարակ համայնքի 1.200 քմ մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին թիվ ԱՐԱԴ/0037/02/13 քաղաքացիական գործով 29.04.2013 թվականին օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատվել է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 07.09.2006 թվականի թիվ 1398 որոշման համաձայն` պետական սեփականություն հանդիսացող հողերից Աշտարակի քաղաքային համայնքին անհատույց փոխանցվող հողերի ցուցակի վիճելի հողամասը համարվել է զբոսայգու տարածք, այսինքն` ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված սահմանափակումներին համապատասխանող հողամաս, որը ենթակա չէ քաղաքացիներին սեփականության իրավունքով փոխանցման:

Վերը շարադրված իրավական դիրքորոշման լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախկինում քննված քաղաքացիական և վարչական գործերով օրինական ուժի մեջ մտած դատարանի` նշված վճիռներով հաստատված հանգամանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով սույն քաղաքացիական գործի համար ունեն նախադատելի նշանակություն, մինչդեռ ստորադաս դատարանները, խախտելով վերոնշյալ իրավանորմի պահանջը, սխալ եզրահանգման են եկել ապացուցման առարկան կազմող փաստերի շրջանակի հարցում, որպիսի դատավարական նորմի խախտումը հանգեցրել է գործի սխալ լուծման:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.09.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Մ. Դրմեյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
  Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Ե. Սողոմոնյան

 

pin
Վճռաբեկ դատարան
18.07.2014
N ԱՐԱԴ/0209/02/13
Որոշում