Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 11-ՐԴ, 176-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 11-ՐԴ, 176-ՐԴ, 275-ՐԴ, 3 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                        Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                                 թիվ ԿԴ1/0063/02/12

    Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/0063/02/12             2014 թ.

Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան

    Դատավորներ`        Ա. Մկրտչյան

                       Ի. Վարդանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Է. Հայրիյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի հուլիսի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գոհար Աղաջանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2013 թվականի որոշման դեմ` ըստ Վահագն Ղազարյանի հայցի ընդդեմ Լուսինե և Սոնա Մխիթարյանների, Վարդան Հայրապետյանի, Դավիթ Մարտիրոսյանի, Գոհար Աղաջանյանի, երրորդ անձինք Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Օսան Հակոբյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր)` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և որպես հետևանք` առուվաճառքի պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վահագն Ղազարյանը պահանջել է անվավեր ճանաչել Լուսինե և Սոնա Մխիթարյանների, Վարդան Հայրապետյանի և Դավիթ Մարտիրոսյանի միջև 17.08.2010 թվականին նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Կադաստրի Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից Դավիթ Մարտիրոսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վահագն Ղազարյանը գործի քննության ընթացքում պահանջել է նաև անվավեր ճանաչել Դավիթ Մարտիրոսյանի և Գոհար Աղաջանյանի միջև 14.02.2012 թվականին նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Կադաստրի Կոտայքի տարածքային ստորաբաժանման կողմից Գոհար Աղաջանյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Գալստյան) (այսուհետ` Դատարան) 29.05.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.10.2013 թվականի որոշմամբ Գոհար Աղաջանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.05.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գոհար Աղաջանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ կետը, 176-րդ հոդվածը, 275-րդ հոդվածի 1-ին կետը, 305-րդ, 563-րդ, 568-րդ հոդվածները, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետը, 52-րդ հոդվածի 2-րդ կետը և 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Գոհար Աղաջանյանը Դավիթ Մարտիրոսյանից վիճելի գույքը ձեռք է բերել հատուցմամբ, որից ծագող իրավունքները ենթարկվել են պետական գրանցման, և տրվել է սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական, այսինքն` Գոհար Աղաջանյանը վիճելի գույքը ձեռք է բերել բարեխղճորեն, հետևաբար Գոհար Աղաջանյանից գույքը ենթակա չէ հետ վերադարձման, այլապես վերջինս ոչ իրավաչափորեն կզրկվի իր սեփականության իրավունքից:

Վերաքննիչ դատարանն իրավական գնահատական չի տվել այն փաստին, թե ինչպես է վիճելի գույքը դուրս եկել Վահագն Ղազարյանի տիրապետումից, ինչպես է հայտնվել Դավիթ Մարտիրոսյանի, ապա Գոհար Աղաջանյանի տիրապետության ներքո:

Ավելին, Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետը, անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.12.2010 թվականի թիվ ՀՅՔԴ4/0002/02/08 որոշման և սույն գործով գործին մասնակցող անձինք նույնը չեն, հետևաբար նշված դատական ակտի ուժով Դատարանն իրավասու չէր Վահագն Ղազարյանին ազատելու իր վկայակոչած փաստերն ապացուցելու բեռից, այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետը սույն գործով կիրառելի չէ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ վիճելի անշարժ գույքի նկատմամբ Վահագն Ղազարյանի սեփականության իրավունքը գրանցված չէ, հետևաբար վերջինս իրավասու չէ բարեխիղճ ձեռք բերողից պահանջելու գույքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.10.2013 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Նոտարական կարգով վավերացված 04.04.2005 թվականի առուվաճառքի պայմանագրով Աշոտ Սարգսյանը, Վարդան Հայրապետյանը, Լուսինե և Սոնա Մխիթարյանները ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող պահեստ-սառնարանները վաճառել են Վահագն Ղազարյանին:

2) 12.08.2010 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2736555 վկայականի համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող 974,4 քմ մակերեսով պահեստ-սառնարանները, 173,65 քմ մակերեսով ծածկարանը և 0,58 հա հողամասն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանել են Վարդան Հայրապետյանին, Լուսինե և Սոնա Մխիթարյաններին (գրանցման հիմք` հողային բարեփոխումների և սեփականության հանձնաժողովի 03.10.1991 թվականի թիվ 15 որոշումը, ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 18.01.2005 թվականի թիվ 2-1502 և ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 08.07.2010 թվականի թիվ ՀՅՔԴ4/0002/02/08 վճիռները) (հատոր 1-ին, գ.թ. 108-110):

3) Նոտարական կարգով վավերացված 17.08.2010 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Վարդան Հայրապետյանը, Լուսինե և Սոնա Մխիթարյանները 11.100.000 ՀՀ դրամով Դավիթ Մարտիրոսյանին են վաճառել ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող 974,4 քմ մակերեսով արտադրական պահեստ-սառնարանը, 173,65 քմ մակերեսով ծածկարանը և 0,58 հա մակերեսով արդյունաբերական նշանակության հողամասը, որից ծագող իրավունքները ենթարկվել են պետական գրանցման (հատոր 1-ին, գ.թ. 14):

4) 21.08.2010 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2736543 վկայականի համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող 974,4 քմ մակերեսով արտադրական պահեստ-սառնարանի, 173,65 քմ մակերեսով ծածկարանի և 0,58 հա մակերեսով արդյունաբերական նշանակության հողամասի սեփականատերը Դավիթ Մարտիրոսյանն է (հատոր 2-րդ, գ.թ. 74-76):

5) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 21.12.2010 թվականի թիվ ՀՅՔԴ4/0002/02/08 որոշմամբ Վահագն Ղազարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` մասնակիորեն բեկանվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 08.07.2010 թվականի վճիռը և փոփոխվել. բավարարվել է Վահագն Ղազարյանի հայցն ընդդեմ Կադաստրի Աբովյանի տարածքային ստորաբաժանման` պետական մարմնի գործողությունը վիճարկելու պահանջի մասին, ինչպես նաև Վահագն Ղազարյանի հայցն ընդդեմ Աշոտ Սարգսյանի, Գեղանուշ Խաչատրյանի, Եղիազար Բաղդասարյանի, երրորդ անձ Կադաստրի Աբովյան տարածքային ստորաբաժանման` բեկանված դատական ակտի հիման վրա անշարժ գույքից բնեղենով առանձնացված մասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն առ ոչինչ ճանաչելու, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին (հատոր 1-ին, գ.թ. 16-39):

6) ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 31.01.2012 թվականի թիվ ԿԴ1/0063/02/12 «Հայցի ապահովման մասին» որոշմամբ Վահագն Ղազարյանի միջնորդությունը բավարարվել է. որպես հայցի ապահովման միջոց Դավիթ Մարտիրոսյանին արգելվել է 17.08.2010 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով ձեռք բերված ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող պահեստ-սառնարանը և նշված անշարժ գույքի տարածքում գտնվող պահեստ-սառնարանի բաղկացուցիչ մասը կազմող ինչպես արդեն ապամոնտաժված, այնպես էլ դեռևս չապամոնտաժված սարքավորումներն ու սառեցման համակարգի մասերը տնօրինելն ու այլ հասցե տեղափոխելը: Գառնի համայնքի ղեկավարին արգելվել է նշված անշարժ գույքի վերաբերյալ կառուցապատման (քանդման, շինարարության) թույլտվություն տալը: Կադաստրին արգելվել է ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող պահեստ-սառնարանի նկատմամբ ստորաբաժանման իրավասության սահմաններում որևէ գործողություն կատարելը (հատոր 1-ին, գ.թ. 42):

7) Կադաստրի կողմից 14.02.2012 թվականին տրված թիվ ՄՏ-14022012-07-0005 միասնական տեղեկանքի համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող 974,4 քմ մակերեսով արտադրական պահեստ-սառնարանի, 173,65 քմ մակերեսով ծածկարանի թիվ 07-021-0306-0020-001 ծածկագրով և 0,58 հա մակերեսով արդյունաբերական նշանակության թիվ 07-021-0306-0020 ծածկագրով հողամասի սեփականատերը Դավիթ Մարտիրոսյանն է, և գույքային իրավունքների սահմանափակումներ գրանցված չեն (հատոր 2-րդ, գ.թ. 66):

8) Դավիթ Մարտիրոսյանը նոտարական կարգով վավերացված 14.02.2012 թվականի հայտարարությամբ հայտնել է, որ ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ այլ անձինք սեփականության կամ այլ իրավունքներ չունեն (հատոր 2-րդ, գ.թ. 67):

9) Նոտարական կարգով վավերացված 14.02.2012 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Դավիթ Մարտիրոսյանը 19.000.000 ՀՀ դրամով Գոհար Աղաջանյանի անունից լիազորված անձ Մարատ Բաղդասարյանին վաճառել է ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող 974,4 քմ մակերեսով պահեստ-սառնարանը, 173,65 քմ մակերեսով ծածկարանը և 0,58 հա մակերեսով արդյունաբերական նշանակության հողամասը, որից ծագող իրավունքները ենթարկվել են պետական գրանցման (հատոր 1-ին, գ.թ. 196-197):

10) 20.02.2012 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 20022012-07-0041 վկայականի համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող 974,4 քմ մակերեսով պահեստ-սառնարանի, 173,65 քմ մակերեսով ծածկարանի և 0,58 հա մակերեսով արդյունաբերական նշանակության հողամասի նկատմամբ գրանցված է Գոհար Աղաջանյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 198-199):

11) Վահագն Ղազարյանին հասցեագրված Կադաստրի 24.02.2012 թվականի թիվ ԱՏ-23/02/2012-17-0038 տեղեկանքի համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կատարվել է սեփականության իրավունքի օտարում Գոհար Աղաջանյանին` 14.02.2012 թվականի առուվաճառքի թիվ 784 պայմանագրի հիման վրա: Նշված գույքի նկատմամբ սահմանափակումներ գրանցված չեն (հատոր 1-ին, գ.թ. 47):

12) Երրորդ անձ Կադաստրի ներկայացուցիչը Դատարանում դատական նիստի ժամանակ հայտնել է, որ 17.02.2012 թվականին Կադաստր մուտքագրվել է «որոշում` վիճելի գույքի արգելանք դրված լինելու մասին», իսկ 14.02.2012 թվականին Կադաստրի կողմից տրվել է տեղեկանք` «գույքն ազատ» լինելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 133):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գույքը բարեխիղճ ձեռք բերողից հետ պահանջելու համար անհրաժեշտ պայմաններին, ինչպես նաև նախադատելիության սուբյեկտիվ սահմանների հարցին:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի վերլուծությանը` նշելով, որ օրենսդիրը վկայակոչված դրույթով նախ սահմանել է այն պայմանը, թե ով է հանդիսանում բարեխիղճ ձեռք բերող, այն է` գույքը հատուցմամբ ձեռք բերելիս ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ, որ գույքն օտարողն իրավունք չուներ այդ գույքը օտարելու: Միաժամանակ, օրենսդիրը, նշված դրույթով ամրագրելով բարեխիղճ ձեռք բերողի ինստիտուտը, սեփականատիրոջը հնարավորություն է ընձեռել գույքը հետ պահանջել բարեխիղճ ձեռք բերողից հետևյալ դեպքերից որևէ մեկի առկայության դեպքում` երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, երբ գույքը հափշտակվել է մեկից կամ մյուսից, երբ գույքը նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից (տե՛ս, Անահիդա և Մհեր Բաղդասարյաններն ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի, Սարգիս և Գարեգին Վարդանյանների, Զեփյուռ Շուլուկյանի, Վազգեն Ղարիբյանի, Գուրգեն Կիտուրյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման թիվ 3-1098(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.07.2007 թվականի որոշումը): Սույն գործով Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետը և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 21.12.2010 թվականի թիվ ՀՅՔԴ4/0002/02/08 որոշումը, պատճառաբանել է, որ թեև Վարդան Հայրապետյանը, Լուսինե և Սոնա Մխիթարյանները խնդրահարույց` ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղում գտնվող անշարժ գույքը Վարդան Մարտիրոսյանին օտարելիս դրա նկատմամբ ունեցել են գրանցված սեփականության իրավունք, այդուհանդերձ, Աշոտ Սարգսյանի, Վարդան Հայրապետյանի, Լուսինե և Սոնա Մխիթարյանների ու Վահագն Ղազարյանի միջև կնքված, նոտարական կարգով վավերացված 04.04.2005 թվականի առուվաճառքի պայմանագիրն անվավեր կամ առոչինչ ճանաչելու համար հիմքերի բացակայության պայմաններում և դրանով ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղում գտնվող պահեստ-սառնարանը Վահագն Ղազարյանին վաճառված լինելու պայմաններում Վարդան Հայրապետյանը, Լուսինե և Սոնա Մխիթարյաններն այն օտարելու իրավունք չեն ունեցել, ուստի Վահագն Ղազարյանին վաճառված` ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղում գտնվող անշարժ գույքի մի մասի օտարմամբ Վահագն Ղազարյանի գույքը նրա տիրապետումից դուրս է եկել իր կամքից անկախ պատճառներով, որպիսի հանգամանքն էլ հիմք ընդունելով, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ, 303-րդ, 304-րդ և 305-րդ հոդվածների իրավակարգավորումը` Դատարանն իրավացիորեն եկել է հետևության առ այն, որ նման պայմաններում Լուսինե և Սոնա Մխիթարյանների, Վարդան Հայրապետյանի և Դավիթ Մարտիրոսյանի միջև 17.08.2010 թվականին կազմված և նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Կադաստրի Աբովյանի տարածքային ստորաբաժանման կողմից կատարված Դավիթ Մարտիրոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը հարկ է անվավեր ճանաչել և կիրառել գործարքի անվավերության հետևանքներ: Հետևաբար, բողոքաբերի փաստարկներն առ այն, որ ինքը վիճելի գույքի սեփականատերն է և բարեխիղճ ձեռք բերող, քանի որ Դավիթ Մարտիրոսյանից հատուցմամբ է ձեռք բերել վիճելի գույքը և օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել է կադաստրում, ինչի հիման վրա իրեն տրվել է սեփականության իրավունքի վկայական, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ անհիմն են և դատական ակտի բեկանման հիմք հանդիսանալ չեն կարող: Ավելին, թեև Դավիթ Մարտիրոսյանը խնդրահարույց` ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղում գտնվող անշարժ գույքը Գոհար Աղաջանյանին օտարելիս դրա նկատմամբ ունեցել է գրանցված սեփականության իրավունք, այդուհանդերձ, վիճելի անշարժ գույքի վերաբերյալ Գոհար Աղաջանյանի հետ 14.02.2012 թվականին առուվաճառքի պայմանագիր կնքելու պահին հիշյալ անշարժ գույքը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 31.01.2012 թվականի որոշմամբ արդեն իսկ գտնվել է արգելանքի տակ, որպիսի պարագայում Դավիթ Մարտիրոսյանը վիճելի անշարժ գույքն օտարելու իրավունք չի ունեցել, ինչն էլ հիմք ընդունելով` Դատարանն իրավմամբ փաստել է, որ Վահագն Ղազարյանին 04.04.2005 թվականի առուվաճառքի պայմանագրով օտարված ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող պահեստ-սառնարանը վերջինիս տիրապետումից դուրս է եկել իր կամքից անկախ պատճառներով` ըստ այդմ անվավեր ճանաչելով նաև Դավիթ Մարտիրոսյանի և Գոհար Աղաջանյանի միջև 14.02.2012 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա Կադաստրի Կոտայքի տարածքային ստորաբաժանման կողմից կատարված Գոհար Աղաջանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վերոգրյալ իրավական նորմերը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ Դավիթ Մարտիրոսյանը վիճելի անշարժ գույքն օտարելու իրավունք չի ունեցել և հետևաբար Գոհար Աղաջանյանը բարեխիղճ ձեռք բերող չէ, հիմնավոր չէ, քանի որ նշված փաստը հաստատված համարելու համար Վերաքննիչ դատարանը չի կատարել համապատասխան իրավական վերլուծություն, չի պարզել` արդյոք Գոհար Աղաջանյանը գույքը հատուցմամբ ձեռք բերելիս գիտեր և արդյոք կարող էր իմանալ, որ Դավիթ Մարտիրոսյանը գույքն օտարելիս այդ գույքն օտարելու իրավունք չի ունեցել: Մինչդեռ սույն գործի փաստերի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գոհար Աղաջանյանը ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցի թիվ 1/2 հասցեում գտնվող 974,4 քմ մակերեսով արտադրական պահեստ-սառնարանը, 173,65 քմ մակերեսով ծածկարանը և 0,58 հա մակերեսով արդյունաբերական նշանակության հողամասը Դավիթ Մարտիրոսյանից ձեռք է բերել հատուցմամբ: Ընդ որում, նշված գույքի առուվաճառքի պայմանագիրը նոտարական կարգով վավերացնելու նպատակով Դավիթ Ավետիսյանը ներկայացրել է այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականը և Կադաստրի կողմից տրված միասնական տեղեկանքը` նշված գույքն իրեն պատկանելու, դրա նկատմամբ գույքային իրավունքների սահմանափակումներ գրանցված չլինելու, ինչպես նաև նոտարական կարգով վավերացված 14.02.2012 թվականի հայտարարությունը` վերոնշյալ անշարժ գույքի նկատմամբ այլ անձանց սեփականության կամ այլ իրավունքների բացակայության վերաբերյալ, հետևաբար վերոնշյալ փաստաթղթերը Գոհար Աղաջանյանին թույլ են տվել վերջինիս մոտ համոզմունք ձևավորելու, որ նշված գույքը նա ձեռք է բերել գույքն օտարելու իրավունք ունեցող անձից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

Վճռաբեկ դատարանն իր իրավական դիրքորոշումն է արտահայտել նշված դրույթի վերաբերյալ, այն է` օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված փաստերին: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը նշել է, որ գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները, փաստերը հետագա դատավարություններում հերքելու արգելք: Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն ներմուծելու նման հանգամանքը, փաստերը նոր կայացվող դատական ակտում: Որպես կանոն դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով թե՛ գործին մասնակցող անձանց, թե՛ դատարանի վրա: Հետևաբար, նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս (տե՛ս, Հերիքնազ Գևորգյանն ընդդեմ Ռոմ Ավագյանի, Տանյա Առաքելյանի թիվ ԵՇԴ/0220/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի որոշումը):

Զարգացնելով նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության սուբյեկտիվ սահմանները որոշվում են գործին մասնակցող անձանց շրջանակով, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված հանգամանքները նոր կայացվող դատական ակտ կարող են ներմուծվել միայն, եթե օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և նոր կայացվող դատական ակտով գործին մասնակցող անձինք նույնն են: Նախադատելիության ինստիտուտի կիրառումն անթույլատրելի է այն դեպքերում, երբ սկզբնական և հաջորդող գործերում գործին մասնակցող անձանց շրջանակը համընկնում է մասնակիորեն:

Տվյալ դեպքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 21.12.2010 թվականի թիվ ՀՅՔԴ4/0002/02/08 որոշման համաձայն` թիվ ՀՅՔԴ4/0002/02/08 քաղաքացիական գործով գործին մասնակցող անձինք են Վահագն Ղազարյանը, Աշոտ Սարգսյանը, Վարդան Հայրապետյանը, Լուսինե և Սոնա Մխիթարյանները, Գեղանուշ Խաչատրյանը, Եղիազար Բաղդասարյանը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանումը:

Մինչդեռ սույն` թիվ ԿԴ1/0063/02/12 քաղաքացիական գործով գործին մասնակցող անձինք են հայցվոր Վահագն Ղազարյանը և պատասխանողներ Լուսինե Մխիթարյանը, Սոնա Մխիթարյանը, Վարդան Հայրապետյանը, Դավիթ Մարտիրոսյանը, Գոհար Աղաջանյանը, երրորդ անձինք Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Օսան Հակոբյանը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

Հետևաբար, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` թիվ ՀՅՔԴ4/0002/02/08 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած 21.12.2010 թվականի որոշմամբ հաստատված հանգամանքները չէին կարող ներմուծվել սույն քաղաքացիական գործով կայացված դատական ակտում` գործին մասնակցող անձանց տարբեր լինելու, այն է` Դավիթ Մարտիրոսյանի ու Գոհար Աղաջանյանի մասնակցությունն առկա չլինելու հիմքով: Այսինքն` սույն քաղաքացիական գործի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառելի չէ:

Վերաքննիչ դատարանը նաև չի անդրադարձել և հիմնավորել, թե օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված որ հանգամանքներն է հիմք ընդունել դատական ակտ կայացնելիս և կոնկրետ որ հանգամանքների կրկին ապացուցումից է ազատել գործին մասնակցող անձանց:

Անդրադառնալով վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ բարեխիղճ ձեռք բերողից իր գույքը հետ պահանջելու իրավունքը վերապահված է միայն սեփականատիրոջը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 278-րդ հոդվածի համաձայն` նույն օրենսգրքի 274-277-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները պատկանում են նաև այն անձին, ով թեև սեփականատեր չէ, սակայն գույքը տիրապետում է օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքով: Այդ անձն իր տիրապետման պաշտպանության իրավունք ունի նաև ընդդեմ սեփականատիրոջ:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրն իրավունք է վերապահել գույքի սեփականատեր չհամարվող անձին իրականացնելու իր տիրապետման ներքո գտնվող գույքի պաշտպանությունն անգամ ընդդեմ սեփականատիրոջ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-277-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների շրջանակներում: Հատկանշական է, որ սեփականատեր չհամարվող անձը նշված գույքը պետք է տիրապետի օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքով, այսինքն` տիրապետումը պետք է լինի օրինական:

Վերոնշյալ պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի կողմից օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքով գույքը տիրապետելու պայմաններում այդ անձն իրավասու է իր տիրապետման ներքո գտնվող գույքը հետ պահանջել ինչպես բարեխիղճ ձեռք բերողից, այնպես էլ սեփականատիրոջից: Այսինքն` վիճելի գույքի նկատմամբ սեփականատեր չլինելն ինքնին չի կարող սահմանափակել գույքն օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքով տիրապետող անձի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածով սահմանված կարգով գույքը հետ պահանջելու իրավունքի իրականացումը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը սխալ են մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածով նախատեսված բարեխիղճ ձեռք բերողին վերաբերող պայմանների, բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջելու դեպքերի վերաբերյալ առանձնահատկությունները, ինչպես նաև գործում առկա ապացույցները վերաբերելիության և թույլատրելիության համակցության մեջ գնահատելու և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված հանգամանքները կրկին ապացուցելուց ազատելու ընթացակարգը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Է. Հայրիյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.07.2014
N ԿԴ1/0063/02/12
Որոշում