Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՐԻՉԻ ՄԵՋ ՄԵԿ ԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                        Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                                 թիվ ԵԿԴ/2760/02/12

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2760/02/12             2014 թ.

Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Գ. Մատինյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ              Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ   Մ. Դրմեյանի

                                               Վ. Աբելյանի

                                               Ս. Անտոնյանի

                                               Վ. Ավանեսյանի

                                               Ա. Բարսեղյանի

                                               Գ. Հակոբյանի

                                               Է. Հայրիյանի

                                               Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի հուլիսի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Արտաս» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Կազմակերպության` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից հօգուտ իրեն բռնագանձել 21.255.000 ՀՀ դրամ և 400.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 01.08.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.12.2013 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.08.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ, 294-րդ, 296-րդ, 297-րդ, 345-րդ, 347-րդ, 352-րդ, 408-րդ, 417-րդ, 791-րդ, 797-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 49-րդ, 51-րդ, 53-րդ, 78-րդ, 149.8-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկները, առանց որևէ հիմնավոր պատճառաբանության, մերժել է այն, և խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները` կայացրել է չհիմնավորած որոշում, որը հանգեցրել է գործի սխալ լուծման:

Վերաքննիչ դատարանը, համադրելով նյութական իրավունքի նորմերի պահանջները գործի փաստերի հետ, եկել է սխալ եզրահանգման` նշելով, որ Ընկերության և Կազմակերպության միջև ծագել են կոմիսիայի պայմանագրից բխող իրավահարաբերություններ, մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 791-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` կոմիսիայի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր, իսկ հայցվորի կողմից այդպիսի պայմանագիր չի ներկայացվել:

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ նշել է, որ Կազմակերպությունը համատեղ համերգի կազմակերպման համար կատարված ծախսերին ընդհանրապես մասնակցություն չի ունեցել` անտեսելով այն հանգամանքը, որ համատեղ կազմակերպված համերգը տեղի է ունեցել Կազմակերպությանը պատկանող մարզահամերգային համալիրի դահլիճում, մինչդեռ նշված հանգամանքն արդեն իսկ բավարար էր, որ Վերաքննիչ դատարանը նման դիրքորոշում չհայտներ: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել բողոքում բարձրացված այն հարցին, որ ստորադաս դատարանը, անդրադառնալով հայցվորի հաշվապահական փաստաթղթերում հայցի առարկա հանդիսացող պարտքի վերաբերյալ պատասխանողի առարկություններին և միջնորդություններին, մերժել է դրանք` անտեսելով այն հանգամանքը, որ կողմերը հանդիսանում են իրավաբանական անձինք և հարկային մարմիններ համապատասխան հաշվապահական հաշվետվություններ ներկայացնելիս պարտավոր են պահպանել ՀՀ օրենսդրությամբ ամրագրված նորմերը:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել բողոքում մատնանշված` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի խախտմանը, մասնավորապես այն հանգամանքին, որ ստորադաս դատարանն առանց որևէ հիմնավորման` կիրառելի է համարել Ընկերության կողմից ներկայացված իրավական հիմնավորումը, մինչդեռ որևէ կերպ չի հիմնավորել և պատճառաբանել, թե ինչու ընդունելի չեն Կազմակերպության կողմից ներկայացված փաստարկները, չի պարզել առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջների խախտմանը, մասնավորապես` 18.07.2013 թվականին դատաքննություն նշանակելու մասին դատական ծանուցագիրը Կազմակերպությանը չուղարկելու փաստին: Կազմակերպությունը փորձել է «Դատալեքս» ինտերնետային կայքի միջոցով իրազեկվել 18.07.2013 թվականին նշանակված դատական նիստի մասին, արդյունքում պարզվել է, որ դատական նիստը նշանակվել է 18.07.2013 թվականին` ժամը 15:09-ին: Կազմակերպության ներկայացուցիչները նույն օրը ներկայացել են դատական նիստին, սակայն նրանց տեղեկացրել են, որ դատական նիստը տեղի է ունեցել նույն օրը` ժամը 11:15-ին, և դատաքննությունն արդեն ավարտվել է: Այսինքն` սույն քաղաքացիական գործը քննվել է Կազմակերպության բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի ծանուցվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Բացի այդ, գործում առկա չէ Կազմակերպությանը 18.07.2013 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված լինելու ապացույցը: Միևնույն ժամանակ, Կազմակերպությանը տրամադրված դատական նիստի համակարգչային արձանագրման ձայնային կրիչի օրինակում ընդհանրապես բացակայում են մի շարք դատական նիստերի, այդ թվում նաև` 02.07.2013 թվականին նշանակված նիստի ձայնագրառումները:

Բացի այդ, վերանայվող դատական ակտը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 06.07.2007 թվականի թիվ 3-1140(ՎԴ) նախադեպային որոշմանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.12.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքում նշված կոմիսիայի պայմանագիրը` պարտադիր գրավոր կնքված լինելու հանգամանքի վերաբերյալ Ընկերությունը հայտնել է, որ ՀՀ օրենսդրության որևէ նորմով չի սահմանվում, որ պայմանագիրը պետք է կնքվի մեկ ամբողջական փաստաթղթի տեսքով և պարտադիր պետք է վերնագրվի կոմիսիայի պայմանագիր կամ չի կարող կնքվել մի քանի փաստաթղթերի տեսքով, իսկ Ընկերության կողմից ներկայացվել են տոմսերի հանձնման և ընդունման փաստը, տոմսերի վաճառքից գոյացած գումարները պատասխանողի կողմից հայցվորին վճարված լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթեր, որոնք հանդիսանում են հենց կոմիսիայի պայմանագիրը: Բացի այդ, նույնիսկ գրավոր պայմանագիր չներկայացնելու դեպքում կողմն ընդամենը զրկվում է վկաների ցուցմունքների միջոցով պայմանագրի կնքման փաստը հաստատելու հնարավորությունից, սակայն կարող է գրավոր ապացույցներով հիմնավորել պայմանագրի կնքման հանգամանքը:

Ինչ վերաբերում է Կազմակերպության կողմից վճռաբեկ բողոքում նշված այն հանգամանքին, որ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը և կողմին չի ծանուցել 18.07.2013 թվականին կայանալիք դատական նիստի վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ «Դատալեքս» ինտերնետային կայքով դատական նիստի այլ ժամանակ է նշված եղել, ապա Դատարանը տվյալ դատական նիստի վերաբերյալ կողմերին ծանուցել է նախորդ դատական նիստի ժամանակ, որպիսի պայմաններում կողմերին փոստային կարգով կրկին ծանուցելու անհրաժեշտությունը բացակայում էր, իսկ ինտերնետային կայքում գրառվածը չի կարող համարվել ծանուցում, քանի որ այն լրացվում է այլ աշխատակիցների կողմից:

Ինչ վերաբերում է հարկային հաշվետվություններին, ապա դրանցով դեբիտորական պարտքի արտացոլումը կամ բացակայությունը չի կարող հավաստել քաղաքացիաիրավական իմաստով գործարքի կնքման կամ պարտավորության առկայության փաստական հանգամանքները, քանի որ հարկային հաշվետվությունները չեն արտահայտում երկկողմանի կամարտահայտություն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Գործում առկա են Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 21.02.2013 թվականին, 04.03.2013 թվականին, 18.03.2013 թվականին, 02.04.2013 թվականին, 15.04.2013 թվականին, 23.04.2013 թվականին, 23.05.2013 թվականին, 02.07.2013 թվականին, 18.07.2013 թվականին և 01.08.2013 թվականին կայացած դատական նիստերի արձանագրությունների համակարգչային համառոտագրումները (հատոր 1-ին, գ.թ. 91, 96, 98, 114, 118, 121, 126, 167, 170, 173).

2) Գործում առկա է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստերի ձայնային արձանագրման էլեկտրոնային կրիչը, որից բացակայում են 18.07.2013 թվականի և 01.08.2013 թվականի դատական նիստերի ձայնագրառումը (հատոր 1-ին, գ.թ. 93):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է հետևյալ իրավական խնդրին. արդո՞ք քաղաքացիական գործում էլեկտրոնային կրիչի մեջ մեկ կամ մի քանի դատական նիստերի ձայնային արձանագրումների բացակայությունը կարող է համարվել դատական նիստի արձանագրության բացակայություն, եթե քաղաքացիական գործում առկա են այդ նիստերի համակարգչային համառոտագրումները:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը:

Վճռաբեկ դատարանը նախ և առաջ հարկ է համարում անդրադառնալ դատավարության ընթացքում դատական նիստի արձանագրության ունեցած դերին և նշանակությանը` ընդգծելով, որ դատական նիստի արձանագրությունը` որպես դատավարական գործողությունների կատարման բոլոր էական հանգամանքները հաստատող փաստաթուղթ, ունի կարևոր ապացուցողական նշանակություն:

Մասնավորապես, դատավարության կողմերը կարող են հիմնավորել իրենց վերաքննիչ և վճռաբեկ բողոքները` հղում կատարելով դատական նիստերի արձանագրությանը, իսկ վերադաս ատյանի դատարանները դատական նիստերի արձանագրությունների միջոցով կարող են ստուգել ստորադաս դատարաններում գործի քննության օրինականությունը, մասնավորապես, արդյո՞ք ստորադաս դատարանի կայացրած դատական ակտը համապատասխանում է այն փաստերին, որոնք հաստատվել են դատաքննության ընթացքում, կամ որևէ դատավարական գործողություն իրականացնելիս դատարանը պահպանել է սահմանված դատավարական կարգը:

Այսպիսով, դատական նիստի արձանագրությունն անձի դատական պաշտպանության իրավունքի և հատկապես բողոքարկման իրավունքի իրացումն ապահովող կարևորագույն միջոցներից է, ինչով էլ պայմանավորված է դատական նիստի արձանագրության բացակայության դեպքում օրենսդրի կողմից դատական ակտի բեկանման պարտադիր պահանջի սահմանումը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական նիստերում, ինչպես նաև դատական նիստերից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս վարվում է արձանագրություն:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում արձանագրությունը վարվում է դատական նիստի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակ համառոտագրման միջոցով: Համառոտագրումը դատական նիստերի դահլիճում կատարվող գործողությունների մասին նշումներն են: Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի շահագործման, տվյալների արխիվացման և համակարգի պահպանության մանրամասն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիս դրա համառոտագրումը կատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով: Ձայնային արձանագրությունը գործի նյութերին կցվում է լազերային կրիչի վրա: Համառոտագրումը գործի նյութերին կցվում է թղթային կրիչի վրա` հավաստված դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ:

Վերը նշված իրավանորմերի փոխկապակցված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում դատական նիստի արձանագրումը ենթադրում է ձայնային արձանագրում` ամրագրված լազերային կրիչի վրա, և համառոտագրում` արտատպված թղթի վրա:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ձայնային արձանագրումը ներկայումս հանդիսանում է դատական նիստի բոլոր տվյալների անընդմեջ արձանագրման հիմնական միջոցը, հետևաբար նաև դատավարության հրապարակայնության ապահովման միջոցը:

Ինչ վերաբերում է թղթային համառոտագրմանը, ապա վերջինս ուղղակի դատական նիստերի դահլիճում կատարվող գործողությունների մասին նշումներն են, որն ունի ուղղորդիչ բնույթ, հետևաբար առանց ձայնային արձանագրման այն չի կարող բավարար պատկեր ստեղծել դատական նիստի ընթացքի վերաբերյալ, չի կարող բավարար չափով ապահովել դատավարության հրապարակայնությունը և ծառայել որպես անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների ապահովման երաշխիք:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում լազերային կրիչի վրա ամրագրված ձայնային արձանագրման և համակարգչային համառոտագրման միաժամանակյա առկայությունը պարտադիր է յուրաքանչյուր դատական նիստով, և դրանցից որևէ մեկի բացակայությունը ենթադրում է դատական նիստի արձանագրության բացակայություն:

Վերը նշված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ էլեկտրոնային կրիչի վրա մեկ կամ մի քանի դատական նիստերի ձայնային արձանագրությունների բացակայությունը դատական ակտի պարտադիր բեկանման հիմք է:

Սույն գործով Դատարանը 21.02.2013 թվականի, 04.03.2013 թվականի, 18.03.2013 թվականի, 02.04.2013 թվականի, 15.04.2013 թվականի, 23.04.2013 թվականի, 23.05.2013 թվականի, 02.07.2013 թվականի, 18.07.2013 թվականի և 01.08.2013 թվականի դատական նիստերն արձանագրել է ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով համառոտագրման միջոցով, սակայն 18.07.2013 թվականի և 01.08.2013 թվականի դատական նիստերի ձայնային արձանագրումներն ամրագրված չեն գործում առկա լազերային կրիչի վրա, որպիսի պարագայում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 18.07.2013 թվականի և 01.08.2013 թվականի դատական նիստերի արձանագրությունները բացակայում են գործից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Վերոնշյալ իրավանորմից հետևում է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե դատարանները սահմանափակվեն զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնան այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ:

Վերոնշյալ դիրքորոշման հաշվառմամբ անդրադառնալով վճռաբեկ բողոքի հիմքին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի թիվս այլ հիմքերի` վերաքննիչ բողոքում որպես Դատարանի ակտը բեկանելու հիմք նշված է նաև այն հանգամանքը, որ դատական նիստերի արձանագրման էլեկտրոնային կրիչից բացակայում են մի շարք դատական նիստերի ձայնային արձանագրումները:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ բացակայում են բողոքի նշված հիմքի վերաբերյալ պատճառաբանությունները: Այսինքն` Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերաքննիչ բողոքի նշված փաստարկը, Դատարանի վճիռը թողել է օրինական ուժի մեջ այն դեպքում, երբ սույն գործով առկա է եղել վճռի պարտադիր բեկանման հիմք:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան, նոր քննության ուղարկելու համար, որի պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին հնարավոր չի համարում անդրադառնալ:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.04.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.07.2014
N ԵԿԴ/2760/02/12
Որոշում