Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈՔ «ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈՔ «ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                        Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                                 թիվ ԵԱԴԴ/0417/02/12

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0417/02/12            2014 թ.

Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան

    Դատավորներ`        Ա. Թումանյան

                       Գ. Մատինյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Անտոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի հուլիսի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Երևան Ջուր» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.02.2014 թվականի որոշման դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ Իսկուհի Ավագյանի, Սեյրան և Ռուզաննա Մանթաշյանների, երրորդ անձինք ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)` մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու, պատասխանողներին որոշակի գործողությունների կատարմանը պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Իսկուհի Ավագյանին, Սեյրան և Ռուզաննա Մանթաշյաններին իրենց միջոցների հաշվին կառուցել Եղվարդի խճուղի թիվ 108/3 հասցեում գտնվող շինությունը շրջանցող 400 մմ-անոց և 700 մմ-անոց նոր ջրատարներ` համաձայն հայցվորի կողմից 19.04.2011 թվականին տրված թիվ ԱՍ73 տեխնիկական պայմանի: Ընկերությունը պահանջել է նաև պատասխանողներին պարտավորեցնել Ընկերությունից ջրատարների տեղափոխման տեխնիկական պայմաններ ստանալ և ջրատարների սանիտարապահպանական շերտագծի սահմաններում կառուցված շինությունները ապամոնտաժել, որպիսի պահանջից հետագայում հրաժարվել է:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Հարթենյան) (այսուհետ` Դատարան) 31.10.2013 թվականի վճռով հայցը` պատասխանողներին իրենց միջոցների հաշվին Եղվարդի խճուղի թիվ 108/3 հասցեում գտնվող շինությունը շրջանցող նոր ջրատարներ, համաձայն Ընկերության կողմից 19.04.2011 թվականի թիվ PR/803 գրությամբ տրված ԱՍ73 տեխնիկական պայմանի, կառուցելուն պարտավորեցնելու պահանջի մասով, մերժվել է, իսկ քաղաքացիական գործի վարույթը` պատասխանողներին Ընկերության ջրատարների տեղափոխման տեխնիկական պայմաններ ստանալուն պարտավորեցնելու, ջրատարների սանիտարապահպանական շերտագծի սահմաններում կառուցված շինություններն ապամոնտաժելուն պարտավորեցնելու պահանջների մասով, կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.02.2014 թվականի որոշմամբ Ընկերության և Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 31.10.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 11-րդ կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ, 14-րդ, 277-րդ, 278-րդ, 617-րդ հոդվածները, ՀՀ ջրային օրենսգրքի 3-րդ, 4-րդ հոդվածները, ՀՀ առողջապահության նախարարի 29.11.2002 թվականի թիվ 803 հրամանը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Ընկերությունը Երևան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը վարձակալման իրավունքով օգտագործում է 01.06.2006 թվականից` համաձայն 14.12.2005 թվականին Ընկերության, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Քոմփանի Ժենեղալ Դեզ Օ» կազմակերպության միջև կնքված վարձակալության պայմանագրի: Տվյալ պայմանագրով և ՀՀ կառավարության 16.02.2006 թվականի թիվ 309-Ն որոշման հիման վրա` որպես պետական սեփականություն հանդիսացող գույք վարձակալությամբ Ընկերությանն են հանձնվել ջրաղբյուրները, ջրատարները, ՕԿՋ-ները, ինչպես նաև Երևան քաղաքի և մերձակա մի շարք համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը և այն ամբողջ գույքը, որն անհրաժեշտ է ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների իրականացման համար:

Վարձակալության պայմանագրի 4.3-րդ կետի համաձայն` հողը և հողին վերաբերող այն իրավունքները, որոնք անհրաժեշտ են ծառայությունների մատուցման համար, վարձատուի կողմից պետք է տրամադրվեն վարձակալին: Գույքի պահպանման վերաբերյալ պայմանները և վարձակալի պարտականությունները նույնպես վերաբերում են նաև հողին և հողի նկատմամբ իրավունքներին:

Վերաքննիչ դատարանը չի կատարել ապացույցների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտում, հաշվի չի առել այն հանգամանքը, որ թեև Իսկուհի Ավագյանին 19.04.2011 թվականին տրվել է ջրագծերի և կոյուղագծի շրջանցման տեխնիկական պայման, սակայն պատասխանողները չեն իրականացրել տվյալ տեխնիկական պայմանում նշված պարտավորությունները, մասնավորապես` շինարարական աշխատանքներ կատարելու համար չեն պատվիրել նախագիծ-նախահաշիվ համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությունում և այն չեն համաձայնեցրել Ընկերության հետ:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.02.2014 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել կամ գործն ուղարկել համապատասխան դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 19.03.2013 թվականի թիվ ԱՏ-15/03/2013-2-0259 տեղեկանքի համաձայն` Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 6/4 հասցեով անշարժ գույք գրանցված չէ: Կադաստրային գործի տվյալների համաձայն` Դավթաշեն, Եղվարդի խճուղի թիվ 108/3 ռեստորանային համալիր հասցեի անշարժ գույքը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված է Իսկուհի Ավագյանի, Սեյրան և Ռուզաննա Մանթաշյանների անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 92):

2) Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամաս թիվ 6/4 հասցեում գտնվող շինության նկատմամբ 25.11.2010 թվականին գրանցվել է Ռուզաննա Սեյրանի Մանթաշյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 113-117):

3) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 17.05.2013 թվականի թիվ ԱՏ-15/05/2013-1-0285 տեղեկանքի համաձայն` Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 6/4 հասցեով անշարժ գույքը միավորվել է այլ գույքի հետ և ստացել Երևանի, Եղվարդի խճուղի թիվ 108/3 հասցեն: ՈՒստի ներկայումս Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 6/4 հասցեով անշարժ գույք առկա չէ (հատոր 2-րդ, գ.թ. 20):

4) Կառուցապատողներ Իսկուհի Ավագյանին, Սեյրան և Ռուզաննա Մանթաշյաններին Դավթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղի թիվ 108/3, Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 6/4 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար 15.12.2010 թվականին տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք (հատոր 2-րդ, գ.թ. 71):

5) Կառուցապատողներ Իսկուհի Ավագյանին, Սեյրան և Ռուզաննա Մանթաշյաններին Դավթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղի թիվ 108/3, Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 6/4 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար 12.03.2011 թվականին տրվել է թիվ 01/18-Մ-454-108 շինարարության թույլտվություն (հատոր 2-րդ, գ.թ. 70):

6) ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, այսուհետ` վարձատու, Ընկերության, այսուհետ` վարձակալ, «Քոմփանի Ժենեղալ Դեզ Օ» ընկերության, այսուհետ` հայտատու, միջև 14.12.2005 թվականին կնքվել է վարձակալության պայմանագիր (այսուհետ` Վարձակալության պայմանագիր) (հատոր 2-րդ, գ.թ. 73-76):

7) Իսկուհի Ավագյանը 01.04.2011 թվականին դիմում է ներկայացրել Ընկերություն, որով խնդրել է թույլ տալ իր տարածքի տակով անցնող ջրի խողովակների ուղղությունը փոխել (հատոր 1-ին, գ.թ. 65):

8) Ընկերության գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեն 19.04.2011 թվականի թիվ PR-800 գրությամբ Եղվարդի խճուղի թիվ 108/3 հասցեով անցնող ջրագծերի և կոյուղագծի շրջանցման տեխնիկական պայմանի տրամադրման վերաբերյալ Իսկուհի Ավագյանին հայտնել է, որ թույլատրվում է անջատել նախկին ջրագծերը և կառուցել նոր d=400 մմ և d=700 մմ պողպատե շրջանցող ջրագծեր: Թույլատրվում է անջատել նախկին կոյուղագիծը և կառուցել նոր d=800 մմ շրջանցող կոյուղագիծ: Շինարարական աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ է պատվիրել նախագիծ-նախահաշիվ համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությանը և այն համաձայնեցնել Ընկերության հետ: Հողային աշխատանքներն իրականացնել համապատասխան շահագրգիռ կազմակերպությունների կողմից թույլտվության դեպքում: Ջրագծերի և կոյուղագծի միացումները պետք է իրականացվեն համապատասխան շահագործման տնօրինության կողմից: Միացման աշխատանքները կատարվում են հաճախորդի հաշվին, նրա կողմից համապատասխան դրամական փոխհատուցում կատարելու դեպքում: Տվյալ տեխնիկական պայմանն ուժի մեջ է 1 տարի գրանցման օրվանից, որից հետո ենթակա է վերանայման (հատոր 1-ին, գ.թ. 62):

9) Ընկերության 19.04.2011 թվականին թիվ PR-800 գրությամբ տրված թիվ ԱՍ73 տեխնիկական պայմանին համապատասխան աշխատանքներն Իսկուհի Ավագյանի կողմից չեն կատարվել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

i

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե արդյոք «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պահանջները պարտադիր են այն պարագայում, երբ կառուցապատման համար տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով այդ մասին հատուկ վերապահում արված չէ:

ՀՀ ջրային օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարությունը համապատասխան պետական կառավարման մարմինների միջոցով իրականացնում է ՀՀ ջրային օրենսգրքի նպատակները, ապահովում է ջրերի պահպանությունը, պաշտպանությունը վնասակար ազդեցությունից, օգտագործումը հանրության շահերի համար` հանուն բոլոր անձանց անվտանգության:

i

ՀՀ ջրային օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն` ՀՀ տարածքում առկա ջրային ռեսուրսները պետական սեփականություն են ու տնօրինվում, տիրապետվում և օգտագործվում են օրենսդրությամբ սահմանված կարգով: Ջրի ազգային ծրագրով սահմանված պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են և մասնավորեցման ենթակա չեն: Մայրուղային և միջհամայնքային ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անօտարելի գոտիները պետական սեփականություն են և մասնավորեցման ենթակա չեն:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 278-րդ հոդվածի համաձայն` նույն օրենսգրքի 274-277-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները պատկանում են նաև այն անձին, ով թեև սեփականատեր չէ, սակայն գույքը տիրապետում է օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքով: Այդ անձն իր տիրապետման պաշտպանության իրավունք ունի նաև ընդդեմ սեփականատիրոջ:

Վկայակոչված իրավանորմերից հետևում է, որ սեփականատերն իրավունք ունի ներկայացնել այնպիսի խախտումները վերացնելու պահանջ, որոնք, չզրկելով վերջինիս գույքի տիրապետման իրավունքից, խոչընդոտում են նրա այլ` գույքի օգտագործման և տնօրինման իրավունքների լիարժեք իրականացմանը` դրանով իսկ խախտելով այդ իրավունքները: Ընդ որում, նման պաշտպանություն օրենսդիրը նախատեսել է նաև տիտղոսային տիրապետողի համար, այսինքն` այն անձի, ով գույքը տիրապետում է օրինական հիմքերով: Այլ կերպ ասած` իրավունքների պաշտպանության միջոցների առումով տիտղոսային տիրապետողը հավասարեցվում է սեփականության իրավունքի սուբյեկտին:

Սույն գործի փաստերի համաձայն` 14.12.2005 թվականին կնքված վարձակալության պայմանագրով Ընկերությունը տիրապետում և օգտագործում է Երևան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը:

Վարձակալության պայմանագրի 4.3-րդ կետի համաձայն` հողը և հողին վերաբերող բոլոր այն իրավունքները, որոնք անհրաժեշտ են ծառայությունները մատուցելու համար, վարձատուի կողմից պետք է տրամադրվեն վարձակալին: Գույքի պահպանման վերաբերյալ պայմանները և վարձակալի պարտականությունները նմանապես վերաբերում են նաև հողին և հողի նկատմամբ իրավունքներին:

Վարձակալության պայմանագրի վերը նշված կետից հետևում է, որ Արզական-Երևան ջրատարի նկատմամբ պայմանագրով ձեռք բերված Ընկերության իրավունքները հավասարապես տարածվում են նաև ջրատարի անօտարելի գոտիները կազմող սանիտարապահպանական շերտագծի հողերի վրա:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի վճիռը, պատճառաբանել է, որ պատասխանող կողմը Եղվարդի խճուղու թիվ 108/3 հասցեով գտնվող անշարժ գույքի սեփականատերն է, իսկ նշված հասցեում կառուցապատումն իրականացրել է օրենքով սահմանված կարգի պահպանմամբ, և նման պայմաններում բացակայում է որևէ հիմք` պատասխանող կողմին հայցվորի պահանջը կատարելուն պարտավորեցնելու համար:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը և Վերաքննիչ դատարանն անտեսել են այն հանգամանքը, որ ՀՀ առողջապահության նախարարի 29.11.2002 թվականի թիվ 803 հրամանով սահմանվել են «Խմելու տնտեսական նշանակության ջրմուղների և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիներ» N 2-III.Ա-2-2 սանիտարական նորմեր ու կանոններ:

Տվյալ սանիտարական կանոնները և նորմերը սահմանում են խմելու տնտեսական նշանակության ջրմուղների և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիների կազմակերպմանը և շահագործմանը ներկայացվող սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ:

Կազմակերպվում են սանիտարական պահպանման երեք գոտիներ, որոնցից երկրորդ և երրորդ գոտիները (սահմանափակման գոտիներ) ներառում են ջրամատակարարման աղբյուրների ջրի աղտոտման կանխարգելմանն ուղղված տարածքներ:

Ջրատարների սանիտարական պահպանումն ապահովվում է սանիտարապահպանման շերտագծով:

Սանիտարապահպանական շերտագծի լայնությունը ջրատարի եզրային գծերի երկու կողմից պետք է ընդունվի` մինչև 1.000 մմ ջրատարի տրամագծի դեպքում 10 մ ոչ պակաս:

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները սահմանում են բնակչության համար շրջակա միջավայրի անվտանգության և ոչ վնասակարության չափանիշներն ու մարդու կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ապահովման պահանջները:

Սանիտարական կանոնների կատարումը պարտադիր է բոլոր պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների համար:

Նման պարագայում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անկախ այն հանգամանքից, որ առկա է 15.12.2010 թվականին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանք և 12.03.2011 թվականին տրված շինարարության թույլտվություն, առանց հատուկ պայմանների, պատասխանող կողմը, «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի երկրորդ պարբերության համաձայն` պարտավոր էր պահպանել ՀՀ առողջապահության նախարարի 29.11.2002 թվականի թիվ 803 հրամանով սահմանված «Խմելու տնտեսական նշանակության ջրմուղների և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիներ» N 2-III.Ա-2-2 սանիտարական նորմերն ու կանոնները և պահպաներ ջրագծի սանիտարապահպանական շերտագծի լայնությունը ջրատարի եզրային գծերի երկու կողմից 10 մետրից ոչ պակաս, ինչ նպատակով էլ տրվել էր տեխնիկական պայմանը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ անշարժ գույքի սեփականատերը կրում է այդ գույքի պահպանման հոգսը և պատասխանատու է երրորդ անձանց հետ հարաբերություններում այդ գույքի առնչությամբ ծագած իրավահարաբերություններում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերը նշված նորմից հետևում է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին և արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների և մյուսների թիվ ԿԴ3/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանները ճիշտ չեն որոշել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, չեն գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, ինչն ազդել է գործի ելքի վրա:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.02.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.07.2014
N ԵԱԴԴ/0417/02/12
Որոշում