ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԱՔԴ/2279/02/11
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2279/02/11 2014 թ.
Նախագահող դատավոր` Գ. Մատինյան
Դատավորներ` Լ. Գրիգորյան
Կ. Հակոբյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Ե. Սողոմոնյանի
2014 թվականի հուլիսի 18-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ջուլետտա Սմբատյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կարեն Ստեփանյանի ընդդեմ Ջուլետտա Սմբատյանի` սեփականատիրոջ իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կարեն Ստեփանյանը պահանջել է վերացնել սեփականատիրոջ իրավունքի խախտումները, այն է` տան տանիքը տեղափոխել և տեղադրել իր տան պատի սահմաններում` ըստ փորձագիտական եզրակացության մեջ նշված չափերի, այնպես, որ վերականգնվի իր տան 12,2 մ ճակատային հատվածը, որից` 7,3 մ տան հիմնական կառույցի ճակատային մասն է, 4,9 մ` տան մուտքի ու ավտոտնակի ճակատային հատվածը և չխոչընդոտել իր տան ճակատային մասում կատարվող վերանորոգման աշխատանքներին:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Հունանյան) (այսուհետ` Դատարան) 01.10.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.12.2013 թվականի որոշմամբ Ջուլետտա Սմբատյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.10.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ջուլետտա Սմբատյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ, 28-րդ, 47-րդ, 48-րդ, 49-րդ, 53-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 274-րդ հոդվածները, «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վիճելի հասցեի երկու առանձին գույքային միավոր համարվող տներն ինչպես առաջ, այնպես էլ հիմա ունեն մեկ ընդհանուր բաժանարար պատ:
Տան նախկին և ներկայիս սեփականատերերի կողմից տան կառուցման օրվանից մինչև օրս որևէ կոնստրուկտիվ փոփոխություն չի կատարվել, ուստի պարզ չէ, թե ինչպես ի հայտ եկավ տան ճակատային հատվածում արտաքին լայնության 0,5 մետրի կրճատում: Նշվածը կարևոր և էական նշանակություն ունեցող հանգամանք է, որի վերաբերյալ փորձագետի կողմից որևէ պարզաբանում չի տրվել` չնայած այն հանգամանքին, որ այդ հարցի պարզաբանումից է կախված եղել` արդյոք հայցվորի հողամասից պատասխանողը կատարել է զավթում, թե ոչ:
Եթե Վերաքննիչ դատարանը լսեր Դատարանի 04.07.2013 թվականի և 26.07.2013 թվականի դատական նիստերի արձանագրությունները, ապա չէր նշի, թե փորձագետը մանրամասնորեն բացատրություն է տվել և պատասխանել է պատասխանողի ներկայացուցչի բոլոր հարցերին, քանի որ փորձագետը խեղաթյուրել է իրական փաստերը: Փորձագետի կողմից չի պարզվել հայցվորին պատկանող Երևանի ՈՒշակովի փողոցի թիվ 36 հասցեի տան առանձնացված հատվածի լայնության ներքին և արտաքին պատերի գումարը: Մասնավորապես` արդյոք տան ներքին և արտաքին պատերը կազմում են 7,5 մ, թե 7,3 մ: Չի պարզվել նաև, թե որ հատվածում է գտնվում հայցվորի և Երվանդ Ղումաշյանի տներն իրարից առանձնացնող ընդհանուր բաժանարար պատը, որքան է կազմում հայցվորի և Երվանդ Ղումաշյանի տներն իրարից առանձնացնող ընդհանուր բաժանարար պատից մինչև պատասխանողի տան արտաքին պատն ընկած հատվածի լայնությունը:
Փորձագետի կողմից արձանագրվել է, որ վիճելի հասցեի հողամասի լայնությունը մինչև երկու մասի բաժանելը կազմել է 18 մ, սակայն նա չի չափագրել և պարզել, թե առկա է արդյոք նշված հասցեի հողամասի մինչև հայցվորի իրավանախորդի և Երվանդ Ղումաշյանի միջև կնքված հողամասի բաժանման պայմանագրում եղած լայնության չափը` 18 մ, թե ոչ: Նշված փաստերն ընդունել է նաև փորձագետը դատական նիստի ժամանակ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 23.04.2013 թվականին դատաշինարարատեխնիկական թիվ 12-1879 փորձաքննության եզրակացությունը թերի է, չի կարող արժանահավատ համարվել, քանի որ փորձագետը սույն գործի օբյեկտիվ և արդյունավետ լուծումն ապահովող էական նշանակություն ունեցող հանգամանքներին չի անդրադարձել և չի դրսևորել փորձագետին վայել գործելակերպ:
Փորձագետն առանց չափագրման` հիմք ընդունելով հայցվորի անվամբ արված սեփականության իրավունքի վկայականում նշված նրան պատկանող տան առանձնացված հատվածի լայնության 7,3 մ չափը, պարզապես հայցվորի տան ճակատային հատվածից արտաքին պատի ձախ հատվածից չափագրել է մինչև պատասխանողի տան արտաքին պատն ընկած հատվածի լայնությունը և ըստ փորձագետի` դրանով պարզել է զավթում թույլ տալու հանգամանքը:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ վիճելի տունը կառուցված է իր և հայցվորի հողամասերի բաժանարար սահմանագծում, հետևաբար փորձագետն ուղղակի պարտավոր էր չափել և պարզել, թե արդյոք փաստացի վիճակով առկա է պատասխանողի տան առանձնացված հատվածի 15,92 մ լայնությունը, թե ոչ: Եզրակացության մեջ առկա են նաև մի շարք ակնառու անհամապատասխանություններ, իսկ Ջուլետտա Սմբատյանի միջնորդությունը` կրկնակի դատաշինարարատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին, Դատարանի կողմից անհիմն պատճառաբանությամբ մերժվել է:
Ավելին, Երևանի ՈՒշակովի թիվ 36 հասցեի կադաստրային գործի նյութերում առկա չէ որևէ ապացույց, որը կհաստատեր, որ նշված հասցեի տան և ավտոտնակի միջնահատվածի լայնությունը կազմել է 1,7 քմ, իսկ նույն փողոցի թիվ 36 և թիվ 38 տների սահմանագծի միջև հեռավորությունը կազմում է 4,9 մ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.12.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Դատարանի 25.04.2013 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից թիվ 12-1879 փորձագիտական եզրակացությունը ստացվելու հիմքով, և գործի քննությունը նշանակվել է 19.06.2013 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 1):
2) Դատարանի 19.06.2013 թվականի դատական նիստի համառոտագրության և թվային ստորագրության համաձայն` դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Կարինե Քաջազնունին միջնորդել է փորձագետին հրավիրել դատարան` բացատրություն տալու: Դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է. որոշվել է հրավիրել փորձագետին, և հաջորդ դատական նիստը նշանակվել է 04.07.2013 թվականին` ժամը 11:00-ին (հատոր 2-րդ, գ.թ. 30):
3) Դատարանի 04.07.2013 թվականի դատական նիստի համառոտագրության և թվային ստորագրության համաձայն` դատական նիստին հրավիրված փորձագետ Հրանտ Ավետիսյանը նախազգուշացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, որից հետո դատական նիստին մասնակցող կողմերի և դատարանի կողմից փորձագետին ուղղվել են հարցեր, և փորձագետի կողմից տրվել են բացատրություններ (հատոր 2-րդ, գ.թ. 71-72):
4) Դատարանի 26.07.2013 թվականի դատական նիստի համառոտագրության և թվային ստորագրության համաձայն` պատասխանողի ներկայացուցիչ Սուրեն Բաղրամյանը միջնորդել է ներգրավել փորձագետ` չափագրումներ կատարելու համար: Դատարանի կողմից միջնորդությունը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 79):
6) Սույն գործում առկա դատական նիստերի ձայնագրությունների էլեկտրոնային կրիչի վրա ամրագրված են միայն 30.08.2013, 17.09.2013 և 01.10.2013 թվականների դատական նիստերի ձայնային արձանագրումները: Էլեկտրոնային կրիչի վրա բացակայում են 19.06.2013, 04.07.2013, 26.07.2013 և 27.08.2013 թվականների դատական նիստերի ձայնային արձանագրումները (հատոր 2-րդ, գ.թ. 110):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է հետևյալ իրավական խնդրին. արդյո՞ք քաղաքացիական գործում էլեկտրոնային կրիչի վրա մեկ կամ մի քանի դատական նիստերի ձայնային արձանագրումների բացակայությունը կարող է համարվել դատական նիստի արձանագրության բացակայություն, եթե քաղաքացիական գործում առկա են այդ նիստերի համակարգչային համառոտագրումները:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը:
Վճռաբեկ դատարանը նախ և առաջ հարկ է համարում անդրադառնալ դատավարության ընթացքում դատական նիստի արձանագրության ունեցած դերին և նշանակությանը` ընդգծելով, որ դատական նիստի արձանագրությունը` որպես դատավարական գործողությունների կատարման բոլոր էական հանգամանքները հաստատող փաստաթուղթ, ունի կարևոր ապացուցողական նշանակություն:
Մասնավորապես` դատավարության կողմերը կարող են հիմնավորել իրենց վերաքննիչ և վճռաբեկ բողոքները` հղում կատարելով դատական նիստերի արձանագրությանը, իսկ վերադաս ատյանի դատարանները դատական նիստերի արձանագրությունների միջոցով կարող են ստուգել ստորադաս դատարաններում գործի քննության օրինականությունը, մասնավորապես, արդյո՞ք ստորադաս դատարանի կայացրած դատական ակտը համապատասխանում է այն փաստերին, որոնք հաստատվել են դատաքննության ընթացքում կամ որևէ դատավարական գործողություն իրականացնելիս դատարանը պահպանել է սահմանված դատավարական կարգը:
Այսպիսով, դատական նիստի արձանագրությունն անձի դատական պաշտպանության իրավունքի և հատկապես` բողոքարկման իրավունքի իրացումն ապահովող կարևորագույն միջոցներից է, ինչով էլ պայմանավորված է դատական նիստի արձանագրության բացակայության դեպքում օրենսդրի կողմից դատական ակտի բեկանման պարտադիր պահանջի սահմանումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական նիստերում, ինչպես նաև դատական նիստերից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս վարվում է արձանագրություն: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում արձանագրությունը վարվում է դատական նիստի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակ համառոտագրման միջոցով: Համառոտագրումը դատական նիստերի դահլիճում կատարվող գործողությունների մասին նշումներն են:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիս դրա համառոտագրումը կատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով: Ձայնային արձանագրությունը գործի նյութերին կցվում է լազերային կրիչի վրա: Համառոտագրումը գործի նյութերին կցվում է թղթային կրիչի վրա` հավաստված դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ:
Վերը նշված իրավանորմերի փոխկապակցված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում դատական նիստի արձանագրումը ենթադրում է ձայնային արձանագրում` ամրագրված լազերային կրիչի վրա և համառոտագրում` արտատպված թղթի վրա:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ձայնային արձանագրումը ներկայումս հանդիսանում է դատական նիստի բոլոր տվյալների անընդմեջ արձանագրման հիմնական միջոցը, հետևաբար նաև դատավարության հրապարակայնության ապահովման միջոցը:
Ինչ վերաբերում է թղթային համառոտագրմանը, ապա վերջինս ուղղակի դատական նիստերի դահլիճում կատարվող գործողությունների մասին նշումներն են, որն ունի ուղղորդիչ բնույթ, հետևաբար առանց ձայնային արձանագրման այն չի կարող բավարար պատկեր ստեղծել դատական նիստի ընթացքի վերաբերյալ, չի կարող բավարար չափով ապահովել դատավարության հրապարակայնությունը և ծառայել որպես անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների ապահովման երաշխիք:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում լազերային կրիչի վրա ամրագրված ձայնային արձանագրման և համակարգչային համառոտագրման միաժամանակյա առկայությունը պարտադիր է յուրաքանչյուր դատական նիստով, և դրանցից որևէ մեկի բացակայությունը ենթադրում է դատական նիստի արձանագրության բացակայություն:
Վերը նշված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով լազերային կրիչի վրա մեկ կամ մի քանի դատական նիստերի ձայնային արձանագրությունների բացակայությունը դատական ակտի պարտադիր բեկանման հիմք է հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործով բողոք բերած անձը, վկայակոչելով Դատարանի 04.07.2013 և 26.07.2013 թվականների արձանագրությունները, պնդում է, որ նշված արձանագրությունները պետք է պարտադիր հետազոտման առարկա դարձվեն, քանի որ դրանցով հստակ հիմնավորվում են իր կողմից ներկայացված այն փաստարկները, որ փորձագետը ոչ թե մանրամասնորեն պատասխանել է Ջուլետտա Սմբատյանի բոլոր հարցերին և մանրամասն բացատրություն է տվել կատարված փորձաքննության մասին, այլ ընդամենը խեղաթյուրել է իրական փաստերը: Բացի այդ, պատասխանողը, հիմնավոր կասկածներ ունենալով փորձագետի եզրակացության արժանահավատության վերաբերյալ, միջնորդել է նշանակել կրկնակի փորձաքննություն, որը նույնպես Դատարանի կողմից մերժվել է:
Վերը նշվածը հիմք ընդունելով և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը 19.06.2013, 04.07.2013, 26.07.2013 և 28.08.2013 թվականների դատական նիստերն արձանագրել է ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով համառոտագրման միջոցով, սակայն նշված դատական նիստերի ձայնային արձանագրություններն ամրագրված չեն գործում առկա լազերային կրիչի վրա, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ սույն գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը:
Դատական նիստի արձանագրության բացակայության պայմաններում Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ ինչպես փորձագետի բացատրությունների վերաբերյալ վճռաբեկ բողոք բերած անձի վերը նշված փաստարկին, այնպես էլ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ բողոքի մյուս հիմնավորումներին:
Այսպիսով, սույն որոշման պատճառաբանական մասում նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ա. Բարսեղյան
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Ե. Սողոմոնյանի