Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈԼԴՈՎԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը և Մոլդովայի Հանրապետության մշակույթի նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

 

հիմնվելով Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության ժողովուրդների միջև ավանդական բարեկամական հարաբերություններն ու փոխըմբռնումը ամրացնելու, իրավահավասար համագործակցությունը ընդլայնելու և խորացնելու փոխադարձ ձգտման վրա,

ելնելով այն տեսակետից, որ մշակույթի ոլորտում համագործակցությունը նպաստում է ազգերի միջև հարաբերությունների փոխըմբռնմանը, զարգացմանը և ամրապնդմանը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը բարենպաստ պայմաններ են ստեղծում կերպարվեստի և բեմական արվեստի, կինեմատոգրաֆիայի, գրադարանային և թանգարանային գործի, դեկորատիվ կիրառական, ինքնագործ և կրկեսային արվեստների, ժողովրդական արհեստների, պատմամշակութային ժառանգության օբյեկտների պահպանության ոլորտներում համագործակցության զարգացման համար:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը նպաստում են երաժշտական հաստատությունների և համերգային կազմակերպությունների միջև ուղիղ կապերի հաստատմանը, կատարողների, երաժշտական խմբերի և մասնագետների փոխանակմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության ստեղծագործական միությունների միջև կապերի ընդլայնմանը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը խրախուսում են հայ և մոլդովացի կատարողների և խմբերի փոխադարձ մասնակցությունը միջազգային երաժշտական փառատոներին, մրցույթներին և ավանդական երաժշտական միջոցառումներին, որոնք տեղի են ունենում Կողմ հանդիսացող պետություններում, աջակցություն են ցույց տալիս համատեղ համերգային ծրագրերի և նախագծերի կազմակերպմանն ու իրականացմանը, մենակատարների, ռեժիսոր-բեմադրիչների և պարուսույցների փոխանակումներին:

Կողմերը խրախուսում են հայ կատարողների և խմբերի մասնակցությունը Մոլդովայի Հանրապետության տարածքում անցկացվող միջազգային փառատոներին.

ա) «Մերցիոշար» միջազգային երաժշտական փառատոն,

բ) «Հրավիրում է Մարիա Բիեշուն» օպերայի և բալետի միջազգային փառատոն,

գ) «Էթնոջազ» միջազգային փառատոն,

դ) էստրադային երաժշտության «Doua inimi gemene» միջազգային փառատոն-մրցույթ,

ե) Ե. Կոկի անվան երիտասարդ կատարողների միջազգային մրցույթ,

զ) նոր երաժշտության միջազգային փառատոն:

 

Կողմերը խրախուսում են մոլդովացի կատարողների և խմբերի մասնակցությունը Հայաստանի տարածքում անցկացվող միջազգային փառատոներին.

ա) «Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ» (ամենամյա, ք. Երևան),

բ) «Երևանյան հեռանկարներ» դասական երաժշտության միջազգային փառատոն,

գ) «Վերադարձ» դասական երաժշտության միջազգային փառատոն,

դ) «Գոհար Գասպարյանի անվան վոկալիստների մրցույթ» (ամենամյա, ք. Երևան):

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը նպաստում են թատրոնների միջև ուղիղ կապերի հաստատմանն ու զարգացմանը, կատարողների, բեմադրող խմբերի, քննադատների և թատերագետների փոխանակումներին, Հայաստանի Հանրապետությունում և Մոլդովայի Հանրապետությունում ներկայացումներ բեմադրելու նպատակով ռեժիսորներ հրավիրելուն, ինչպես նաև հյուրախաղերի կազմակերպմանը, Կողմ հանդիսացող պետություններում անցկացվող միջազգային թատերական փառատոներին և սեմինարներին մասնակցությանը:

Կողմերը խրախուսում են հայ կատարողների և խմբերի մասնակցությունը Մոլդովայի Հանրապետության տարածքում անցկացվող միջազգային թատերական փառատոներին.

ա) «Եուդջեն Իոնեսկոյի թատրոնի բիենալեն» թատերական արվեստի միջազգային փառատոն,

բ) ազգային թատերական փառատոն,

գ) տիկնիկային թատրոնների միջազգային մեծ փառատոն,

դ) թատերական դպրոցների միջազգային փառատոն,

ե) Կամերային թատրոնների և փոքր ձևաչափի ներկայացումների միջազգային փառատոն:

2) Կողմերը խրախուսում են մոլդովացի կատարողների և խմբերի մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող միջազգային թատերական փառատոներին:

ա) «Արմմոնո» միջազգային թատերական փառատոն (ամենամյա, ք. Երևան),

բ) «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոն (ամենամյա, ք. Երևան),

գ) «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոն (ք. Երևան),

դ) «Թումանյանական հեքիաթի օր» միջազգային տիկնիկային փառատոն:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը նպաստում են Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության թանգարանների միջև համագործակցության և գործընկերության զարգացմանը, ցուցադրությունների նոր թանգարանային տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը, ինչպես նաև Կողմ հանդիսացող պետությունների թանգարանների և ժամանակակից արվեստի կենտրոնների միջև ուղիղ կապերի հաստատմանը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերը աջակցում են հայ և մոլդովացի գրողների, բանաստեղծների, թարգմանիչների մասնակցությամբ համատեղ ստեղծագործական սեմինարների, հանդիպումների և կլոր սեղանների կազմակերպմանն ու անցկացմանը, օժանդակում են Հայաստանի Հանրապետությունից և Մոլդովայի Հանրապետությունից այդ միջոցառումներին մասնակիցներ ուղարկելուն:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը նպաստում են Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության մշակույթի և արվեստի ոլորտի բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների միջև ուղիղ կապերի հաստատմանը և բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսների ստեղծագործական վերապատրաստումների և որակավորման բարձրացմանն ուղղված պայմանների ստեղծմանը:

Կողմերը խրախուսում են Կողմ հանդիսացող պետությունների առաջատար թատերական հանդեսային հաստատությունների և մշակույթի ու արվեստի բարձրագույն ուսումնական հաստատությունների հիման վրա ուսանողների փոխանակումները:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը խրախուսում են ժողովրդական ստեղծագործության բնագավառում համագործակցության զարգացումը և փոխանակում են տեղեկատվություն ժողովրդական արվեստների բնագավառում, այդ թվում` Կողմ հանդիսացող պետությունների տարածքներում անցկացվող միջազգային բանահյուսական փառատոների վերաբերյալ:

Կողմերը խրախուսում են հայ կատարողների և խմբերի մասնակցությունը Մոլդովայի Հանրապետության տարածքում անցկացվող բանահյուսական փառատոներին.

ա) «Նուֆերուլ ալբ» միջազգային բանահյուսական փառատոն,

բ) «Խորա Պրուտուլույ» ժողովրդական պարի միջազգային փառատոն,

գ) «Մեշտերուլ Մանոլե» միջազգային բանահյուսական փառատոն:

 

2) Կողմերը խրախուսում են մոլդովացի կատարողների և խմբերի մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող միջազգային բանահյուսական փառատոներին:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերն իրականացնում են համագործակցություն կինեմատոգրաֆիայի բնագավառում, նպաստում են համատեղ կինոնախագծերի իրականացմանը:

Կողմերը նպաստում են մոլդովական և հայկական կինոյի փոխանակման օրերի կազմակերպմանը` հավասար հարաբերակցության հիմունքներով, աջակցություն են ցույց տալիս Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության կինոյի վարպետներ հրավիրելու հարցում Կողմերի պետությունների տարածքներում անցկացվող միջազգային կինոփառատոններին և այլ միջոցառումների` իրենց կանոնակարգին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերը նպաստում են Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության գրադարանների միջև ուղիղ կապերի ընդլայնմանը, խրախուսում են գրքի ցուցահանդեսների փոխանակումը, գրադարանային գործի ոլորտում համատեղ խորհրդաժողովների, գիտաժողովների և սեմինարների կազմակերպումը, փոխանակում են գրքի միջազգային տոնավաճառների մասնակցության հրավերներ:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Կողմերը փոխանակում են տեղեկատվություն պատմամշակութային ժառանգության հաշվառման, պահպանության, վերականգնման, օգտագործման և տարածման հարցերի առնչությամբ, ինչպես նաև քննարկում են վերականգնողական և հնագիտական աշխատանքների իրականացման գիտական և գործնական սեմինարների, արշավների, գիտաժողովների, մասնագետների և փորձագետների հանդիպումների համատեղ կազմակերպման հնարավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Կողմերը իրենց իրավասությունների և Կողմ հանդիսացող յուրաքանչյուր պետությունում գործող օրենսդրության շրջանակներում իրականացնում են միջոցառումներ` ուղղված մշակութային արժեքների ապօրինի ներկրման և արտահանման կանխարգելմանը, այդ հարցերի շուրջ տեղեկատվություն են փոխանակում և աջակցում են ապօրինի արտահանված մշակութային արժեքների վերադարձմանը:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Կողմերը նախատեսում են պատվիրակությունների և տեղեկատվական նյութերի փոխանակում` ազգաբնակչության տարբեր շերտերին Կողմերից յուրաքանչյուրի մշակութային ավանդույթներին ծանոթացնելու, ինչպես նաև մշակույթի ոլորտում համագործակցությունը խորացնելու նպատակով:

Կողմերը նախատեսում են փորձի և տեղեկատվության փոխանակումներ, ինչպես նաև մասնագետների մասնակցություն Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության տարածքներում կազմակերպվող գիտական խորհրդաժողովներին, աշխատանքային խմբերին և տարբեր համաժողովներին:

Աշխատանքային այցերի ժամկետները և պատվիրակությունների կազմը կճշգրտվեն աշխատանքային կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Կողմերն իրենց իրավասությունների շրջանակներում ապահովում են Հայաստանի Հանրապետությունում մոլդովական ազգային փոքրամասնության և Մոլդովայի Հանրապետությունում հայ ազգային փոքրամասնության մշակութային պահանջմունքների բավարարումը:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագրով նախատեսված գործունեության բոլոր տեսակները պետք է իրականացվեն և ֆինանսավորվեն Կողմ հանդիսացող պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան:

Ընդ որում` յուրաքանչյուր Կողմ ինքն է հոգում այն բոլոր ծախսերը, որոնք կապված են սույն Համաձայնագրի իրականացման հետ, եթե առանձին դեպքերում ծախսերի ֆինանսավորման այլ կարգ չի սահմանվում:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Սույն Համաձայնագրում Կողմերի փոխհամաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են նրա անբաժանելի մասը հանդիսացող առանձին արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 17-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով: Նրա գործողությունն ինքնաբերաբար երկարաձգվում է հետագա հնգամյա ժամկետներով, եթե Կողմերից որևէ մեկը հերթական հնգամյա ժամկետը լրանալու օրվանից առնվազն վեց ամիս առաջ դիվանագիտական ուղիներով գրավոր չի ծանուցում մյուս Կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Կատարված է Քիշնև քաղաքում 2013 թվականի հունիսի 11-ին, երկու օրինակով` հայերեն, մոլդովերեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման հետ կապված տարաձայնություններ առաջանալու դեպքում Կողմերը պետք է ղեկավարվեն ռուսերեն տեքստով:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013թ. դեկտեմբերի 23-ին

 

 

pin
11.07.2013
Միջազգային պայմանագիր