Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ` ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Բելառուսի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

 

կառուցելով իրենց հարաբերությունները ազգային փոքրամասնություն հանդիսացող անձանց իրավունքների ապահովման բնագավառում 2001 թ. մայիսի 26-ի` «Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին» պայմանագրի ոգուն համապատասխան,

 

նկատի ունենալով այն հանգամանքը, որ Բելառուսի Հանրապետությունում բնակվող հայերը և Հայաստանի Հանրապետությունում բնակվող բելառուսները հանդիսանում են իրենց բնակության երկրի հասարակության բաղկացուցիչ մասը կազմող ազգային փոքրամասնություն ներկայացնող անձինք և իրենց աշխատանքով, յուրօրինակ մշակույթով ու ավանդույթներով հարստացնում են այդ հասարակությունները,

 

հաստատելով իրենց համոզմունքը, որ ազգային փոքրամասնությունների զարգացումը և Կողմ հանդիսացող պետությունների հասարակական, քաղաքական, տնտեսական և կրթամշակութային կյանքում նրանց լիարժեք մասնակցության ապահովումը երկու հասարակությունների բարգավաճման գրավականն է,

 

դիտելով քաղաքակրթությունների երկխոսությունը, փոխհարստացումն ու իրար լրացնելը որպես ազգային համայնքների համագործակցության ու զարգացման իրական հիմք,

 

ձգտելով բարենպաստ պայմաններ ստեղծել Բելառուսի Հանրապետությունում հայ ազգային փոքրամասնությանը և Հայաստանի Հանրապետությունում բելառուս ազգային փոքրամասնությանը պատկանող անձանց իրավունքների իրացման և նրանց կազմակերպությունների գործունեության համար,

 

հիմնվելով իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքների վրա,

 

ձգտելով իրենց փոխհարաբերություններն ամրապնդել իրավապայմանագրային հիմքերով և դրանց հաղորդել նոր որակ,

 

հիմնվելով երկու պետությունների տարածքում կայուն ազգամիջյան հարաբերությունների պահպանման, ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման, նրանց ազգային ինքնատիպության, մշակույթի ու լեզվի զարգացման գործում համագործակցություն հաստատելու հարցում Կողմերի ունեցած շահագրգռության վրա,

 

հաշվի առնելով այն, որ Կողմ հանդիսացող պետությունների կրթական համակարգերում ազգային կրթամշակութային բաղադրիչի ստեղծմանն ու ներդրմանը Կողմերը տալիս են գերակա նշանակություն,

 

ելնելով պետություն-եկեղեցի, միջդավանաբանական հարաբերությունների կարգավորման հիմնախնդիրների արդյունավետ լուծման հարցում Կողմերի փոխադարձ շահագրգռությունից,

 

ցանկանալով միմյանց նկատմամբ առավել լայն օժանդակություն ցուցաբերել նշված նպատակների իրականացման հարցում,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը, սույն Համաձայնագրին, Կողմ հանդիսացող պետությունների ազգային օրենսդրություններին, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան, համագործակցություն են իրականացնում ազգային փոքրամասնություն հանդիսացող անձանց իրավունքների ապահովման բնագավառում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագրի մեջ ազգային փոքրամասնություն հանդիսացող անձինք ասելով համապատասխանաբար հասկանում ենք.

 

Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր, ազգային, մշակութային և լեզվական առանձնահատկություններից ելնելով, իրենց համարում են բելառուսական ազգային փոքրամասնություն,

 

Բելառուսի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր ազգային, մշակութային և լեզվական առանձնահատկություններից ելնելով, իրենց համարում են հայկական ազգային փոքրամասնություն:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը, իրենց պետություններում գործող օրենսդրությանը համապատասխան, կօժանդակեն ազգային փոքրամասնություն հանդիսացող անձանց իրենց ազգային, մշակութային և լեզվական ինքնության պահպանմանն ուղղված գործունեության իրականացման գործում:

 

Կողմերը, ապահովելով պետությունների համապատասխան մարմինների և կազմակերպությունների մասնակցությունը այդպիսի գործունեությանը, կստեղծեն պայմաններ Կողմերի պետություններում կրթություն ստանալիս ազգային ավանդույթների ուսումնասիրության համար:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը կապահովեն ազգային փոքրամասնություն հանդիսացող անձանց իրավունքը.

արտասահմանում բնակվող հայրենակիցների հետ կապեր հաստատելու և պահպանելու, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների գործունեությանը մասնակցելու,

անձնական և հասարակական կյանքում օգտագործելու մայրենի լեզուն` Կողմ հանդիսացող պետությունների` լեզուները օգտագործելու մասին օրենսդրությամբ սահմանված շրջանակներում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը, իրենց պետությունների գործող օրենսդրությունների համաձայն`

կզարգացնեն համագործակցություն` ուղղված պետություն-եկեղեցի, ազգամիջյան, միջդավանաբանական հարաբերությունների և արտերկրում բնակվող հայրենակիցների հետ փոխհարաբերությունների կարգավորման իրավական կանոնակարգմանը և աշխատանքային փորձի փոխանակմանը,

կփոխգործակցեն և կհամաձայնեցնեն իրենց գործունեությունը սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածով սահմանված անձանց օգնություն ցուցաբերելու հարցում,

կիրականացնեն տեղեկատվության փոխանակում իրենց պետություններում ազգային և կրոնական վիճակի, պետություն-եկեղեցի, ազգամիջյան և միջդավանաբանական հարաբերությունների կարգավորման դաշտում տարվող պետական քաղաքականության, առանձին դավանանքների, կրոնական կազմակերպությունների (միավորումների) վերաբերյալ,

կհամագործակցեն կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործում,

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կկազմակերպեն համատեղ գիտափորձնական համաժողովներ, սեմինարներ, գիտաժողովներ, գիտական հետազոտություններ, կիրականացնեն գիտական հետազոտությունների արդյունքների և Կողմ հանդիսացող պետություններում ազգային փոքրամասնությունների կարգավիճակի խնդիրներին առնչվող այլ տեղեկատվության փոխանակում,

կկազմակերպեն այլ միջոցառումներ, համատեղ ծրագրեր և նախագծեր:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Անհրաժեշտության դեպքում Կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են ստեղծել աշխատանքային խմբեր և համակարգող հանձնաժողովներ` սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված որոշակի հարցեր լուծելու նպատակով:

Կողմերը կարող են կնքել սույն Համաձայնագրի դրույթների իրականացմանն ուղղված համագործակցության մասին արձանագրություններ` կոնկրետ պայմանների և միջոցների նշումով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը խրախուսում են իրենց պետությունների գիտական հաստատությունների միջև սույն Համաձայնագրի առարկայի հետ կապված հարցերի շուրջ անմիջական համագործակցությունը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման ժամանակ ծագած բոլոր հարցերը կլուծվեն Կողմերի միջև` բանակցությունների կամ խորհրդակցությունների անցկացման միջոցով:

 

Կողմերը կձգտեն փոխադարձ համաձայնության հասնել այն բոլոր վիճելի հարցերի կարգավորման գործում, որոնք կարող են առաջանալ սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման ժամանակ:

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն դրա բաղկացուցիչ մասը հանդիսացող առանձին արձանագրություններով: Այդպիսի լրացումներն ու փոփոխությունները ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով:

 

Սույն Համաձայնագիրը չի բացառում Կողմերի միջև նախապես համաձայնեցված այլ համատեղ միջոցառումների և նախագծերի իրականացումը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերի` սույն Համաձայնագրի հոդվածներից բխող ոչ մի պարտավորություն չի կարող մեկնաբանվել որպես հիմք այնպիսի գործողությունների կամ գործունեության իրականացման համար, որոնք կհակասեն Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին ու սկզբունքներին, միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին ու սկզբունքներին, Կողմ հանդիսացող պետությունների օրենսդրություններին ու միջազգային պարտավորություններին:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգի կատարման մասին վերջին ծանուցումն ստանալու օրվանից: Սույն Համաձայնագրի գործողության ժամկետը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդող հնգամյա ժամկետներով, քանի դեռ Կողմերից որևէ մեկը հերթական հնգամյա ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան առնվազն վեց ամիս առաջ գրավոր չի տեղեկացրել մյուս Կողմին Համաձայնագրի գործողության դադարեցման իր մտադրության մասին:

 

Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում նրա դրույթները կմնան ուժի մեջ այն պայմանավորվածությունների և ծրագրերի, նախագծերի և միջոցառումների առնչությամբ, որոնք արդեն ընդունված են եղել սույն Համաձայնագրի համաձայն, սակայն իրականացված չեն եղել նրա գործողության դադարեցման պահին:

 

Կատարված է Երևան քաղաքում 2013 թվականի մայիսի 13-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ ի հայտ գալու դեպքում Կողմերը որպես հիմք կընդունեն տեքստի շարադրանքի ռուսերեն տարբերակը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013թ. դեկտեմբերի 13-ին

 

 

pin
13.05.2013
Միջազգային պայմանագիր