i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ
ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԵՐԸ`
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, այսուհետ` Հայաստան
և
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ, այսուհետ` ՄԻՈՒԹՅՈՒՆ,
ՎՃՌԱԿԱՆ ԼԻՆԵԼՈՎ ամրապնդել իրենց համագործակցությունը անօրինական միգրացիայի դեմ առավել արդյունավետ պայքարելու համար,
ՑԱՆԿԱՆԱԼՈՎ սույն Համաձայնագրի միջոցով և փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին, և դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը` համագործակցության ոգով,
ՇԵՇՏԵԼՈՎ, որ սույն Համաձայնագիրը չպետք է սահմանափակի Միության, դրա անդամ պետությունների և Հայաստանի իրավունքները, պարտավորությունները և պարտականությունները, որոնք բխում են միջազգային իրավունքից, և, մասնավորապես «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թվականի հուլիսի 28-ի կոնվենցիայից` փոփոխված 1967 թվականի հունվարի 31-ի արձանագրությամբ, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի նոյեմբերի 4-ի կոնվենցիայից,
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ «Եվրոպական միության մասին» պայմանագրին և «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագրին կից ներկայացված` Ազատության, անվտանգության և արդարադատության տարածքի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և Իռլանդիայի դիրքորոշման մասին 21-րդ արձանագրության համաձայն` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունն ու Իռլանդիան չեն մասնակցի այս Համաձայնագրի աշխատանքներին, եթե նրանք չտեղեկացնեն հակառակի մասին իրենց ցանկության վերաբերյալ` այդ Արձանագրությանը համապատասխան,
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ սույն Համաձայնագրի դրույթները, որոնք գտնվում են «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագրի V գլխի երրորդ մասի գործողության ոլորտում, չեն կիրառվում Դանիայի Թագավորության նկատմամբ` համաձայն «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագրին և «Եվրոպական միության մասին» պայմանագրին կից ներկայացված` Դանիայի Թագավորության դիրքորոշման մասին 22-րդ արձանագրության,
ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ ՀԵՏԵՎՅԱԼԻ ՄԱՍԻՆ.
ՀՈԴՎԱԾ 1
Սահմանումները
Սույն Համաձայնագրի նպատակով`
ա) «Պայմանավորվող կողմեր» նշանակում է Հայաստանը և Միությունը.
բ) «Հայաստանի քաղաքացի» նշանակում է ցանկացած անձ, ով ունի Հայաստանի քաղաքացիություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան,
գ) «անդամ պետության քաղաքացի» նշանակում է ցանկացած անձ, ով ունի անդամ պետության քաղաքացիություն, ինչպես սահմանված է Միության նպատակներով.
դ) «անդամ պետություն» նշանակում է Եվրոպական միության ցանկացած անդամ պետություն, որի համար սույն Համաձայնագիրը պարտադիր բնույթ ունի.
ե) «երրորդ երկրի քաղաքացի» նշանակում է ցանկացած անձ, ով ունի Հայաստանի կամ անդամ պետություններից մեկի քաղաքացիությունից բացի այլ քաղաքացիություն.
զ) «քաղաքացիություն չունեցող անձ» նշանակում է ցանկացած անձ, ով չունի քաղաքացիություն.
է) «բնակության թույլտվություն» նշանակում է իր տարածքում բնակվելու թույլտվություն` տրված Հայաստանի կամ անդամ պետություններից մեկի կողմից: Դա չի ներառում ապաստանի դիմումի կամ բնակության թույլտվության դիմումի ուսումնասիրման պարագայում իր տարածքում մնալու ժամանակավոր թույլտվությունները.
ը) «վիզա» նշանակում է Հայաստանի կամ անդամ պետություններից մեկի կողմից տրված թույլտվություն կամ ընդունված որոշում, որը պահանջվում է իր տարածք մուտք գործելու կամ տարածքով անցնելու համար: Սա չի ներառում օդանավակայանով տարանցման վիզան.
թ) «հարցում ներկայացրած պետություն» նշանակում է այն պետությունը (Հայաստանը կամ անդամ պետություններից մեկը), որը ներկայացնում է հետընդունման դիմում` սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի կամ տարանցման դիմում` 15-րդ հոդվածի համաձայն.
ժ) «հարցում ստացած պետություն» նշանակում է այն պետությունը (Հայաստանը կամ անդամ պետություններից մեկը), որին հասցեագրված է հետընդունման դիմումը` սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի կամ տարանցման դիմում` 15-րդ հոդվածի համաձայն.
ժա) «իրավասու մարմին» նշանակում է Հայաստանի կամ անդամ պետություններից մեկի ցանկացած ազգային մարմին, որին վերապահված է սույն Համաձայնագրի կիրարկումը` դրա 20(1)(ա) հոդվածին համապատասխան.
ժբ) «տարանցում» նշանակում է երրորդ երկրի քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի անցումը հարցում ստացած պետության տարածքով` հարցում ներկայացրած պետությունից նշանակման երկիր ճանապարհորդելիս.
ժգ) «սահմանային տարածք» նշանակում է գոտի, որը ձգվում է 15 կիլոմետր անդամ պետությունների և Հայաստանի նավահանգիստների` ներառյալ մաքսային գոտիների և միջազգային օդանավակայանների տարածքներից:
ՀՈԴՎԱԾ 2
Հիմնարար սկզբունքները
Անկանոն միգրացիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի շուրջ համագործակցությունն ամրապնդելիս հարցում ստացած պետությունը և հարցում ներկայացրած պետությունը, սույն Համաձայնագիրը դրա գործողության ոլորտի ներքո գտնվող անձանց նկատմամբ կիրառելիս, ապահովում են մարդու իրավունքների և պարտավորությունների ու պարտականությունների նկատմամբ հարգանքը, որ բխում է նրանց նկատմամբ կիրառելի միջազգային փաստաթղթերից, մասնավորապես.
- 1948 թվականի դեկտեմբերի 10-ի` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից
- «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի նոյեմբերի 4-ի կոնվենցիայից
- 1966 թվականի դեկտեմբերի 16-ի` Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրից
- «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին» ՄԱԿ-ի 1984 թվականի դեկտեմբերի 10-ի կոնվենցիայից
- «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թվականի հուլիսի 28-ի կոնվենցիայից և դրա` 1967 թվականի հունվարի 31-ի` փախստականների կարգավիճակի վերաբերյալ արձանագրությունից:
Հարցում ստացած պետությունը մասնավորապես ապահովում է, վերը թվարկված միջազգային փաստաթղթերի ներքո ստանձնած իր պարտավորություններին համապատասխան, իր տարածք հետ ընդունված անձանց իրավունքների պաշտպանությունը:
Հարցում ներկայացրած պետությունը պետք է նախապատվություն տա կամավոր, այլ ոչ թե պարտադրված վերադարձին, եթե պատճառներ չկան հավատալու, որ այն կխոչընդոտի անձի վերադարձին հարցում ստացած պետություն:
ԲԱԺԻՆ I
ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 3
Սեփական քաղաքացիների հետընդունումը
1. Հայաստանը հետ է ընդունում, անդամ պետության դիմումի հիման վրա և առանց հետագա ձևական (ֆորմալ) պահանջների, բացառությամբ այն պահանջների, որոնք նախատեսված են սույն Համաձայնագրով, բոլոր անձանց, ովքեր չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում հարցում ներկայացրած անդամ պետության տարածք մուտք գործելու, ներկա գտնվելու կամ բնակվելու գործող պայմաններին` պայմանով, որ ապացուցված է կամ կարող է հիմնավորված ձևով ենթադրվել, ներկայացված առերևույթ (prima facie) փաստարկների հիման վրա, որ նրանք Հայաստանի քաղաքացիներ են:
2. Հայաստանը հետ է ընդունում նաև
- 1-ին պարբերությունում նշված անձանց անչափահաս չամուսնացած երեխաներին` անկախ նրանց ծննդյան վայրից կամ քաղաքացիությունից` բացի այն դեպքերից, երբ նրանք ունեն հարցում ներկայացրած պետությունում բնակության անկախ իրավունք կամ ունեն այլ անդամ պետության կողմից տրված վավեր բնակության թույլտվություն և
- 1-ին պարբերությունում նշված անձանց ամուսիններին, ովքեր ունեն այլ քաղաքացիություն կամ չունեն քաղաքացիություն` պայմանով, որ նրանք ունենան Հայաստանի տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու իրավունք կամ ստանալու մուտք գործելու և այնտեղ գտնվելու իրավունք` բացի այն դեպքերից, երբ նրանք ունեն հարցում ներկայացրած պետությունում բնակության անկախ իրավունք կամ ունեն այլ անդամ պետության կողմից տրված վավեր բնակության թույլտվություն:
3. Հայաստանը հետ է ընդունում նաև անձանց, ովքեր հրաժարվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից անդամ պետության տարածք մուտք գործելուց հետո` բացի այն դեպքերից, երբ այդ անձանց առնվազն խոստացվել է հպատակագրում (նատուրալիզացիա) անդամ պետության կողմից:
4. Այն բանից հետո, երբ Հայաստանը դրական է արձագանքում հետընդունման դիմումին, Հայաստանի իրավասու դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունը, անկախ հետ ընդունվող անձի ցանկությունից, միանգամից, անվճար և ոչ ավելի, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հետ ընդունվող անձի վերադարձի համար պահանջվող ճամփորդական փաստաթուղթը` 120 օր վավերականությամբ: Եթե Հայաստանը երեք օրվա ընթացքում չի տրամադրում փաստաթուղթ, ապա ենթադրվում է, որ այն ընդունում է ԵՄ վտարման համար օրինակելի ճամփորդական փաստաթղթի օգտագործումը.1:
______________________
1 ԵՄ Խորհրդի 1994 թվականի նոյեմբերի 30-ի առաջարկությունում ամրագրված ձևին համապատասխան:
5. Եթե իրավական կամ փաստացի պատճառներով համապատասխան անձը չի կարող փոխադրվել սկզբնապես տրված ճամփորդական փաստաթղթի վավերականության ընթացքում, Հայաստանի իրավասու դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունը երեք օրվա ընթացքում և անվճար տրամադրում է նոր ճամփորդական փաստաթուղթ միևնույն վավերականության ժամանակահատվածով: Եթե Հայաստանը երեք օրվա ընթացքում չի տրամադրում նոր ճամփորդական փաստաթուղթը, ապա ենթադրվում է, որ այն ընդունում է ԵՄ վտարման համար օրինակելի ճամփորդական փաստաթղթի օգտագործումը.2:
______________________
2 Նույն տեղում:
ՀՈԴՎԱԾ 4
Երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց
հետընդունումը
1. Հայաստանը հետ է ընդունում, անդամ պետության դիմումի հիման վրա և առանց հետագա ձևական պահանջների` բացի այն պահանջներից, որոնք նախատեսված են սույն Համաձայնագրով, երրորդ երկրի բոլոր քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում հարցում ներկայացրած անդամ պետության տարածք մուտք գործելու, այնտեղ ներկա գտնվելու կամ բնակվելու գործող պայմաններին` պայմանով, որ ապացուցված է, կամ կարող է հիմնավորված ձևով ենթադրվել, տրամադրված առերևույթ (prima facie) փաստարկների հիման վրա, որ այդպիսի անձինք
ա) հետընդունման դիմումը ներկայացնելու պահին ունեն Հայաստանի կողմից տրված վավեր վիզա կամ բնակության թույլտվություն, կամ
բ) անօրինական կերպով և ուղղակիորեն մուտք են գործել անդամ պետության տարածք Հայաստանի տարածքում գտնվելուց կամ տարածքով անցնելուց հետո:
2. 1-ին պարբերությունում նշված հետընդունման պարտավորությունը չի գործում, եթե երրորդ երկրի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը գտնվել է միայն օդային տարանցման գոտում` Հայաստանի միջազգային օդանավակայանով:
3. Չխախտելով 7(2) հոդվածը` այն բանից հետո, երբ Հայաստանը դրական է արձագանքել հետընդունման դիմումին, հարցում ներկայացրած պետությունը ԵՄ վտարման համար օրինակելի ճամփորդական փաստաթուղթ.3 է տրամադրում այն անձին, ում հետընդունման մասով դրական արձագանք է տրվել:
______________________
3 Նույն տեղում:
ԲԱԺԻՆ II
ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍՈՎ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 5
Սեփական քաղաքացիների հետընդունումը
1. Անդամ պետությունը հետ Է ընդունում, Հայաստանի դիմումի հիման վրա և առանց հետագա ձևական պահանջների` բացառությամբ այն պահանջների, որոնք նախատեսված են սույն Համաձայնագրով, բոլոր անձանց, ովքեր չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում Հայաստանի տարածք մուտք գործելու, այնտեղ ներկա գտնվելու կամ բնակվելու գործող պայմաններին` պայմանով, որ ապացուցված է կամ կարող է հիմնավորված ձևով ենթադրվել, ներկայացված առերևույթ (prima facie) փաստարկների հիման վրա, որ նրանք այդ անդամ պետության քաղաքացիներ են:
2. Անդամ պետությունը հետ է ընդունում նաև
- 1-ին պարբերությունում նշված անձանց անչափահաս չամուսնացած երեխաներին` անկախ նրանց ծննդյան վայրից կամ քաղաքացիությունից` բացի այն դեպքերից, երբ նրանք ունեն Հայաստանում բնակության անկախ իրավունք և
- 1-ին պարբերությունում նշված անձանց ամուսիններին, ովքեր ունեն այլ քաղաքացիություն կամ չունեն քաղաքացիություն` պայմանով, որ նրանք ունենան հարցում ստացած անդամ պետության տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու իրավունք կամ ստանան մուտք գործելու և այնտեղ գտնվելու իրավունք` բացի այն դեպքերից, երբ նրանք ունեն Հայաստանում բնակության անկախ իրավունք:
3. Անդամ պետությունը հետ է ընդունում նաև անձանց, ովքեր հրաժարվել են անդամ պետության քաղաքացիությունից Հայաստանի տարածք մուտք գործելուց հետո` բացի այն դեպքերից, երբ այդ անձանց առնվազն խոստացվել է հպատակագրում (նատուրալիզացիա) Հայաստանի կողմից:
4. Այն բանից հետո, երբ հարցում ստացած անդամ պետությունը դրական է արձագանքում հետընդունման դիմումին, այդ անդամ պետության իրավասու դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունը, անկախ հետ ընդունվող անձի ցանկությունից, միանգամից, անվճար և ոչ ավելի, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հետ ընդունվող անձի վերադարձի համար պահանջվող ճամփորդական փաստաթուղթը` 120 օր վավերականությամբ:
5. Եթե իրավական կամ փաստացի պատճառներով համապատասխան անձը չի կարող փոխադրվել սկզբնապես տրված ճամփորդական փաստաթղթի վավերականության ընթացքում, անդամ պետության իրավասու դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունը երեք օրվա ընթացքում և անվճար տրամադրում է նոր ճամփորդական փաստաթուղթ միևնույն վավերականության ժամանակահատվածով:
ՀՈԴՎԱԾ 6
Երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց
հետընդունումը
1. Անդամ պետությունը հետ է ընդունում, Հայաստանի դիմումի հիման վրա և առանց հետագա ձևական պահանջների` բացի այն պահանջներից, որոնք նախատեսված են սույն Համաձայնագրով, երրորդ երկրի բոլոր քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց, ովքեր չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում Հայաստանի տարածք մուտք գործելու, ներկա գտնվելու կամ բնակվելու գործող պայմաններին` պայմանով, որ ապացուցված է, կամ կարող է հիմնավորված ձևով ենթադրվել, տրամադրված առերևույթ (prima facie) փաստարկների հիման վրա, որ այդպիսի անձինք
ա) հետընդունման դիմումը ներկայացնելու պահին ունեն հարցում ստացած անդամ պետության կողմից տրված վավեր վիզա կամ բնակության թույլտվություն, կամ
բ) անօրինական կերպով և ուղղակիորեն մուտք են գործել Հայաստանի տարածք հարցում ստացած անդամ պետության տարածքում գտնվելուց կամ տարածքով անցնելուց հետո:
2. 1-ին պարբերությունում նշված հետընդունման պարտավորությունը չի գործում, եթե երրորդ երկրի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը գտնվել է միայն օդային տարանցման գոտում` հարցում ստացած անդամ պետության միջազգային օդանավակայանով:
3. 1-ին պարբերությունում նշված հետընդունման պարտավորությունը այն անդամ պետությանն է վերաբերում, որը տրամադրել է վիզա կամ բնակության թույլտվություն: Եթե երկու կամ ավելի անդամ պետություններ են տրամադրել վիզա կամ բնակության թույլտվություն, ապա 1-ին պարբերությունում նշված հետընդունման պարտավորությունը վերաբերում է այն անդամ պետությանը, որը տրամադրել է ավելի երկար վավերականության ժամկետով փաստաթուղթ, կամ եթե այդ փաստաթղթերից մեկի կամ մի քանիսի վավերականության ժամկետը ավարտվել է` այն փաստաթուղթը, որը դեռ վավերական է: Եթե բոլոր փաստաթղթերի վավերականության ժամկետներն արդեն ավարտվել են, 1-ին պարբերությունում նշված հետընդունման պարտավորությունը վերաբերում է այն անդամ պետությանը, որի տրամադրած փաստաթղթի վավերականության ժամկետն ամենաուշն է լրացել: Եթե ոչ մի նման փաստաթուղթ չի կարող ներկայացվել, 1-ին պարբերությունում նշված հետընդունման պարտավորությունը վերաբերում է վերջին ելքի անդամ պետությանը:
4. Չխախտելով 7(2) հոդվածը` այն բանից հետո, երբ անդամ պետությունը դրական է արձագանքել հետընդունման դիմումին, Հայաստանը տրամադրում է այն անձի վերադարձի համար անհրաժեշտ փաստաթղթեր, ում հետընդունման մասով դրական արձագանք է տրվել:
ԲԱԺԻՆ III
ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
ՀՈԴՎԱԾ 7
Սկզբունքները
1. Պահպանելով 2-րդ պարբերության դրույթները` հետ ընդունվող անձի ցանկացած փոխանցման համար, որն իրականացվում է 3-6-րդ հոդվածներում նշված պարտավորություններից որևէ մեկի հիման վրա, պահանջվում է հետընդունման դիմումի ներկայացում հարցում ստացած պետության իրավասու մարմնին:
2. Եթե հետ ընդունվող անձն ունի վավեր ճամփորդական փաստաթուղթ կամ անձը հաստատող փաստաթուղթ, իսկ երրորդ երկրի քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում` հարցում ստացած պետության վավեր վիզա կամ բնակության թույլտվություն, ապա տվյալ անձի փոխադրումը կարելի է իրականացնել առանց հարցում ներկայացրած պետության կողմից հարցում ստացած պետության իրավասու մարմնին հասցեագրված` 12(1) հոդվածում նշված հետընդունման դիմում կամ գրավոր ծանուցում ներկայացնելու պահանջի:
3. Չխախտելով 2-րդ պարբերության դրույթները` եթե անձը արգելանքի է վերցվել հարցում ներկայացրած պետության սահմանային տարածքում` ներառյալ օդանավակայաններում, սահմանն անօրինական հատելուց հետո` ուղևորվելով անմիջապես հարցում ստացած պետության տարածքից, ապա հարցում ներկայացրած պետությունը հետընդունման դիմումը կարող է ներկայացնել տվյալ անձին արգելանքի վերցնելուց հետո երկու օրվա ընթացքում (արագացված ընթացակարգ):
ՀՈԴՎԱԾ 8
Հետընդունման դիմումը
1. Հնարավորության սահմաններում, հետընդունման դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`
ա) հետ ընդունվող անձի տվյալները (անունները, ազգանունները, ծննդյան տարեթիվը, եթե հնարավոր է`ծննդյան վայրը և բնակության վերջին վայրը) և, եթե կիրառելի է, անչափահաս չամուսնացած երեխաների և (կամ) ամուսինների տվյալները,
բ) սեփական քաղաքացիների պարագայում` կնշվեն այն միջոցները, որոնց միջոցով քաղաքացիության մասով ապացույց կամ առերևույթ փաստարկներ կներկայացվեն, ինչպես սահմանված է համապատասխանաբար 1-ին և 2-րդ հավելվածներով,
գ) երրորդ երկրի քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց պարագայում` կնշվեն այն միջոցները, որոնց միջոցով երրորդ երկրի քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունման պայմանների մասով ապացույց կամ առերևույթ փաստարկներ կներկայացվեն, ինչպես սահմանված է համապատասխանաբար 3-րդ և 4-րդ հավելվածներով,
դ) հետ ընդունվող անձի լուսանկարը:
2. Հնարավորության սահմաններում, հետընդունման դիմումը պարունակում է նաև հետևյալ տեղեկությունները`
ա) հայտարարություն այն մասին, որ հետ ընդունվող անձն ունի օգնության կամ խնամքի կարիք` պայմանով, որ այդ անձը հստակ կերպով տվել է հայտարարության վերաբերյալ իր համաձայնությունը,
բ) տվյալ անձի առողջությանն առնչվող պաշտպանության, անվտանգության միջոց կամ այլ տեղեկատվություն, որ կարող է անհրաժեշտ լինել անհատական փոխադրման պարագայում:
3. Հետընդունման դիմումի համար կիրառելի ընդհանուր ձևը ներկայացված է սույն Համաձայնագրին կից` որպես հավելված 5:
4. Հետընդունման դիմումը կարող է ներկայացվել կապի ցանկացած միջոցով, այդ թվում` էլեկտրոնային միջոցներով:
ՀՈԴՎԱԾ 9
Քաղաքացիության մասով ապացուցման միջոցները
1. 3(1) և 5(1) հոդվածների համաձայն քաղաքացիության մասով ապացույցը կարող է ներկայացվել մասնավորապես սույն Համաձայնագրի 1-ին հավելվածում թվարկված փաստաթղթերի միջոցով` ներառյալ այնպիսի փաստաթղթերով, որոնց վավերականության ժամկետն ավարտվել է մինչև վեց ամիս: Եթե ներկայացվում են այդպիսի փաստաթղթեր, ապա անդամ պետությունները և Հայաստանը փոխադարձաբար ճանաչում են քաղաքացիությունը` առանց հետագա քննության պահանջի: Քաղաքացիության մասով ապացույցը չի կարող ներկայացվել կեղծ փաստաթղթերի միջոցով:
2. 3(1) և 5(1) հոդվածների համաձայն քաղաքացիության մասով առերևույթ փաստարկները կարող են տրամադրվել մասնավորապես սույն Համաձայնագրի 2-րդ հավելվածում թվարկված փաստաթղթերի միջոցով, անգամ եթե դրանց վավերականության ժամկետն ավարտվել է: Եթե ներկայացվում են այդպիսի փաստաթղթեր, ապա անդամ պետությունները և Հայաստանը քաղաքացիությունը փոխադարձաբար հաստատված են համարում, եթե հակառակը չեն կարող ապացուցել: Քաղաքացիության մասով առերևույթ փաստարկները չեն կարող ներկայացվել կեղծ փաստաթղթերի միջոցով:
3. Եթե 1-ին և 2-րդ հավելվածում թվարկված փաստաթղթերից ոչ մեկը չի կարող ներկայացվել, ապա հարցում ստացած պետության իրավասու դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունները, հարցում ներկայացրած պետության դիմումի հիման վրա, որը ներառվում է հետընդունման դիմումի մեջ, հարցազրույց են անցկացնում այն անձի հետ, ում հետընդունումը պետք է իրականացվի առանց անհիմն ձգձգումների` 11(2) հոդվածին համապատասխան հետընդունման դիմումը ստանալուց հետո ամենաուշը հինգ աշխատանքային օրվա ընթացքում` նրա քաղաքացիությունը հաստատելու համար: Նման հարցազրույցների կազմակերպման կարգը կարող է սահմանվել սույն Համաձայնագրի 20-րդ հոդվածում նշված կիրարկման արձանագրություններով:
ՀՈԴՎԱԾ 10
Երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասով
ապացուցման միջոցները
1. 4(1) և 6(1) հոդվածներով սահմանված երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունման պայմանների վերաբերյալ ապացույցները մասնավորապես ներկայացվում են սույն Համաձայնագրի 3-րդ հավելվածում թվարկված ապացուցման միջոցներով. այն չի կարող կատարվել կեղծ փաստաթղթերի միջոցով: Յուրաքանչյուր նման ապացույց փոխադարձաբար ճանաչվում է անդամ պետությունների և Հայաստանի կողմից` առանց հետագա քննության պահանջի:
2. 4(1) և 6(1) հոդվածներով սահմանված երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունման պայմանների վերաբերյալ առերևույթ փաստարկները մասնավորապես ներկայացվում են սույն Համաձայնագրի 4-րդ հավելվածում թվարկված ապացուցման միջոցներով. այն չի կարող կատարվել կեղծ փաստաթղթերի միջոցով: Եթե ներկայացված են այդպիսի առերևույթ փաստարկներ, ապա անդամ պետությունները և Հայաստանը համարում են պայմանները հաստատված, եթե նրանք հակառակը չեն ապացուցել:
3. Մուտքի, ներկա գտնվելու կամ բնակության անօրինական բնույթը հաստատվում է համապատասխան անձի ճամփորդական փաստաթղթերի միջոցով, որում անհրաժեշտ վիզան կամ հարցում ներկայացրած պետության տարածքում բնակության անհրաժեշտ թույլտվությունը բացակայում է: Հարցում ներկայացրած պետության կողմից հայտարարությունն այն մասին, որ պարզվել է, որ համապատասխան անձը չունի անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթեր, վիզա կամ բնակության թույլտվություն, նմանապես համարվում է առերևույթ փաստարկ մուտքի, ներկա գտնվելու կամ բնակության անօրինականության փաստի վերաբերյալ:
ՀՈԴՎԱԾ 11
Ժամկետները
1. Հետընդունման դիմումը ներկայացվում է հարցում ստացած պետության իրավասու մարմնին առավելագույնը ինն ամսվա ընթացքում այն պահից հետո, երբ հարցում ներկայացրած պետության իրավասու մարմինը տեղեկանում է, որ երրորդ երկրի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը չի բավարարում կամ այլևս չի բավարարում մուտքի, ներկա գտնվելու կամ բնակության համար անհրաժեշտ պայմանները: Եթե կան իրավական կամ փաստացի խոչընդոտներ դիմումը սահմանված ժամկետում ներկայացնելու համար, ապա այդ ժամկետը, հարցում ներկայացրած պետության դիմումի հիման վրա, կարող է երկարաձգվել, բայց մինչև այն պահը, երբ խոչընդոտները դադարեն գոյություն ունենալ:
2. Հետընդունման դիմումին անհրաժեշտ է պատասխանել գրավոր.
ա) երկու աշխատանքային օրվա ընթացքում, եթե դիմումն արագացված ընթացակարգով է տրվել (հոդված 7(3))
կամ
բ) տասներկու օրացուցային օրվա ընթացքում` մյուս բոլոր դեպքերում:
Ժամկետն սկսում է հաշվարկվել հետընդունման դիմումի ստացման օրվանից: Եթե այդ ժամանակահատվածում պատասխան չի ստացվում, ապա համարվում է, որ փոխադրման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:
Հետընդունման դիմումի պատասխանը կարող է ներկայացվել հաղորդակցության ցանկացած միջոցով, այդ թվում` էլեկտրոնային:
3. Հետընդունումը մերժելու պատճառները ներկայացվում են գրավոր:
4. Համաձայնությունը տալուց հետո կամ, անհրաժեշտության դեպքում, 2-րդ պարբերությունով սահմանված ժամկետների ավարտից հետո համապատասխան անձը փոխադրվում է երեք ամսվա ընթացքում: Հարցում ներկայացրած պետության դիմումի հիման վրա` ժամկետները կարող են երկարաձգվել` իրավական կամ գործնական խոչընդոտները վերացնելու ժամանակահատվածով:
ՀՈԴՎԱԾ 12
Փոխադրման ձևերը և տրանսպորտի միջոցները
1. Չխախտելով 7(2) հոդվածի դրույթները` մինչև անձի վերադարձը, հարցում ներկայացրած պետության իրավասու մարմինները երկու աշխատանքային օրվա ընթացքում հարցում ստացած պետության իրավասու մարմիններին նախապես գրավոր ծանուցում են փոխադրման ժամկետների, մուտքի անցակետի, հնարավոր ուղեկցողների և փոխադրմանը վերաբերող այլ տեղեկությունների մասին:
2. Տեղափոխումը կարող է իրականացվել ցանկացած միջոցով, այդ թվում օդային ուղիներով: Օդային ուղիների միջոցով վերադարձը չի սահմանափակվում Հայաստանի կամ անդամ պետության ազգային փոխադրողների օգտագործմամբ և կարող է իրականացվել սահմանված կամ չարտերային չվերթով: Եթե վերադարձողն ունի ուղեկցող, ապա ուղեկցումը չի կարող սահմանափակվել հարցում ներկայացրած պետության լիազորված անձանցով` պայմանով, որ նրանք Հայաստանի կամ որևէ անդամ պետության լիազորված անձինք են:
3. Եթե փոխանցումն իրականացվում է օդային ուղիներով, ապա ուղեկցողները ազատվում են վիզա ստանալու պահանջից:
ՀՈԴՎԱԾ 13
Սխալմամբ իրականացված հետընդունումը
Հարցում ներկայացրած պետությունը հետ է ընդունում հարցում ստացած պետության կողմից հետ ընդունված ցանկացած անձի, եթե տվյալ անձի փոխադրումից հետո վեց ամսվա ընթացքում հաստատվում է, որ սույն Համաձայնագրի 3-6-րդ հոդվածներով սահմանված պահանջները չեն կատարվել:
Նման դեպքերում, սույն Համաձայնագրի ընթացակարգային դրույթները կիրառվում են համապատասխան փոփոխություններով, և տրամադրվում է հետ ընդունվող անձի իրական ինքնությանը և քաղաքացիությանը վերաբերող հասանելի ողջ տեղեկատվությունը:
ԲԱԺԻՆ IV
ՏԱՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 14
Սկզբունքները
1. Անդամ պետությունները և Հայաստանը պետք է սահմանափակեն երրորդ երկրի քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց տարանցումը` հասցնելով այն դեպքերին, երբ այդ անձինք չեն կարող ուղղակիորեն վերադարձվել նպատակակետ հանդիսացող պետություն:
2. Հայաստանը թույլատրում է երրորդ երկրի քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց տարանցումը, եթե անդամ պետությունը նման հարցում է ներկայացնում, և անդամ պետությունը թույլատրում է երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց տարանցումը, եթե Հայաստանն է ներկայացնում նման հարցում, եթե հնարավոր այլ տարանցիկ պետությունում հետագա ճամփորդությունը և նպատակակետ հանդիսացող պետության կողմից հետընդունումը հաստատվել է:
3. Տարանցումը Հայաստանի կամ անդամ պետության կողմից կարող է մերժվել`
ա) եթե լուրջ վտանգ կա, որ երրորդ երկրի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը նպատակակետ հանդիսացող պետության կամ տարանցման այլ պետության սահմաններում կենթարկվի խոշտանգման կամ այլ անմարդկային, կամ նվաստացնող վերաբերմունքի, կամ պատժի կամ մահապատժի կամ կհետապնդվի ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների հիմքով,
բ) եթե երրորդ երկրի քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը հարցում ստացած պետության կամ տարանցիկ որևէ այլ պետության սահմաններում կարող է ենթարկվել քրեական պատժամիջոցների, կամ
գ) հանրային առողջության, ազգային անվտանգության, հանրային կարգի հիմքերով կամ հարցում ստացած պետության ազգային այլ շահերից ելնելով:
4. Հայաստանը կամ անդամ պետությունը կարող է չեղյալ հայտարարել տրված ցանկացած թույլտվություն, եթե առաջանան կամ պարզ դառնան սույն Համաձայնագրի 3-րդ պարբերությունում նշված հանգամանքները, որոնք խոչընդոտում են տարանցման գործողության իրականացմանը, կամ եթե հետագա ճամփորդությունը հնարավոր տարանցման պետություններում կամ հետ ընդունումը նպատակակետ հանդիսացող պետության կողմից այլևս ապահովված չէ: Այդ դեպքում, հարցում ներկայացրած պետությունը հետ է ընդունում երրորդ պետության քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին` ըստ անհրաժեշտության և առանց ուշացման:
ՀՈԴՎԱԾ 15
Տարանցման ընթացակարգը
1. Տարանցման գործողությունների վերաբերյալ դիմումը հարցում ստացած պետության իրավասու մարմնին պետք է ներկայացվի գրավոր և պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը.
ա) տարանցման տեսակը (օդային,ծովային կամ ցամաքային), տարանցման այլ հնարավոր պետություններ և նախատեսված վերջնական նպատակակետ հանդիսացող պետություն,
բ) համապատասխան անձի տվյալները (անունը, ազգանունը, օրիորդական ազգանունը, այլ անուններ, որով հայտնի է, կամ կեղծանունները, ծննդյան տարեթիվը, սեռը, և, ըստ անհրաժեշտության, ծննդյան վայրը, քաղաքացիությունը, լեզուն, ճամփորդական փաստաթղթերի տեսակն ու համարը,
գ) նախատեսված մուտքի անցակետը, տարանցման ժամկետը և ուղեկցման հավանականությունը,
դ) հայտարարություն այն մասին, որ հարցում ներկայացրած պետության կարծիքով 14(2) հոդվածում նշված պայմանները կատարվել են, և որ հայտնի չէ 14(3) հոդվածի համաձայն մերժման համար որևէ պատճառ:
Տարանցման դիմումի ընդհանուր ձևը ներկայացված է սույն Համաձայնագրին կից` որպես հավելված 6:
Տարանցման դիմումը կարող է ներկայացվել կապի ցանկացած միջոցով, այդ թվում` էլեկտրոնային:
2. Հարցում ստացած պետությունը, դիմումն ստանալուց հետո երեք օրացուցային օրվա ընթացքում, գրավոր տեղեկացնում է հետընդունման համար հարցում ներկայացրած պետությանը` հաստատելով հետընդունման անցակետը և ժամանակը, կամ էլ տեղեկացնում է հետընդունման մերժման և մերժման պատճառների մասին: Երեք աշխատանքային օրվա ընթացքում պատասխան չստանալու դեպքում, տարանցումը համարվում է համաձայնեցված:
Տարանցման դիմումի պատասխանը կարող է ներկայացվել կապի ցանկացած միջոցով, այդ թվում` էլեկտրոնային:
3. Եթե տարանցման գործողությունն իրականացվում է օդային ուղիներով, ապա հետ ընդունվող անձը և նրա հնարավոր ուղեկցողն ազատվում են օդանավակայանով տարանցման վիզա ձեռք բերելու պահանջից:
4. Հարցում ստացած պետության իրավասու մարմինները, փոխադարձ խորհրդակցությունների համաձայն, աջակցում են տարանցման գործողությունների իրականացմանը` մասնավորապես տվյալ անձանց վերահսկողության, ինչպես նաև այդ նպատակով անհրաժեշտ հարմարությունների ապահովման միջոցով:
5. Անձանց տարանցումն իրականացվում է տարանցման խնդրանքին համաձայնություն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:
ԲԱԺԻՆ V
ԾԱԽՍԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 16
Տրանսպորտային և տարանցման ծախսերը
Չսահմանափակելով իրավասու մարմինների` հետ ընդունվող անձի կամ երրորդ կողմի հետընդունման հետ կապված ծախսերի փոխհատուցման իրավասությունը` տրանսպորտային բոլոր ծախսերը, կապված հետընդունման և տարանցման գործողությունների հետ` համաձայն սույն Համաձայնագրի, մինչև նպատակակետ հանդիսացող պետության սահման կատարում է հարցում ներկայացրած պետությունը:
ԲԱԺԻՆ VI
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՀՈԴՎԱԾ 17
Տվյալների պաշտպանությունը
Անձնական տվյալները հաղորդվում են միայն այն դեպքում, եթե դա անհրաժեշտ է Հայաստանի կամ անդամ պետության իրավասու մարմինների կողմից, ըստ դեպքի, սույն Համաձայնագրի կիրարկման համար: Անձնական տվյալների մշակումը և դրանց հետ աշխատանքը, կոնկրետ դեպքում, կարգավորվում է Հայաստանի ներպետական օրենքներով, իսկ այն դեպքերում, երբ վերահսկողը անդամ պետության իրավասու մարմինն է` 95/46/ԵՀ հրահանգով և այդ հրահանգի համաձայն ընդունված` անդամ պետության օրենսդրությամբ: Բացի դրանից` կիրառվում են նաև հետևյալ սկզբունքները`
ա) անձնական տվյալները պետք է մշակվեն անաչառ և օրինական.
բ) անձնական տվյալները պետք է հավաքվեն սույն Համաձայնագրի սահմանված, հստակ և օրինական կիրարկման նպատակով, և դրանք հետագայում չպետք է մշակվեն դրա նպատակին անհամատեղելի եղանակով ոչ փոխանցող մարմնի, ոչ էլ ստացող մարմնի կողմից,
գ) անձնական տվյալները պետք է իրենց բովանդակությամբ և ճշտության ու մանրամասնության աստիճանով համապատասխանեն այն նպատակին, որի համար դրանք հավաքվում և (կամ) հետագայում մշակվում են. մասնավորապես, հաղորդվող անձնական տվյալները կարող են վերաբերել հետևյալին.
- փոխադրվող անձի մասին տվյալներ (անունները, ազգանունները, նախկին անունները, որևէ այլ անուն, որով վերջինս հայտնի է, կամ կեղծանունները, սեռը, ընտանեկան կարգավիճակը, ծննդյան տարեթիվը և վայրը, ներկայիս, ինչպես նաև նախկինում ունեցած քաղաքացիությունը),
- անձնագիր, նույնականացման քարտ, վարորդական իրավունք (համարը, վավերականության ժամկետը, տրման ամսաթիվը, ում կողմից է տրվել և տրման վայրը),
- տարանցման կանգառներ և երթուղին,
- այլ տեղեկություն, որն անհրաժեշտ է փոխադրվող անձի նույնականացման կամ սույն Համաձայնագրի համաձայն հետընդունման պահանջները ստուգելու համար.
դ) անձնական տվյալները պետք է լինեն ճշգրիտ և, անհրաժեշտության դեպքում, թարմ.
ե) անձնական տվյալները պետք է պահպանվեն այնպիսի եղանակով, որ թույլ է տալիս նույնականացնել տվյալների սուբյեկտներին` ոչ ավելի ժամկետով, որն անհրաժեշտ է դրանք հավաքելու կամ հետագայում մշակելու նպատակներով.
զ) թե փոխանցող, և թե ստացող իրավասու մարմինները ձեռնարկում են ցանկացած ողջամիտ քայլ` անձնական տվյալները ճշտելու, ջնջելու կամ արգելափակելու համար, եթե մշակումը չի համապատասխանում այս հոդվածի դրույթներին` մասնավորապես, եթե այդ տվյալները բովանդակությամբ և ճշտության ու մանրամասնության աստիճանով չեն համապատասխանում մշակման նպատակին: Դա ներառում է ճշտելու, ջնջելու կամ արգելափակելու վերաբերյալ մյուս Կողմին ուղղված ցանկացած ծանուցում.
է) դիմումի հիման վրա` ստացող մարմինը փոխանցող մարմնին տեղեկացնում է հաղորդվող տվյալների օգտագործման, ինչպես նաև դրանցից ստացված արդյունքների մասին.
ը) անձնական տվյալները կարող են փոխանցվել միայն իրավասու մարմիններին: Հետագայում այլ մարմիններին այդ տվյալների տրամադրման համար պահանջվում է փոխանցող կողմի նախնական համաձայնությունը.
թ) փոխանցող և ստացող մարմինները պարտավոր են ներկայացնել գրավոր արձանագրություն անձնական տվյալների փոխանցման և ստացման մասին:
ՀՈԴՎԱԾ 18
Առնչությունը այլ միջազգային պարտավորություններին
1. Սույն Համաձայնագիրը չի սահմանափակում Միության, անդամ պետությունների և Հայաստանի այն իրավունքները, պարտավորությունները և պարտականությունները, որոնք բխում են միջազգային իրավունքից, այդ թվում` այն միջազգային կոնվենցիաներից, որոնց նրանք Կողմ են հանդիսանում, և, մասնավորապես, 2-րդ հոդվածում թվարկված միջազգային փաստաթղթերից, ինչպես նաև
- միջազգային կոնվենցիաներից, որոնք սահմանում են այն պետությունը, որը պատասխանատու է ապաստանի համար ներկայացված դիմումների քննության համար,
- հանձնման (էքստրադիցիայի) և տարանցման մասին միջազգային կոնվենցիաներից,
- օտարերկրյա քաղաքացիների հետընդունման մասին միջազգային բազմակողմ կոնվենցիաներից և համաձայնագրերից:
2. Սույն Համաձայնագրում ոչինչ չի խոչընդոտում անձի վերադարձը` պաշտոնական և ոչ պաշտոնական այլ պայմանավորվածությունների շրջանակներում:
ԲԱԺԻՆ VII
ԿԻՐԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԿԻՐԱՌՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 19
Հետընդունման հարցերով համատեղ կոմիտեն
1. Պայմանավորվող կողմերը միմյանց տրամադրում են փոխադարձ օգնություն սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հարցում: Այդ նպատակով նրանք ստեղծում են հետընդունման հարցերով համատեղ կոմիտե (այսուհետ` կոմիտե), որը, մասնավորապես ունենալու է հետևյալ խնդիրները.
ա) դիտանցել և փոխանակել սույն Համաձայնագրի կիրառմանն առնչվող տեղեկատվություն` բացառությամբ անձնական տվյալների,
բ) լուծել սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանումից կամ կիրառումից բխող խնդիրներ,
գ) որոշում կայացնել այն կիրարկման մեխանիզմների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են սույն Համաձայնագրի միօրինակ կիրառման համար,
դ) իրականացնել տեղեկատվության կանոնավոր փոխանակում կիրարկող արձանագրությունների վերաբերյալ` կազմված առանձին անդամ պետությունների և Հայաստանի կողմից սույն Համաձայնագրի 20-րդ հոդվածի համաձայն,
ե) առաջարկություններ ներկայացնել սույն Համաձայնագրում և դրա հավելվածներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
2. Կոմիտեի որոշումները պարտադիր են Պայմանավորվող կողմերի համար:
3. Կոմիտեն կազմված է Միության և Հայաստանի ներկայացուցիչներից:
4. Կոմիտեի նիստերը տեղի են ունենում ըստ անհրաժեշտության` Պայմանավորվող կողմերից որևէ մեկի դիմումով:
5. Կոմիտեն ընդունում է իր աշխատակարգը:
ՀՈԴՎԱԾ 20
Կիրարկող արձանագրությունները
1. Չխախտելով սույն Համաձայնագրի ուղղակի կիրառելիությունը` անդամ պետության կամ Հայաստանի դիմումի հիման վրա` Հայաստանը և անդամ պետությունը կազմում են կիրարկող արձանագրություն, որը նաև կարգավորում է, ի թիվս այլ հարցերի, հետևյալը`
ա) իրավասու մարմինների նշանակումը, սահմանային անցակետերին և կոնտակտային անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը,
բ) ուղեկցությամբ վերադարձի պայմանները` ներառյալ երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ուղեկցությամբ տարանցումը,
գ) միջոցները և փաստաթղթերը` ի հավելումն սույն Համաձայնագրի 1-4-րդ հավելվածներում թվարկվածների,
դ) հետընդունման ձևերը` արագացված ընթացակարգերի ներքո,
ե) հարցազրույցների ընթացակարգը:
2. 1-ին պարբերությունում նշված կիրարկող արձանագրություններն ուժի մեջ են մտնում միայն 19-րդ հոդվածում նշված հետընդունման հարցերով համատեղ կոմիտեին ծանուցելուց հետո:
3. Հայաստանը համաձայնում է անդամ պետության հետ կազմված կիրարկող արձանագրության ցանկացած դրույթ կիրառել նաև այլ անդամ պետության հետ իր հարաբերություններում` վերջինիս դիմումի հիման վրա: Անդամ պետությունները համաձայնում են կիրառել անդամ պետություններից որևէ մեկի կողմից կազմված կիրարկող արձանագրության ցանկացած դրույթ նաև Հայաստանի հետ իրենց հարաբերություններում` վերջինիս դիմումի հիման վրա, եթե այլ անդամ պետությունների նկատմամբ այդպիսի կիրառումը գործնականում հնարավոր է:
ՀՈԴՎԱԾ 21
Հետընդունման վերաբերյալ անդամ պետությունների երկկողմ
համաձայնագրերին կամ պայմանավորվածություններին առնչությունը
Սույն Համաձայնագրի դրույթները գերակայում են ցանկացած այլ` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման վերաբերյալ երկկողմ համաձայնագրի կամ պայմանավորվածության դրույթների նկատմամբ, որոնք 20-րդ հոդվածի համաձայն կնքվել կամ կարող են կնքվել առանձին անդամ պետությունների և Հայաստանի միջև` այնքանով, որքանով վերջինիս դրույթներն անհամատեղելի են սույն Համաձայնագրի դրույթների հետ:
ԲԱԺԻՆ VIII
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 22
Տարածքային կիրառելիությունը
1. Պահպանելով 2-րդ պարբերության դրույթները` սույն Համաձայնագիրը կիրառվում է այն տարածքի նկատմամբ, որի նկատմամբ կիրառելի են «Եվրոպական միության մասին» պայմանագիրը և «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագիրը, ինչպես նաև կիրառվում է Հայաստանի տարածքի նկատմամբ:
2. Սույն Համաձայնագիրը կիրառվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և Իռլանդիայի տարածքի նկատմամբ միայն Եվրոպական միության կողմից` Հայաստանին հասցեագրված ծանուցմամբ: Համաձայնագիրը չի կիրառվում Դանիայի Թագավորության տարածքի նկատմամբ:
ՀՈԴՎԱԾ 23
ՈՒժի մեջ մտնելը, տևողությունը և դադարեցումը
1. Սույն Համաձայնագիրը վավերացվում կամ հաստատվում է Պայմանավորվող կողմերի կողմից` իրենց համապատասխան ընթացակարգերի համաձայն:
2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում երկրորդ ամսվա առաջին օրը այն ամսաթվից հետո, երբ վերջին Պայմանավորվող կողմը ծանուցել է մյուս Կողմին, որ պարբերություն 1-ում նշված ընթացակարգերը կատարվել են:
3. Սույն Համաձայնագիրը կիրառվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և Իռլանդիայի նկատմամբ 22(2) հոդվածում նշված ծանուցման ամսաթվին հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը:
4. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:
5. Սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխությունները կազմվում են առանձին արձանագրությունների տեսքով, որոնք կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը, և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրով սահմանված կարգով:
6. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է, մյուս Պայմանավորվող կողմին պաշտոնապես ծանուցելով և 19-րդ հոդվածում նշված կոմիտեի նախնական խորհրդակցությունից հետո, ամբողջությամբ կամ մասնակիորեն ժամանակավորապես կասեցնել սույն Համաձայնագրի կիրարկումը: Կասեցումն ուժի մեջ է մտնում այդպիսի ծանուցման ամսաթվից հետո երկրորդ օրը:
7. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` մյուս Պայմանավորվող կողմին պաշտոնապես ծանուցելով այդ մասին: Սույն Համաձայնագիրը դադարում է կիրառվել նման ծանուցումից վեց ամիս հետո:
ՀՈԴՎԱԾ 24
Հավելվածները
1-6-րդ հավելվածները կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
Կատարված է քաղաք Բրյուսելում, 2013 թվականի ապրիլի 19-ին հայերեն, բուլղարերեն, չեխերեն, դանիերեն, հոլանդերեն, անգլերեն, Էստոներեն, ֆինլանդերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, հունգարերեն, իտալերեն, լատվիերեն, լիտվերեն, մալթերեն, լեհերեն, պորտուգալերեն, ռումիներեն, սլովակերեն, սլովեներեն, իսպաներեն և շվեդերեն կրկնօրինակով, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Եվրոպական միության կողմից` Հայաստանի Հանրապետության կողմից`
ՀԱՎԵԼՎԱԾ 1
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑԱՆԿԸ, ՈՐՈՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԱՊԱՑՈՒՅՑ
(ՀՈԴՎԱԾՆԵՐ 3(1), 5(1) ԵՎ 9(1))
- Ցանկացած տեսակի անձնագիր (ազգային անձնագրեր, դիվանագիտական անձնագրեր, ծառայողական անձնագրեր, հավաքական անձնագրեր, փոխարինող անձնագրեր` ներառյալ երեխաների անձնագրերը),
- ցանկացած տեսակի նույնականացման քարտ (ներառյալ ժամանակավոր և պայմանական),
- քաղաքացիության հավաստագրեր և այլ պաշտոնական փաստաթղթեր, որոնք նշում կամ հստակ մատնանշում են քաղաքացիությունը:
ՀԱՎԵԼՎԱԾ 2
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑԱՆԿԸ, ՈՐՈՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՓԱՍՏԱՐԿ
(ՀՈԴՎԱԾՆԵՐ 3(1), 5(1) ԵՎ 9(2))
- 1-ին հավելվածում թվարկված փաստաթղթերը, որոնց վավերականության ժամկետը ավարտվել է վեց ամսից ավելի,
- սույն Համաձայնագրի 1-ին հավելվածում թվարկված փաստաթղթերից որևէ մեկի պատճենները,
- վարորդական իրավունքի վկայականներ կամ դրանց պատճեններ,
- ծննդյան վկայականներ կամ դրանց պատճենները,
- կազմակերպության նույնականացման քարտեր կամ դրանց պատճենները,
- վկաների հայտարարություններ,
- համապատասխան անձի հայտարարություններ, լեզուն, որով նա խոսում է, ինչպես նաև պաշտոնական քննության արդյունքներ,
- ցանկացած այլ փաստաթուղթ, որը կարող է օգնել հաստատել տվյալ անձի քաղաքացիությունը,
- մատնահետքեր,
- հարցում ստացած պետության կողմից տրված անցագիր (laissez-passer),
- ծառայողական գրքույկ և նույնականացման ռազմական քարտեր,
- նավագնացության հաշվառման քարտեր և հրամանատարական ծառայության քարտեր,
- Վիզայի տեղեկատվական համակարգում.4 կատարված որոնման արդյունքում ինքնության հաստատում,
________________________
4. «Վիզայի տեղեկատվական համակարգի (ՎՏՀ) և անդամ պետությունների միջև կարճաժամկետ վիզաների վերաբերյալ տվյալների փոխանակման մասին» 2008 թվականի հուլիսի 9-ի Եվրոպական պառլամենտի և Խորհրդի թիվ 767/2008 (ԵՀ) կանոնակարգ, ՊՏ Լ 218, 13.08.2008, էջ 60.
- Վիզայի տեղեկատվական համակարգ չկիրառող անդամ պետությունների դեպքում` այդ անդամ պետությունների վիզայի համար դիմումների գրառումների միջոցով ինքնության դրական հաստատում:
ՀԱՎԵԼՎԱԾ 3
ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՊԱՑՈՒՅՑ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑԱՆԿ (ՀՈԴՎԱԾՆԵՐ 4(1), 6(1) ԵՎ 10(1))
- Հարցում ստացած պետության կողմից տրված վիզա և (կամ) բնակության թույլտվություն,
- համապատասխան անձի ճամփորդական փաստաթղթում մուտքի (ելքի) կնիքներ կամ նմանատիպ հաստատում կամ մուտքի (ելքի) այլ ապացույց (օրինակ` լուսանկար):
ՀԱՎԵԼՎԱԾ 4
ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՓԱՍՏԱՐԿ ՀԱՄԱՐՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ (ՀՈԴՎԱԾՆԵՐ 4(1), 6(1) ԵՎ 10(2))
- Հարցում ներկայացրած պետության համապատասխան մարմինների կողմից տրված նկարագրություն վայրի և հանգամանքների վերաբերյալ, որոնց ներքո համապատասխան անձը կանգնեցվել է այդ պետության տարածք մուտք գործելուց հետո,
- միջազգային կազմակերպության (օրինակ` ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար) կողմից տրված տեղեկատվություն անձի ինքնության և (կամ) գտնվելու վերաբերյալ,
- ընտանիքի անդամների, ճամփորդական ընկերությունների և այլոց կողմից տեղեկատվության հաստատում (զեկուցում),
- համապատասխան անձի հայտարարություն,
- մատնահետքեր,
- ցանկացած տեսակի փաստաթղթեր, հավաստագրեր և հաշիվներ (օրինակ` հյուրանոցի հաշիվներ, բժշկի (ատամնաբույժի) մոտ հաճախման քարտեր, պետական (մասնավոր) հաստատություններ մուտք գործելու քարտեր, մեքենայի վարձույթի պայմանագրեր, վարկային քարտերի անդորրագրեր և այլն), որոնք հստակ ցույց են տալիս, որ համապատասխան անձը գտնվել է հարցում ստացած պետության տարածքում,
- օդային, երկաթուղային, ավտոբուսի կամ նավի անվանական տոմսեր և (կամ) ուղևորների ցուցակներ, որոնք ցույց են տալիս համապատասխան անձի ներկայությունը և երթուղին հարցում ստացած պետության տարածքում,
- տեղեկատվություն, որը ցույց կտար, որ համապատասխան անձը օգտվել է սուրհանդակի կամ ճամփորդական գործակալության ծառայություններից,
- պաշտոնական հայտարարություններ` արված մասնավորապես սահմանապահ մարմինների աշխատակիցների և այլ վկաների կողմից, որոնք կարող են հաստատել համապատասխան անձի կողմից սահմանը հատելու փաստը,
- համապատասխան անձի կողմից դատական կամ վարչական վարույթում արված պաշտոնական հայտարարություն:
Հավելված 5
Հայաստանի Հանրապետության զինանշան
.________________________________________________________________.
|...................................... |...................... |
|________________________________________|_______________________|
|(Հարցում ներկայացնող մարմնի նշանակում) |(Վայրը և ամսաթիվը) |
|________________________________________|_______________________|
|ՈՒղղված` ............................. | |
| | |
|ՈՒմ` ................................. | |
|...................................... | |
|...................................... | |
| _____________________________________ | |
| (Հարցում ստացող մարմնի նշանակում) | |
.________________________________________________________________.
o ԱՐԱԳԱՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ (Հոդված 7(3))
o ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՀԱՄԱՐ ՀԱՐՑՈՒՄ (Հոդված 9(3))
ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԻՄՈՒՄ
Համաձայն «Առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին»
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ......
Համաձայնագրի 8-րդ հոդվածի
Ա. Անձնական տվյալներ .__________.
Լրիվ անունը (ընդգծել ազգանունը) | |
......................................................... | |
2. Օրիորդական ազգանունը ................................. | |
3. Ծննդյան ամսաթիվը և վայրը | |
......................................................... |Լուսանկար |
......................................................... | |
4. Սեռը և ֆիզիկական նկարագիրը (հասակը, աչքերի գույնը, | |
առանձնահատուկ նշաններ և այլն) | |
......................................................... | |
5. Հայտնի է նաև որպես (նախկին անունները, այլ օգտագործվող | |
անուններ կամ կեղծանուններ) | |
......................................................... .__________.
.........................................................
6 Քաղաքացիությունը և լեզուն
.........................................................
7. Ընտանեկան դրությունը
o ամուսնացած,
o չամուսնացած
o ամուսնալուծված
o այրի (ամուրի)
Եթե ամուսնացած է`
ամուսնու անունը ......................................................
երեխաների (եթե առկա են) անունները և տարիքը ..........................
......................................................................
......................................................................
8. Հարցում ստացած պետությունում վերջին հասցեն
......................................................................
Բ. ԱՄՈՒՍՆՈՒ (ԵԹԵ ԱՌԿԱ Է) ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
1. Լրիվ անունը (ընդգծել ազգանունը) ...................................
2. Օրիորդական ազգանունը ..............................................
3. Ծննդյան ամսաթիվը և վայրը .........................................
4. Սեռը և ֆիզիկական նկարագիրը (հասակը, աչքերի գույնը, առանձնահատուկ նշաններ և այլն) .........................................................
5. Հայտնի է նաև որպես (ավելի վաղ անունները, այլ օգտագործվող անուններ կամ կեղծանուններ)
......................................................................
6 Քաղաքացիությունը և լեզուն
......................................................................
......................................................................
Գ. ԵՐԵԽԱՆԵՐԻ (ԵԹԵ ԱՌԿԱ ԵՆ) ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
1. Լրիվ անունը (նշել ազգանունը) ......................................
2. Ծննդյան վայրը և ամսաթիվը .........................................
3. Սեռը և ֆիզիկական նկարագիրը (հասակը, աչքերի գույնը, առանձնահատուկ նշաններ և այլն)
......................................................................
4. Քաղաքացիությունը և լեզուն
......................................................................
Դ. ՓՈԽԱՆՑՎՈՂ ԱՆՁԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ
1. Առողջական վիճակը (օրինակ` հնարավոր նշում հատուկ բուժօգնության մասով. վարակիչ հիվանդության լատինական անվանումը)
......................................................................
2. Առանձնապես վտանգավոր անձ հանդիսանալու մասին նշում (օրինակ ծանր իրավախախտման մեջ կասկածվող, ագրեսիվ պահվածք)
......................................................................
Ե. ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
1. ............................. ...............................
(Անձնագրի համար) (տրման ամսաթիվը և վայրը)
............................. ...............................
(ում կողմից) (վավերական է մինչև)
2. ............................. ...............................
(նույնականացման քարտ թիվ ....) (տրման ամսաթիվը և վայրը)
............................. ...............................
(ում կողմից) (վավերական է մինչև)
3. ............................. ...............................
(Վարորդական վկայական թիվ.....) (տրման ամսաթիվը և վայրը)
............................. ...............................
(ում կողմից) (վավերական է մինչև)
4. ............................. ...............................
(Այլ պաշտոնական փաստաթուղթ թիվ...) (տրման ամսաթիվը և վայրը)
............................. ...............................
(ում կողմից) (վավերական է մինչև)
Զ. ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ
......................................................................
......................................................................
......................................................................
........................................
(Ստորագրություն) (Կնիք, դրոշմակնիք)
Հավելված 6
Հայաստանի Հանրապետության զինանշան
.________________________________________________________________.
|...................................... |...................... |
|________________________________________|_______________________|
|(Հարցում ներկայացնող մարմնի նշանակում) |(Վայրը և ամսաթիվը) |
|________________________________________|_______________________|
|ՈՒղղված` ............................. | |
| | |
|ՈՒմ` ................................. | |
|...................................... | |
|...................................... | |
| _____________________________________ | |
| (Հարցում ստացող մարմնի նշանակում) | |
.________________________________________________________________.
o ԱՐԱԳԱՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ (Հոդված 7(3))
o ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՀԱՄԱՐ ՀԱՐՑՈՒՄ (Հոդված 9(3))
ՏԱՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ
Համաձայն «Առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ...... Համաձայնագրի 15-րդ հոդվածի
Ա. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ .__________.
3. Լրիվ անունը (ընդգծել ազգանունը) | |
......................................................... | |
2. Օրիորդական ազգանունը ................................. | |
3. Ծննդյան ամսաթիվը և վայրը | |
......................................................... |Լուսանկար |
......................................................... | |
4. Սեռը և ֆիզիկական նկարագիրը (հասակը, աչքերի գույնը, | |
առանձնահատուկ նշաններ և այլն) | |
......................................................... | |
5. Հայտնի է նաև որպես (նախկին անունները, այլ օգտագործվող | |
անուններ կամ կեղծանուններ) | |
......................................................... .__________.
.........................................................
6 Քաղաքացիությունը և լեզուն
.........................................................
7. Ճամփորդական փաստաթղթի տեսակը և համարը
.........................................................
Բ. ՏԱՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Տարանցման ձև
o օդով
o ցամաքով
o ծովով
2. Վերջնական նպատակակետ հանդիսացող պետություն
.........................................................
3. Տարանցման հնարավոր այլ պետություններ
.........................................................
4. Առաջարկվող սահմանային անցակետերը, ժամկետը, տարանցման ժամը և հնարավոր ուղեկցող անձինք
.........................................................
.........................................................
.........................................................
5. Ցանկացած այլ տարանցման պետությունում և ժամանման պետությունում ընդունման երաշխավորում (Հոդված 13, պարբերություն 2)
o այո
o ոչ
6. Տարանցման մերժման համար որևէ պատճառի մասին իմացություն
(Հոդված 13, պարբերություն 3)
o այո
o ոչ
Դ. ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ
.........................................................
.........................................................
.........................................................
.........................................................
.......................................
(Ստորագրություն) (Կնիք, դրոշմակնիք)
Համատեղ հայտարարություն
3(3) և 5(3) հոդվածների վերաբերյալ
Պայմանավորվող կողմերը հաշվի են առնում, որ Հայաստանի Հանրապետության և անդամ պետությունների քաղաքացիության վերաբերյալ օրենքների համաձայն, հնարավոր չէ Հայաստանի Հանրապետության կամ Եվրոպական միության քաղաքացուն զրկել իր քաղաքացիությունից:
Կողմերը համաձայնում են ժամանակին խորհրդակցել միմյանց հետ, եթե նման իրավական վիճակը փոփոխվի:
Իսլանդիայի Հանրապետության վերաբերյալ համատեղ հայտարարություն
Պայմանավորվող կողմերը հաշվի են առնում Եվրոպական միության և Իսլանդիայի Հանրապետության միջև սերտ հարաբերությունները` հատկապես Շենգենյան կանոնագրքի (Shengen acquis) կիրարկման, կիրառման և մշակման հետ այդ երկրի ասոցիացման վերաբերյալ 1999 թվականի մայիսի 18-ի համաձայնագրի ուժով: Նման հանգամանքներում նպատակահարմար կլինի, եթե Հայաստանը և Իսլանդիայի Հանրապետությունը կնքեն հետընդունման համաձայնագիր սույն Համաձայնագրի նույն պայմաններով:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ին