Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՍՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Իսպանիայի Թագավորության Կառավարությունը (այսուհետ «Կողմեր»),

 

ցանկանալով հաստատել և զարգացնել երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններ,

 

ընդունելով միջմշակութային երկխոսության կարևոր դերը երկկողմ հարաբերություններում,

 

վստահ լինելով, որ մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում փոխանակումները և համագործակցությունը կօժանդակեն իրենց երկու ժողովուրդների և մշակույթների առավել լավ ճանաչմանն ու ընկալմանը,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը կիրականացնեն համագործակցությունը մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում` սույն Համաձայնագրի, իրենց պետությունների ազգային օրենսդրությունների և միջազգային իրավունքի ճանաչված սկզբունքների ու նորմերի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը կնպաստեն և կաջակցեն իրենց համապատասխան պետությունների արվեստի, մշակույթի և լեզվի առավել լավ ճանաչմանը` փոխադարձ այցելությունների և իրենց համապատասխան պետություններում մշակութային միջոցառումների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը կնպաստեն երկու պետությունների պատմության և մշակույթի վերաբերյալ գրքերի, հրապարակումների, մատենագիտական նյութերի և տեսալսողական միջոցների փոխանակմանը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը կզարգացնեն համագործակցությունը և անմիջական շփումները երաժշտության, բեմական արվեստի, թատրոնի, օպերայի, բալետի և այլ բնագավառներում, ինչպես նաև կնպաստեն դերասանների խմբերի և մենակատարների փոխանակմանը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը կնպաստեն գեղարվեստական և մշակութային ցուցահանդեսների իրականացմանն ու փոխանակմանը, ինչպես նաև մյուս Կողմի պետության համապատասխան բնագավառի ներկայացուցիչների մասնակցությանը այդպիսի ցուցահանդեսներին:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերը կնպաստեն համագործակցությանը և իրենց մշակութային հաստատությունների միջև տեղեկատվության փոխանակմանը մշակութային ժառանգության, թանգարանների, հնագիտության, կերպարվեստի, գրադարանների, արխիվների, գրահրատարակչության և մշակույթի այլ բնագավառներում` համապատասխան հաստատությունների միջև համաձայնագրերի միջոցով:

Յուրաքանչյուր Կողմ հնարավորություն կընձեռի մյուս Կողմի պետության քաղաքացիներին մուտք ունենալու իր պետության գրադարաններ, արխիվներ և այլ մշակութային, կրթական և գիտական հաստատություններ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը կօժանդակեն համագործակցությանը կինոարվեստի բնագավառում` կինոնկարների փոխանակման և իրենց համապատասխան պետություններում կազմակերպվող միջազգային կինոփառատոններին մասնակցելու միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Յուրաքանչյուր Կողմ կապահովի, իր պետության տարածքի սահմաններում, մտավոր սեփականության իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանությունը` իրենց համապատասխան պետություններում գործող օրենսդրությունների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերը կօժանդակեն դասախոսների, մշակույթի և արվեստի բնագավառի մասնագետների, գիտնականների և փորձագետների փոխանակմանը և կնպաստեն երկու պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական, մշակութային հաստատությունների և գիտահետազոտական կենտրոնների համագործակցությանը:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերը կօժանդակեն մյուս Կողմի ուսանողների, փորձագետների և հետազոտողների ուսմանը և փոխանակումներին արվեստի, մշակույթի, գիտության և տեխնոլոգիայի բնագավառներում, ինչպես նաև մասնագիտական կրթաթոշակների տրամադրմանը և կրթական ու գիտական միջոցառումների համար նախատեսված այլ աջակցությանը:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Կողմերը կուսումնասիրեն շնորհված որակավորումների, դիպլոմների և գիտական աստիճանների ճանաչման անհրաժեշտ պայմանները` իրենց համապատասխան պետությունների օրենսդրություններով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Կողմերը կօժանդակեն դասագրքերի և այլ դիդակտիկ նյութերի փոխանակմանը պատմության, աշխարհագրության, մշակույթի, սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում, ինչպես նաև երկու պետությունների ուսումնական հաստատությունների կողմից հրապարակված վերապատրաստման ծրագրերի, ուսումնական պլանների և դիդակտիկ մեթոդների փոխանակմանը:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Կողմերը կօժանդակեն երկու պետությունների երիտասարդների միջև համագործակցությանը և կնպաստեն փոխանակումներին երկու պետությունների միջև:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացված միջոցառումներից առաջացած ծախսերը ծածկելու հետ կապված հարցերը կորոշվեն ըստ դեպքի` Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, և կկատարվեն իրենց համապատասխան սովորական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Կողմերը կխթանեն համագործակցությունը սույն Համաձայնագրում նշված բնագավառներում` չսահմանափակելով երկու Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են այլ միջազգային համաձայնագրերից, որոնց նրանք կողմ են հանդիսանում, ինչպես նաև այն միջազգային կազմակերպությունների նորմերին համապատասխան, որոնց նրանք կողմ են հանդիսանում:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Սույն Համաձայնագրի գործնական կիրառմանը օժանդակելու նպատակով` Կողմերը կձևավորեն Հայ-իսպանական համատեղ հանձնաժողով, որի կազմում կընդգրկվեն նաև երկու պետությունների իրավասու կազմակերպությունների ներկայացուցիչները` հավասար թվով: Նշված Համատեղ հանձնաժողովը կհրավիրվի հաջորդաբար Հայաստանի Հանրապետությունում և Իսպանիայի Թագավորությունում` դիվանագիտական ուղիներով նախապես ամրագրված ամսաթվերին:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Կողմերի գրավոր համաձայնությամբ` սույն Համաձայնագրում կարող են ցանկացած ժամանակ կատարվել փոփոխություններ և լրացումներ, և այդ փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանմանն ու կիրառմանն առնչվող ցանկացած հակասություն կկարգավորվի Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի միջազգային պայմանագրերի ուժի մեջ մտնելու համար իրենց համապատասխան ազգային օրենսդրություններով սահմանված ընթացակարգերը կատարելու մասին դիվանագիտական ուղիներով Կողմերի կողմից` միմյանց ուղղված վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագրի տևողությունը 5 (հինգ) տարի է, որը ենթակա է ժամկետի ինքնաբերաբար երկարաձգման նույն տևողությամբ հաջորդական ժամանակահատվածներով, եթե Կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով գրավոր չծանուցի մյուս Կողմին սույն Համաձայնագիրը չեղյալ հայտարարելու իր մտադրության մասին` համապատասխան ժամկետը լրանալուց 6 (վեց) ամիս առաջ:

 

Կատարված է Մադրիդում 2013 թվականի հունիսի 17-ին` երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերենով, իսպաներենով և անգլերենով, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013թ. նոյեմբերի 8-ին

 

 

pin
17.06.2013
Միջազգային պայմանագիր