i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Թուրքմենստանի Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
առաջնորդվելով իրավահավասարության և երկու պետությունների ազգային շահերը փոխադարձաբար հարգելու սկզբունքներով,
համոզված լինելով, որ գիտատեխնիկական համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ մաս է,
ընդունելով գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում համագործակցության անհրաժեշտությունը,
նկատի առնելով, որ այդպիսի համագործակցությունը կնպաստի երկու պետությունների միջև երկկողմ փոխշահավետ կապերի ամրապնդմանը,
համաձայնեցին հետևյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը, իրենց պետության օրենսդրությանը և սույն Համաձայնագրին համապատասխան, կնպաստեն երկկողմ գիտատեխնիկական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:
ՀՈԴՎԱԾ 2
Սույն Համաձայնագրի շրջանակներում գիտատեխնիկական համագործակցության ուղղությունները կսահմանվեն` ելնելով երկու պետությունների գիտական, տեխնոլոգիական, նորարարական գործունեության զարգացման և գիտական գործունեության արդյունքները կիրառելու նպատակներից:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերի միջև սույն Համաձայնագրով նախատեսված գիտատեխնիկական համագործակցությունը կիրականացվի երկու պետությունների նախարարությունների, կառավարման այլ մարմինների, գիտությունների ազգային ակադեմիաների, գիտահետազոտական գերատեսչությունների և կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, երկու պետությունների գիտնականների և մասնագետների միջոցով, նրանց իրավասության սահմաններում և նրանց միջև ուղղակի համաձայնագրերի և պայմանագրերի հիման վրա` Կողմերի պետությունների օրենսդրություններին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 4
Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը կարող է իրականացվել հետևյալ ձևերով.
- Կողմ հանդիսացող պետությունների համար գերակա նշանակություն ունեցող` համատեղ գիտական, գիտատեխնիկական և նորարարական նախագծերի և ծրագրերի, ինչպես նաև հիմնարար հետազոտությունների իրականացում, դրանց փոխադարձ փորձաքննության անցկացում,
- գիտահետազոտական աշխատանքների արդյունքների համատեղ հրատարակում,
- համատեղ գիտահետազոտական աշխատակազմերի ձևավորում, այդ թվում` դաշտային հետազոտություններ և գիտարշավներ, նորարարական և այլ տիպի ձեռնարկումներ, որոնք կապահովեն հետազոտությունների, մշակումների իրականացումը և նոր տեխնոլոգիաների իրացումը,
- գիտական կադրերի պատրաստում, աջակցություն կադրերի որակավորման քննության անցկացմանը, գիտնականների և մասնագետների փոխանակում,
- համատեղ սեմինարների, գիտաժողովների, աշխատանքային հանդիպումների և փորձաշրջանների կազմակերպման միջոցով գիտնականների և մասնագետների որակավորման բարձրացում:
Համագործակցությունը կարող է իրականացվել նաև փոխհամաձայնեցված այլ ձևերով, որոնք կապահովեն սույն Համաձայնագրի իրականացումը:
Համագործակցության ձևերն ընտրելիս և սահմանելիս Կողմերը ղեկավարվում են բացառապես երկու պետությունների և ազգերի գիտության, տնտեսության զարգացման և հասարակական առաջընթացի շահերով:
ՀՈԴՎԱԾ 5
Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով Կողմերը կստեղծեն գիտատեխնիկական համագործակցության հարցերի համատեղ Հանձնաժողով:
Իր գործունեությունը կազմակերպելու նպատակով Հանձնաժողովը մշակում և հաստատում է աշխատանքային կանոնակարգ:
Հանձնաժողովի քննարկման առարկա պետք է դառնան գիտության, տեխնոլոգիաների և նորարարության բնագավառներում Կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գերակա ուղղությունները, համագործակցության նոր ոլորտների և ձևերի բացահայտումը, համատեղ ծրագրերի ձևավորումը և համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակումը:
Սույն Համաձայնագրով սահմանված համագործակցության կազմակերպումն իրականացնում են` հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող գիտության պետական կոմիտեն, թուրքմենական կողմից` Թուրքմենստանի գիտությունների ակադեմիան:
ՀՈԴՎԱԾ 6
Հաշվի առնելով գիտական հետազոտությունների, փորձարարաշինարարական մշակումների բարձր մակարդակի պահպանման կարևորությունը` Կողմերը կօժանդակեն նոր տեխնոլոգիաների փոխանակմանը, համատեղ ծրագրերի ու նախագծերի իրականացման ժամանակ հատուկ ուշադրություն կդարձնեն երկու պետությունների գիտնականների համար նորագույն և եզակի փորձարարական կայանքներից, սարքերից, սարքավորումից օգտվելու հարցում հասանելիության ապահովմանը, ինչպես նաև համագործակցության հիմունքներով կմասնակցեն դրանց մշակման, արտադրության և ձեռք բերման աշխատանքներին:
ՀՈԴՎԱԾ 7
Կողմերը պայմանավորվում են, որ համագործակցության ընթացքում ստացված` գիտական և գիտատեխնիկական տեղեկատվությունը, որը Կողմերի պետությունների օրենսդրություններին համապատասխան բաց է հրապարակման համար, հասանելի կլինի համաշխարհային գիտական հանրությանը` ընդունված եղանակների օգտագործման շրջանակներում:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերը, հաշվի առնելով պետությունների օրենսդրությունները, ապահովում են մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը, որը կարող է ստեղծվել սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցության արդյունքում:
Մտավոր սեփականության նկատմամբ իրավունքների պաշտպանության և օգտագործման հարցերը կարգավորվում են սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված մարմինների և կազմակերպությունների միջև կնքված համաձայնագրերով` ելնելով Կողմերի պետությունների օրենսդրության պահանջներից:
ՀՈԴՎԱԾ 9
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են նրանց կողմից կնքված այլ միջազգային պայմանագրերից և համաձայնագրերից:
Սույն Համաձայնագրի դրույթներն իրականացվում են Կողմերի պետությունների օրենսդրությանը համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 10
Սույն Համաձայնագրում կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել Կողմերի փոխադարձ, գրավոր համաձայնության դեպքում:
Փոփոխություններն ու լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի բաղկացուցիչ մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 11
Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման ընթացքում Կողմերի միջև ծագած վեճերն ու տարաձայնությունները լուծվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
ՀՈԴՎԱԾ 12
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` երկու պետությունների օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի ավարտի մասին դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից և գործում է հինգ տարի ժամկետով:
Սույն Համաձայնագրի գործողության ժամկետն ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ երկամյա ժամանակահատվածների համար, եթե Կողմերից որևէ մեկը սույն Համաձայնագրի ժամկետի ավարտից վեց ամիս առաջ դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին չի ծանուցում Համաձայնագիրը չեղյալ հայտարարելու իր մտադրության մասին:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդի այն ծրագրերի և նախագծերի վրա, որոնք կարող են կնքված լինել նրա գործողության ընթացքում, եթե Կողմերն այլ բան չպայմանավորվեն:
Կատարված է ք.Երևանում 2012 թվականի նոյեմբերի 29 -ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն լեզվով տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2014թ. մարտի 4-ին