Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Թուրքմենստանի Կառավարությունը, այսուհետ` կողմեր,

հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի տարածքները բնութագրվում են բարձր սեյսմիկ ակտիվությամբ, և ուժեղ երկրաշարժերը երկու երկրներում առաջացնում են զանգվածային ավերածություններ ու բազմաթիվ զոհեր,

ընդունելով երկու երկրների բնակչության անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման նպատակով համաձայնեցված աշխատանքների անցկացման անհրաժեշտությունը,

 

պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը պայմանավորվում են, որ սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում կառաջնորդվեն իրենց պետությունների օրենսդրություններով և միջազգային իրավունքի համընդհանուր նորմերով ու սկզբունքներով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը համագործակցում են հետևյալ ոլորտներում.

- սեյսմիկ ռիսկի նվազեցման հիմնական ռազմավարություն,

- սեյսմիկ ռիսկի նվազեցման սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական ուղղություններ,

- սեյսմիկ պաշտպանության և սեյսմիկ ռիսկի նվազեցման վերաբերյալ օրենքների և կանոնակարգերի մշակում,

- սեյսմիկ ռիսկի նվազեցման կառավարում` ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական կառավարման մարմինները:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերից յուրաքանչյուրը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո որոշում է, թե որոնք են Կողմ հանդիսացող պետությունների իրավասու մարմինները, ինչի մասին դիվանագիտական ուղիներով ծանուցում է մյուս Կողմին:

 

Կողմերը դիվանագիտական ուղիներով ժամանակին միմյանց ծանուցում են իրավասու մարմինների անվանումների կամ գործառույթների որևէ փոփոխության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը մշակում են համատեղ հետազոտությունների նախագծեր հետևյալ ոլորտներում.

- սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատում,

- քաղաքներում և այլ բնակավայրերում խոցելիության նվազեցում` ներառյալ գոյություն ունեցող շենքերի և շինությունների ուժեղացումը, շահագործման բարելավումը և սեյսմակայուն շինարարության նոր նորմերի մշակումը,

- բնակչության իրազեկում, ուսուցում և վարժանքներ,

- վաղ ազդարարում և տեղեկացում,

- սեյսմիկ ռիսկի կառավարում` ներառյալ արագ արձագանքումը և փրկարարական գործողությունները,

- աղետի հետևանքների վերացում,

- ապահովագրություն,

- համագործակցություն` հասարակական և ոչ պետական կազմակերպությունների ներգրավմամբ,

- սեյսմիկ ռիսկի նվազեցման վերաբերյալ օրենքների և կանոնակարգերի մշակում,

- ազգային ծրագրերի միջազգայնացում միջազգային լայնածավալ համագործակցության հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը առանձին համաձայնագրերով տեղեկատվություն են փոխանակում գիտական և տեխնիկական նոր նվաճումների վերաբերյալ սեյսմիկ վտանգի գնահատման և սեյսմիկ ռիսկի նվազեցման բոլոր բնագավառներում: Կողմերը կազմակերպում են համատեղ հետազոտությունների արդյունքների հրատարակում, մասնակցում են համատեղ միջազգային նախագծերին և ծրագրերին:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրով նախատեսված համատեղ գործողությունները կատարվում են համապատասխան անձնակազմի և ֆինանսավորման առկայության պարագայում: Կողմերը յուրաքանչյուր նախագիծ սկսելուց առաջ պետք է գրավոր համաձայնեցնեն ֆինանսավորման աղբյուրները:

Համատեղ աշխատանքների ֆինանսավորումը յուրաքանչյուր կոնկրետ նախագծի համար իրականացվում Է Կողմերի պայմանավորվածությամբ:

 

Միջազգային ուղևորությունների ծախսերը` երկու ուղղություններով, որպես կանոն, կատարում Է ուղարկող Կողմը` բացառությամբ հատուկ պայմանավորված դեպքերի: Ժամանման ծրագրի համաձայն` ընդունող Կողմն է հոգում կացության, սննդի և երկրի ներսում ուղևորությունների ծախսերը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Համատեղ աշխատանքների իրականացման ընթացքում ստացված արդյունքները Կողմերի սեփականությունն են և կարող են փոխանցվել երրորդ կողմի միայն երկու Կողմերի համաձայնության դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագրում Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են արձանագրությամբ: Արձանագրությունն ուժի մեջ Է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով և հանդիսանում է նրա բաղկացուցիչ մասը:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` Կողմերի օրենսդրությամբ նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով: Սույն Համաձայնագրի գործողությունն ինքնաբերաբար կերկարացվի հաջորդ հնգամյա ժամկետներով, քանի դեռ Կողմերից մեկը սույն Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չի ծանուցել դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդում դրա գործողության ընթացքում սկսած, բայց դեռևս չավարտված ծրագրերի իրականացման վրա:

 

Կատարված է ք. Երևանում 2012 թվականի նոյեմբերի 29-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերն ունեն հավասար ուժ: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ ծագած տարաձայնությունների դեպքում որպես հիմք կծառայի ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013թ. նոյեմբերի 7-ին

 

 

pin
29.11.2012
Միջազգային պայմանագիր