ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության ՍԴ3/0045/01/13
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Քրեական գործ թիվ ՍԴ3/0045/01/13
Նախագահող դատավոր` Մ. Արղամանյան
Դատավորներ` Ե. Դարբինյան
Կ. Ղազարյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Դ. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Դանիելյանի
Հ. Ասատրյանի
Ս. Ավետիսյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ Մ. Ավագյանի
մասնակցությամբ պաշտպան Գ. Բարսեղյանի
2014 թվականի մարտի 28-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Էրիկ Վալերիկի Մարգարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի նոյեմբերի 12-ի որոշման դեմ տուժող Գայանե Բարսեղյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2011 թվականի սեպտեմբերի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 91006811 քրեական գործը:
Նախաքննության մարմնի 2013 թվականի մարտի 18-ի որոշմամբ Էրիկ Վալերիկի Մարգարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
2013 թվականի ապրիլի 25-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի օգոստոսի 13-ի դատավճռով Է.Մարգարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով: Տուժող Գ.Բարսեղյանի քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակիորեն, ամբաստանյալ Է.Մարգարյանից հօգուտ տուժող Գ.Բարսեղյանի բռնագանձվել է 130.000 (հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում, իսկ մնացած մասով քաղաքացիական հայցը մերժվել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ:
3. Ամբաստանյալ Է.Մարգարյանի և նրա պաշտպան Ա.Գրիգորյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի օգոստոսի 13-ի դատավճիռը թողել է անփոփոխ: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման (այսուհետ նաև` Համաներման ակտ) 1-ին կետի 3-րդ ենթակետի հիման վրա` Է.Մարգարյանն ազատվել է նշանակված պատժի կրումից:
4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի նոյեմբերի 12-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել տուժող Գ.Բարսեղյանը:
Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հունվարի 24-ի որոշմամբ տուժող Գ.Բարսեղյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակից` ամբաստանյալ Է.Մարգարյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով մերժել տուժող Գ.Բարսեղյանի վճռաբեկ բողոքը:
2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ամբաստանյալ Է.Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) նա հանդիսանալով ՊԲ 59703 զորամասի նյութական ապահովման վաշտի վարորդ, կոչումով շարքային, 2011 թվականի հուլիս-օգոստոսին գնացել է ԼՂՀ Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղի բնակչուհի Գայանե Շուրայի Բարսեղյանի տուն, որտեղ կենցաղային հարցերով առաջացած վիճաբանության ընթացքում, հանկարծակի ծագած չկոնկրետացված դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Գայանե Բարսեղյանի մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով Գայանե Բարսեղյանին պատճառվել է փայծաղի սուբկապսուլյար վնասվածք, իսկ հետագայում Գայանե Բարսեղյանի փայծաղը հեռացվել է, այսինքն Էրիկ Մարգարյանի գործողությունների հետևանքով Գայանե Բարսեղյանի առողջությանը` փայծաղի սուբկապսուլյար վնասվածքի և օրգանի կորստի ձևով, պատճառվել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 168):
6. Տուժող Գ.Բարսեղյանը ներկայացրել է վերաքննիչ բողոքի պատասխան` խնդրելով ամբաստանյալ Է.Մարգարյանի նկատմամբ չկիրառել Համաներման ակտի դրույթները և նրան չազատել պատժի կրումից, քանի որ չի հարթվել հանցագործությամբ իրեն պատճառած վնասը և առկա է վեճ հատուցման ենթակա վնասի շուրջ, որի կապակցությամբ քաղաքացիական դատավարության կարգով ներկայացվել է քաղաքացիական հայց (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 251-252)
7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «Վերաքննիչ դատարանը, քննության առնելով պաշտպանության կողմի միջնորդությունն ամբաստանյալ Էրիկ Մարգարյանի նկատմամբ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը կիրառելու մասին, հանգում է այն հետևության, որ այն պետք է բավարարել (...):
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռի կայացումից հետո Էրիկ Մարգարյանը հատուցել է դատավճռով բավարարված քաղաքացիական հայցը` 130.000 ՀՀ դրամը, ինչի վերաբերյալ համապատասխան բանկային փաստաթղթերը ներկայացվեցին վերաքննիչ դատարան, և ամբաստանյալի նկատմամբ համաներման վերոհիշյալ որոշման չկիրառման հիմքեր առկա չեն» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 267-268):
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
8. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել Համաներման ակտի 9-րդ կետի 6-րդ ենթակետի խախտում: Մասնավորապես, որպես ապացույց գնահատելով պաշտպանության կողմի ներկայացրած համապատասխան բանկային փաստաթուղթը` Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ Է.Մարգարյանը հատուցել է հանցագործությամբ պատճառված վնասը: Արդյունքում դատարանը գտել է, որ Է.Մարգարյանի նկատմամբ կիրառելի են Համաներման ակտի համապատասխան դրույթները, մինչդեռ հանցագործությամբ պատճառված վնասը ոչ միայն հատուցված չէ, այլև առկա է քաղաքացիական վեճ, որի վերաբերյալ ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանում հարուցված է համապատասխան քաղաքացիական գործ` դատավճռով չբռնագանձված` 700.000 ՀՀ դրամի մասով:
9. ՈՒստի, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի նոյեմբերի 12-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի օգոստոսի 13-ի դատավճռին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարան ներկայացված վերաքննիչ բողոքի պատասխանի փաստարկները քննարկելու անհրաժեշտության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նշված հարցով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. պատճառաբանվա՞ծ է արդյոք Վերաքննիչ դատարանի դատական ակտն այն պայմաններում, երբ վերջինս պատշաճ գնահատման չի ենթարկել Համաներման ակտի կիրառելիության վերաբերյալ տուժող Գ.Բարսեղյանի` վերաքննիչ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները:
i
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:
Դատական ակտի պատճառաբանվածության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար:
(...) Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման:
(...) Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում` ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտել [է] «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` անձի արդար դատական քննության իրավունքի խախտում (տե՛ս Սալովն ընդդեմ ՈՒկրաինայի (Salov v. Ukraine) 06.09.2005 թվականի որոշումը, գանգատ թիվ 65518/01, Բոլդեան ընդդեմ Ռումինիայի (Boldea v. Romania) 15.02.2007 թվականի որոշումը, գանգատ թիվ 19997/02, Գրադինարն ընդդեմ Մոլդովայի (Gradinar v. Moldova) 08.04.2008 թվականի որոշումը, գանգատ թիվ 7170/02)» (տե՛ս Ֆրունզիկ Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը):
Վերահաստատելով Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Գ.Խնուսյանի գործով որոշման մեջ արձանագրել է, որ «(...) հաշվի առնելով արդարադատության իրականացման ընթացքում կայացված դատական ակտերի իրավական նշանակությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է: (...)» (տե՛ս Գևորգ Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 14-րդ կետը):
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանը դատական ակտը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով` հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված պահանջները»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի և համապատասխանաբար նաև Ֆ.Գալստյանի և Գ.Խնուսյանի գործերով կայացված որոշումների համատեքստում մեկնաբանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի պատճառաբանվածության չափանիշը վերաբերելի է նաև վերաքննիչ դատարանի կողմից կայացվող դատական ակտերին: Հետևաբար, յուրաքանչյուր դեպքում դատական ակտ կայացնելիս վերաքննիչ դատարանը պարտավոր է պատճառաբանել, թե ինչու է եկել այս կամ այն հետևության, և որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտի պատճառաբանվածության վերոնշյալ պահանջների պահպանման պարագայում միայն վճռաբեկ դատարանը հնարավորություն կունենա ստուգել կայացված դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռով Է.Մարգարյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 տարի ժամկետով այն բանի համար, որ տուժող Գ.Բարսեղյանի տանը, կենցաղային հարցերով առաջացած վիճաբանության ընթացքում, հանկարծակի ծագած չկոնկրետացված դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել տուժողի մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով վերջինիս պատճառվել է փայծաղի սուբկապսուլյար վնասվածք, իսկ հետագայում տուժողի փայծաղը հեռացվել է: Արդյունքում Գ.Բարսեղյանի առողջությանը պատճառվել է կյանքի համար վտանգավոր, ծանր վնաս: Միաժամանակ, Առաջին ատյանի դատարանը տուժող Գ.Բարսեղյանի քաղաքացիական հայցը բավարարել է մասնակիորեն, ամբաստանյալ Է.Մարգարյանից հօգուտ տուժող Գ.Բարսեղյանի բռնագանձվել է 130.000 (հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում, իսկ մնացած մասով քաղաքացիական հայցը մերժվել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 2-րդ և 5-րդ կետերը):
Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են բերել ամբաստանյալ Է.Մարգարյանը և նրա պաշտպան Ա.Գրիգորյանը: Տուժող Գ.Բարսեղյանը ներկայացրել է վերաքննիչ բողոքի պատասխան` խնդրելով ամբաստանյալ Է.Մարգարյանի նկատմամբ Համաներման ակտը չկիրառել և նրան չազատել պատժի կրումից, քանի որ նա չի հարթել հանցագործությամբ իրեն պատճառած վնասը և առկա է վեճ հանցագործությամբ պատճառված և հատուցման ենթակա վնասի շուրջ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Վերաքննիչ դատարանը բավարարել է ամբաստանյալ Է.Մարգարյանի նկատմամբ Համաներման ակտը կիրառելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունն այն պատճառաբանությամբ, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռի կայացումից հետո Էրիկ Մարգարյանը հատուցել է դատավճռով բավարարված քաղաքացիական հայցը` 130.000 ՀՀ դրամը, ինչի վերաբերյալ համապատասխան բանկային փաստաթղթերը ներկայացվել են Վերաքննիչ դատարան (տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը): Վերաքննիչ դատարանի դատական ակտի ուսումնասիրությունից երևում է նաև, որ Է.Մարգարյանի նկատմամբ Համաներման ակտը կիրառելու թույլատրելիության վերաբերյալ իր եզրահանգումը պատճառաբանելիս Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել և որևէ գնահատական չի տվել տուժողի կողմից վերաքննիչ բողոքի պատասխանում շարադրված այն փաստարկին, որ հանցագործությամբ պատճառված վնասը ոչ միայն հատուցված չէ, այլև առկա է քաղաքացիական վեճ, որի վերաբերյալ ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանում հարուցված է համապատասխան քաղաքացիական գործ` դատավճռով չբռնագանձված` 700.000 ՀՀ դրամի մասով:
15. Սույն որոշման 12-13-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 14-րդ կետում մեջբերված և վերլուծված հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի իմաստով Վերաքննիչ դատարանն Է.Մարգարյանի նկատմամբ Համաներման ակտը կիրառելու վերաբերյալ իր հետևությունը շարադրելիս պարտավոր էր պատճառաբանել, թե
ա) որ իրավանորմերով է ղեկավարվել Է.Մարգարյանի նկատմամբ Համաներման ակտը կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելիս: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Համաներման ակտի 9-րդ կետի 6-րդ ենթակետի իմաստով Համաներման ակտի կիրառման նախապայմաններից մեկը ենթադրյալ հանցագործությամբ պատճառված և հատուցման ենթակա վնասի չափի կապակցությամբ տուժողի և ենթադրյալ հանցանք կատարած անձի միջև վեճի բացակայությունն է:
բ) ինչ փաստական տվյալների գնահատման արդյունքում է եզրահանգել, որ Է.Մարգարյանի նկատմամբ կիրառելի է Համաներման ակտը: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում որևէ գնահատական չի տվել տուժողի և հանցանք կատարած անձի միջև քաղաքացիաիրավական վեճի առկայության հարցին, մինչդեռ տուժող Գ.Բարսեղյանի վերաքննիչ բողոքի պատասխանում փաստարկվել է, որ առկա է վեճ հանցագործությամբ պատճառված և հատուցման ենթակա վնասի չափի կապակցությամբ:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի դատական ակտը պատճառաբանված չէ և այս առումով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտում:
i
16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա (...)»:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշման նախորդ կետում արձանագրված խախտումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով հիմք է Վերաքննիչ դատարանի 2013 թվականի նոյեմբերի 12-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար:
17. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտի պատճառաբանվածության պահանջների խախտման պարագայում Վճռաբեկ դատարանը զրկված է Վերաքննիչ դատարանի դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելու հնարավորությունից, ուստի Համաներման ակտի 9-րդ կետի 6-րդ ենթակետի խախտման վերաբերյալ բողոքաբերի փաստարկին (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը) հնարավոր է անդրադառնալ դատական ակտի պատճառաբանվածության մասով սույն որոշման 15-րդ կետում արձանագրված խախտումը վերացնելուց հետո:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Էրիկ Վալերիկի Մարգարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 12-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Դ. Ավետիսյան
Դատավորներ` Ե. Դանիելյան
Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան