Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ, 25-ՐԴ, 2 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                 Վարչական գործ թիվ ՎԴ/6403/05/12

    դատարանի որոշում                      2014 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/6403/05/12

Նախագահող դատավոր` Ա. Աբովյան

    Դատավորներ`        Ա. Առաքելյան

                       Գ. Ղարիբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի մայիսի 08-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վիկտոր Ջլավյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.10.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կարինե Ջլավյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր), երրորդ անձ Վիկտոր Ջլավյանի` Կադաստրի Էրեբունու տարածքային ստորաբաժանման կողմից Երևանի Դիմիտրովի փողոցի թիվ 71 հասցեում ընդհանուր սեփականության իրավունքով իրենց պատկանող 405 քմ մակերեսով հողամասին կից պետական հողամասի նկատմամբ և դրա վրա գտնվող 26,1 քմ մակերեսով ինքնակամ կառուցված շինության նկատմամբ Վիկտոր Ջլավյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, Կադաստրին նշված հողամասի և շինության մասով Վիկտոր Ջլավյանին 25.06.2004 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականի հատակագծում ուղղում կատարելուն պարտավորեցնելու և նշված հողամասն ու շինությունը Վիկտոր Ջլավյանին տրված սեփականության իրավունքի վկայականից հանելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Կարինե Ջլավյանը պահանջել է անվավեր ճանաչել Կադաստրի Էրեբունու տարածքային ստորաբաժանման կողմից Երևանի Դիմիտրովի փողոցի թիվ 71 հասցեում ընդհանուր սեփականության իրավունքով իրենց պատկանող 405 քմ մակերեսով հողամասին կից պետական հողամասի նկատմամբ և դրա վրա գտնվող 26,1 քմ մակերեսով ինքնակամ կառուցված շինության նկատմամբ Վիկտոր Ջլավյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, պարտավորեցնել Կադաստրին նշված հողամասի և շինության մասով Վիկտոր Ջլավյանին 25.06.2004 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականի հատակագծում կատարելու ուղղում և նշված հողամասն ու շինությունը հանելու Վիկտոր Ջլավյանին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականից:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Սարգսյան) (այսուհետ` Դատարան) 27.02.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.10.2013 թվականի որոշմամբ Կարինե Ջլավյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 27.02.2013 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է: Որոշվել է անվավեր ճանաչել Վիկտոր Ջլավյանի սեփականության իրավունքի գրանցման 25.06.2004 թվականին կատարված պետական գրանցումը Երևանի Դիմիտրովի փողոցի թիվ 71 հասցեին կից պետությանը պատկանող հողամասում գտնվող 26,1 քմ մակերեսով ինքնակամ կառուցված շինության և դրա զբաղեցրած հողամասի նկատմամբ իրավունքների գրանցման մասով:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վիկտոր Ջլավյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կարինե Ջլավյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, գործի քննության պահին գործող` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը, 25-րդ հոդվածի 1-ին մասը, 26-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 113-րդ հոդվածը, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասը, «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 31.12.1998 թվականի թիվ 867 որոշման 5-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ օրենսդիրը սահմանել է անձի վարչական դատարան դիմելու, դատական պաշտպանություն հայցելու կոնկրետ դեպքերը: Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել գործում առկա ապացույցները, ինչի արդյունքում անտեսել է այն հանգամանքը, որ Կարինե Ջլավյանը չի ապացուցել կատարված պետական գրանցմամբ իր իրավունքների խախտման փաստը: Տվյալ պարագայում Վերաքննիչ դատարանը գնահատման չի արժանացրել Կարինե Ջլավյանի կողմից 21.06.2004 թվականին նոտարական վավերացմամբ տրված համաձայնագիրը Վիկտոր Ջլավյանի կողմից անօրինական կառույցների և հողատարածքի օրինականացնելու և սեփականաշնորհելու մասին: Վերաքննիչ դատարանը գտել է, որ այդ համաձայնագիրը չի վերաբերում օրինական հողամասի սահմաններից դուրս գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասին և նրա վրա գտնվող շինությանը: Վերաքննիչ դատարանը եկել է այն անհիմն հետևության, որ հայցվորի իրավունքների խախտման փաստի ապացուցման բեռը պետք է դրվեր ոչ թե հայցվորի, այլ պետական մարմնի վրա, մինչդեռ օրենսդրությամբ սահմանված է, որ հայցվորի պահանջների ապացուցման բեռը կրում է հայցվորը, իսկ պետական մարմնի կողմից պետք է ապացուցվի պետական գրանցման համար հիմք հանդիսացող փաստական հանգամանքները:

Բացի այդ, անհիմն են նաև Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն այն մասին, որ վիճելի պետական գրանցման հիմքում դրված չէ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածը, քանի որ Վիկտոր Ջլավյանի սեփականության իրավունքը ծագել է հենց նշված օրենքի հիմքով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.10.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 27.02.2013 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

 

Վերաքննիչ դատարանը, հետազոտելով և ճիշտ գնահատելով գործի ապացույցները, իրավացիորեն եկել է այն եզրահանգման, որ նշված պետական գրանցմամբ խախտվել են Կարինե Ջլավյանի իրավունքները:

Իսկ ինչ վերաբերում է Կարինե Ջլավյանի կողմից 21.06.2004 թվականին տրված և նոտարական կարգով վավերացված համաձայնագրին, ապա այն չի կարող վերաբերել օրինական հողամասի սահմաններից դուրս գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասին և դրա վրա գտնվող շինությանը:

Անշարժ գույքի սեփականության իրավունքի 15.08.2005 թվականի թիվ 1545132 վկայականի համաձայն` Վիկտոր Ջլավյանի սեփականության իրավունքը գրանցվել է Երևանի Դիմիտրովի փողոցի թիվ 71 հասցեի 324,5 քմ մակերեսով բնակելի տան, 36,6 քմ մակերեսով օժանդակ շինությունների նկատմամբ, ինչպես նաև նրա ընդհանուր համատեղ սեփականության իրավունքն այդ հասցեի 0,04016 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Վկայականում նշված է, որ հողի համասեփականատերն է Կարինե Ջլավյանը, և որպես պետական գրանցման հիմք` նշվել են 14.06.1984 թվականի թիվ 6525 և 17.06.1997 թվականի թիվ 3321 նվիրատվության պայմանագրերը: Դատաքննության ընթացքում կողմերն ընդունեցին, որ սույն գործով վիճելի հատվածում գտնվող և բնակելի տան առաջին հարկին հարակից շինությունն այդ վկայականի հատակագծային մասում չի պատկերված, իսկ դրա տակ, կիսանկուղային հարկին հարակից շինությունը նշված է որպես օրինական և սեփականատիրոջը պատկանող:

Վիկտոր Ջլավյանը պարտավոր էր իմանալ Կարինե Ջլավյանի իրավունքների մասին, որոնք ծագել են իր կողմից կնքված նվիրատվության պայմանագրի հիման վրա, ինչպես նաև բնակելի տան` Կարինե Ջլավյանին պատկանող մասի ու վիճելի տարածքը Կարինե Ջլավյանի կողմից օգտագործվելու մասին: Հետևաբար Վիկտոր Ջլավյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվել է օրենսդրության պահանջների խախտումներով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 19.06.1997 թվականի թիվ 2427 սեփականության վկայականի համաձայն` Երևանի Դիմիտրովի փողոցի թիվ 71 տան 9/50 մասը` 14,60 քմ մակերեսով, սեփականության իրավունքով պատկանում է Կարինե Ջլավյանին (հատոր 1-ին, գ.թ. 30).

2) 15.06.1997 թվականի թիվ 2427 սեփականության վկայականի համաձայն` Երևանի Դիմիտրովի փողոցի թիվ 71 տան 41/50 մասը` 65,52 քմ մակերեսով, սեփականության իրավունքով պատկանում է Վիկտոր Ջլավյանին (հատոր 1-ին, գ.թ. 31).

3) Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 15.08.2005 թվականի թիվ 1545132 վկայականի համաձայն` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01-005-001-028 մատյանի 255 համարի տակ Երևանի Դիմիտրովի թիվ 71 հասցեի 324,5 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ գրանցվել է Վիկտոր Ջլավյանի սեփականության իրավունքը, նույն հասցեի 0,04016 հա մակերեսով հողամասի նկատմամբ գրանցված է նաև Կարինե Ջլավյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 26-29).

4) Կադաստրի աշխատակազմի ներքին վերահսկողության վարչության պետը 25.09.2012 թվականի թիվ 5/5.2/5601-12 գրությամբ հայտնել է, որ 25.06.2004 թվականին Երևանի Դիմիտրովի փողոցի թիվ 71 բնակելի տան նկատմամբ իրավունքի պետական գրանցման ժամանակ հողամասի մեջ ներառվել և օրինական է գրանցվել նաև հատկացված հողամասից դուրս կառուցված ինքնակամ շինությունը (հատոր 1-ին, գ.թ. 11-12).

5) Կարինե Ջլավյանի կողմից 21.06.2004 թվականին նոտարական վավերացմամբ տրվել է համաձայնագիր հետևյալ բովանդակությամբ. «Ես, Կարինե Ջլավյան, հաշվառված քաղաք Երևան, Դիմիտրով փ., թիվ 71 հասցեում տալիս եմ իմ համաձայնությունը, որպեսզի քաղ. Վիկտոր Ջլավյանն օրինականացնի և սեփականաշնորհի քաղաք Երևան, Դիմիտրով փ., թիվ 71 հասցեի տան իր բաժնի անօրինական կառույցները և հողատարածքը» (հատոր 1-ին, գ.թ. 108):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից գործի քննության պահին գործող` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 24-րդ, 25-րդ և 26-րդ հոդվածները սխալ կիրառելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավական խնդրին, թե արդյո՞ք անշարժ գույքի նկատմամբ «իրական (ռեալ)» իրավունքներ չունեցող անձի կողմից կարող է վիճարկվել այդ գույքի նկատմամբ այլ անձի կողմից կատարված իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

i

ՀՀ սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 07-ի թիվ ՍԴՈ-906 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր դեպքերում ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` ՄԻԵԴ) իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վեճը պետք է լինի իրական և իր բնույթով` լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները և պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, և վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական և ուղղակի նշանակություն և ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների և ազատությունների վրա (տե՛ս Լը Քոմպտեն և մյուսներն ընդդեմ Բելգիայի թիվ 6878/75 դիմումով ՄԻԵԴ 23.06.1981 թվականի որոշումը, պարբ. 47, Բենթհեմն ընդդեմ Նիդերլանդների, թիվ 8848/80 դիմումով ՄԻԵԴ 23.10.1985 թվականի որոշում, պարբ. 32):

ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձը ստանում է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ և հասցեատեր և կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը:

i

Գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ` այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին ՀՀ Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Վերոնշյալ իրավական դրույթների վերլուծությունից հետևում է, որ վկայակոչված իրավանորմերը սահմանում են, որ յուրաքանչյուր ոք իր իրավունքների պաշտպանության համար իրավունք ունի դիմելու վարչական դատարան: Այսինքն` սկզբունքորեն ենթադրվում է, որ անձի իրավունքի խախտման հնարավորություն գոյություն ունի և իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի դիմելու վարչական դատարան:

Այսպիսով, ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված է, որպես ընդհանուր կանոն, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով. բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:

Նշված իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ շահագրգիռ անձի պահանջով վարչական ակտը դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր, եթե հաստատվի հետևյալ վավերապայմանների միաժամանակյա առկայությունը.

1. վարչական ակտն ընդունվել է օրենքի խախտմամբ կամ կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում,

2. վիճարկվող վարչական ակտով խախտվել են հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները:

Այսինքն` վարչական ակտը վիճարկելիս դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: ՈՒստի դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են: Ընդ որում, չի կարող անվավեր ճանաչվել այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որը չի կարող խախտել որևէ անձի, Հայաստանի Հանրապետության կամ որևէ համայնքի իրավունք (տե՛ս Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

Նույն օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչպես նաև պարզում է այս կամ այն ապացույցի վերաբերելիության հարցը:

Նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում գտնվող այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները: Վարչական մարմինը պարտավոր է նաև ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում գտնվող այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները:

Նույն օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ապացուցման բեռը կրում է նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասով ապացույցներ ներկայացնելու պարտականություն կրող կողմը, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը (պաշտոնատար անձը), որն ընդունել է վիճարկվող իրավական ակտը կամ կատարել է վիճարկվող գործողությունը կամ չի կատարել որևէ հայցվող գործողություն, սակայն հայցվորի պնդմամբ պարտավոր էր կատարել, կրում է իր որոշման, գործողության կամ անգործության համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը:

Վերը նշված իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատավարության յուրաքանչյուր կողմ կրում է իր պահանջների կամ առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցներ ներկայացնելու պարտականությունը: Դատավարության այն կողմը, ով նշում է, որ վիճարկվող վարչական ակտով կամ վարչական մարմնի գործողությամբ (անգործությամբ) խախտվել են իր իրավունքները, կրում է իր իրավունքների խախտման վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը, իսկ վարչական մարմինը կրում է վարչական ակտի, գործողության (անգործության) հիմքում ընկած փաստական հանգամանքների ապացուցման բեռը:

Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Դիմիտրովի փողոցի թիվ 71 տան 9/50 մասը` 14,60 քմ մակերեսով, սեփականության իրավունքով պատկանում է Կարինե Ջլավյանին, իսկ նույն հասցեի տան 41/50 մասը` 65,52 քմ մակերեսով սեփականության իրավունքով պատկանում է Վիկտոր Ջլավյանին: Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 15.08.2005 թվականի թիվ 1545132 վկայականի համաձայն` Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01-005-001-028 մատյանի 255 համարի տակ Երևանի Դիմիտրովի թիվ 71 հասցեի 324,5 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ գրանցվել է Վիկտոր Ջլավյանի սեփականության իրավունքը, նույն հասցեի 0,04016 հա մակերեսով հողամասի նկատմամբ գրանցվել է Կարինե Ջլավյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը: Կարինե Ջլավյանը 21.06.2004 թվականին համաձայնություն է հայտնել այն մասին, որ Վիկտոր Ջլավյանն օրինականացնի և սեփականաշնորհի Երևանի Դիմիտրով փողոցի թիվ 71 հասցեի տան իր բաժնի անօրինական կառույցները և հողատարածքը:

Սույն գործով Դատարանը հայցը մերժելիս պատճառաբանել է, որ հայցվորը չի ներկայացրել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց այն մասին, որ նշված ինքնակամ կառուցված շինության նկատմամբ Վիկտոր Ջլավյանի իրավունքի գրանցմամբ խախտվել է իր իրավունքը: Հետևաբար Երևանի Դիմիտրովի փողոցի թիվ 71 հասցեում գտնվող 405 քմ մակերեսով հողամասին կից պետական հողամասի նկատմամբ և դրա վրա գտնվող 26,1 քմ մակերեսով ինքնակամ կառուցված շինության նկատմամբ Վիկտոր Ջլավյանի սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու պահանջը ենթակա է մերժման: Դատարանը գտել է նաև, որ նշված ինքնակամ կառուցված շինության նկատմամբ Վիկտոր Ջլավյանի սեփականության իրավունքի գրանցման ուժի մեջ լինելու պայմաններում մերժման ենթակա են նաև 26,1 քմ մակերեսով հողամասի և շինության մասով Վիկտոր Ջլավյանին 25.06.2004 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականի հատակագծում ուղղում կատարելուն պարտավորեցնելու և նշված հողամասն ու շինությունը Վիկտոր Ջլավյանին տրված սեփականության իրավունքի վկայականից հանել պարտավորեցնելու պահանջները:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելիս որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունները, որ գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը (պաշտոնատար անձը), որն ընդունել է վիճարկվող իրավական ակտը կամ կատարել է վիճարկվող գործողությունը կամ չի կատարել որևէ հայցվող գործողություն, սակայն հայցվորի պնդմամբ պարտավոր էր այն կատարել, կրում է իր որոշման, գործողության կամ անգործության համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը: Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասը, գտել է, որ անշարժ գույքի գրանցման վկայականից հետևում է, որ վեճի առարկա պետական սեփականություն հանդիսացող հողամասը հարակից է ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Կարինե Ջլավյանին պատկանող հողամասին ու վերջինիս վրա գտնվող բնակելի տան առաջին հարկի այն մասին, որը սեփականության իրավունքով պատկանում է նրան: Բացի այդ, տան այդ մասին հարակից է պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա գտնվող շինությունը, որն ըստ վկայականի, հաշվառված է որպես հայցվորի տիրապետության տակ գտնվող և դրանց երկուսի միջև, ըստ վկայականի հատակագծի, առկա է դուռ, ինչը վկայում է շինությունը հայցվորի կողմից օգտագործելու մասին: Այս փաստերի պարագայում Վերաքննիչ դատարանն ամբողջովին անհիմն է գնահատել Դատարանի` վճռում կատարած եզրահանգումն այն մասին, թե հայցվորը չի ներկայացրել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց այն մասին, որ նշված ինքնակամ կառուցված շինության նկատմամբ Վիկտոր Ջլավյանի իրավունքի գրանցմամբ խախտվել է իր իրավունքը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Կարինե Ջլավյանը, վիճարկելով Վիկտոր Ջլավյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, նախ պետք է հիմնավորեր խնդրո առարկա գույքի նկատմամբ իր ենթադրյալ իրավունքի առկայությունը` մատնանշելով իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել տվյալ գրանցմամբ, քանի որ օրենսդրությամբ սահմանված կարգով իր իրավունքների խախտման վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը կրում է հենց ինքը` հայցվորը:

Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Կարինե Ջլավյանի կողմից չեն ներկայացվել այնպիսի վերաբերելի և թույլատրելի ապացույցներ, որով կհիմնավորվեր այն փաստը, որ վերջինս ունի «իրական (ռեալ)» իրավունք վեճի առարկա գույքի նկատմամբ և որ պետական հողամասի վրա ինքնակամ կառուցված շինության նկատմամբ Վիկտոր Ջլավյանի իրավունքի պետական գրանցմամբ խախտվել է իր իրավունքը:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանն այն մասին, որ պետական սեփականություն հանդիսացող հողամասը հարակից է Կարինե Ջլավյանին պատկանող հողամասին, ինչպես նաև ըստ սեփականության իրավունքի գրանցման վկայականի հատակագծի` պետական սեփականություն հանդիսացող հողամասի և հայցվորի սեփականություն հանդիսացող գույքի միջև առկա է դուռ, որով հիմնավորվում է, որ շինությունն օգտագործվում է նրա կողմից, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն դրանք բավարար չեն փաստելու համար, որ վիճելի ինքնակամ շինությունը տիրապետել է Կարինե Ջլավյանը:

Ամփոփելով վերոնշված իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ սույն գործով չի հիմնավորվել վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ Կարինե Ջլավյանի որևէ իրավունք ունենալու հանգամանքը, ինչից էլ հետևում է, որ Կարինե Ջլավյանին չի պատկանում վերը նշված գրանցումը վիճարկելու իրավունքը, ինչպես նաև Կադաստրին պարտավորեցնելու նշված հողամասի և շինության մասով Վիկտոր Ջլավյանին 25.06.2004 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականի հատակագծում ուղղում կատարելու և նշված հողամասն ու շինությունը Վիկտոր Ջլավյանին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականից հանելու պահանջների իրավունքը:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.10.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 27.02.2013 թվականի վճռին:

2. Կարինե Ջլավյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար պակաս վճարված և 60.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.12.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումարներ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
08.05.2014
N ՎԴ/6403/05/12
Որոշում