Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 48-ՐԴ, 51- ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ
ԵԷԴ/1515/02/12
2014 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1515/02/12   
Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան 
                  Դատավորներ` Ա. Պետրոսյան
                                               Ա. Խառատյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Ավանեսյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
  Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի

 

 

2014 թվականի մայիսի 08-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ամատունի Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ժան Ժակ Մարի Արթուր Գոհենի ընդդեմ Ամատունի Հովհաննիսյանի` 3.600.000 ՀՀ դրամի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Ժան Ժակ Մարի Արթուր Գոհենը պահանջել է Ամատունի Հովհաննիսյանից բռնագանձել 10.10.2010 թվականին մեկ ամիս ժամանակով փոխառությամբ վերցրած 3.600.000 ՀՀ դրամը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 10.11.2010 թվականից:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Վ. Ասլանյան) (այսուհետ` Դատարան) 04.09.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2013 թվականի որոշմամբ Ամատունի Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 04.09.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ամատունի Հովհաննիսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերը, 51-րդ հոդվածի 1-ին կետը, 53-րդ հոդվածը, 54-րդ հոդվածի 2-րդ կետը, 132-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ և 877-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր և սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ, 878-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Պարտավորագիր» վերնագրով փաստաթղթի պատճենը չի հանդիսանում թույլատրելի և պատշաճ ապացույց ու չպետք է հետազոտվեր և գնահատվեր Դատարանի կողմից, առավել ևս, դրվեր վճռի հիմքում: «Պարտավորագիր» վերնագրով փաստաթղթի պատճենն ապացույցների շարքից հանելու պարագայում կստացվի, որ կողմերի միջև փոխառության իրավահարաբերության փաստի առկայությունը Դատարանը հաստատված է համարել միայն քրեական գործի նյութերի նախապատրաստման ժամանակ տրված բացատրությամբ, ինչն էլ ակնհայտ անհիմն է, քանի որ բացատրությունը չունի նախապես հաստատված ապացույցի ուժ և նախադատելի նշանակություն: Բացատրությունում պարունակվող տեղեկություններն ապացուցողական նշանակություն չունեն նույնիսկ նույն քրեական գործի շրջանակներում և չեն դասվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածով սահմանված ապացույցների շարքին, հետևաբար միայն Ամատունի Հովհաննիսյանի բացատրությամբ չի կարող հաստատվել կողմերի միջև փոխառության իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, ինչն էլ նշանակում է, որ անհիմն է Դատարանի այն հետևությունը, թե գործով ներկայացված հայցի հիմքում ընկած են փոխառության իրավահարաբերություններ, և դրանց նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` փոխառության իրավահարաբերություններին վերաբերող նորմերը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը պատշաճ չի գնահատել այն հանգամանքը, որ Ամատունի Հովհաննիսյանը հայցադիմումի պատասխանում նշել է, որ «Պարտավորագիր» վերնագրով փաստաթղթի երկրորդ էջը պարունակել է որոշակի գրառումներ` իր կողմից Ժան Ժակ Մարի Արթուր Գոհենին վճարված գումարների վերաբերյալ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.12.2013 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 06.10.2010 թվականի «Պարտավորագիր» վերնագրով փաստաթղթի պատճենի համաձայն` Ժան Ժակ Մարի Արթուր Գոհենն Ամատունի Հովհաննիսյանին տվել է 3.600.000 ՀՀ դրամ մեկ ամիս ժամկետով` 4 տոկոս տոկոսադրույքով (հատոր 1-ին, գ.թ. 6).

2) Դատարանը գործի քննության ժամանակ, այդ թվում նաև դատաքննության ընթացքում նշված «Պարտավորագիր» վերնագրով փաստաթղթի պատճենը հետազոտելիս Ժան Ժակ Մարի Արթուր Գոհենից չի պահանջել այդ «Պարտավորագիր» վերնագրով փաստաթղթի ինչպես բնօրինակը, այնպես էլ դրա պատշաճ վավերացված պատճենը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ փաստաթղթի բնօրինակը` որպես գրավոր ապացույց, դատարան ներկայացնելու պարտադիր հիմքերին:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները, կողմերի միջնորդությամբ, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներն ուսումնասիրելու հարցերը:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ գործի քննությունը դատաքննության նախապատրաստական փուլով իրականացնելիս դատարանը պարտավոր է կողմերի հետ քննարկել ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխել ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշելն անմիջական կախվածության մեջ է գտնվում գործին մասնակցող անձանց վկայակոչած փաստերի վերաբերյալ մյուս կողմի ներկայացրած առարկություններից:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործը դատաքննության նախապատրաստելու ինստիտուտը նպատակաուղղված է ապահովելու գործի արդյունավետ քննությունը: Այդ նպատակով օրենսդիրը գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ սահմանում է ոչ միայն կողմերի, այլև դատարանի գործողությունները:

ՀՀ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության սկզբունքի հիման վրա: Սակայն գործը դատաքննության նախապատրաստելու վերաբերյալ նորմերը սահմանում են մրցակցային դատավարությունում դատարանի պարտականությունները: Միաժամանակ դատարանը, ղեկավարելով գործը դատաքննության նախապատրաստելու գործընթացը, պահպանում է անկախություն, օբյեկտիվություն և անաչառություն, իսկ գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ դատարանի գործողություններն ուղղված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով նախատեսված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության համար համապատասխան պայմանների ապահովմանը, գործի համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի որոշմանը և գործը լուծելու համար ճիշտ իրավանորմերի կիրառմանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ և 149.8-րդ հոդվածների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ ապացույցներ ներկայացնում են գործին մասնակցող անձինք, սակայն դատարանը գործի նախապատրաստական փուլում ապացուցման առարկան և բեռը բաշխելուց հետո կողմերին հնարավորություն է ընձեռում ներկայացնելու այն ապացույցները, որոնցով վերջիններս կարող են հիմնավորել իրենց պահանջները և առարկությունները:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը դատաքննության նախապատրաստելու դատավարական ինստիտուտի ամրագրումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, և դատարանն այդ փուլով դատավարությունը պետք է անցկացնի իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գրավոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են այն դեպքում, եթե գործի հանգամանքները, օրենքներին կամ այլ իրավական ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն նման փաստաթղթով, իսկ անհրաժեշտության դեպքում` դատարանի պահանջով:

i

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գրավոր ապացույցները դատարան ներկայացվում են երկու ձևով` բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Ընդ որում, դատարանը, պարզելով գործով ապացուցման ենթակա փաստերը, կողմից կարող է պահանջել համապատասխան գրավոր ապացույցներ, իսկ անհրաժեշտության դեպքում` փաստաթղթերի բնօրինակները (տե՛ս Երևանի քաղաքապետարանի «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի հայցի ընդդեմ Դավիթ Մարտիրոսյանի ու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունի անձնագրային բաժնի թիվ ԵԷԴ/1637/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելիս հաստատված է համարել այն հանգամանքը, որ Ամատունի Հովհաննիսյանի այն պնդումը, որ առկա չէ պարտավորագրի բնօրինակը, հիմք չէ հայցադիմումը մերժելու համար, քանի որ գործում առկա է 06.10.2010 թվականին տրված պարտավորագրի պատճենը և Ամատունի Հովհաննիսյանի կողմից 05.10.2011 թվականին տրված բացատրությունը, որով հաստատվում է, որ վերջինս Ժան Ժակ Մարի Արթուր Գոհենից 06.10.2010 թվականին փոխառությամբ ստացել է 3.600.000 ՀՀ դրամ, որը պարտավորվել է վերադարձնել մեկ ամիս հետո:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, պատճառաբանել է, որ սույն գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության և գնահատման արդյունքում հաստատվում է Ժան Ժակ Մարի Արթուր Գոհենի կողմից Ամատունի Հովհաննիսյանին մեկ ամիս ժամկետով 3.600.000 ՀՀ դրամի չափով փոխառություն տրամադրված և այդ գումարի վերադարձման պարտավորությունն Ամատունի Հովհաննիսյանի կողմից խախտված լինելու փաստը: Ինչ վերաբերում է պատասխանողի այն պնդումներին, թե ի կատարումն ստանձնած պարտավորության` իր կողմից հայցվորին վերադարձվել են խոշոր գումարներ, որոնց մասին նշում է կատարվել պարտավորագրի բնօրինակի երկրորդ էջում, ապա այդ պնդումները ևս հաստատում են հայցվորի կողմից պատասխանողին վերագրված պարտավորությունը ծագած լինելու փաստը, բացի այդ, նշված պնդումների հավաստիությունն ապացուցելու պարտականությունը կրել է պատասխանողը, և հենց ինքն էլ պետք է ներկայացներ համապատասխան ապացույցներ, ինչը չի արել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` Ժան Ժակ Մարի Արթուր Գոհենը, հիմք ընդունելով 06.10.2010 թվականի «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթի պատճենը, պահանջել է Ամատունի Հովհաննիսյանից բռնագանձել 3.600.000 ՀՀ դրամ: Գործի քննության ընթացքում պատասխանողը պահանջել է հայցվորից ներկայացնել «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթի բնօրինակը` պատճառաբանելով, որ պարտքի գումարից պարբերաբար վճարումներ է կատարել, որոնց մասին գրառումներ են արվել «Պարտավորագիր» վերնագրով փաստաթղթի բնօրինակում, մասնավորապես` նշված փաստաթղթի երկու կողմում, մինչդեռ հայցվորը Դատարան է ներկայացրել միայն բնօրինակի դիմերեսի պատճենը:

Վերոնշյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործով առկա էր գրավոր ապացույցի, այն է` «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթի բնօրինակը պահանջելու անհրաժեշտություն: Վճռաբեկ դատարանի վերոնշյալ եզրահանգումը հիմնավորվում է հետևյալ փաստարկներով.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն`պարտատերը, ընդունելով կատարումը, պարտավոր է պարտապանի պահանջով նրան ստացական տալ` կատարումը լրիվ կամ համապատասխան մասով ստանալու մասին: Եթե պարտապանն ի հավաստումն պարտավորության պարտքային փաստաթուղթ է տվել պարտատիրոջը, ապա պարտատերը, ընդունելով կատարումը, պետք է վերադարձնի այդ փաստաթուղթը, իսկ դրա անհնարինության դեպքում այդ մասին նշի իր տված ստացականում: Ստացականը կարող է փոխարինվել վերադարձվող պարտքային փաստաթղթի վրա արվող մակագրությամբ: Պարտքային փաստաթուղթը պարտապանի մոտ գտնվելը հավաստում է պարտավորության դադարումը, քանի դեռ այլ բան չի ապացուցվել:

i

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 2-րդ կետի իրավանորմի վերլուծությանը` դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ օրենսդիրը պարտատիրոջ վրա պարտականություն է դրել պարտքի կատարումն ընդունելիս պարտապանի պահանջով կատարումը լրիվ կամ համապատասխան մասով ստանալու մասին նրան ստացական տալ, իսկ պարտապանի կողմից պարտատիրոջն ի հավաստումն պարտավորության պարտքային փաստաթուղթ տրված լինելու դեպքում` պարտապանին վերադարձնել այդ փաստաթուղթը, դրա անհնարինության դեպքում այդ մասին նշել իր տված ստացականում: Ստացականը կարող է փոխարինվել վերադարձվող պարտքային փաստաթղթի վրա արվող մակագրությամբ: Ընդ որում, այլ բան ապացուցված չլինելու դեպքում նշված փաստաթուղթը պարտապանի մոտ գտնվելը հավաստում է պարտավորության դադարումը (տե՛ս Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):

Վերոնշյալ դիրքորոշումից հետևում է, որ պարտավորության կատարման փաստն ապացուցված չլինելու պարագայում քանի դեռ պարտքային փաստաթղթի բնօրինակը գտնվում է պարտատիրոջ մոտ, գործում է պարտավորությունը կատարված չլինելու կանխավարկածը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարտատիրոջ պարտականությունն ըստ էության վերաբերում է պարտավորության ամբողջական կատարումն ընդունելուն, մինչդեռ պարտավորության, այդ թվում` դրամային պարտավորությունների կատարումը կարող է տեղի ունենալ մաս առ մաս: Օրենսդիրը, սակայն, չի կանոնակարգել պարտավորության մասնակի կատարման պարագայում այդ փաստը հավաստող ապացույցների շրջանակը: Վճռաբեկ դատարանի դիտարկմամբ մասնակի կատարման պարագայում ևս կատարման փաստը կարող է հաստատվել պարտատիրոջ կողմից տրված ստացականով կամ պարտքային փաստաթղթի բնօրինակի վրա կատարումն ընդունելու մասին մակագրությամբ, սակայն երկրորդի պարագայում առանձնահատկությունը կայանում է նրանում, որ քանի դեռ պարտավորությունն ամբողջությամբ չի կատարվել, փաստաթղթի բնօրինակը շարունակում է մնալ պարտատիրոջ մոտ: Հետևաբար այն դեպքում, երբ պարտապանը, ի հավաստումն պարտավորության մասնակի կատարման փաստի` վկայակոչում է պարտքային փաստաթղթի բնօրինակում կատարված համապատասխան գրառումները, դատարանները պարտավոր են ապացուցման գործընթացը կազմակերպել և ապացուցման բեռը բաշխել` հավասարակշռելով կողմերի շահերը և ապացուցման գործընթացին մասնակցելու իրական հնարավորությունները: Մասնավորապես, քննարկվող դեպքում դատարանները պետք է պարտատիրոջը պարտավորեցնեին պահանջվող ծավալով պարտավորության առկայության փաստը հիմնավորել բացառապես պարտքային փաստաթղթի բնօրինակով, իսկ դրա անհնարինության դեպքում կրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված բացասական հետևանքները:

Վերոնշյալ մեկնաբանությունների համատեքստում անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարան ներկայացված «Պարտավորագիր» վերտառությամբ փաստաթղթի պատճենի վերջնամասում` կողմերի ստորագրություններից հետո, առկա են գրառումներ («XI-2010 տվեց 144000 դրամ», «12.2010 տվեցի, ստացա 200000 դրամ»), որոնք վկայում են, որ պատասխանողը մաս առ մաս է կատարել վճարումներ և դրանց վերաբերյալ մակագրություններն արվել են նույն փաստաթղթի վրա: Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ սույն գործով վկայակոչվել է պարտավորության մասնակի կատարման փաստը, որպիսի պարագայում, ելնելով նաև վերոնշյալ փաստերից, գործում է պարտքային փաստաթղթի բնօրինակը հայցվորի մոտ գտնվելու կանխավարկածը, գտնում է, որ վերջինս ներկայացված պահանջի ծավալով պարտավորության առկայությունը պարտավոր էր ապացուցել տվյալ փաստաթղթի բնօրինակով: Հետևաբար վերոնշյալ հանգամանքներն ուղղակիորեն վկայել են գրավոր ապացույցի բնօրինակը պահանջելու անհրաժեշտության մասին, որը, սակայն, անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը գործի լրիվ, բազմակողմանի քննություն չի իրականացրել, ամբողջությամբ չի պարզել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, ճիշտ չի բաշխել ապացուցման բեռը, պարտավորագրի բնօրինակը պահանջելու անհրաժեշտության պարագայում չի պահանջել այն, որպիսի պարագայում չէր կարող իրավաչափ հետևության հանգել պահանջի հիմնավորվածության վերաբերյալ, որպիսի խախտումներն էլ անտեսվել են Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.03.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Վ. Ավանեսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
08.05.2014
N ԵԷԴ/1515/02/12
Որոշում