(ուժը կորցրել է 01.12.03 ՆՀ-189-Ն հրամանագիր)
i
030.0360.030899
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր շինարարության և աղետի գոտու վերականգնման հարցերի հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-327 հրամանագրին համապատասխան` որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր շինարարության և աղետի գոտու վերականգնման հարցերի հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
3 օգոստոսի 1999 թ.
ՆՀ-360
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության Նախագահի
1999 թ. օգոստոսի 3-ի
ՆՀ-360 հրամանագրով
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր շինարարության և աղետի գոտու վերականգնման հարցերի հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-327 հրամանագրով ստեղծված Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր շինարարության և աղետի գոտու վերականգնման հարցերի հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) խորհրդակցական մարմին է:
2. Հանձնաժողովի գործունեությունը կանոնակարգվում է սույն կանոնադրությամբ և իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
3. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`
- շինարարական և վերականգնողական աշխատանքների ընթացքի ուսումնասիրությունը և վերլուծությունը.
- մասնակցությունը աղետի գոտու վերականգնման և այլ շինարարական ծրագրերի մշակմանը.
- աղետի գոտու վերականգնմանն ուղղված շինարարական ծրագրերի ուսումնասիրությունը և դրանց իրականացման արդյունքների վերլուծությունը, բոլոր մասնակիցներին, անկախ ֆինանսավորման աղբյուրից, անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելը.
- վիճակագրական տեղեկատվության մեջ կապիտալ շինարարության ծավալների և շահագործման հանձնող օբյեկտների լիարժեք արտացոլմանը, դրանց մասին հասարակությանն իրազեկմանը աջակցություն ցուցաբերելը.
- բնագավառի օրենսդրական և իրավական հիմքի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.
- երկրաշարժից տուժած քաղաքացիների հանդեպ պետության պարտավորությունների կատարման տարբեր մոտեցումների մշակումը.
- աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրի իրականացման վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար քննարկումը, տեմպերի գնահատումը և անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկություններով հանդես գալը:
4. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների լուծման համար իրավունք ունի`
- պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև այլ կազմակերպություններից ու պաշտոնատար անձանցից ստանալ իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն.
- կատարել քաղաքացիներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև այլ կազմակերպություններից և պաշտոնատար անձանցից ստացված առաջարկությունների ուսումնասիրություն և փորձաքննություն.
- անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի անդամներից կազմել աշխատանքային խմբեր կամ ենթախմբեր` առանձին հարցերի քննարկումը նախապատրաստելու համար.
- իր աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով աշխատանքային խմբերում հասարակական կամ պայմանագրային հիմունքներով ներգրավել գիտական հաստատություններ, ինչպես նաև առանձին գիտնականների և մասնագետների.
- սահմանել իր աշխատանքի կազմակերպման կարգը:
5. Հանձնաժողովի կազմը, կանոնադրությունը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
6. Հանձնաժողովը կազմված է նախագահից, քարտուղարից և անդամներից:
7. Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական կարգով:
8. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ Հանձնաժողովի որևէ անդամ կարող է ներկայացնել Հանձնաժողովը այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում:
9. Հանձնաժողովի նախագահը`
- ղեկավարում է Հանձնաժողովի գործունեությունը.
- հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում է Հանձնաժողովի նախապատրաստած առաջարկությունները, ինչպես նաև Հանձնաժողովի գործունեությանը վերաբերող տեղեկատվությունը.
- Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություններ է ներկայացնում Հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
- Հանձնաժողովի անդամների միջև կատարում է աշխատանքի բաշխում.
- ներկայացնում է Հանձնաժողովը այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ փոխհարաբերություններում.
- ապահովում է Հանձնաժողովի աշխատանքների լուսաբանումն ու հրապարակայնությունը:
10. Հանձնաժողովի քարտուղարը`
- ապահովում է Հանձնաժողովի աշխատանքային ծրագրերի, նիստերի օրակարգերի, անհրաժեշտ նյութերի, ինչպես նաև որոշումների նախագծերի նախապատրաստումը.
Հանձնաժողովի անդամներին ոչ ուշ, քան Հանձնաժողովի նիստից յոթ օր առաջ ուղարկում է Հանձնաժողովի նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութեր, նրանց տեղեկացնում Հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին.
- վարում է Հանձնաժողովի արձանագրությունները և հետևում Հանձնաժողովի կայացրած որոշումների կատարման ընթացքին.
- կատարում է Հանձնաժողովի և Հանձնաժողովի նախագահի առանձին հանձնարարականները:
11. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է Հանձնաժողովի նիստերի միջոցով: Նիստերը հրավիրվում են Հանձնաժողովի նախագահի կամ անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:
Հանձնաժողովի նիստերը վարում է Հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` անդամներից մեկը:
Հանձնաժողովի նախագահի հրավերով Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել այլ անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով:
12. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե ներկա է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
13. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, Հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
Հանձնաժողովի որոշումներն ունեն խորհրդատվական բնույթ, դրանք ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից:
Եթե Հանձնաժողովի որևէ անդամ Հանձնաժողովի ընդունած որոշման վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա այն կցվում է Հանձնաժողովի որոշմանը:
14. Հանձնաժողովի գործունեության վերլուծական-տեղեկատվական և կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը:
15. Հանձնաժողովի գործունեության հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:
16. Հանձնաժողովը գործում է մինչև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից լուծարվելը: