Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ավստրիայի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

հաշվի առնելով երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը,

համոզված լինելով, որ առավել արդյունավետ համագործակցությունն իրենց մաքսային ծառայությունների միջև կարող է իրականացվել տեղեկատվության փոխանակման միջոցով, և տեղեկատվության այդպիսի փոխանակումը պետք է հիմնված լինի հստակ իրավական դրույթների վրա,

հաշվի առնելով, որ մաքսային օրենսդրության խախտումները վնաս են հասցնում իրենց համապատասխան երկրների տնտեսական, առևտրային, հարկային, սոցիալական, մշակութային, արդյունաբերական, գյուղատնտեսական շահերին և առողջապահությանը, ինչպես նաև օրինական առևտրին,

հաշվի առնելով ապրանքների ներմուծման կամ արտահանման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի, վճարների կամ գանձումների ճշգրիտ գնահատումն ապահովելու, ինչպես նաև արգելման, սահմանափակման և հսկողության դրույթների պատշաճ իրականացման կարևորությունը` վերջինիս մեջ ներառելով նաև կեղծված ապրանքների, գրանցված առևտրային նշանների և մտավոր սեփականության իրավունքների մասին իրավական դրույթների և կանոնակարգերի կատարումը,

համոզված լինելով, որ մաքսային իրավախախտումների դեմ ուղղված գործողությունները և ներմուծման ու արտահանման տուրքերի, հարկերի, վճարների կամ այլ գանձումների ճշգրիտ հավաքումն ապահովելու ջանքերը կարող են իրականացվել առավել արդյունավետ իրենց մաքսային ծառայությունների միջև համագործակցության միջոցով,

հաշվի առնելով, որ թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի առևտուրը վտանգ է ներկայացնում բնակչության առողջության և հասարակության համար,

հաշվի առնելով 1999 թվականի` Գործընկերության և համագործակցության մասին, մի կողմից, Հայաստանի Հանրապետության և, մյուս կողմից, Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև համաձայնագրի արձանագրությունը վարչական մարմինների միջև մաքսային հարցերով փոխօգնության վերաբերյալ,

հաշվի առնելով 1961 թվականի` «Թմրամիջոցների մասին» միասնական կոնվենցիայի դրույթները` փոփոխված 1972 թվականի արձանագրությամբ, և Միավորված ազգերի կազմակերպության աջակցությամբ ընդունված` 1971 թվականի` «Հոգեներգործուն նյութերի մասին» կոնվենցիան, ինչպես նաև 1988 թվականի` «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիան,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի նպատակով.

1. «Մաքսային ծառայություն» նշանակում է` Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, իսկ Ավստրիայի Հանրապետության համար` ֆինանսների դաշնային նախարարություն և իրեն ենթակա մաքսային ծառայություններ:

2. «Մաքսային օրենսդրություն» նշանակում է` Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության կողմից կիրառվող կամ կատարվող ցանկացած իրավական և վարչական դրույթ` կապված մաքսատուրքերի և հարկերի մասով ապրանքների ներմուծման, արտահանման, տարանցման, պահպանման և տեղաշարժի հետ` ներառյալ արգելման, սահմանափակման և հսկողության միջոցները:

3. «Մաքսային իրավախախտում» նշանակում է` մաքսային օրենսդրության ցանկացած խախտում կամ խախտման փորձ:

4. «Հայցող մաքսային ծառայություն» նշանակում է` Պայմանավորվող կողմի մաքսային ծառայություն, որը մաքսային գործերով օգնության հարցում է կատարում, կամ որը օգնություն է ստանում մաքսային ծառայության նախաձեռնությամբ:

5. «Հայցվող մաքսային ծառայություն» նշանակում է` Պայմանավորվող կողմի մաքսային ծառայություն, որն ստանում է մաքսային գործերով օգնության հարցում, կամ որը տրամադրում է այդ օգնությունն իր նախաձեռնությամբ:

6. «Տեղեկատվություն» նշանակում է` ցանկացած տվյալ, փաստաթուղթ, զեկույց, դրանց հաստատված կամ վավերացված պատճեններ կամ այլ հաղորդագրություններ` համակարգչայնացված կամ չհամակարգչայնացված:

7. «Անձնական տվյալներ» նշանակում է` ինքնությունը հաստատված կամ հաստատման ենթակա անձին վերաբերող ցանկացած տեղեկատվություն:

8. «Հնաոճ իրեր և արվեստի գործեր» նշանակում է` բոլոր այն իրերը, որոնք ներկայացնում են մշակութային արժեք Պայմանավորվող կողմերից մեկի համար:

9. «Թմրամիջոցներ» նշանակում է` ցանկացած նյութ` բնական կամ արհեստական, որ թվարկված է 1972 թվականի Արձանագրությամբ փոփոխված` 1961 թվականի` «Թմրամիջոցների մասին» Միավորված ազգերի կազմակերպության միասնական կոնվենցիայի I և II ցանկերում:

10. «Հոգեներգործուն նյութեր» նշանակում է` ցանկացած նյութ` բնական կամ արհեստական, որ թվարկված է 1971 թվականի` «Հոգեներգործուն նյութերի մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի I, II, III և IV ցանկերում:

11. «Պրեկուրսորներ» նշանակում է` հսկողության ներքո գտնվող քիմիական նյութեր, որոնք օգտագործվում են թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի արտադրության մեջ, որոնք թվարկված են 1988 թվականի դեկտեմբերի 20-ի` «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիային կից ներկայացված 1-ին և 2-րդ աղյուսակներում:

12. «Վերահսկելի մատակարարում» նշանակում է` թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի կամ դրանց փոխարինող նյութերի, ինչպես նաև այլ ապրանքների, որոնք կարող են հանդիսանալ մաքսանենգության առարկա, ապօրինի կամ կասկածելի խմբաքանակի` դեպի Պայմանավորվող կողմերի պետությունների տարածք, տարածքից դուրս կամ տարածքով փոխադրման համար թույլատրման եղանակ իրենց իրավասու ծառայությունների գիտությամբ և հսկողության ներքո` այդ ապրանքների ապօրինի փոխադրման մեջ ներգրավված անձանց բացահայտելու և հայտնաբերելու նպատակով:

13. «Վերահսկիչ» նշանակում է` մասնավոր կամ իրավաբանական անձ, պետական մարմին, գերատեսչություն կամ որևէ այլ մարմին, որը միայնակ կամ մյուսների հետ համատեղ որոշում է անձնական տվյալների մշակման նպատակները և միջոցները:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Պայմանավորվող կողմերը, իրենց մաքսային ծառայությունների միջոցով և սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան, միմյանց ցուցաբերում են փոխադարձ օգնություն.

ա) մաքսային օրենսդրության պատշաճ կիրառումն ապահովելու նպատակով,

բ) մաքսային օրենսդրության իրավախախտումները կանխելու, հետաքննելու, քննելու և դրանց դեմ պայքարելու նպատակով,

գ) մաքսային օրենսդրության կիրառմանը վերաբերող վարչական բնույթի որոշումների և փաստաթղթերի առաքման ու ծանուցման հարցերում:

2. Սույն հոդվածի 1-ին պարբերության «ա» և «բ» ենթապարբերություններում նշված օգնությունը կարող է տրամադրվել բոլոր վարույթներում` վարչական կամ դատական, այդ թվում հետաքննությունների ընթացքում:

3. Սույն Համաձայնագրի շրջանակներում նախատեսվող օգնությունը տրամադրվում է հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան և հայցվող մաքսային ծառայության իրավասության և հնարավորությունների սահմաններում:

4. Սույն Համաձայնագրի շրջանակներում տրամադրվող փոխադարձ օգնությունը չի ազդում այն դրույթների վրա, որոնք կիրառելի են Պայմանավորվող կողմերի միջև գործող` քրեական գործերով փոխադարձ օգնության վերաբերյալ դրույթների նկատմամբ: Այնուամենայնիվ, սույն Համաձայնագրի գործողության ոլորտում գտնվող և մեկ կամ երկու մաքսային ծառայությունների կողմից քննվող քրեական գործերով օգնության վերաբերյալ հարցումներն իրականացվում են սույն Համաձայնագրի շրջանակներում:

5. Անձանց կալանավորելու վերաբերյալ ցանկացած հարցում պետք է բացառվի սույն Համաձայնագրի շրջանակներում տրամադրվող օգնությունից: Մաքսատուրքերի, այլ հարկերի, տուգանքների և այլ գումարների հավաքումն ու հարկադիր հավաքումը նույնպես պետք է բացառվեն այդպիսի օգնությունից:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Պայմանավորվող կողմերը պետք է, իրենց նախաձեռնությամբ և ներքին օրենսդրությանը համապատասխան, օգնեն միմյանց, եթե համարում են, որ դա անհրաժեշտ է մաքսային օրենսդրությունը ճիշտ կիրառելու և մաքսային տուրքերն ու հարկերը ճշգրիտ հաշվարկելու համար, մասնավորապես, համապատասխան այն տեղեկատվությունը տրամադրելու միջոցով, որը վերաբերում է.

. այն գործողություններին, որոնք մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում մաքսային օրենսդրության խախտում են կամ կարող են համարվել խախտում,

. մաքսային իրավախախտումներ կատարելու մեջ կիրառվող նոր միջոցներին և մեթոդներին,

. այն ապրանքներին, որոնք հայտնի են որպես մաքսային օրենսդրության ծանր խախտման առարկա,

. այն տրանսպորտային միջոցներին, որոնց վերաբերյալ հիմքեր կան ենթադրելու, որ դրանք օգտագործվել են, օգտագործվում են կամ կարող են օգտագործվել մաքսային օրենսդրության խախտումների ժամանակ,

. Պայմանավորվող կողմերի տարածքների միջև արժութային արժեքների միջսահմանային փոխադրումներին,

. այն հնաոճ իրերին և արվեստի գործերին, որոնք ներկայացնում են գեղարվեստական արժեք Պայմանավորվող կողմերից մեկի համար և հայտնաբերվել են մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՑՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ

 

1. Մաքսային ծառայությունները պետք է օգնեն միմյանց իրենց իրավասության ներքո գտնվող ոլորտներում, սույն Համաձայնագրում ամրագրված եղանակով և պայմաններով` ապահովելու համար, որ մաքսային օրենսդրությունը ճիշտ կիրառվի, և մաքսային տուրքերն ու հարկերը ճշգրիտ հաշվարկվեն:

2. Մաքսային ծառայությունները հարցման դեպքում տրամադրում են ցանկացած տեղեկատվություն, որը ցույց է տալիս, որ.

ա) Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածք ներմուծված ապրանքները և արժութային արժեքներն օրինական կերպով են արտահանվել մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքից` անհրաժեշտության դեպքում նշելով ապրանքների նկատմամբ կիրառված մաքսային ընթացակարգը.

բ) Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածքից արտահանված ապրանքները և արժութային արժեքները մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք օրինական կերպով են ներմուծվել` անհրաժեշտության դեպքում նշելով ապրանքների նկատմամբ կիրառված մաքսային ընթացակարգը.

գ) տարանցմամբ փոխադրվող ապրանքներն անցել են մաքսազերծում Պայմանավորվող կողմերից մեկի պետության տարածքում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՁԵՎԵՐԸ

 

Պայմանավորվող կողմերից մեկի մաքսային ծառայությունը պետք է հարցման դեպքում ազգային օրենսդրության, իր իրավասության և հնարավորությունների սահմաններում իրականացնի հսկողական բնույթի անհրաժեշտ միջոցառումներ, որոնք մասնավորապես վերաբերում են.

ա) մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության խախտումներ կատարած կամ կատարելու մեջ կասկածվող կամ հայտնի անձանց,

բ) այն ապրանքներին, որոնք հայտնի են որպես ապօրինի փոխադրման և մաքսանենգության առարկա,

գ) այն տրանսպորտային միջոցներին և բեռնարկղերին, որոնք օգտագործվում են կամ կասկածվում է, որ կարող են օգտագործվել մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության խախտումներ կատարելու ժամանակ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

ՆՅՈՒԹԵՐԸ, ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

1. Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը պետք է, իր նախաձեռնությամբ կամ հարցման դեպքում, ազգային օրենսդրության, իր իրավասության և հնարավորությունների սահմաններում մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությանը տրամադրի զեկույցներ, գրանցված ապացույցներ կամ փաստաթղթերի հաստատված պատճեններ, որոնք տալիս են ամբողջական տեղեկատվություն այն բացահայտված կամ ծրագրված գործողությունների մասին, որոնք Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության խախտում են կամ կարող են հանդիսանալ խախտում:

2. Բնօրինակ նյութերի և փաստաթղթերի համար հարցումները ներկայացվում են միայն այն դեպքերում, երբ հաստատված պատճենները կարող են լինել ոչ բավարար: ՈՒղարկված բնօրինակները պետք է վերադարձվեն առանց ուշացման` այն պահից, երբ վերանում է մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությանը դրանք տրամադրելու պատճառը:

3. Համապատասխան փաստաթղթերի պարզաբանման կամ օգտագործման համար ամբողջ տեղեկատվությունը պետք է տրամադրվի միաժամանակ:

4. Որպես ապացույց` էլեկտրոնային տեղեկատվության օգտագործումը պետք է որոշվի Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

1. Հայցող մաքսային ծառայության հարցումով հայցվող մաքսային ծառայությունը պետք է, իր ազգային օրենսդրությանը համապատասխան, ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները` ցանկացած փաստաթուղթ տրամադրելու կամ հայցող ծառայության` կայացված և սույն Համաձայնագրի գործողության ոլորտի ներքո գտնվող ցանկացած որոշման մասին հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում գտնվող կամ հիմնադրված հասցեատիրոջը ծանուցելու համար:

2. Փաստաթղթերի տրամադրման կամ որոշումների ծանուցման վերաբերյալ հարցումները պետք է կատարվեն գրավոր` հայցվող Պայմանավորվող կողմի պետության պաշտոնական լեզվով կամ այն լեզվով, որն ընդունելի է հայցվող ծառայության համար: Ավելին, ծանուցման ենթակա պաշտոնական փաստաթղթի բովանդակությունը պետք է զուգակցվի այն հայցվող Պայմանավորվող կողմի պետության պաշտոնական լեզվով նույնական թարգմանությամբ, որտեղ գտնվում է հայցվող ծառայությունը:

3. Փաստաթղթերի նման փոխանցումը պետք է հիմնավորվի հասցեատիրոջ ստացականով, որտեղ նշված կլինի ուղարկման օրը, կամ` փաստաթղթով, որտեղ նշված կլինեն ուղարկման եղանակը և օրը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

 

1. Պայմանավորվող կողմերը պետք է իրենց հնարավորությունների սահմաններում ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ` թույլատրելու համար վերահսկելի մատակարարման համապատասխան կիրառումը` քրեական քննություն իրականացնելու նպատակով:

2. Մաքսային ծառայությունները կարող են փոխադարձ համաձայնությամբ և ազգային օրենսդրությամբ սահմանված իրենց իրավասության շրջանակներում կիրառել ապրանքների վերահսկելի մատակարարումը մաքսային խախտումների դեպքում` այդ խախտումներում ներգրավված անձանց բացահայտելու և հայտնաբերելու նպատակով:

3. Վերահսկելի մատակարարում կիրառելու վերաբերյալ որոշումները միշտ պետք է կայացվեն «դեպքից դեպք» սկզբունքով:

4. Անօրինական ապրանքների խմբաքանակները, որոնց վերահսկելի մատակարարումը համաձայնեցված է, կարող են, իրավասու մարմինների փոխադարձ համաձայնությամբ, կանգնեցվել և թույլատրվել ճանապարհը շարունակել թմրամիջոցներով կամ հոգեներգործուն նյութերով կամ այլ ապրանքներով, ինչպես համաձայնեցված է մաքսային ծառայությունների կողմից, ամբողջությամբ կամ մասամբ ձեռք չտրված կամ չտեղաշարժված կամ անփոփոխ վիճակում:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

ՀԱՐՑՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

1. Հայցվող մաքսային ծառայությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները` հարցումը կատարելու համար, և անհրաժեշտության դեպքում նախաձեռնի պաշտոնական կամ դատական միջոցներ, որոնք անհրաժեշտ են հարցումը կատարելու համար: Հայցվող մաքսային ծառայությունը պետք է գործի իր իրավասության և առկա միջոցների շրջանակներում այնպես, ինչպես կգործեր իր համար:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը պետք է, մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության հարցումով, կատարի ցանկացած անհրաժեշտ հետաքննություն` ներառյալ մաքսային իրավախախտում կատարելու մեջ կասկածվող փորձագետների, վկաների կամ անձանց հարցաքննությունը, և նախաձեռնի ստուգումներ, զննումներ և փաստահավաք քննություն` կապված սույն Համաձայնագրում նշված հարցերի հետ:

3. Հայցվող ծառայությունը կարող է հնարավորություն տալ դիմող ծառայության նշանակված աշխատակիցներին ներկա գտնվելու հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում, երբ իր աշխատակիցները դիմող ծառայության համար հետաքրքրություն ներկայացնող քննություն իրականացնեն` ներառյալ այդ քննությանը մասնակցելը: Նշանակված աշխատակիցները պետք է ներկա գտնվեն միայն խորհրդատվական հիմունքներով և չեն կարող իրականացնել հայցվող ծառայության աշխատակիցներին իրենց ազգային օրենսդրությամբ վերապահված լիազորությունները: Նրանք պետք է, այնուամենայնիվ, բացառապես իրականացվող քննության նպատակով և հայցվող ծառայության աշխատակիցների ներկայությամբ և նրանց միջոցով հնարավորություն ունենան մուտք գործելու նույն շինությունները և նրանց համար մատչելի պետք է լինեն նույն փաստաթղթերը, որոնք հասանելի են հայցվող ծառայության աշխատակիցներին:

4. Հայցող մաքսային ծառայության աշխատակիցները, որոնք լիազորված են քննելու մաքսային օրենսդրության խախտումները, կարող են խնդրել հայցվող ծառայության աշխատակիցներին ստուգել համապատասխան մատյանները, գրանցամատյանները և այլ փաստաթղթեր կամ տվյալների կրիչները և տրամադրել դրանց պատճենները կամ տրամադրել իրավախախտումների հետ կապված ցանկացած տեղեկատվություն:

5. Այն դեպքում, երբ Պայմանավորվող կողմերից մեկի մաքսային ծառայության ներկայացուցիչները ներկա են գտնվում մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում, համաձայն սույն Համաձայնագրի, նրանք պետք է կարողանան ցանկացած պահի ներկայացնել ապացույցներ իրենց պաշտոնեական դիրքի վերաբերյալ: Նրանք չպետք է լինեն համազգեստով և չպետք է կրեն զենք:

6. Նրանք պետք է ներկա գտնվելու ընթացքում օգտվեն նույն պաշտպանությունից, որից օգտվում են մյուս Պայմանավորվող կողմի մաքսային աշխատակիցները` իրենց գործող ազգային օրենսդրությանը համապատասխան, և պատասխանատու լինեն ցանկացած իրավախախտման համար, որը նրանք հնարավոր է կատարեն իրենց պաշտոնեական պարտականություններից դուրս:

7. Հայցող մաքսային ծառայությունը պետք է հարցման դեպքում տեղեկացվի հարցման կատարման հետ կապված գործողության ժամանակի և վայրի մասին, որպեսզի այդ գործողությունը համակարգված լինի:

8. Այն դեպքում, երբ հայցվող մաքսային ծառայությունն այն մարմինը չէ, որը կարող է կատարել հարցումը, նա պետք է խորհրդակցելուց հետո հարցումը անմիջապես փոխանցի համապատասխան մարմնին, որը պետք է գործի հարցման հիման վրա` իր իրավասության և ազգային օրենսդրության համաձայն, կամ տեղեկացնի հայցող մաքսային ծառայությանը համապատասխան ընթացակարգի մասին, որը կհետևի այդ հարցմանը:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԵՎ ՎԿԱՆԵՐԸ

 

1. Հարցման հիման վրա հայցվող Պայմանավորվող կողմի պաշտոնյաները կարող են լիազորված լինել ներկայանալու որպես փորձագետներ կամ վկաներ` տրամադրած լիազորագրի շրջանակներում, հայցող Պայմանավորվող կողմի տարածքում դատական քննությանը կամ վարչական վարույթին` կապված սույն Համաձայնագրով նախատեսվող գործերի հետ, ինչպես նաև` տրամադրելու փաստաթղթեր, նյութեր և այլ փաստաթղթեր կամ վերջիններիս հաստատված պատճենները, որոնք անհրաժեշտ են վարույթների համար: Այդ պաշտոնյաները վկայություններ են տալիս իրենց պարտականությունների շրջանակներում իրենց բացահայտած փաստերի վերաբերյալ:

2. Հարցման մեջ պետք է հստակ նշված լինեն գործընթացի տեսակը, ինչպես նաև այն կարգավիճակը, որի շրջանակներում աշխատակիցը կանչվել է վկայություն տալու համար:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

1. Սույն Համաձայնագրի համաձայն ցանկացած ձևով փոխանցված ցանկացած տեղեկատվություն պետք է գաղտնի բնույթ կրի: Այն պետք է պահվի որպես ծառայողական գաղտնիք և պաշտպանված լինի այնպես, ինչպես կպաշտպանվեր նմանատիպ տեղեկատվությունը այն ստացած Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող ազգային օրենսդրության համաձայն:

2. Երբ անձնական տվյալները փոխանակվում են սույն Համաձայնագրի համաձայն, Պայմանավորվող կողմերը պետք է ապահովեն տվյալների պաշտպանության ստանդարտ, որն առնվազն համարժեք պետք է լինի այն ստանդարտին, որը բխում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող` սույն Համաձայնագրի հավելվածում նշված սկզբունքների իրականացումից:

3. Սույն Համաձայնագրի համաձայն ստացված ցանկացած տեղեկատվություն պետք է օգտագործվի բացառապես սույն Համաձայնագրի նպատակներով` ներառյալ համապատասխան մաքսային իրավախախտման հետ կապված` դատական կամ վարչական վարույթներում օգտագործումը:

4. Ստացված տեղեկատվությունը չպետք է օգտագործվի ոչ այն նպատակներով, որոնք նշված են սույն Համաձայնագրում, առանց այն տրամադրող մաքսային ծառայության գրավոր համաձայնության: Այդ դրույթները կիրառելի չեն թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների հետ կապված իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվության նկատմամբ: Այդ տեղեկատվությունը կարող է անմիջականորեն փոխանցվել այլ պետական մարմինների, որոնք ներգրավված են թմրամիջոցների ապօրինի փոխադրման դեմ պայքարում:

5. Ավելին, ելնելով Ավստրիայի Հանրապետության` որպես Եվրոպական միության անդամ պետության պարտավորություններից` 4-րդ պարբերությունում նշված դրույթները չեն բացառում, որ ստացված տեղեկատվությունը կարող է անհրաժեշտության դեպքում փոխանցվել Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական միության մյուս անդամ պետություններին:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սույն Համաձայնագրի համաձայն հարցումները պետք է կատարվեն գրավոր: Այդ հարցումների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերը զուգակցվում են հարցմանը: Իրավիճակի հրատապությունից ելնելով` կարող են ընդունվել բանավոր հարցումներ, որոնք պետք է հաստատվեն գրավոր` առանց ուշացման:

2. Սույն հոդվածի 1-ին պարբերության համաձայն հարցումները ներառում են հետևյալ տեղեկատվությունը.

ա) հայցող ծառայությունը,

բ) հայցվող գործողությունը,

գ) հարցման առարկան և պատճառը,

դ) համապատասխան իրավական կամ կարգավորող դրույթները,

ե) հնարավորինս ճշգրիտ և սպառիչ տվյալներ հետաքննության թիրախ հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերաբերյալ:

3. Հարցումները պետք է ուղարկվեն անգլերեն կամ հայցվող Պայմանավորվող կողմի պաշտոնական լեզվով, որը զուգակցվում է հայցող Պայմանավորվող կողմի պաշտոնական լեզվով կազմված տարբերակով, եթե դա նախատեսված է ազգային օրենսդրությամբ:

4. Մաքսային ծառայությունները տեղեկացնում են միմյանց, թե ուր պետք է ուղարկվեն հարցումները:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

 

1. Եթե հայցվող մաքսային ծառայությունը համարում է, որ հայցվող օգնությունը կարող է վնաս հասցնել հայցվող Պայմանավորվող կողմի պետության ինքնիշխանությանը, հանրային կարգին, անվտանգությանը կամ որևէ այլ հիմնարար ազգային շահի կամ կարող է իր մեջ պարունակել ցանկացած առևտրային կամ մասնագիտական, ինչպես նաև պետական կամ պաշտոնական գաղտնիքի խախտում այդ Պայմանավորվող կողմի պետության տարածքում, նա կարող է մերժել այդ օգնության ցուցաբերումը, ցուցաբերել այն մասամբ կամ որոշակի պայմաններ կամ պահանջներ ներկայացնելով:

2. Եթե օգնության հարցումը չի կարող բավարարվել, հայցող մաքսային ծառայությունը պետք է անհապաղ ծանուցվի և տեղեկացվի օգնություն տրամադրելու մերժման պատճառների մասին:

3. Հայցվող մաքսային ծառայության կողմից օգնության տրամադրումը կարող է հետաձգվել այն հիմքերով, որ դրա կատարումը կխոչընդոտի ընթացքի մեջ գտնվող հետաքննությունը, հետապնդումը կամ դատավարությունը: Այդ դեպքում հայցվող մաքսային ծառայությունը պետք է խորհրդակցի հայցող մաքսային ծառայության հետ` որոշելու համար, թե արդյոք օգնությունը կարող է ցուցաբերվել այն պայմաններով, որոնք հայցվող մաքսային ծառայության կողմից կարող են սահմանվել: Երբ օգնությունը հետաձգվում է, պետք է ներկայացվեն հետաձգման պատճառները:

4. Այն դեպքում, երբ հայցող մաքսային ծառայությունը հայցում է այնպիսի օգնություն, որն ինքը չէր կարողանա տրամադրել մյուս Պայմանավորվող կողմի պետության մաքսային ծառայության կողմից խնդրանքի դեպքում, ապա այդ փաստի վրա նա ուշադրություն է հրավիրում իր հարցման մեջ: Այնուհետև հայցվող մաքսային ծառայությունը պետք է որոշի, թե ինչպես պատասխանի այդ հարցմանը:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

ԾԱԽՍԵՐԸ

 

1. Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունները չպետք է պահանջեն սույն Համաձայնագրի կատարման ընթացքում առաջացած ծախսերի հատուցում` բացառությամբ պետական ծառայող չհանդիսացող փորձագետներին, վկաներին, բանավոր և գրավոր թարգմանիչներին վերաբերող ծախսերի:

2. Եթե հարցման կատարման համար պահանջվում են կամ կպահանջվեն զգալի չափերի և ոչ սովորական բնույթի ծախսեր, ապա Պայմանավորվող կողմերը պետք է խորհրդակցեն` որոշելու համար այն պայմանները, որոնցով հարցումը կկատարվի, ինչպես նաև` այն եղանակը, որով պետք է ծածկվեն ծախսերը:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

ԿԻՐԱՐԿՈՒՄԸ

 

1. Սույն Համաձայնագրի կիրարկումն անմիջականորեն վերապահվում է Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայություններին: Այդ մաքսային ծառայությունները պետք է փոխադարձ համաձայնություն ձեռք բերեն սույն Համաձայնագրի դրույթների կիրարկման հարցերի մանրամասների վերաբերյալ:

2. Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ մաքսային ծառայությունները կարող են հաղորդակցվել անմիջականորեն` սույն Համաձայնագրից բխող հարցերը կամ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող որևէ այլ` մաքսային ոլորտին վերաբերող հարց կարգավորելու նպատակով:

3. Մաքսային ծառայություններն ստանձնում են փոխադարձ համաձայնությամբ լուծել սույն Համաձայնագրի կիրառումից բխող խնդիրները կամ տարաձայնությունները: Դա չի բացառում այդ վեճերի կարգավորումը դիվանագիտական միջոցներով:

4. Սույն Համաձայնագիրը չի ազդում որևէ պարտավորության վրա, որը բխում է Ավստրիայի Հանրապետության անդամակցությունից Եվրոպական միությանը: Հետևաբար, սույն Համաձայնագրի դրույթները չեն կարող վկայակոչվել կամ մեկնաբանվել այնպես, որ վնաս հասցվի «Եվրոպական միության մասին» պայմանագրից կամ «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագրից կամ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված համաձայնագրերից բխող պարտավորություններին կամ այդ պարտավորություններն անվավեր ճանաչվեն:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Սույն Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ, որոնք պետք է ձևակերպվեն առանձին արձանագրություններով: Այդ արձանագրություններն ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերին համապատասխան և հանդիսանում են դրա անբաժանելի մասը:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջին ծանուցումն ստանալու օրվան հաջորդող երրորդ ամսվա առաջին օրը, որով Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով ծանուցում են միմյանց, որ սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար ներքին ընթացակարգերը կատարվել են:

2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած պահի դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով ծանուցելու միջոցով: Սույն Համաձայնագրի գործողությունը դադարում է նշված ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալուց վեց ամիս հետո:

3. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման պահին ընթացքում գտնվող վարույթները, այնուամենայնիվ, պետք է ավարտվեն սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:

 

Կատարված է Երևան քաղաքում 2011 թվականի հունիսի 29-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, գերմաներեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Ծառայությունը, որը հաղորդում է տվյալները, պետք է ապահովի, որ դրանք հավաստի և թարմացված լինեն:

 

2. Եթե հայտնի է դառնում, որ ոչ հավաստի տվյալներ են հաղորդվել, կամ տվյալներ են հաղորդվել, որոնք չպետք է հաղորդվեին, կամ անհրաժեշտ էր, որ օրինական ճանապարհով հաղորդած տվյալներն ավելի ուշ փուլում ջնջվեին` ուղարկող Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան, ապա ստացող ծառայությունը պետք է անհապաղ տեղեկացվի այդ մասին: Նա պարտավոր է ուղղել այդ տվյալները կամ դրանք ջնջել:

 

3. Եթե ստացող ծառայությունը հիմք ունի հավատալու, որ ուղարկված տվյալները հավաստի չեն կամ պետք է ջնջվեն, ապա նա պետք է անհապաղ տեղեկացնի ուղարկող Պայմանավորվող կողմին:

 

4. Պայմանավորվող կողմերը պետք է ապահովեն, որ անձնական տվյալներն ուղարկվեն միայն այնպիսի կապի միջոցներով, որոնք կարող են ապահովել հաղորդման ժամանակ տվյալներին չթույլատրված եղանակով ծանոթանալուց կամ դրանք փոփոխությունից պաշտպանելու համապատասխան մակարդակ:

 

5. ՈՒղարկող ծառայությունը և ստացող ծառայությունը պարտավոր են արդյունավետ կերպով պաշտպանել ստացված անձնական տվյալները պատահական կամ չթույլատրված ոչնչացումից, պատահական կորստից, չթույլատրված օգտագործումից, չթույլատրված կամ պատահական փոփոխությունից և չթույլատրված բացահայտումից:

 

6. ՈՒղարկող ծառայությունը և ստացող ծառայությունը պարտավոր են գրանցել անձնական տվյալների նպատակը, առարկան և ուղարկելու ժամանակը, ինչպես նաև ուղարկող և ստացող ծառայությունը: Փաստաթղթային տվյալները պետք է պահպանվեն առնվազն երեք տարի և կարող են օգտագործվել միայն տվյալների պաշտպանության վերաբերյալ կիրառելի դրույթների հետ համապատասխանության նկատմամբ վերահսկողություն ապահովելու նպատակով:

 

7. Պատասխանատու վերահսկիչը պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ` փաստաթղթային տվյալները այլ նպատակներով օգտագործումից կամ որևէ այլ ոչ ճիշտ օգտագործումից պաշտպանելու համար:

 

8. Ազգային օրենսդրության համաձայն` ուղարկված տվյալները պետք է պահպանվեն տվյալների բազայում` այդ տվյալներն ուղարկելու նպատակների համար անհրաժեշտ ժամանակահատվածը չգերազանցող ժամկետով:

 

9. ՈՒղարկված անձնական տվյալները պետք է վերացվեն, եթե պարզվի, որ դրանք սխալ են կամ ապօրինի են ձեռք բերվել կամ ուղարկվել, կամ եթե օրինական ճանապարհով ուղարկված տվյալները պետք է վերացվեն ավելի ուշ` համաձայն ուղարկող Կողմի իրավական դրույթների, կամ եթե տվյալներն այլևս անհրաժեշտ չեն դիմող ծառայության կողմից նշված խնդիրն իրականացնելու համար:

 

10. Վերահսկիչը պետք է հասկանալի եղանակով տրամադրի յուրաքանչյուր տվյալի սուբյեկտին, որը պատշաճ ձևով ապացուցում է իր ինքնությունը, մշակման փուլում գտնվող և վերջինիս վերաբերող տվյալների մասին տեղեկատվություն, այդ տվյալների ծագման մասին առկա տեղեկատվություն, ստացողների կամ փոխանցված տվյալներն ստացողների տեսակների, տվյալների օգտագործման նպատակի, ինչպես նաև իրավական հիմքի վերաբերյալ տեղեկատվություն: Տեղեկատվությունը պետք է տրամադրվի առանց անհարկի ուշացման և հիմնականում անվճար:

 

11. Ավելին, տվյալների սուբյեկտը պետք է իրավունք ունենա շտկելու ոչ լիարժեք կամ սխալ տվյալները, ինչպես նաև ջնջելու ապօրինի մշակված տվյալները: Այդ իրավունքների իրականացման հետ կապված հետագա ընթացակարգային մանրամասները պետք է սահմանվեն ազգային օրենսդրությամբ:

 

12. Պայմանավորվող կողմերից մեկի ծառայությունը, որն անձնական տվյալներ է ստացել սույն Համաձայնագրի համաձայն, չի կարող վկայակոչել, որ մյուս Պայմանավորվող կողմի ուղարկող ծառայությունն ուղարկել է ոչ ճշգրիտ տվյալներ կամ անօրինական է ուղարկել տվյալները` վնաս կրած Կողմի նկատմամբ իր ազգային օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվությունից խուսափելու նպատակով:

 

13. Եթե ստացող Կողմը տրամադրում է հատուցում ոչ ճշգրիտ կերպով ուղարկված անձնական տվյալների օգտագործմամբ պատճառված վնասի համար, ուղարկող Կողմը պետք է հարցման դեպքում վերադարձնի որպես հատուցում վճարված ընդհանուր գումարը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012թ. հուլիսի 1-ին

 

 

pin
29.06.2011
Միջազգային պայմանագիր