i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Թուրքմենստանի Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
ղեկավարվելով 1993 թվականի օգոստոսի 24-ի` Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության մասին պայմանագրի դրույթներով, ինչպես նաև ցանկանալով ստեղծել երկկողմ համագործակցություն անասնաբուժության ոլորտում,
նպատակ ունենալով կանխարգելելու կենդանիների վարակիչ հիվանդությունները և տարածքները փոխադարձաբար պաշտպանել համաճարակներից,
ելնելով պետությունների միջև տնտեսական և առևտրային կապերի հետագա զարգացման կարևորությունից,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը կիրականացնեն համագործակցություն անասնաբուժության ոլորտում և կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ` կանխարգելելու համար կենդանիների վարակիչ հիվանդությունների տարածումը մի Կողմի տարածքից մյուս Կողմի տարածք բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով անասնաբուժական հսկողության ենթակա բեռների փոխադրման ընթացքում:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերն իրենց աշխատանքներում համաձայնեցին ղեկավարվել Կողմերի պետությունների օրենսդրությամբ, ինչպես նաև Ցամաքային կենդանիների սանիտարական օրենսգրքով` հաստատված Կենդանիների առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային գրասենյակի կողմից:
ՀՈԴՎԱԾ 3
Սույն Համաձայնագրի կատարման համար պատասխանատու են.
Հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը,
Թուրքմենական կողմից` Թուրքմենստանի Գյուղատնտեսության նախարարությանը կից Անասնաբուժության պետական ծառայությունը:
ՀՈԴՎԱԾ 4
Սույն Համաձայնագրի դրույթները կիրառվում են.
ա) բոլոր տեսակի կենդանիների (ներառյալ թռչունները, մորթատու գազանները, լաբորատորիաների, կենդանաբանական այգիների և ընտանի կենդանիները, ծովային կենդանիները, մեղուները, ձկները և այլ ջրային արարածները, կենդանասաղմերը և սերմնահեղուկը, բեղմնավորված ձկնկիթը),
բ) կենդանական ծագման մթերքների (միս և մսամթերք, կաթ և կաթնամթերք, ձուկ, ձու, մեղվաբուծական մթերքներ),
գ) կենդանական ծագման հումքի (կաշի, բուրդ, մորթեղեն, աղվամազ, փետուր, էնդոկրիններ, աղիք, արյուն, ոսկոր և այլ տեսակի հումք),
դ) կենդանիների կերերի,
ե) անասնաբուժական պատրաստուկների, կենսաբանական նյութերի և կենդանական ծագման առարկաների հավաքածուների նկատմամբ:
ՀՈԴՎԱԾ 5
Վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելման և վերացման նպատակով Կողմերը կապի ցանկացած հասանելի միջոցով միմյանց անհապաղ կտեղեկացնեն Կենդանիների առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ա» ցուցակի կենդանիների վարակիչ հիվանդությունների հետ կապված վիճակի, անհայտ ախտաբանական ընթացքով զանգվածային և նախկինում չարձանագրված հիվանդությունների առկայության մասին, ինչպես նաև Կողմերից մեկի հարցմամբ կտրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություն երկրի անասնահամաճարակային վիճակի վերաբերյալ:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմերի` անասնապահական արտադրանք արտահանող ու ներկրող և, անկախ իրենց գերատեսչական ենթակայությունից և կազմակերպական-իրավական ձևերից, կաշվե հումքի, բրդի և կենդանական ծագման այլ հումքի նախապատրաստման, արտադրության, վերամշակման և պահպանման հետ կապված ձեռնարկությունները պետք է ունենան իրենց երկրի Կենտրոնական պետական անասնաբուժական մարմնի թույլտվությունը և գտնվեն պետական անասնաբուժական ծառայության մշտական վերահսկողության ներքո:
ՀՈԴՎԱԾ 7
Կողմ հանդիսացող պետությունների տարածքների միջև սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսված անասնապահական բեռների ընտրությունը, կարանտինը, ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը, փոխադրման վերահսկողությունն իրականացվում են Կողմերի պետական անասնաբուժական ծառայության կողմից` Կողմերի Կենտրոնական պետական անասնաբուժական մարմինների միջև այդ հարցերի շուրջ երկկողմ համաձայնագրերին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմ հանդիսացող պետությունների` Կենդանիների վարակիչ հիվանդությունների տեսանկյունից բարենպաստ վարչատարածքային բաժանումների տարածքների` սահմանային պետական անասնաբուժական հսկողության ենթակա բեռնափոխադրումների ժամանակ պահպանվում է գործող կարգը:
Բեռի յուրաքանչյուր խմբաքանակ ուղեկցվում է անասնաբուժական վկայականով կամ վկայագրով` լրացված ռուսերենով և երկու երկրների լեզուներով` վավերացված Կենտրոնական պետական անասնաբուժական մարմնի կնիքով: Այս դեպքում Կողմերի պետությունների տարածքների սահմաններում տարանցիկ փոխադրման համար հատուկ անասնաբուժական թույլտվություն չի պահանջվում:
ՀՈԴՎԱԾ 9
Կողմերից մեկի տարածքում սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածով նշված հիվանդությունների առաջացման դեպքում այդ Կողմի իրավասու անասնաբուժական մարմինները պետք է ստեղծված իրավիճակի մասին անհապաղ տեղեկացնեն մյուս Կողմի համապատասխան Կենտրոնական պետական անասնաբուժական մարմիններին կապի հնարավոր ցանկացած միջոցներով և դադարեցնեն սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով սահմանված անասնապահական բեռների արտահանումը:
Անասնապահական բեռների արտահանման մասին գործող կարգը կարող է վերականգնվել միայն Կողմերի Կենտրոնական պետական անասնաբուժական մարմինների միջև նախնական խորհրդակցության անցկացումից և փոխադարձ պայմանավորվածությունից հետո:
ՀՈԴՎԱԾ 10
Կողմերի սահմանային հսկիչ անասնաբուժական կետերը իրականացնում են սահմանային պետական անասնաբուժական հսկողություն Կողմերի բոլոր հսկողության տակ գտնվող բեռների նկատմամբ:
ՀՈԴՎԱԾ 11
Կողմերի տարածքից սահմանային պետական անասնաբուժական հսկողության ենթակա բեռների արտահանման համար Կենդանիների առողջապահության համաշխարհային կազմակերպության Կենդանիների սանիտարական օրենսգրքի պահանջներին համապատասխանող անասնաբուժական վկայագիրը ձևակերպվում է տեղում` այդ Կողմի սահմանային հսկիչ անասնաբուժական կետում:
Պետական սահմանային անասնաբուժական հսկողության ենթակա բեռների ներմուծման համար Կողմերի համար գործում են միասնական անասնաբուժական պահանջներ: Դրանց հիման վրա Կողմերը կարող են երկկողմանիորեն համաձայնեցնել և նախաստորագրել ներմուծվող անասնաբուժական անասնապահական բեռների անասնաբուժական վկայագրերի օրինակները: Այդ դեպքում անասնաբուժական վկայագրերի օրինակները կփոխանցվեն սահմանային հսկիչ անասնաբուժական այն կետերին, որտեղով հետագայում կիրականացվի բեռների ներմուծումը:
ՀՈԴՎԱԾ 12
Կենտրոնական պետական անասնաբուժական մարմինների մակարդակով Կողմերը համաձայնել են Կողմերի պետական անասնաբուժական հսկողության իրենց աշխատանքում անասնապահական բեռների միջազգային և միջպետական փոխադրումների ընթացքում կիրարկել սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով սահմանված` Կենդանիների առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ընդունված պահանջներին համապատասխանող միասնական կանոնները:
ՀՈԴՎԱԾ 13
Կողմերի պետական անասնաբուժական ծառայությունները, ըստ անհրաժեշտության և փոխադարձ համաձայնությամբ, կկազմակերպեն խորհրդատվական ժողովներ, մասնագետների փոխանակում, ինչպես նաև կիրականացնեն համագործակցություն գիտության ոլորտում:
ՀՈԴՎԱԾ 14
Կողմերը համաձայնվել են Կողմ հանդիսացող պետությունների տարածքներում` հերթականությամբ, ըստ անհրաժեշտության, անցկացնել համատեղ համաժողովներ` կենդանիների գործնական հարցերի լուծման, տեղեկատվության և սույն Համաձայնագրով նախատեսված միջոցառումների անցկացման գործում փորձի փոխանակման նպատակով:
Համատեղ կոնֆերանսների Համաժողովների անցկացման ժամկետը և վայրը, ինչպես նաև կոնֆերանսներում քննարկման ենթակա հարցերի ցանկը կազմվում է Կողմերի իրավասու մարմինների կողմից:
ՀՈԴՎԱԾ 15
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կազմում են նրա բաղկացուցիչ մասը և ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածի համաձայն:
ՀՈԴՎԱԾ 16
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և կիրարկման հետ կապված ցանկացած վեճ լուծվում է Կողմերի միջև` դիվանագիտական բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
ՀՈԴՎԱԾ 17
Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի մասնակցությամբ` անասնաբուժությանն առնչվող միջազգային կազմակերպություններից կամ նրանց կնքած այլ միջազգային համաձայնագրերից բխող իրավունքներն ու պարտականությունները:
ՀՈԴՎԱԾ 18
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից` նրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից:
Սույն Համաձայնագիրը կգործի 5 տարի ժամկետով: Այդ ժամկետը լրանալուց հետո այն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարի ժամկետով, եթե Կողմերից ոչ մեկը գրավոր տարբերակով չծանուցի մյուս Կողմին նրա գործողության դադարեցման իր մտադրության մասին հերթական հնգամյա ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ:
Կատարված է ք.Երևանում 2012 թվականի նոյեմբերի 29-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն լեզուներով, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Տեքստի մեկնաբանման հետ կապված տարաձայնությունների դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013թ. մարտի 7-ին