i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Բուլղարիայի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
գիտակցելով Հայաստանի և Բուլղարիայի միջև ավանդական լավ հարաբերությունները և երկու երկրների համար ընդհանուր եվրոպական հեռանկարների զարգացման հարցը,
հաշվի առնելով, որ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությունը կնպաստի հաստատված լավ գործելակերպի և դրական փորձի փոխանակմանը երկու երկրների զարգացման համար այս շատ կարևոր փուլում,
ցանկանալով զարգացնել երկկողմ համագործակցությունը և հիմնվելով միջազգային իրավունքի և փոխադարձ հարգանքի ու հավասարության համընդհանուր սկզբունքների և նորմերի վրա,
համաձայնեցին հետևյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը համաձայնում են համագործակցել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում` սույն Համաձայնագրին և իրենց երկրների ազգային օրենսդրությանը համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերի միջև սույն Համաձայնագրով նախատեսվող համագործակցությունը ընդգրկում է մասնավորապես հետևյալ ուղղությունները.
Սոցիալական ապահովության և կենսաթոշակային ոլորտները կարգավորող օրենսդրություն:
Սոցիալական համագործակցություն ոչ պետական կազմակերպությունների հետ:
Աշխատանքային հարաբերություններ և դրանց օրենսդրական հիմքերը, աշխատանքային վեճերի կարգավորման ուղիներ:
Աղքատության հաղթահարում, սոցիալական պաշտպանության մեխանիզմներ` աղքատության և սոցիալական մեկուսացման դեմ:
Զբաղվածության ազգային ռազմավարություն, աշխատաշուկայի ակտիվ քաղաքականության իրականացման մեխանիզմներ, ազգային աշխատաշուկայի պաշտպանություն:
Աշխատուժի մասնագիտական որակավորում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան, ինչպես նաև տարեցների մասնագիտական որակավորում:
Պաշտպանություն գործազրկության դեպքերից և զբաղվածության խթանում, երիտասարդների զբաղվածություն և խոցելի խմբերի ինտեգրում աշխատաշուկա:
Աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների ապահովում:
Պետական և ոչ պետական կազմակերպությունների կողմից սոցիալական ծառայությունների տրամադրում մասնագիտացված հաստատություններում և համայնքներում:
Երեխաների պաշտպանություն և սոցիալական աջակցության տրամադրում երեխաներին ու նրանց ընտանիքների անդամներին:
Հաշմանդամների համար հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովում:
Կանանց և տղամարդկանց հավասար հնարավորություններ:
Պետական բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի իրականացման և ծախսված միջոցների նկատմամբ ներքին աուդիտի անցկացման ապահովում:
Փորձագիտական աջակցություն` մարդկանց ազատ տեղաշարժի, սոցիալական քաղաքականության և զբաղվածության բնագավառների օրենսդրական ակտերի ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցման և պրակտիկ իրականացման գործընթացին:
Այլ ուղղություններով, որոնց շուրջ Կողմերը համաձայնության կգան:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերի միջև սույն Համաձայնագրով նախատեսվող համագործակցությունը կիրականացվի հետևյալ ձևերով.
1. Օրենսդրության, գիտական հրապարակումների, հետազոտական և այլ փաստաթղթերի փոխանակում աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում:
2. Ճանաչողական այցեր:
3. Համատեղ սեմինարներ` երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
4. Փորձագետների մասնակցությունը խորհրդաժողովներին և Կողմերից յուրաքանչյուրի տարածքում տեղի ունեցող այլ միջազգային միջոցառումներին:
5. Հայ փորձագետների վերապատրաստման իրականացում Սոֆիայում` Մարդկային ռեսուրսների զարգացման և տարածաշրջանային նախաձեռնությունների կենտրոնում` նախապես համաձայնեցված թեմաներով: Անհրաժեշտության դեպքում, հայաստանյան կողմը նախատեսում է ֆինանսական աջակցություն` ԱՄԿ տեխնիկական աջակցության ներքո:
ՀՈԴՎԱԾ 4
Սույն Համաձայնագրի կատարման համար իրավասու մարմիններն են`
ա) Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,
բ) Բուլղարիայի Հանրապետության Կառավարության կողմից` Աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարությունը:
ՀՈԴՎԱԾ 5
Կողմերն անհրաժեշտության դեպքում նախապես խորհրդատվություն են փոխանակում տարբեր հարցերի շուրջ, քննարկում են ընդհանուր դիրքորոշումներ և աջակցություն են ցուցաբերում` քվեարկելով միջազգային իրավական ընդունելի փաստաթղթերի և դրանց հետ կապված բանաձևերի օգտին, նմանապես, Կողմերը ցուցաբերում են երկկողմ աջակցություն համապատասխան միջազգային կազմակերպությունների աշխատանքային ծրագրերին մասնակցելու համար իրենց երկրների ներկայացրած հայտերին` նախապես համաձայնեցնելով այդ գործընթացը:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմերն անցկացնում են խորհրդակցություններ Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության քաղաքացիների սոցիալական ապահովության, ինչպես նաև զբաղվածության կարգավորման վերաբերյալ երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ:
ՀՈԴՎԱԾ 7
Սույն Համաձայնագրի ներքո համագործակցության գործնական իրականացման նպատակով Կողմերը հաստատում են երկամյա գործողությունների կամ միջոցառումների ծրագրեր, որոնցում կսահմանվեն համագործակցության կոնկրետ ուղղությունները և ձևերը, կազմակերպչական և ֆինանսական պայմանները, միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Անհրաժեշտության դեպքում, Կողմերը կազմակերպում են երկկողմ հանդիպումներ` քննարկելու և վերլուծելու ընդհանուր աշխատանքների և երկամյա ժամանակահատվածի համար ստորագրված Գործողությունների ծրագրերի իրականացման արդյունքները:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերի ներկայացուցիչները պարբերաբար նախարարական մակարդակի հանդիպումներ են կազմակերպում իրենց երկրներում: Այդ հանդիպումների ընթացքում կքննարկվեն փոխադարձ համագործակցության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ հարցեր, ինչպես նաև կիրականացվի կարծիքների փոխանակում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի շուրջ:
ՀՈԴՎԱԾ 9
Կողմերը կառուցում են իրենց փոխադարձ հարաբերությունները Եվրոպայում բարեկամական համագործակցության և գործընկերության հետագա զարգացման ոգով:
ՀՈԴՎԱԾ 10
Կողմերը նպաստում են իրենց երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության հարցերով զբաղվող կառավարական և ոչ կառավարական մարմինների և կազմակերպությունների միջև համագործակցության զարգացմանը:
ՀՈԴՎԱԾ 11
Սույն Համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները տրամադրվում են Կողմերի ազգային օրենսդրության համաձայն:
Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերից յուրաքանչյուրը հոգում է իր պատվիրակությունների և փորձագետների` մյուս Կողմի երկիր ուղևորության հետ կապված ծախսերը, իսկ պատվիրակություններին և փորձագետներին ընդունող Կողմը` իր երկրում նրանց օրապահիկի, կեցության և կազմակերպական ծախսերը:
ՀՈԴՎԱԾ 12
Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրությամբ: Նշված արձանագրությունն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով և հանդիսանում է դրա անբաժանելի մասը:
ՀՈԴՎԱԾ 13
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ազգային օրենսդրությամբ նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումը ստանալու օրվանից:
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:
Կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահի դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` իր մտադրության մասին մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով ծանուցելու միջոցով: Այդ դեպքում, սույն Համաձայնագրի գործողությունը դադարում է ծանուցումը մյուս Կողմի կողմից ստանալու օրվանից վեց ամիս հետո:
Սույն Համաձայնագրի գործողության վավերականության դադարեցումը չի խոչընդոտում արդեն իսկ համաձայնեցված կոնկրետ նախաձեռնությունների իրականացումը, քանի դեռ Կողմերը չեն բանակցել դրանց կասեցման վերաբերյալ:
Ստորագրված է ք. Երևանում 2012 թվականի ապրիլի 3-ին, երկու բնօրինակով` յուրաքանչյուրը` հայերենով, բուլղարերենով և անգլերենով, ընդ որում` երեք տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի կիրարկման ժամանակ դրա դրույթների մեկնաբանման մասով Կողմերի միջև հակասությունների դեպքում, գերակայում է անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012թ. հուլիսի 17-ին