Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ, ՏՈՒՐԻԶՄԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Ռուսաստանի Դաշնության սպորտի, տուրիզմի և երիտասարդական քաղաքականության նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

ղեկավարվելով երկու պետությունների ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերն ամրապնդելու և զարգացնելու փոխադարձ ցանկությամբ,

հաստատելով իրավահավասարության սկզբունքի վրա հիմնված` երիտասարդության հարցերով զբաղվող պետական մարմինների, ազգային, տարածքային և երիտասարդական այլ կազմակերպությունների միջև լայն համագործակցության ճանապարհով միջազգային համագործակցությունն ընդլայնելու և կատարելագործելու ցանկությունը,

համոզմունք հայտնելով, որ երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում փոխադարձ սերտ կապերի և համագործակցության ստեղծումը կնպաստեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության երիտասարդ սերնդի ներկայացուցիչների միջև փոխըմբռնման խորացմանը,

համաձայնեցին ներքոգրյալի շուրջ.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը, համաձայն սույն Համաձայնագրի, համագործակցում են երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում` իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան և իրենց իրավասության շրջանակներում:

Կողմերը երիտասարդության և երիտասարդական միավորումների հարցերով պետական մարմինների միջոցով ամեն կերպ օժանդակում են երիտասարդության հետ տարվող աշխատանքի բնագավառում իրավահավասար և փոխշահավետ համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը, ակտիվորեն աջակցում են երիտասարդական համագործակցության ակտիվացմանն ուղղված` երիտասարդությանը երկու պետությունների մշակութային ժառանգությանը ծանոթացնելու նրանց նախաձեռնություններին, ապահովում են նրանց մասնակցությունը

երիտասարդության հետ տարվող աշխատանքի ոլորտում նախագծերի և ծրագրերի իրականացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը խրախուսում և օժանդակում են երիտասարդական քաղաքականության ոլորտին առնչվող կապերի և համագործակցության զարգացմանը`

Կողմերի միջև համատեղ աշխատանքի, կապերի և փոխանակումների համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով,

երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում աշխատանքային փորձի փոխանակման միջոցով,

Կողմերի պետությունների տարածքներում ընդհանուր ծրագրերի ներդրմանը և երիտասարդական միջոցառումների` համագումարների, սիմպոզիումների, խորհրդաժողովների, համաժողովների, սեմինարների, ուսուցողական դասընթացների, փառատոների, ֆորումների, բրիֆինգների, ցուցահանդեսների, մրցույթների, հանդիպումների անցկացմանն օժանդակելու միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերն օժանդակում են բոլոր մակարդակներում պետական և ոչ պետական կազմակերպությունների միջև անմիջական կապերի զարգացմանը` ներառյալ պատվիրակությունների, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումները, ինչպես նաև համատեղ մշակված ծրագրերով միջոցառումների անցկացումը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը բարենպաստ պայմաններ են ստեղծում երիտասարդների ամառային հանգստի կազմակերպման, արձակուրդների ընթացքում ուսանողական խմբերի փոխանակման համար:

Կողմերը փոխանակում են տեղեկատվություն երիտասարդության խնդիրներով զբաղվող համապատասխան միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև իրենց պետությունների պետական և հասարակական կազմակերպությունների աշխատանքի վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը խրախուսում են երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում մարզիչ-դասավանդողների, այլ մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև աջակցում են նրանց փորձի փոխանակմանը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերն ապահովում են երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառում վիճակագրական և այլ տեղեկատվության փոխանակումը, այդ թվում`

իրենց պետություններում երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառը կարգավորող օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի մասին,

երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում քաղաքականության իրականացման իրավիճակի մասին,

ուղեցուցային-տեղեկատվական, մեթոդական և այլ նյութերի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը փորձի փոխանակում են իրականացնում երիտասարդներին հոգեբանական, իրավաբանական և այլ օգնություն տրամադրող կենտրոնների, սոցիալական ծառայությունների և դրանց մասնագիտացված կազմավորումների աշխատանքի վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը նպաստում են փորձի փոխանակմանը աշխատանքային զբաղվածության ծրագրերի մշակման ու իրականացման բնագավառում, ինչպես նաև երիտասարդների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի ոլորտում:

Կողմերը խրախուսում են երիտասարդական` աշխատանքային և ուսանողական շինարարական ջոկատների փոխանակումները:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը կիրականացվի փոխադարձության սկզբունքի հիման վրա, մասնավորապես`

ուղարկող Կողմը հոգում է իր պատվիրակության ճանապարհածախսը մինչև միջոցառման անցկացման վայր և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև արտասահման մեկնելու համար` իր պետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր տեսակի ապահովագրական ծախսերը,

ընդունող Կողմն իր վրա է վերցնում կացության` այդ թվում տեղավորման, սննդի, ներքին տրանսպորտի, ինչպես նաև այլ անհրաժեշտ օգնությունը` իր պետության օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագրով նախատեսվող գործունեության բոլոր տեսակները կֆինանսավորվեն Կողմերի բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների սահմաններում:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով:

Արձանագրություններն ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում միջազգային այլ պայմանագրերից բխող` Կողմերի իրավունքներն ու պարտականությունները, որոնց մասնակիցն են Հայաստանի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ ծագած վեճերը և տարաձայնությունները Կողմերը լուծում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` Կողմերի ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցման օրվանից և գործում է Կողմերից մեկի` մյուս Կողմին դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից վեց ամսվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի խոչընդոտում Կողմերի կողմից Համաձայնագրի դրույթների իրականացման նպատակով համաձայնեցված այն նախագծերի և ծրագրերի կատարմանը, որոնք չեն ավարտվել Համաձայնագրի գործողության դադարեցման պահին:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 2011 թվականի հոկտեմբերի 24-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012թ. մարտի 2-ին

 

 

pin
24.10.2011
Միջազգային պայմանագիր