Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱԿՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային պաշտպանության նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

հիմք ընդունելով 1995թ. հունիսի 19-ի` Հյուսիսատլանտյան Դաշինքին մասնակից պետությունների և խաղաղության նպատակով վերջինիս հետ համագործակցող այլ պետությունների միջև իրենց զորքերի իրավական կարգավիճակի մասին համաձայնագիրը,

հիմք ընդունելով 2007թ. մայիսի 15-ի և 2007թ. հունիսի 8-ի` Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ռազմական բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը,

ցանկանալով խորացնել իրենց պաշտպանական և ռազմաքաղաքական համագործակցությունը,

ձգտելով համագործակցություն սկսել և զարգացնել ռազմական ուսուցման բնագավառում,

համաձայնեցին ներքոշարադրյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային պաշտպանության նախարարությունը ռազմակրթական աջակցության շրջանակում ստանձնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ծառայողների և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առանձին աշխատակիցների ուսուցումը Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի հաստատություններում և զինվորական միավորումներում:

2. ՈՒսուցման բովանդակությունը և ուսուցման կազմակերպման վերաբերյալ մանրամասները Կողմերը կամ նրանց լիազոր անձինք կհամաձայնեցնեն յուրաքանչյուր տարի:

3. Սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն ուսուցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները կկարգավորվեն համապատասխան նախագծերի մասին կարգադրություններում, որոնք, տվյալ նախագծի համարը նշելով, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը կհաղորդվեն Գերմանիայի դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Հասկացությունների նշանակությունը

 

ՈՒսանող անձնակազմ` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ծառայողներ և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակիցներ, որոնք, սույն Համաձայնագրին համապատասխան, կուսանեն դաշնային զինված ուժերի հաստատություններում և զինվորական միավորումներում:

ՈՒղարկող կողմ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:

Ընդունող կողմ` Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային պաշտպանության նախարարություն:

ՈՒղարկող կողմի պետություն` Հայաստանի Հանրապետություն:

Ընդունող կողմի պետություն` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Գործող օրենք

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է Կողմերի ներպետական գործող օրենքներին համապատասխան: Սույն Համաձայնագրի և Կողմերի ներպետական գործող օրենքների մեջ եղած հակասությունների դեպքում կիրառվում է Կողմերի ներպետական օրենսդրությունը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

ՈՒսուցման վերաբերյալ որոշումներ

 

1. ՈՒսուցումն իրականացնելու համար կկիրառվեն Ընդունող կողմի համար գործող կանոնակարգերը:

2. ՈՒսանող անձնակազմի անդամների ուսուցումը կարող է ժամկետից շուտ դադարեցվել բժշկական կամ կարգապահական պատճառներով, ուսանող անձնակազմի անդամների անբավարար առաջադիմության, մասնագիտական կամ օտար լեզվի ցածր որակավորման հետևանքով:

3. ՈՒսումը հաջողությամբ ավարտելուց հետո ուսանող անձնակազմի անդամներն ընդունող Կողմից կստանան ուսմանը մասնակցելու մասին վկայական:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

ՈՒսանող անձնակազմի պարտականությունները

 

1. Մեկնելուց առաջ ՈՒղարկող կողմը ուսանող անձնակազմին տալիս է հետևյալ ցուցումները.

ա) հարգել ընդունող պետության օրենքները,

բ) ձեռնպահ մնալ սույն Համաձայնագրի բովանդակությանը չհամապատասխանող բոլոր կարգի գործողություններից,

գ) հրաժարվել ընդունող պետությունում քաղաքական ակտիվության ցանկացած դրսևորումից:

2. ՈՒղարկող կողմը ուսանող անձնակազմին Ընդունող կողմի պետություն ուղարկելուց առաջ ծանոթացնում է սույն Համաձայնագրի բովանդակությանը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Լեզվիմացությունը

 

1. ՈՒսանող անձնակազմը պետք է տիրապետի գերմաներենին գրավոր և բանավոր այն աստիճանի, որ ի վիճակի լինի մասնակցելու նախատեսված ուսուցմանը:

2. Ընդունող կողմի պետության Լեզուների վարչության կողմից անցկացվելիք` լեզվի հավանական ուսուցման մանրամասները կարգավորվում են սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 3-րդ կետում նշված նախագծի մասին կարգադրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կեցություն և սնունդ

 

1. ՈՒսանող անձնակազմին տրամադրվում է անվճար սնունդ և հանրակացարան: ՈՒսանող անձնակազմի կեցության և սննդի հետ կապված մանրամասները կարգավորվում են սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 3-րդ կետում նշված նախագծի մասին կարգադրությամբ:

2. ՈՒսանող անձնակազմը կարող է իր ցանկությամբ և իր հաշվին ապրել հանրակացարանից դուրս: Այդ դեպքում Ընդունող կողմը բնակարան չի տրամադրում: Նա, սակայն, իր հնարավորությունների շրջանակներում կօժանդակի բնակարան որոնելիս:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Համազգեստը

 

1. Ընդունող կողմի պետությունում ուսանող անձնակազմի գտնվելու ընթացքում վերջինիս համար ուժի մեջ է մնում ՈՒղարկող կողմի համազգեստի կարգը:

2. Պետք է մշտապես կրել ՈՒղարկող կողմի ծառայողական այն համազգեստը, որը Ընդունող կողմի տվյալ զինվորական ծառայության համար նախատեսված համազգեստին ամենից ավելի է համապատասխանում: ՈՒսուցման ընթացքում ուսանող անձնակազմին, ըստ համապատասխան ծառայողական պահանջմունքների, կարող է առկայության դեպքում համազգեստ տրամադրվել (միայն դաշտային և հատուկ հագուստ) և հատուկ հանդերձանք: Այդ դեպքում պետք է գերմանական զինհագուստի վրա կրել հայկական ազգային տարբերանշանները:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Ռազմական անվտանգություն

 

1. Կողմերը, համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների, երաշխավորում են ուսուցման ընթացքում ձեռք բերած գիտելիքների և տեղեկությունների գաղտնիության պաշտպանությունը: Կողմերը պարտավորվում են այդ տեղեկություններն ու գիտելիքները չօգտագործել մյուս Կողմի շահերը վնասելու նպատակով:

2. Սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում Կողմերը մինչև գաղտնիության պաշտպանության վերաբերյալ համապատասխան համաձայնագրի ուժի մեջ մտնելը չեն կարող միմյանց միջև գաղտնիքներ փոխանակել: Կողմերի միջև գաղտնի տեղեկատվության փոխանակման և պաշտպանության հետ կապված հարցերը կարգավորվելու են առանձին համաձայնագրով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Ենթակայություն, կարգապահություն

 

1. ՈՒսանող անձնակազմն Ընդունող կողմի պետությունում ենթարկվում է ՈՒղարկող կողմի իշխանություններին` համաձայն ՈՒղարկող պետության օրենսդրությամբ սահմանված զինվորական ենթակայության պահանջների: Ընդունող կողմի պետության տարածքում գտնվելու ընթացքում ուսանող անձնակազմի կարգապահության և ենթակայության հարցերով փոխհարաբերություններն իրականացվում են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդի միջոցով:

2. ՈՒղարկող կողմի զինվորական հրամանատարները ուսման նպատակով ուղարկվող անձնակազմին հրամայում են ենթարկվել Ընդունող կողմի անձնակազմի օրինական կարգադրություններին, որքանով վերջիններս վերաբերում են ՈՒղարկվող անձնակազմի մասնագիտական պարտավորությունների ոլորտին և աշխատանքային ընթացքի կատարմանը: Ընդունող և ՈՒղարկող կողմերի անձնակազմերի միջև գոյություն չունեն հրամայական և ենթակայական հարաբերություններ: Ընդունող կողմը իրավասու չէ կարգապահական պատժամիջոցներ սահմանել կամ կիրառել ուսանող անձնակազմի անդամների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Բժշկական սպասարկում

 

1. Հիվանդության կամ վնասվածքի դեպքում ուսանող զինվորական անձնակազմը Ընդունող կողմի բուժհիմնարկներում կարող է անվճար ամբուլատոր կամ ստացիոնար բուժում ստանալ: Ատամնաբուժությունը սահմանափակվում է միայն ծայրահեղ անհրաժեշտ բուժմամբ` անհապաղ, ընդհանուր, կոնսերվացնող և վիրահատական բուժմիջոցառումների շրջանակներում:

2. Ընդունող կողմի բժշկական հիմնարկներից դուրս առաջացած բուժսպասարկման ծախսերը կրում է ՈՒղարկող կողմը: Դրանց թվին են պատկանում, օրինակ, հետևյալ ծախսերը.

ա) քաղաքացիական բժիշկների (ատամնաբույժների) կողմից ամբուլատոր և ատամնաբուժական բուժման համար,

բ) հիվանդի տեղափոխման համար, որը չի իրականացվել Ընդունող կողմի սանիտարական մեքենաներով,

գ) քաղաքացիական հիվանդանոցներում ստացիոնար բուժման համար,

դ) հանգստավայրերի և հատուկ բուժումների համար,

ե) քաղաքացիական բժիշկների և ատամնաբույժների կողմից նշանակված դեղորայքի և վիրակապերի համար, որոնք հնարավոր չէ ստանալ Ընդունող կողմի դեղորայքի պաշարից,

զ) տեսողության և լսողության սարքերի, օրթոպեդիկ օժանդակ միջոցների, մարմնի օրգանների փոխպատվաստվող միջոցների, ատամնատեխնիկական լաբորատորիաների աշխատանքների և մատակարարումների:

3. ՈՒսումն սկսելուց առաջ պետք է ներկայացնել առողջության մասին տեղեկանք` համաձայն Ընդունող կողմի նախատեսած հարցաթերթիկի: Առողջության մասին տեղեկանքը պետք է պարզաբանում տա մասնավորապես այն մասին, որ ուսանող անձնակազմի անդամը.

ա) չունի վարակիչ հիվանդություններ,

բ) չունի թոքախտ, և որ այդ նպատակով կատարվել է թոքերի ռենտգենյան ստուգում,

գ) չունի բուժման ենթակա առողջական շեղումներ (հիվանդություններ, վնասվածքների հետևանքներ, արատներ),

դ) չունի ատամնաբուժության կարիք,

ե) ստացել է պատվաստումներ Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշումներին համապատասխան:

Այս նպատակով նախատեսված ստուգումները պետք է կատարված լինեն ՈՒղարկող կողմի պետությունից մեկնելուց ոչ շուտ, քան մեկ ամիս առաջ:

4. Եթե առողջության մասին տեղեկանքով նախատեսված որոշ ստուգումներ ՈՒղարկող կողմի պետությունում չեն կատարվել, ապա դա պետք է արձանագրել առողջության մասին տեղեկանքում:

5. Ընդունող կողմը, անկախ առողջության տեղեկանքի տվյալներից, իրեն իրավունք է վերապահում ուսանող անձնակազմի անդամներին իր բժշկական հիմնարկներում լրացուցիչ բժշկական ստուգման ենթարկել:

6. Եթե ուսանող անձնակազմի անդամը սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված բժշկական ստուգումներից խուսափի, ապա ուսուցումը կարող է ժամկետից շուտ դադարեցվել` 4-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Ֆինանսական հարցերի կարգավորումը

 

1. ՈՒղարկող կողմը ուսանող անձնակազմի համար, իր գործող կանոնակարգերին համապատասխան, ստանձնում է հետևյալ ծախսերը.

ա) դրույքները, աշխատավարձի հավելումները և ծախսերի հատուցումները,

բ) գործուղումների ծախսերը, որոնք առաջացել են ՈՒղարկող կողմի կարգադրությամբ,

գ) ուսանող անձնակազմի անդամներից մեկի մահվան դեպքում դիակի տեղափոխման, թաղման և այլ ծախսերը, որոնք կապված են ուսանող անձնակազմի անդամներից մեկի մահվան հետ,

դ) Ընդունող կողմի պետությունում գտնվելու ժամանակ ՈՒղարկող կողմի պետության ցուցումներով` առանձնահատուկ ծառայությունների և գործուղումների իրականացման կապակցությամբ առաջացած ծախսերը:

2. Ընդունող կողմը ստանձնում է ուսուցման սկզբի և ավարտի հետ կապված ճանապարհածախսերը, ինչպես նաև գործուղումների հետ կապված տրանսպորտային և ճամփորդական ծախսերը, որոնք ուսուցման ընթացքում կիրականացվեն Ընդունող կողմի ցուցումներով:

3. Եթե սույն Համաձայնագրով այլ բան նախատեսված չէ, ապա ապրուստի և կենսապայմանների հետ կապված բոլոր ծախսերը կրում է ուսանող անձնակազմը: Սա հատկապես վերաբերում է ուսանող անձնակազմի ծառայողական համազգեստի և անձնական հանդերձանքի առարկաների կորստի կամ վնասվածքի համար նախատեսված հատուցումներին, որոնք ուսանող անձնակազմին են տրամադրվել 8-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն:

4. ՈՒսման հետ կապված բոլոր ֆինանսական հարցերը համաձայնագրի Կողմերը կամ վերջիններիս կողմից լիազորված մարմինները ուսման մեկնարկից առաջ կարգավորում են առանձին` դրանք ամրագրելով սույն Համաձայնագրի Հոդված 1-ի 3-րդ կետում նշված նախագծերի մասին համապատասխան կարգադրության մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Ընդդատություն

 

ՈՒղարկող կողմի պետության դատարաններն ու իրավասու մարմինները ընդունող երկրում չեն իրականացնում իրենց արդարադատությունը:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Տարաձայնությունների հաղթահարումը

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանության և կիրառման հետ կապված Կողմերի տարաձայնությունները լուծվում են բացառապես երկկողմ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

ՈՒժի մեջ մտնելը, տևողությունը, փոփոխությունները, Համաձայնագրի

լուծումը

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն ամսաթվով, որով Հայկական կողմը Գերմանական կողմին կտեղեկացնի, որ ավարտվել են ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մնում 2007 թ. մայիսի 15-ի և 2007 թ. հունիսի 8-ի` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային պաշտպանության նախարարության միջև ռազմական բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի գործողության ողջ ընթացքում: Սույն Համաձայնագրում, երկկողմ համաձայնությամբ, կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել առանձին արձանագրությունների ստորագրման միջոցով: Այդ արձանագրություններն ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով և ուժի մեջ մտնելու պահից կհանդիսանան սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

3. Կողմերից յուրաքանչյուրը կարող է լուծել սույն Համաձայնագիրը` այդ մասին 6 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր տեղեկացնելով: Տեղեկացման ժամկետի հաշվարկման սկիզբ է համարվում այն օրը, երբ մյուս Կողմն ստանում է Համաձայնագիրը լուծելու մասին ծանուցումը:

Կատարված է Երևան քաղաքում, 2011թ. օգոստոսի 31-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և գերմաներեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012թ. հունվարի 17-ին

 

 

pin
31.08.2011
Միջազգային պայմանագիր