Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ Գ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

(ԱՅՍՈՒՀԵՏ` «ԿՈՂՄԵՐ»),

 

Կողմերի պետությունների միջև գոյություն ունեցող բարեկամական և գործընկերային փոխհարաբերությունների ամրապնդման և զարգացման նպատակով

նկատի առնելով մարդկային կյանքի, մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության, նրա ֆիզիկական անվտանգության, գույքի պահպանության, նշանակությունն ու անհրաժեշտությունը,

համարելով, որ համագործակցությունը, և հատկապես փոխօգնությունը հանցավորության հետ կապված օպերատիվ-հետախուզական գործունեության և տեղեկատվության փոխանակման ոլորտում, անհրաժեշտ է հանցավորության դեմ արդյունավետ պայքարի համար,

հաշվի առնելով սույն Համաձայնագրի ոլորտում գործող միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները` մասնավորապես 1957թ. դեկտեմբերի 13-ի Եվրոպական կոնվենցիան հանձնման մասին և 1996թ. հունիսի 4-ի «Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև հանցագործություն կատարած անձանց հանձնման մասին» համաձայնագրի դրույթները, որոնց կողմ են հանդիսանում իրենց կողմից ներկայացնող պետությունները

պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սահմանումներ

 

Սույն Համաձայնագրի նպատակներից ելնելով`

ա) «հանցագործություն» - ենթադրում է յուրաքանչյուր կողմ պետության տարածքում գործող քրեական օրենսդրությամբ նախատեսված բոլոր հանցագործությունները:

բ) «օպերատիվ-հետախուզական գործունեություն» - ենթադրում է օպերատիվ-հետախուզական, որոնողական և մյուս միջոցառումների ամբողջությունը, որը իրականացվում է Կողմերը ներկայացնող պետությունների ներպետական օրենսդրությանը համապատասխան` ուղղված հետախուզման մեջ գտնվող անձանց որոնմանը և հայտնաբերմանը` նրանց հետագա ձերբակալման կամ նրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրման նպատակով, երբ նշված անձինք գտնվում են հետախուզումը նախաձեռնող Կողմ պետության տարածքի սահմաններից դուրս, բայց մյուս Կողմ պետության տարածքի սահմաններում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Համագործակցության ձևերն ու ոլորտները

 

1. Կողմերը համագործակցում են հետախուզման մեջ գտնվող հետևյալ խմբերին պատկանող անձանց նկատմամբ` օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս.

ա) նախաքննությունից կամ դատաքննությունից թաքնվող մեղադրյալների, ամբաստանյալների, պատիժը կրելուց խուսափող դատապարտյալների,

բ) անհայտ կորած անձանց,

գ) հոգեկան խանգարումով տառապող կամ հոգեկան հիվանդ ճանաչված անձանց, որոնք հեռացել են բնակության կամ այլ վայրից և որոնց գտնվելու վայրն անհայտ է,

դ) անչափահասների, որոնք հեռացել կամ փախել են բնակության կամ այլ վայրերից և որոնց գտնվելու վայրն անհայտ է,

ե) անձանց, որոնք հիվանդության կամ տարիքի պատճառով չեն կարող իրենց մասին տեղեկություններ հայտնել,

զ) հարազատների հետ կապը կորցրած անձանց,

է) քաղաքացիական գործերով պատասխանողների (պարտապանների):

 

2. Կողմերը համագործակցում են նաև չճանաչված դիակների նույնականացման հարցում:

 

3. Կողմերը մեկը մյուսին տրամադրում են հետևյալ տեսակի տեղեկատվություն.

ա) հետախուզման մեջ գտնվող անձանց անձնական տվյալները,

բ) օպերատիվ-հետախուզական, քրեագիտական, նույնականացման և այլ համապատասխան տեղեկատվություն,

գ) հետախուզական միջոցառումների իրականացման առաջնային մեթոդների և ձևերի հետ կապված տեղեկատվություն,

դ) իրավական տեղեկատվություն և օրենսդրությանը համապատասխանող տեղեկատվություն,

ե) տվյալներ և տեղեկատվություն` Կողմ պետության տարածքում քաղաքացիություն չունեցող, բայց կացության իրավունք ունեցող քաղաքացու կամ անձի կողմից մյուս Կողմ հանդիսացող պետության տարածքում հրազենի ձեռք բերման կամ գրանցման յուրաքանչյուր փաստի առթիվ,

զ) հարցումների միջոցով դատվածության վերաբերյալ տեղեկատվություն,

է) հետախուզվող ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվություն,

ը) զենքերի, մշակութային արժեքների և հանցավորության հետ կապված այլ տեղեկատվության տրամադրում:

 

4. Սույն հոդվածի 2-րդ կետի ա), բ) և ե) ենթակետերով նախատեսված տեղեկատվությունները Կողմերը ներառում են սեփական տվյալների բազայում:

 

5. Կողմերը համագործակցում են նաև հետևյալ ոլորտներում.

ա) փորձագետների փոխանակում և նրանց ուսուցում,

բ) համատեղ սեմինարների անցկացում,

գ) օգնություն արհեստավարժ կադրերի պատրաստման գործում,

դ) գիտական նվաճումների փոխանակում,

ե) օգնության ցուցաբերում ոստիկանական տեխնիկա, սարքեր և այլ սարքավորումներ տրամադրելու միջոցով,

զ) քրեագիտության ոլորտում օգտագործվող մեթոդների և միջոցների փորձի փոխանակում:

 

6. Սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր միջոցառում իրականացնելիս կողմերը պայմանավորվում են առանձին:

 

7. Կողմերը սույն հոդվածի 1, 2 և 3 կետերով սահմանված համագործակցությունը իրականացնում են` պահպանելով ներպետական օրենսդրությունը, միջազգային նորմերի և իրավունքի հիմնական սկզբունքներն ու կողմերի վրա դրված այլ միջազգային պարտավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կոնտակտային տեղեկատվություն

 

1. Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով Կողմերը տրամադրում են մեկը մյուսին հետևյալ կոնտակտային տեղեկատվությունը.

 

ա) Վրաստանի ներքին գործերի նախարարություն.

Քրեական Ոստիկանության Դեպարտամենտ

բ) Հայաստանի Հանրապետության Ոստիկանություն.

Քրեական Հետախուզության Գլխավոր Վարչություն,

Կազմակերպված Հանցավորության Դեմ Պայքարի Գլխավոր Վարչություն

 

2. Կողմերը տեղեկացնում են մեկը մյուսին իրենց անվանման, լիազորությունների կամ կոնտակտային տեղեկատվության մեջ կատարվող բոլոր փոփոխությունների վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Հարցում կատարելը

 

1. Հարցում կատարելու հիման վրա Կողմերը սույն Համաձայնագրով սահմանված կարգով միմյանց տրամադրում են տեղեկատվություն:

 

2. Կողմերը մեկը մյուսին տեղեկատվություն տրամադրում են նաև առանց հարցման, եթե այդպիսի տեղեկատվությունը կարող է լինել անհրաժեշտ երկրորդ Կողմի համար,

 

3. Հարցումը պետք է պարունակի.

ա) հարցումն իրականացնող Կողմի անվանումը,

բ) հարցումը ստացող Կողմի անվանումը,

գ) հարցման առարկան,

դ) հարցման պատճառը,

ե) հարցում կատարելուն նպաստող ցանկացած այլ տեղեկատվություն:

 

4. Հարցումը և դրա պատասխանը պետք է ձևակերպվեն գրավոր տեսքով, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով:

 

5. Անհրաժեշտության դեպքում Կողմերը իրավասու են դիմել մեկը մյուսին բանավոր, էլեկտրոնային տարբերակով կամ հաղորդակցության ցանկացած այլ միջոցներով: Այդ տեսակի հարցումը հետագայում, ողջամիտ ժամկետում, պետք է ձևակերպվի գրավոր տեսքով:

 

6. Հարցվող Կողմը հարցումը պետք է կատարի հնարավոր սեղմ ժամկետում: Հարցվող Կողմը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկատվություն, եթե այն անհրաժեշտ է հարցումը կատարելու համար:

 

7. Այն դեպքում, երբ վերջնական ժամկետի շրջանակներում անհնար է պատասխանել հարցմանը, Հարցվող Կողմը պետք է հայտնի այդ մասին Հարցնող Կողմին և պարզաբանի նրան հարցումը կատարելու ուշացման պատճառները:

 

8. Եթե հարցում կատարելը չի մտնում Հարցվող Կողմի իրավասությունների մեջ, այդ դեպքում այն անհապաղ հարցումը պետք է ուղարկի իր պետության համապատասխան մարմնին և այդ մասին տեղեկացնի Հարցնող Կողմին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Հարցումը կատարելը մերժելը

 

1. Հարցվող Կողմը իրավունք ունի մասնակի կամ ամբողջությամբ հրաժարվել հարցումը կատարելուց, եթե դրա իրականացումը կարող է վնաս հասցնել Հարցվող Կողմ պետության ինքնիշխանությանը, հասարակական կարգի անվտանգությանը, ազգային շահերին, կամ էլ եթե նշվածը հակասում է տվյալ պետության ներպետական օրենսդրությանը:

 

2. Հարցումը կատարելուց հրաժարվելու կամ մասնակի չկատարելու դեպքում, Հարցվող Կողմը ողջամիտ ժամկետում, գրավոր ձևով պետք է տեղեկացնի Հարցնող Կողմին` հարցումը կատարելուց հրաժարվելու կամ մասնակի չկատարելու մասին:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Տեղեկատվության և անձնական տվյալների պաշտպանություն

 

1. Կողմերից յուրաքանչյուրը ապահովում է մյուս կողմի տրամադրած տեղեկատվության և անձնական տվյալների մշակումն ու պաշտպանությունը` տվյալ պետության տարածքում գործող ներպետական օրենսդրությանն ու միջազգային պարտավորություններին համապատասխան:

 

2. Ստացված տեղեկատվությունն և անձնական տվյալները չեն կարող օգտագործվել այլ նպատակներով` առանց այն տրամադրող Կողմի համաձայնության, բացառությամբ այն նպատակների, որի համար տրամադրվել են:

 

3. Ստացված տեղեկատվությունն և անձնական տվյալները կարող են փոխանցվել երրորդ կողմի, միայն այն տրամադրող Կողմից նախապես ստացված գրավոր համաձայնության հիման վրա:

 

4. Հարցման հիման վրա տեղեկատվություն և անձնական տվյալներ Հարցնող Կողմը պետք է հայտնի Հարցվող Կողմին այն մասին, թե ինչպես է օգտագործվել ստացված տեղեկատվությունը և անձնական տվյալները:

 

5. Տրամադրող Կողմը պետք է ապահովի տեղեկատվության և անձնական տվյալների ճշգրտությունը և թարմացումը: Այն դեպքում, երբ պարզվի, որ տրամադրված տեղեկատվությունը և անձնական տվյալները ճշգրիտ չեն, կամ նրանց տրամադրումը չի թույլատրվում, Ստացող Կողմը պետք է այն ուղղի կամ ոչնչացնի և այդ մասին անհապաղ տեղեկացնի Տրամադրող Կողմին:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Ծախսերը

 

Կողմերը իրենք են հոգում սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում առաջացող բոլոր ծախսերն, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այլ կարգ չի համաձայնեցվում:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Խորհրդատվություն

 

Անհրաժեշտության դեպքում Կողմերը կարող են անցկացնել խորհրդատվություն, որպեսզի վերանայեն սույն Համաձայնագրի առավել արդյունավետ իրականացման հնարավորություններն ու ուղիները և կիրառեն համապատասխան միջոցներ` հետագա համագործակցության զարգացման և բարելավման համար:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Փոխգործողությունը այլ միջազգային համաձայնագրերի հետ

 

Կողմերի համար սույն Համաձայնագրի դրույթներից բխող իրավունքներն ու պարտականությունները չեն ազդում այլ միջազգային համաձայնագրերից բխող իրավունքների և պարտականությունների վրա, որոնց կատարումը իրենց պետություններում հանդիսանում է պարտադիր:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Վեճերի լուծումը

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կատարման հետ կապված ցանկացած տարաձայնություն պետք է լուծվի կողմերի միջև խորհրդատվության անցկացման միջոցով կամ դիվանագիտական ուղիներով:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Փոփոխություններ և լրացումներ

 

Սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ գրավոր ձևով, Կողմերի փոխհամաձայնությամբ: Փոփոխություններն և լրացումները պետք է ձևակերպվեն առանձին արձանագրություններով, որոնք իրենցից ներկայացնում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և օրինական ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 12-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ընթացակարգին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

ՈՒժի մեջ մտնելը, գործողության ժամկետը և դադարեցումը

 

1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցագրի ստացման օրվանից և գործում է անորոշ ժամկետով:

2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` այդպիսի մտադրության մասին գրավոր ծանուցելով մյուս Կողմին: Այդ դեպքում սույն Համաձայնագիրն ուժը կկորցնի կողմերից մեկի` այդպիսի ծանուցագիր ստանալուց 6 ամիս անց:

Կատարված է ք. Բաթումիում 2011թ. հոկտեմբերի 20-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` վրացերեն, հայերեն, ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն ունեն հավասար իրավաբանական ուժ: Սույն Համաձայնագիրը մեկնաբանելիս տարաձայնություններ առաջանալու դեպքում առավելությունը տրվում է ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012թ. հունվարի 17-ին

 

 

pin
20.10.2011
Միջազգային պայմանագիր