ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ Վարչական գործ թիվ ՎԴ/1956/05/11
դատարանի որոշում 2013 թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/1956/05/11
Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան
Դատավորներ` Հ. Բեդևյան
Ա. Բաբայան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի
Վ. Աբելյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2013 թվականի դեկտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ քաղաքաշինության նախարարության վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 25.07.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Լևոն Ղոչիկյանի ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության (այսուհետ` Նախարարություն), երրորդ անձինք Անահիտ Զանյանի, Արմեն, Թերմինե և Հերմինե Ղոչիկյանների` վարչական ակտը, դրա հիման վրա տրված քաղվածքը մասնակիորեն անվավեր ճանաչելու և հաշվառման վերցնելու վերաբերյալ որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Լևոն Ղոչիկյանը պահանջել է անվավեր ճանաչել Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների)` հատկացման հարցերով հանձնաժողովի 23.02.2011 թվականի ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուր համայնքում կայացած արտագնա նիստի թիվ 2 որոշման թիվ 2 արձանագրությունը և դրա հիման վրա տրված քաղվածքը, որով Լևոն Ղոչիկյանի ընտանիքը չի ընդգրկվել ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակելի տներից բնակելի տուն ստացողների ցուցակում և պարտավորեցնել Նախարարությանն ընդունելու որոշում ՀՀ Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքի պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակում Լևոն Ղոչիկյանի ընտանիքը հաշվառման վերցնելու վերաբերյալ:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ք. Մկոյան) (այսուհետ` Դատարան) 20.02.2013 թվականի վճռով վարչական գործի վարույթը վարչական ակտի հիման վրա տրված քաղվածքն անվավեր ճանաչելու պահանջի մասով կարճվել է, Լևոն Ղոչիկյանի հայցն ընդդեմ Նախարարության, երրորդ անձանց Անահիտ Զանյանի, Արմեն, Թերմինե և Հերմինե Ղոչիկյանների` վարչական ակտը, դրա հիման վրա տրված քաղվածքը մասնակիորեն անվավեր ճանաչելու և հաշվառման վերցնելու վերաբերյալ որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին, բավարարվել է մասնակիորեն` անվավեր է ճանաչվել ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի 23.02.2011 թվականի թիվ 2 արձանագրության թիվ 4 հավելվածի 1-ին կետը, իսկ մնացած մասով հայցը մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.07.2013 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.02.2013 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ կառավարության 13.11.2008 թվականի թիվ 1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 2-րդ և 11-րդ կետերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ «Սպիտակ» ԲԲԸ-ի կողմից տրված տեղեկանքով չի հիմնավորվում այն փաստը, որ Լևոն Ղոչիկյանի ընտանիքը երկրաշարժի պահին ունեցել է բնակարան, քանի որ նույն ընկերության մեկ այլ տեղեկանքի համաձայն հիմնավորվում է, որ շենքի շինարարական աշխատանքները երկրաշարժի պահին դեռևս ավարտական փուլում էին, և Լևոն Ղոչիկյանի ընտանիքը պայմանագրային կարգով ունեցել է ընդամենը բնակարանի ամրացման թերթիկ, այսինքն` որևէ կերպ չի հիմնավորվում հայցվորի կողմից սեփականության իրավունքով բնակարան ունենալու փաստը: Մինչև 01.01.1999 թվականը գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն` բնակարանի կամ բնակելի տան նկատմամբ իրավունքը ծագում է պատգամավորների շրջանային, քաղաքային կամ գյուղական խորհրդի գործադիր կոմիտեում գրանցվելու պահից, հետևաբար նշված ժամանակահատվածում բնակարանի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթուղթ կարող էր հանդիսանալ կատարված գրանցումը հավաստող փաստաթուղթը, մինչդեռ Լևոն Ղոչիկյանի կողմից նման փաստաթուղթ չի ներկայացվել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.07.2013 թվականի որոշումը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքի գյուղապետին հասցեագրված 18.11.2008 թվականի դիմումով Լևոն Ղոչիկյանը հայտնել է, որ երկրաշարժի ժամանակ քանդվել է իր տունը, և խնդրել է իրեն ընդգրկել պետական աջակցությամբ կատարվող անհատական շինարարության ծրագրերի հերթացուցակում (հատոր 1-ին, գ.թ. 60):
2) Բնակարանային պայմանների ստուգման ակտի, ՀՀ Լոռու մարզի Մեծ Պարնիի գյուղապետարանի կողմից տրված տեղեկանքի և տնային տնտեսության անդամների ցուցակների համաձայն` Լևոն Ղոչիկյանի ընտանիքը ժամանակավոր բնակվում է Մեծ Պարնի գյուղում գտնվող վագոն-տնակում, որը պատկանում է Լևոն Ղոչիկյանին: Տվյալ բնակելի տարածությունում բնակվում են Լևոն Ղոչիկյանը, Անահիտ Զանյանը, Արմեն, Թերմինե և Հերմինե Ղոչիկյանները (հատոր 1-ին, գ.թ. 61, 64, 66):
3) «Սպիտակ-1» ԲԲԸ-ի կողմից 06.02.2006 թվականին տրված թիվ 31 տեղեկանքի համաձայն` Լևոն Ղոչիկյանը 1988 թվականին «Սպիտակ-1» ԲԲԸ-ի (նախկին «Սպիտակ Միջտնտշին») կողմից կառուցված Սպիտակ քաղաքի Թորոսյան փողոցի թիվ 5 շենքից ստացել է երեքսենյականոց բնակարան (հատոր 1-ին, գ.թ. 63):
4) «Սպիտակ-1» ԲԲԸ-ի կողմից տրված տեղեկանքի համաձայն` «Սպիտակ-1» ԲԲԸ-ն 1988 թվականին գործող միջտնտեսային շինարարական կազմակերպության իրավահաջորդն է: Այդ ձեռնարկությունը 1987-1988 թվականներին Սպիտակ քաղաքի Թորոսյան թիվ 5 հասցեում տնտհաշվարկային եղանակով իրականացնում էր հիսուն բնակարանանոց բնակելի շենքի շինարարություն, որն այդ պահին գտնվում էր ավարտական փուլում: Ձեռնարկության աշխատակից Լևոն Ղոչիկյանը պայմանագրային կարգով ունեցել է բնակարանի ամրացման թերթիկ (հատոր 1-ին, գ.թ. 62):
5) Բնակարանային պայմանների ստուգման 18.11.2008 թվականի ակտի համաձայն` Լևոն Ղոչիկյանն ընտանիքի չորս անդամների հետ միասին բնակվում է Մեծ Պարնի գյուղում` վագոն-տնակում, որը շարքից դուրս է եկել և պիտանի չէ բնակվելու (հատոր 1-ին, գ.թ. 61):
6) ՀՀ Լոռու մարզի Մեծ Պարնիի գյուղապետարանի կողմից 16.12.2008 թվականին տրված տեղեկանքի համաձայն` հայցվոր Լևոն Ղոչիկյանը 1988 թվականին երկրաշարժից կորցրած տան փոխարեն որպես փոխհատուցում բնակարան չի ստացել (հատոր 1-ին, գ.թ. 65):
7) «Սպիտակ-1» ԲԲԸ-ի տնօրենի կողմից 09.11.2012 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Լևոն Ղոչիկյանը 1988 թվականին «Սպիտակ-1» ԲԲԸ-ի (նախկին «Սպիտակ Միջտնտշին») կողմից կառուցված Սպիտակ քաղաքի Թորոսյան թիվ 5 հասցեի բնակելի շենքից ստացել է երեքսենյականոց բնակարան: Մեկ այլ տեղեկանքով նշվել էր, որ Թորոսյան թիվ 5 հասցեի շենքը 1988 թվականին գտնվել է ավարտական փուլում: Նշված տեղեկանքի մասին մանրամասնվում է, որ ավարտական փուլ ասելով` նկատի է առնվել այն, որ Սպիտակ քաղաքի Թորոսյան թիվ 5 հասցեի բնակելի շենքը 1988 թվականի դեկտեմբերի 07-ի դրությամբ ամբողջովին կառուցված, ավարտված էր, բնակարաններն ամրացման թերթիկներով հատկացվել էին աշխատակիցներին, որոնցից մեկն էլ հատկացվել էր Լևոն Ղոչիկյանին, բնակիչներն արդեն իրենց գույքերով բնակվում էին իրենց բնակարաններում: «Սպիտակ Միջտնտշին» կազմակերպությունը բնակարանների բաշխման վերաբերյալ փաստաթղթերը հանձնել էր Սպիտակի քաղխորհրդի գործկոմ` բնակիչների անվամբ օրդերներ դուրս գրելու համար: Սակայն 1988 թվականի դեկտեմբերի 07-ի երկրաշարժի հետևանքով նշված շենքի օրդերները դուրս չեն գրվել և բնակիչներին չեն հատկացվել: ՈՒստի, նախկին տեղեկանքում նշված «այդ պահին Թորոսյան թիվ 5 շենքը գտնվում էր ավարտական փուլում» արտահայտությամբ նկատի է ունեցվել միայն այն հանգամանքը, որ օրդերները չէին հանձնվել բնակիչներին (հատոր 2-րդ, գ.թ. 75):
8) Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի 2011 թվականի փետրվարի 23-ին ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուր համայնքում կայացած արտագնա նիստի թիվ 2 արձանագրության համաձայն` ղեկավարվելով ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 2-րդ և 11-րդ կետերի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1402-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետի դրույթներով` հանձնաժողովը որոշել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակելի տներից տուն ստացողների ցուցակում չընդգրկել մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի դրույթների համաձայն 2008 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ համայնքի ղեկավարի կողմից հաստատված բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակում հաշվառված 59 ընտանիքների, որոնցից է նաև Լևոն Ղոչիկյանի ընտանիքը` հաշվառված հինգ անձով` ինքը, կինը, երեք երեխաները, երեքսենյականոց բնակելի տուն ստանալու համար: Առկա է «Սպիտակ-1» ԲԲԸ-ի կողմից տրված տեղեկանք` «Սպիտակ-1 Միջտնտշին» ձեռնարկության կողմից կառուցված Թորոսյան փողոցի թիվ 5 շենքից Լևոն Ղոչիկյանի ընտանիքի` երեքսենյականոց բնակարան ստանալու մասին: Սակայն նշված տեղեկանքով չի հիմնավորվում երկրաշարժի պահին բնակարան ունենալու փաստը, քանի որ նույն ընկերության մեկ այլ տեղեկանքի համաձայն` շենքի շինարարական աշխատանքները երկրաշարժի պահին գտնվել են դեռևս ավարտական փուլում, և Լևոն Ղոչիկյանը պայմանագրային կարգով ունեցել է բնակարանի ամրացման թերթիկ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավական խնդրին, թե արդյո՞ք պայմանագրային կարգով բնակարանի ամրացման թերթիկի առկայությունը կարող է դիտվել որպես 1988 թվականի դեկտեմբերի 07-ի երկրաշարժի պահին բնակարան ունենալու փաստը հավաստող բավարար ապացույց:
i
ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգը հաստատելու մասին» թիվ 1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության» կարգի (այսուհետ` Կարգ) ընդհանուր դրույթների 1-ին կետի համաձայն` նույն կարգով սահմանվում են աղետի գոտու գյուղական բնակավայրերում պետական աջակցության միջոցով իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի (այսուհետ` բնակարանային ապահովման ծրագիր) շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառման, նրանց հաշվառումից հանելու և բնակարանային ապահովության առաջնահերթության որոշման չափանիշները:
Կարգի 2-րդ կետի համաձայն` բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և տվյալ բնակավայրում հաշվառված ու մշտական բնակություն հաստատած (այդ թվում` երկրաշարժից հետո աղետի գոտու այլ բնակավայրերից տվյալ բնակավայր մշտական բնակության տեղափոխված) այն անձինք ու նրանց ընտանիքի անդամները, որոնց բնակելի տները երկրաշարժի հետևանքով քանդվել կամ 2008 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ բնակելի տան տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտացված կազմակերպության կողմից տրված եզրակացության համաձայն ենթակա են քանդման:
Կարգի 6-րդ կետը սահմանում է, որ անձը դիմումին կից ներկայացնում է`
1) ընտանիքի անդամների անձնագրերի (անչափահաս անդամների` ծննդյան վկայականների) պատճենները.
2) ամուսնության (ամուսնալուծության դեպքում` ամուսնալուծության) վկայականների պատճենները.
3) 1988 թվականի դեկտեմբերի 07-ի դրությամբ ընտանիքի կազմի, ինչպես նաև տուն ունենալու մասին քաղվածք` համապատասխան բնակավայրի տնտեսությունների հաշվառման գրքից, դրա բացակայության դեպքում` արխիվային տեղեկանք և (կամ) այլ փաստաթղթեր, որոնցով հիմնավորվում է երկրաշարժի պահին տուն ունենալու փաստը.
4) ընտանիքի մահացած անդամների մահվան վկայականների պատճենները.
5) անավարտ շինարարության բնակելի տան և տնամերձ հողամասի սեփականության վկայականի պատճենները.
6) անապահովության համակարգում ընդգրկվածության և ընտանիքի անապահովության մեծության բալային ցուցանիշի մասին տեղեկանք:
Կարգի 9.1-ին կետի համաձայն` նույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետում նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող ընտանիքների ցուցակում ընդգրկելու համար համայնքի ղեկավարը հիմք է ընդունում տվյալ համայնքի ավագանու որոշումը` 1988 թվականի դեկտեմբերի 07-ի դրությամբ ընտանիքի կազմը և բնակելի տուն ունենալու փաստը հաստատելու մասին:
Կարգի 11-րդ կետի համաձայն` դիմումների քննության արդյունքներով մերժվում են այն անձինք, ովքեր`
1) ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն` բացառությամբ նախորդ տարիներին պետական միջոցների հաշվին առանց վարկային միջոցների ներգրավմամբ շինարարությունը սկսած անավարտ շինարարության բնակելի տների.
2) նախորդ տարիներին իրականացված պետական աջակցության ծրագրերի շրջանակներում օգտվել են բնակարանային պայմանների բարելավման համար իրենց իրավունքից.
3) 2004 թվականի հունվարի 01-ից հետո օտարել են բնակարան (բնակելի տուն), որի հետևանքով արհեստականորեն վատթարացրել են իրենց բնակարանային պայմանները.
4) երկրաշարժից հետո հրաժարվել են բնակարանի (բնակելի տան) ժառանգությունից կամ ժառանգության բացման օրվանից սահմանված ժամկետում դիմում չեն ներկայացրել բնակարանի (բնակելի տան) ժառանգման իրավունքի վկայական ստանալու համար.
5) սեփականության իրավունքով իրենց պատկանող` երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա բնակելի տան դիմաց նախկին Հայխնայբանկում բացված իրենց ավանդային հաշիվներին փոխանցված փոխհատուցման միջոցներով կառուցել են բնակելի տուն.
6) չեն ներկայացրել նույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետի, ինչպես նաև 9.1-ին կետի համաձայն անհրաժեշտ փաստաթղթեր.
7) ներկայացրել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
Կարգի վերոնշյալ կետերի վերլուծությունից հետևում է, որ Կարգով նախատեսված է բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների հաշվառման, նրանց հաշվառումից հանելու և բնակարանային առաջնահերթության որոշման չափանիշները: Կարգով սահմանված է, որ բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունքը ծագում է Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, ովքեր մինչև երկրաշարժը` 07.12.1988 թվականը, ունեցել են բնակելի տուն, որը երկրաշարժի հետևանքով քանդվել է կամ ենթակա է քանդման` 15.12.2008 թվականի դրությամբ բնակելի տան տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտացված կազմակերպության կողմից տրված եզրակացության համաձայն:
Կարգի համապատասխան դրույթներով սահմանված է, որ բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառվելու նպատակով քաղաքացիները դիմումներին կից պարտավոր են ներկայացնել 07.12.1988 թվականի դրությամբ ընտանիքի կազմի, ինչպես նաև բնակելի տուն ունենալու մասին ապացույցներ. քաղվածք` համապատասխան բնակավայրի տնտեսությունների հաշվառման գրքից, դրա բացակայության դեպքում` արխիվային տեղեկանք և (կամ) այլ փաստաթղթեր, որոնցով հիմնավորվում է երկրաշարժի պահին բնակելի տուն ունենալու փաստը: Նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում` բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող ընտանիքների ցուցակում ընդգրկելու համար համայնքի ղեկավարը հիմք է ընդունում տվյալ համայնքի ավագանու որոշումը` 07.12.1988 թվականի դրությամբ ընտանիքի կազմի և բնակելի տուն ունենալու փաստը հաստատելու մասին: Բնակարանային պայմանների բարելավման համար հաշվառվելու նպատակով քաղաքացիների դիմումների քննության արդյունքներով մերժվում են այն անձանց դիմումները, ովքեր չեն ներկայացրել Կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետի, ինչպես նաև 9.1-ին կետով պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերը: Այսինքն` Կարգի վերոնշյալ դրույթներին համապատասխան այն փաստաթղթերը, որոնցով հիմնավորվում է երկրաշարժի պահին բնակելի տուն ունենալու փաստը:
Նախկինում գործող ՀՀ բնակարանային օրենսգրքի (ուժի մեջ է մտել 01.07.1983 թվականին, ուժը կորցրել է 26.11.2005 թվականին) 49-րդ հոդվածի համաձայն` պետական կամ հանրային բնակարանային ֆոնդի տանը բնակելի տարածություն հատկացնելու վերաբերյալ որոշման հիման վրա պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեն քաղաքացուն տալիս է օրդեր, որը հատկացված բնակելի տարածությունն զբաղեցնելու միակ հիմքն է: Օրդերը կարող է տրվել միմիայն ազատ, մեկուսացված բնակելի տարածության համար: Օրդերի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը:
Նախկինում գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (ուժի մեջ է մտել 01.01.1965 թվականին, ուժը կորցրել է 01.01.1999 թվականին) 299-րդ հոդվածի համաձայն` պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանից օգտվելն իրականացվում է բնակարանի վարձակալության պայմանագրին համապատասխան, որը կնքվում է վարձատուի` բնակարանային-շահագործման կազմակերպության (իսկ այդպիսին չլինելու դեպքում` համապատասխան ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության) և վարձակալ քաղաքացու միջև, որի անունով տրված է օրդերը:
Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ բնակելի տարածությունը զբաղեցնելու միակ հիմքը հանդիսանում էր օրդերը: Պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանից օգտվելն իրականացվում է բնակարանի վարձակալության պայմանագրին համապատասխան, որը կնքվում է վարձատուի և վարձակալ քաղաքացու միջև, որի անունով տրված է օրդերը: Օրդերը կարող է տրվել միմիայն ազատ, մեկուսացված բնակելի տարածության համար: Այսպիսով օրդերն իր էությամբ հանդիսանում է իրավահաստատող փաստաթուղթ, համաձայն որի` իրականացվում է ազատ բնակելի տարածության բնակեցումը կոնկրետ անհատի և (կամ) նրա ընտանիքի անդամների կողմից, և որի հիման վրա անձի հետ, ում անունով տրվել է օրդերը, կնքվում է բնակելի տարածության վարձակալության պայմանագիր: Այսինքն` օրդերը փաստացի հավաստում է տվյալ բնակելի տարածության նկատմամբ քաղաքացու օգտագործման իրավունքի ծագման պահը:
Սույն գործի փաստերի համաձայն` Լևոն Ղոչիկյանը 1983 թվականից աշխատել է Սպիտակ քաղաքի «Սպիտակ Միջտնտշին» ձեռնարկությունում և բնակվել է Սպիտակ քաղաքում, իսկ երկրաշարժից հետո տեղափոխվել է Մեծ Պարնի գյուղ: Սույն գործում առկա տեղեկանքների համաձայն` «Սպիտակ Միջտնտշին» ձեռնարկությունը 1987-1988 թվականներին Սպիտակ քաղաքի Թորոսյան թիվ 5 հասցեում տնտհաշվարկային եղանակով իրականացնում էր հիսուն բնակարանանոց բնակելի շենքի շինարարություն, որն այդ պահին գտնվում էր ավարտական փուլում: Ձեռնարկության աշխատակից Լևոն Ղոչիկյանը պայմանագրային կարգով ունեցել է բնակարանի ամրացման թերթիկ: Այնուհետև վերը նշված ձեռնարկության իրավահաջորդի մեկ այլ տեղեկանքով նշվել է, որ ավարտական փուլ ասելով` նկատի է առնվել այն, որ բնակելի շենքը 07.12.1988 թվականի դրությամբ ամբողջովին կառուցված, ավարտված էր, իսկ բնակարաններն ամրացման թերթիկներով հատկացվել էին աշխատակիցներին, որոնցից մեկն էլ հատկացվել էր Լևոն Ղոչիկյանին, սակայն երկրաշարժի հետևանքով նշված շենքի օրդերները դուրս չեն գրվել և բնակիչներին չեն հատկացվել, ուստի ավարտական փուլ արտահայտությամբ նկատի է ունեցվել միայն այն հանգամանքը, որ օրդերները չէին հանձնվել բնակիչներին: Հետևաբար, Լևոն Ղոչիկյանը 07.12.1988 թվականի դրությամբ չի ունեցել իրեն հատկացված բնակարանի օրդերը:
Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրվել են այն պատճառաբանությունները, որ գործի փաստերով հաստատվում է այն հանգամանքը, որ Լևոն Ղոչիկյանի կողմից պահպանվել են ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված Կարգի պահանջները, իսկ մերժման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ գործում առկա է տեղեկանք` «Սպիտակ Միջտնտշին» ձեռնարկության կողմից կառուցված Թորոսյան փողոցի թիվ 5 շենքից Լևոն Ղոչիկյանի ընտանիքին երեքսենյականոց բնակարան հատկացնելու մասին, սակայն նշված տեղեկանքով չի հիմնավորվում երկրաշարժի պահին բնակարան ունենալու փաստը, քանի որ նույն ընկերության մեկ այլ տեղեկանքի համաձայն` շենքի շինարարական աշխատանքները երկրաշարժի պահին գտնվել են դեռևս ավարտական փուլում, և Լևոն Ղոչիկյանը պայմանագրային կարգով ունեցել է բնակարանի ամրացման թերթիկ: Այսինքն` վարչական մարմնի պնդմամբ գործում առկա են երկու` իրարամերժ տեղեկանքներ, ինչի պայմաններում դրա բացասական հետևանքները կրել է հայցվորը: Տվյալ դեպքում վարչական մարմինն էր պարտավոր ապացուցել հայցվորի` երկրաշարժի ժամանակ բնակարան չունենալու հանգամանքը, ինչը փաստորեն պատասխանողի կողմից չի արվել, հետևաբար հայցվորի կողմից ներկայացված ապացույցները պետք է գնահատվեին հավաստի, քանի որ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ այդ ապացույցները վարչական մարմնի կողմից համարվել են անթույլատրելի կամ որևէ կերպ հերքվել են: Բացի այդ, վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային վճիռներից ակնհայտ է դառնում, որ «սեփականություն» կարող է համարվել ոչ միայն փաստաթղթերով հիմնավորվող սեփականության իրավունքը, այլ դրա նկատմամբ «ողջամիտ ակնկալիքը», այսինքն` պաշտպանության ենթակա է ոչ միայն արդեն իսկ գոյություն ունեցող սեփականության իրավունքը, այլ դրա նկատմամբ ողջամիտ ակնկալիքը: Սույն գործում առկա փաստաթղթերով` հատկապես «Սպիտակ-1» ԲԲԸ-ի տնօրենի կողմից 09.11.2012 թվականին տրված տեղեկանքով, հաստատվում է, որ հայցվորն ունեցել է սեփականության իրավունք, իսկ օրդեր չունենալու հանգամանքը չի կարող մեկնաբանվել ի վնաս հայցվորի:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ իրավահարաբերության պահին գործող օրենսդրության համաձայն` բնակելի տարածությունը զբաղեցնելու միակ հիմքը կարող էր հանդիսանալ օրդերը: Պետական և հանրային բնակարանային ֆոնդի տներում բնակարանից օգտվելը պետք է իրականացվեր բնակարանի վարձակալության պայմանագրին համապատասխան, որը կնքվում էր վարձատուի և վարձակալ քաղաքացու միջև, որի անունով տրված էր օրդերը: Տվյալ դեպքում Լևոն Ղոչիկյանի կողմից դատարան ներկայացված տեղեկանքներով հաստատվում է այն հանգամանքը, որ 07.12.1988 թվականի դրությամբ բնակարաններն ամրացման թերթիկներով հատկացվել էին աշխատակիցներին, սակայն բնակարանների օրդերները դուրս չեն գրվել և բնակիչներին չեն հատկացվել: Հետևաբար, Լևոն Ղոչիկյանը 07.12.1988 թվականի դրությամբ չի ունեցել իրեն հատկացվելիք բնակարանի օրդերը:
Իսկ ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանություններին, որ «Սպիտակ-1» ԲԲԸ-ի տնօրենի կողմից 09.11.2012 թվականին տրված տեղեկանքով հաստատվում է այն հանգամանքը, որ հայցվորն ունեցել է սեփականության իրավունք, իսկ օրդեր չունենալու հանգամանքը չի կարող մեկնաբանվել ի վնաս հայցվորի այն պարագայում, երբ հայցվորն ունեցել է ողջամիտ ակնկալիք, որ օրդերը ևս կստանա, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Լևոն Ղոչիկյանը կարող էր «ողջամիտ ակնկալիք» ունենալ, որ կստանա իրեն ամրացված բնակարանի օրդերը, սակայն այդ «ողջամիտ ակնկալիքը» վերաբերում էր մինչև 07.12.1988 թվականը բնակարան ունենալուն և օգտագործելուն, իսկ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված Կարգի դրույթներով սահմանված է, որ բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունքից կարող են օգտվել միայն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր մինչև երկրաշարժը` 07.12.1988 թվականն արդեն իսկ ունեցել են բնակելի տուն, որը քանդվել է կամ ենթակա է քանդման: Քննարկվող պարագայում մինչև երկրաշարժը բնակելի տուն ունենալու պայմանը ենթադրում է քաղաքացուն տրամադրված օրդերի պարտադիր առկայություն, որը հատկացված բնակելի տարածությունն զբաղեցնելու միակ հիմքն է:
Հետևաբար աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների հատկացման հարցերով հանձնաժողովի 23.02.2011 թվականի ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուր համայնքում կայացած արտագնա նիստի թիվ 2 արձանագրության համաձայն` հանձնաժողովը, ղեկավարվելով Կարգի 2-րդ և 11-րդ կետերի, ինչպես նաև ՀՀ կառավարության 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետի դրույթներով, որոշել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակելի տներից տուն ստացողների ցուցակում չընդգրկել մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած Կարգի դրույթների համաձայն 15.12.2008 թվականի դրությամբ համայնքի ղեկավարի կողմից հաստատված բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակում հաշվառված Լևոն Ղոչիկյանի ընտանիքը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի 23.02.2011 թվականի թիվ 2 արձանագրության թիվ 4 հավելվածի 1-ին կետն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցապահանջը ենթակա է մերժման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 25.07.2013 թվականի որոշումը և այն փոփոխել` Լևոն Ղոչիկյանի հայցն ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության, երրորդ անձինք Անահիտ Զանյանի, Արմեն Ղոչիկյանի, Թերմինե Ղոչիկյանի և Հերմինե Ղոչիկյանի` ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի 23.02.2011 թվականի թիվ 2 արձանագրության թիվ 4 հավելվածի 1-ին կետն անվավեր ճանաչելու պահանջի մասով, մերժել:
2. Լևոն Ղոչիկյանից հօգուտ ՀՀ քաղաքաշինության նախարարության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի, 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումարներ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ա. Բարսեղյան
Վ. Աբելյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան