Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶ ...

01.04.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.12.2013  -ից մինչեւ   01.04.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 29.03.2022 թիվ 121-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2013 թվականի թիվ 415-Ն

 

ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) 2013 թվականի դեկտեմբերի 26-ի դռնբաց նիստում «Տեր-Տաճատյան իրավաբանական և բիզնես խորհրդատվական» փակ բաժնետիրական ընկերության ավագ իրավաբան- խորհրդական Անդրանիկ Վահանյանի (այսուհետ` Դիմող) 2013 թվականի դեկտեմբերի 11-ի դիմումի հիման վրա քննարկեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ նաև` Օրենք) անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ դրույթների կիրառման մասին պաշտոնական պարզաբանման հարցը:

Դիմողը հայցել է պաշտոնապես պարզաբանել, թե արդյոք անբարեխիղճ մրցակցության գործողություն է համարվում մանրածախ առևտրի օբյեկտների ցուցափեղկերի վրա կամ ապրանքների ցուցադրման և (կամ) վաճառքի համար նախատեսված այլ վայրերում չգրանցված ապրանքային նշանով մակնշված ապրանքի տեղակայումը և ցուցադրումը գրանցված ապրանքային նշանով մակնշված միևնույն տեսակի (դասի) ապրանքի հետ նույն շարքում կամ դրա տեղակայման վայրում ընդհանրապես, եթե նշված չգրանցված ապրանքային նշանն ունի էական նմանություններ նշված գրանցված ապրանքային նշանի հետ, ինչը, մասնավորապես, արտահայտված է նման տառատեսակի, տառաչափի, գունային գամմայի օգտագործմամբ և բառային ապրանքային նշանների ընդհանուր հնչյունային նմանությամբ` պայմանավորված ընդամենը մեկ կամ մի քանի տառերի տարբերությամբ, ապրանքատեսակի և (կամ) փաթեթավորման և (կամ) դրա առանձին տարրերի ընդգծված նմանությամբ (այսուհետ` Նկարագրված գործողություն):

Դիմողը, առաջնորդվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 3-րդ մասով, ներկայացրել է վերոնշյալ հարցի պարզաբանման հետևյալ տարբերակը:

Ըստ Դիմողի` նկարագրված գործողությունը հանդիսանում է անբարեխիղճ մրցակցության գործողություն, կատարվում է գրանցված ապրանքային նշանով մակնշված ապրանքի առնչությամբ ձևավորված պահանջարկի հաշվին չգրանցված ապրանքային նշանով մակնշված ապրանքների իրացումն ապահովելու նպատակով և խախտում է Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի պահանջները:

Քննարկելով դիմումը` Հանձնաժողովն ամրագրում է հետևյալը:

Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որն առաջացնում է կամ կարող է առաջացնել շփոթություն այլ տնտեսվարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների նկատմամբ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:

Նույն հոդվածի 2-րդ մասի իմաստով շփոթության առաջացում է համարվում`

1) գրանցված ապրանքային կամ սպասարկման նշանին կամ արդյունաբերական նմուշին շփոթության աստիճանի նման չգրանցված ապրանքային կամ սպասարկման նշանի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումը.

2) առավել վաղ օգտագործվող չգրանցված ապրանքային կամ սպասարկման նշանին կամ արդյունաբերական նմուշին շփոթության աստիճանի նման չգրանցված ապրանքային կամ սպասարկման նշանի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումը.

3) գրանցված ապրանքային կամ սպասարկման նշանին կամ արդյունաբերական նմուշին նույնական ապրանքային կամ սպասարկման նշանի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումն առանց իրավատիրոջ համաձայնության.

4) ֆիրմային անվանմանը շփոթության աստիճանի նման ֆիրմային անվանման օգտագործումը կամ ֆիրմային անվանման ապօրինի օգտագործումը.

5) ապրանքի արտաքին տեսքի, օրինակ` ապրանքի փաթեթավորման, գույնի կամ այլ ոչ ֆունկցիոնալ բնութագրերի նկատմամբ շփոթություն առաջացնող գործողությունները կամ վարքագիծը.

6) քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, անհատականացման այլ միջոցների, օրինակ` գործարարության խորհրդանիշի, բառեր փոխարինող նշանների կամ տառերի, կարգախոսների նկատմամբ շփոթություն առաջացնող գործողությունները կամ վարքագիծը.

7) ապրանքների ներկայացման ձևերի, այդ թվում` գովազդի, ծառայողական հագուստի, ապրանքների մատուցման ոճի նկատմամբ շփոթություն առաջացնող գործողությունները կամ վարքագիծը.

8) հռչակավոր մարդկանց, գրականության, արվեստի կամ սպորտի հանրաճանաչ գործիչների, հանրաճանաչ այլ անձանց անունների, այլ տվյալների, պատկերների օգտագործումը, ստեղծագործությունների, դրանց անվանումների, տեքստերի կամ պատկերների ամբողջական կամ մասնակի արտատպումը, պատճենումը կամ այլ կերպ օգտագործումն առանց համապատասխան համաձայնության (թույլտվության):

Օրենքի 12-րդ հոդվածի դրույթների վերլուծությունից պարզ է դառնում, որ շփոթության առաջացման հիմնական պայման է հանդիսանում ապրանքների, անհատականացման միջոցների նմանության կամ նույնականության առկայությունը:

Անդրադառնալով Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված իրավախախտմանը` հարկ է նշել, որ այն դրսևորվում է գրանցված անհատականացման միջոցին շփոթության աստիճանի նման չգրանցված անհատականացման միջոցի օգտագործմամբ:

Բարձրացված հարցի շրջանակներում շփոթության աստիճանի նման ապրանքային նշաններով մակնշված ապրանքների իրացման ընթացքում հիմնականում շփոթության առաջացումը չի կարող պայմանավորված լինել այդ ապրանքների ցուցադրման և (կամ) տեղակայման վայրով և (կամ) եղանակով:

Նկարագրված գործողությունը չի հանդիսանում Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի խախտում, քանի որ տվյալ դրույթը վերաբերում է ապրանքների ներկայացման ձևերի, այդ թվում` գովազդի, ծառայողական հագուստի, ապրանքների մատուցման ոճի նկատմամբ շփոթության առաջացմանը, այլ ոչ թե դրանց միջոցով ապրանքի նկատմամբ շփոթության առաջացմանը: Այսինքն, ապրանքների ներկայացման ձևերը, ապրանքների մատուցման ոճը հանդիսանում են շփոթության առանձին օբյեկտ` անկախ ապրանքի անհատականացման միջոցի նմանությունից:

Հարկ է նշել, որ գրանցված ապրանքային կամ սպասարկման նշանին կամ արդյունաբերական նմուշին շփոթության աստիճանի նման չգրանցված ապրանքային կամ սպասարկման նշանով կամ արդյունաբերական նմուշով մակնշված ապրանքների իրացումն արդեն իսկ համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն, հետևաբար, ցուցադրման և (կամ) տեղակայման վայրը և (կամ) եղանակը որևէ նշանակություն չունեն:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը և Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ը» և «թ» կետերը, Հանձնաժողովը որոշում է.

1. Պաշտոնապես պարզաբանել, որ ապրանքների` մանրածախ առևտրի օբյեկտների ցուցափեղկերի վրա կամ ապրանքների ցուցադրման և (կամ) իրացման համար նախատեսված այլ վայրերում տեղակայման և ցուցադրման գործողությունները որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորում որակելու համար ցուցադրման և (կամ) տեղակայման վայրը և (կամ) եղանակը որևէ նշանակություն չունեն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

pin
Մրցակցության պաշտպանության հ
26.12.2013
N 415-Ն
Պաշտոնական պարզաբանում