Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Թուրքմենստանի Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման նպատակ ունենալով,

ձգտելով ընդլայնել և ամրապնդել առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցությունը միջազգային իրավունքի սկզբունքների, հավասարության և փոխադարձ շահի հիման վրա,

ղեկավարվելով տնտեսական ոլորտում հայ-թուրքմենական համագործակցության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը ստեղծում են տնտեսական համագործակցության հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են.

Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև փոխշահավետ տնտեսական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն աջակցելը,

հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության վիճակի վերլուծությունը, երկու երկրների տնտեսության տարբեր ոլորտներում զարգացման առավել հեռանկարային ուղղությունների մշակումը և իրագործումը,

երկու պետությունների միջև կնքված միջազգային պայմանագրերի, ինչպես նաև Հանձնաժողովի նիստերում ընդունված որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

Կողմերի պետությունների նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների համագործակցության համակարգումը տնտեսական համագործակցության տարբեր ուղղություններով երկկողմ միջազգային պայմանագրերի նախագծերի նախապատրաստման գործում և դրանց ներկայացումը կառավարությունների քննարկմանը,

հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության ծրագրերի մշակումը և համաձայնեցումը, այդ թվում` օտարերկրյա կապիտալի և տեխնոլոգիաների ներգրավման, ուղիղ արտադրական կապերի հաստատման ուղղությամբ, ինչպես նաև դրանց իրագործմանն ուղղված համագործակցության որոշումը,

Հանձնաժողովի նիստերի նախապատրաստումը և անցկացումը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Հանձնաժողովը կազմված է երկու ազգային մասերից` թուրքմենական և հայկական: Յուրաքանչյուր Կողմ, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, նշանակում է Հանձնաժողովի համապատասխան ազգային մասի նախագահին (այսուհետ` համանախագահ), պատասխանատու քարտուղարին և Հանձնաժողովի անդամներին:

Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը կարող է ստեղծել մշտական կամ ժամանակավոր ենթահանձնաժողովներ և աշխատանքային խմբեր (այսուհետ` աշխատանքային մարմիններ) երկկողմ տնտեսական համագործակցության տարբեր ուղղություններով: Տվյալ աշխատանքային մարմիններն իրենց գործունեությունն իրականացնում են Հանձնաժողովի ղեկավարությամբ և հաշվետու են նրան:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Հանձնաժողովի նիստերը և համանախագահների հանդիպումներն անցկացվում են ըստ անհրաժեշտության, բայց առնվազն տարին մեկ անգամ, ըստ հերթականության` Թուրքմենստանում և Հայաստանում: Նիստերի և հանդիպումների անցկացման ժամկետները համաձայնեցվում են դիվանագիտական ուղիներով դրանց անցկացման օրվանից առնվազն երկու ամիս առաջ: Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգը նախապես համաձայնեցվում է Կողմերի կողմից դրա անցկացումից առնվազն մեկ ամիս առաջ: Հանձնաժողովի նիստում համանախագահների փոխադարձ համաձայնությամբ կարող են քննարկվել հարցեր, որոնք ընդգրկված չեն օրակարգում:

Հանձնաժողովի արտահերթ նիստերը, համանախագահների հանդիպումները, աշխատանքային մարմինների նիստերն անցկացվում են Կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ:

Նիստը նախագահում է Հանձնաժողովի այն համանախագահը, որի պետության տարածքում անցկացվում է նիստը կամ հանդիպումը:

Հանձնաժողովի նիստերի նախապատրաստման և դրանց մասնակցելու համար յուրաքանչյուր Կողմ կարող է ներգրավել փորձագետների և մասնագետների:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Հանձնաժողովի նիստերի տեղեկատվական ապահովումը, նյութերի և փաստաթղթերի նախապատրաստումը, նիստերի արձանագրությունների ձևակերպումը, աշխատանքային մարմինների գործունեության համակարգումը, ընդունված որոշումների իրագործման վերահսկողությունը, ինչպես նաև Հանձնաժողովի աշխատանքի ապահովման հետ կապված կազմակերպչական բնույթի մյուս պարտականությունները դրվում են Հանձնաժողովի ազգային մասերի պատասխանատու քարտուղարների վրա:

Իրենց պարտականությունների կատարման համար Հանձնաժողովի պատասխանատու քարտուղարները միմյանց միջև աշխատանքային կապեր են պահպանում և անհրաժեշտության դեպքում անցկացնում են հանդիպումներ Հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Հանձնաժողովի նիստերին, համանախագահների հանդիպումներին, աշխատանքային մարմինների նիստերին Հանձնաժողովի անդամների և պատվիրակությունների մասնակցության հետ կապված ծախսերը ֆինանսավորվում են ուղարկող Կողմի միջոցների հաշվին: Փոխադարձության հիմքի վրա ընդունող Կողմը կարող է վճարել ուղարկող Կողմի պատվիրակությունների` տեղի տրանսպորտային ծախսերը, նրանց տեղավորման, սննդի և բնակության հետ կապված ծախսերը:

Հանձնաժողովի նիստերի, համանախագահների հանդիպումների, աշխատանքային մարմինների նիստերի անցկացման հետ կապված ծախսերը ֆինանսավորվում են այն Կողմի միջոցների հաշվին, որի պետության տարածքում անցկացվում են այդ միջոցառումները:

Պատվիրակությունների թվակազմը որոշվում է համանախագահների կողմից և, որպես կանոն, չպետք է գերազանցի 20 (քսան) մարդը` յուրաքանչյուր Կողմից, համանախագահների հանդիպումներին` 10 (տասը) մարդը` յուրաքանչյուր Կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Հանձնաժողովի որոշումները ձևակերպվում են Հանձնաժողովի նիստի արձանագրություններով և կատարվում են համաձայն կողմերի պետություններում հաստատված ընթացակարգերին համապատասխան:

Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ձևակերպվում են հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն լեզուներով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Այն վեճերը, որոնք կարող են ծագել սույն Համաձայնագրի դրույթների կիրառման և մեկնաբանման ժամանակ, կլուծվեն Կողմերի միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող առանձին արձանագրություններով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից: Սույն Համաձայնագրի գործողությունն ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդող հնգամյա ժամկետներով, եթե Կողմերից ոչ մեկը Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին գրավոր ծանուցում չի ուղարկում մյուս Կողմին:

 

Կատարված է Աշխաբադ քաղաքում 2010 թվականի նոյեմբերի 24-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` թուրքմեներեն, հայերեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերն ունեն նույն իրավաբանական ուժը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011թ. փետրվարի 2-ին

 

 

pin
24.10.2010
Միջազգային պայմանագիր