(ուժը կորցրել է 03.11.04 թիվ 1465-Ն որոշում)
i
040.0441.260699
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» հունիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունիսի 1999 թվականի թիվ 441
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 218 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 218 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում կապի բնագավառում գործունեություն ծավալելու վերաբերյալ N 60 լիցենզիայի վերախմբագրված և լրացված տարբերակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13-րդ կետով.
«13. Հատուկ պայմաններ
1. «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հեռախոսային խոսակցությունների գաղտնիության ապահովումը լիցենզավորվողի պատասխանատվությունն է, որի համար պետք է ձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները:
2. Չնայած վերոհիշյալին, լիցենզավորվողը պետք է թույլատրի հեռահաղորդակցությունների լսումները Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի և հեռահաղորդակցությունների լսումների հետ կապված այլ օրենսդրական ակտերի համաձայն: Նշված հեռահաղորդակցության լսումները կիրականացվեն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների կողմից այն սարքավորումներով և միջոցներով, որոնք կտրամադրի լիցենզավորվողը և որոնց վերաբերյալ կողմերը ժամանակ առ ժամանակ գրավոր համաձայնություն ձեռք կբերեն: Նշված սարքավորումները և միջոցները սեփականության իրավունքով կպատկանեն լիցենզավորվողին, կվերահսկվեն նրա կողմից, և դրանց օգտագործումը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների համար կլինի անվճար:
3. Լիցենզավորվողի կողմից վերոհիշյալ սարքավորումների տրամադրման հետ կապված ծախսերը կհամարվեն բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի 6.6-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված` լիցենզավորվողի ներդրումային ծրագրի անբաժանելի մասը:
4. Սույն լիցենզիայի հատուկ պայմաններն ուժի մեջ կմտնեն միայն լիցենզավորվողի և Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության միջև գործող հաճախականությունների պայմանագրի պայմանների ու ժամկետների վերաբերյալ համատեղ համաձայնության գալուց հետո»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 26-ից: