(ուժը կորցրել է 29.03.2022 թիվ 121-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
8 նոյեմբերի 2013 թվականի թիվ 305-Ն
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) 2013 թվականի նոյեմբերի 8-ի դռնբաց նիստում քննարկեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթների կիրառման վերաբերյալ պաշտոնական պարզաբանման հարցը:
Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում պարբերական ուսումնասիրություններ է իրականացնում հնարավոր գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների հայտնաբերման կապակցությամբ:
Վերը նշված ուսումնասիրությունների շրջանակում մի շարք տնտեսվարող սուբյեկտներ Հանձնաժողովի որոշմամբ համարվել են գերիշխող դիրք ունեցող Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով, քանի որ նրանց կառավարման ներքո գտնվել են չորս կամ ավելի առևտրային օբյեկտներ: Այնուամենայնիվ, նշված տնտեսվարող սուբյեկտների մի մասն այդ կապակցությամբ բարձրացրել են Օրենքի կիրառության խնդիր` նշելով, որ, տնտեսվարող սուբյեկտը որպես իրավաբանական անձ չի նույնանում առևտրային ցանցի հետ, ուստի Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի համաձայն` գերիշխող դիրք ունեցող պետք է համարվի տնտեսվարող սուբյեկտի կառավարման ներքո գտնվող կամ տնտեսվարող սուբյեկտին պատկանող ապրանքային նշանի ներքո գործող առևտրային ցանցը և ոչ թե այդ տնտեսվարող սուբյեկտը:
Հանձնաժողովը հաշվի է առնում, որ տվյալ իրավիճակում առկա է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների ոչ հստակ և տարաբնույթ ընկալում, ուստի առկա է Օրենքի դրույթների պարզաբանման անհրաժեշտություն:
Քննարկելով հարցը` Հանձնաժողովն ամրագրում է հետևյալը:
Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առևտրային օբյեկտ է համարվում գույքային համալիրը (հողամաս, շենք, կառույց), որն օգտագործվում է իրացման ոլորտում ապրանքները վերջնական սպառողին հասցնելու համար:
Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առևտրային ցանցը երկու կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ է, որոնք գտնվում են ընդհանուր կառավարման ներքո կամ գործում են միևնույն առևտրային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո:
Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տնտեսվարող սուբյեկտ է համարվում արտոնագրային վճար վճարողը, անհատ ձեռնարկատերը, իրավաբանական անձը, այլ կազմակերպություն, դրա ներկայացուցիչը, ներկայացուցչությունը կամ մասնաճյուղը, անձանց խումբը, առևտրային ցանցը: Սույն օրենքով նախատեսված համակենտրոնացման դեպքում տնտեսվարող սուբյեկտ է համարվում նաև ֆիզիկական անձը:
Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` առևտրային ցանցը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե հանդիսանում է չորս կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ:
Օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող է համարվում Հանձնաժողովի որոշմամբ:
Առևտրային ցանցի և առևտրային օբյեկտի հասկացությունների վերլուծությունից պարզ է դառնում, որ առևտրային ցանցը բաղկացած է ոչ թե պատահական առևտրային օբյեկտներից, այլ այնպիսի առևտրային օբյեկտներից, որոնք գտնվում են ընդհանուր կառավարման ներքո կամ գործում են միևնույն առևտրային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո: Այսինքն որպեսզի առևտրային օբյեկտները համարվեն առևտրային ցանց, անհրաժեշտ է, որ առկա լինի դրանց նկատմամբ միասնական կառավարում կամ դրանք գործեն միևնույն առևտրային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո: Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` կառավարման իրավասությամբ և առևտրային նշան կամ անհատականացման այլ միջոց օգտագործելու իրավունքով օժտված են միայն քաղաքացիական իրավունքի սուբյեկտները: Հետևաբար առանց քաղաքացիական իրավունքի համապատասխան սուբյեկտի` առևտրային ցանց գոյություն ունենալ չի կարող:
Օրենքի 6-րդ հոդվածի դրույթների համադրությունից պարզ է դառնում, որ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերը սահմանում են այն չափանիշները, որոնց առկայության դեպքում տնտեսվարող սուբյեկտը համարվում է մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող, ընդ որում Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում օգտագործվում է տնտեսվարող սուբյեկտ հասկացությունը, իսկ 5-րդ մասում` առևտրային ցանց հասկացությունը: Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում առևտրային ցանց հասկացության կիրառումը կապված է տվյալ չափանիշի առանձնահատկության հետ, այսինքն` գերիշխող դիրք ունենալը պայմանավորված է չորս կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ հանդիսանալու փաստով: Ընդ որում տվյալ պայմանը կիրառելի է միայն առևտրային ցանցերի նկատմամբ:
Հարկ է նշել, որ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերի պայմաններին բավարարող սուբյեկտների վերաբերյալ որոշում ընդունելու ընթացակարգը սահմանված է ոչ թե Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերով, այլ Օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով, որի համաձայն` տնտեսվարող սուբյեկտը գերիշխող դիրք ունեցող է համարվում Հանձնաժողովի որոշմամբ: Այսինքն, Հանձնաժողովը յուրաքանչյուր դեպքում, գնահատելով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերի հատկանիշների համապատասխանությունը փաստացի իրավիճակին, որոշում է համապատասխան տնտեսվարող սուբյեկտին համարել մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող: Հետևաբար, Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշների համապատասխանության դեպքում Հանձնաժողովն իրավասու է գերիշխող դիրք ունեցող համարել այն տնտեսվարող սուբյեկտին`
ա) որի ընդհանուր կառավարման ներքո գտնվում է չորս կամ ավելի առևտրային օբյեկտ (առևտրային ցանց), կամ
բ) որին պատկանող կամ որի կողմից օգտագործվող միևնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործում է չորս կամ ավելի առևտրային օբյեկտ (առևտրային ցանց):
Ընդ որում վերը նշված դեպքում գերիշխող դիրք ունեցող կարող է համարվել միայն քաղաքացիական իրավունքի սուբյեկտ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը և Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ը» և «թ» կետերը, Հանձնաժողովը որոշում է.
1. Պաշտոնապես պարզաբանել, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշների համապատասխանության դեպքում Հանձնաժողովն իրավասու է գերիշխող դիրք ունեցող համարել քաղաքացիական իրավունքի սուբյեկտ հանդիսացող այն տնտեսվարող սուբյեկտին`
ա) որի ընդհանուր կառավարման ներքո գտնվում է չորս կամ ավելի առևտրային օբյեկտ (առևտրային ցանց), կամ
բ) որին պատկանող կամ որի կողմից օգտագործվող միևնույն առևտրային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործում է չորս կամ ավելի առևտրային օբյեկտ (առևտրային ցանց):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ
հոդվածի համաձայն իրավական ակտերի պաշտոնական պարզաբանումները
իրավական ակտեր, այդ թվում նորմատիվ իրավական ակտեր չեն
հանդիսանում և կատարման համար պարտադիր չեն: