Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1225-ՐԴ, 12...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1225-ՐԴ, 1226-ՐԴ ՀՈԴՎԱԾՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ2/0420/02/11

    դատարանի որոշում                                               2013 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ2/0420/02/11

Նախագահող դատավոր` Գ. Մատինյան

    Դատավորներ`        Լ. Գրիգորյան

                       Ա. Թումանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի հոկտեմբերի 04-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սամվել Հովհաննիսյանի ներկայացուցիչ Տարիել Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սամվել Հովհաննիսյանի ընդդեմ Լիդա, Քնարիկ, Մանվել Հովհաննիսյանների, Գոհարիկ Մալխասյանի` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Մանվել Հովհաննիսյանի ընդդեմ Սամվել Հովհաննիսյանի` ժառանգությունն ընդունելու փաստը հաստատելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սամվել Հովհաննիսյանը պահանջել է առանձնացնել հանգուցյալ մոր` Վարդանուշ Հովհաննիսյանի, գույքի ժառանգության իր մասնաբաժինը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Մանվել Հովհաննիսյանը պահանջել է հաստատել հանգուցյալ մորը` Վարդանուշ Հովհաննիսյանին պատկանող գույքի ժառանգությունն ընդունելու փաստը, ինչպես նաև հայցվորից բռնագանձել փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը:

Սամվել Հովհաննիսյանը, լրացնելով հայցապահանջը, պահանջել է ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում Վարդանուշ Հովհաննիսյանին համասեփականությամբ պատկանող 30.08.2001 թվականին գրանցված (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 340700) բնակելի տան և 0,21 հա տնամերձ հողամասի, 12.03.2003 թվականին գրանցված (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 638782) 0,94 հա վարելահողի և 06.07.2008 թվականին գրանցված (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1841731) 2,42 հա պտղատու այգու 1/7-րդ մասերի նկատմամբ փաստացի տիրապետման հիմքով իրեն ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ և առանձնացնել իր բաժնեմասը մյուս համասեփականատերերի բաժնեմասից:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.02.2012 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.05.2012 թվականի որոշմամբ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.02.2012 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 20.12.2012 թվականի վճռով Սամվել Հովհաննիսյանի հայցն ընդդեմ Լիդա, Քնարիկ, Մանվել Հովհաննիսյանների, Գոհարիկ Մալխասյանի` գույքի ժառանգության մասնաբաժինն առանձնացնելու պահանջի մասով կարճվել է` այդ մասով հայցից հրաժարվելու հիմքով: Սամվել Հովհաննիսյանի հայցն ընդդեմ Լիդա, Քնարիկ, Մանվել Հովհաննիսյանների, Գոհարիկ Մալխասյանի` ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում Վարդանուշ Հովհաննիսյանին համասեփականությամբ պատկանող 30.08.2001 թվականին գրանցված (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 340700) բնակելի տան և 0,21 հա տնամերձ հողամասի, 12.03.2003 թվականին գրանցված (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 638782) 0,94 հա վարելահողի և 06.07.2008 թվականին գրանցված (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1841731) 2,42 հա պտղատու այգու 1/7-րդ մասերի նկատմամբ փաստացի տիրապետման հիմքով իրեն ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասին, մերժվել է: Հակընդդեմ հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.04.2013 թվականի որոշմամբ Սամվել Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.12.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սամվել Հովհաննիսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերը, խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 53-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, որոնցով հիմնավորվում է, որ Սամվել Հովհաննիսյանը ծնողների մահվանից առաջ նրանց համաձայնությամբ տիրապետել և կառավարել է ժառանգական գույքի մի մասը` 0,94 հա վարելահողը: Մոր մահվանից հետո նա բացահայտ կերպով շարունակել է տիրապետել և կառավարել այդ վարելահողը, տնկել է մրգատու ծառեր, կատարել որոշակի ծախսեր ոռոգման ջրի դիմաց:

Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի թիվ 3-1224/ՎԴ որոշումը, այն կամայականորեն մեկնաբանել է ի վնաս Սամվել Հովհաննիսյանի: Նշված նախադեպային որոշումը հիմք չի կարող հանդիսանալ Սամվել Հովհաննիսյանին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետով ժառանգ չճանաչելու համար:

Վերաքննիչ դատարանը պատշաճ կերպով չի գնահատել նաև այն փաստը, որ ժառանգական գույք հանդիսացող հանգուցյալի անվամբ երեք գրքույկները գտնվել են Սամվել Հովհաննիսյանի մոտ և պահպանվել նրա կողմից: Այս փաստը Վերաքննիչ դատարանը գնահատել է մյուս ապացույցների համակցությունից դուրս և եզրահանգել է, որ դա չի կարող դիտվել ժառանգական գույքն ընդունելու կամահայտնություն:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 25.04.2013 թվականի որոշումը և այն փոփոխել` ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում Վարդանուշ Հովհաննիսյանին համասեփականությամբ պատկանող գույքի 1/7-րդ մասի նկատմամբ փաստացի տիրապետման հիմքով իրեն ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 23.06.1951 թվականին ծնված Սամվել Հովհաննիսյանի հայրը Մարգար Հովհաննիսյանն է, իսկ մայրը` Վարդանուշ Հովհաննիսյանը (հատոր 1-ին, գ.թ. 12):

2. Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 340700, թիվ 638782 և թիվ 1841731 վկայականների համաձայն` Արագածավան գյուղի բնակելի տունը` 161,39 քմ մակերեսով, տնամերձ 0,21 հա հողամասով, 0,94 հա վարելահողը, 2,42 հա պտղատու այգին համատեղ սեփականության իրավունքով գրանցված են Մարգար, Վարդանուշ, Մանվել, Սիլվա, Լիլիթ, Լիաննա, Արման Հովհաննիսյանների անուններով (հատոր 1-ին, գ.թ. 6-11):

3. Համաձայն ԱԱ թիվ 146670 մահվան վկայականի` սկզբնական և հակընդդեմ հայցվորների մայր Վարդանուշ Հովհաննիսյանը մահացել է 24.03.2009 թվականին, իսկ Ա` թիվ 046180 մահվան վկայականի համաձայն` Մարգար Հովհաննիսյանը մահացել է 23.06.2011 թվականին (հատոր 1-ին, գ.թ.13-14):

4. Համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքների, հարևանների հայտարարությունների համաձայն` Մանվել Հովհաննիսյանը մոր` Վարդանուշ Հովհաննիսյանի մահից հետո շարունակել է տիրապետել, կառավարել մորը պատկանող գույքը (հատոր 1-ին, գ.թ. 59-63, 70-71):

5. ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավանի գյուղապետարանի կողմից տրված տեղեկանքի համաձայն` Արագածավանի բնակիչ Սամվել Հովհաննիսյանը, ըստ տվյալ հողատարածքի հարևաններ Վարուժան Մալխասյանի, Անդրանիկ Մնացականյանի, Սամվել Պապոյանի, Սուրեն Խուդոյանի գրավոր հայտարարությունների, հողի սեփականաշնորհումից մինչ այսօր մշակում է թիվ 638782 սեփականության իրավունքի վկայականով տրված 0,94 հա վարելահողը (հատոր 3-րդ, գ.թ. 73):

6. 28.02.2012 թվականին Արմեն Հովհաննիսյանին տրվել է ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր: Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է Մարգար Հովհաննիսյանի անվամբ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի Բաղրամյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող 161,39 քմ մակերեսով բնակելի տան, 0,21 հա տնամերձ հողամասի, 24,05 քմ, 17,11 քմ, 24,38 քմ, 12,0 քմ, 30,0 քմ, 28,5 քմ մակերեսներով օժանդակների, 0,94 հա վարելահողի, 2,42 հա պտղատու այգու 1/7-րդ մասնաբաժնից (հատոր 3-րդ, գ.թ. 55):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. ժառանգման իրավունք ունեցող անձի կողմից մինչ ժառանգատուի մահը նրան պատկանող որևէ գույքի փաստացի տիրապետումը և կառավարումը ժառանգության բացումից հետո շարունակելը կարո՞ղ է համարվել ժառանգությունն ընդունելու կամքի դրսևորում, թե՞ անհրաժեշտ են նաև այլ կանխամտածված, ակտիվ գործողություններ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն` առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները: Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի համաձայն` ժառանգություն ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի: Ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում: Ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով, իսկ 3-րդ կետի համաձայն` եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր:

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ օրենսդիրը նախատեսել է ժառանգության ընդունման երկու եղանակ` ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելը և ժառանգի կողմից ժառանգված գույքը փաստացի տիրապետելը կամ կառավարելը: Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել այդ գույքը, ինչը հանդիսանում է ժառանգական գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքի ծագման նախապայման (տե՛ս Արմինե Հակոբյանը և Սամվել Հակոբյանն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի, Անահիտ, Մարգարիտ, Քնարիկ Հակոբյանների` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ժառանգական գույքն առանձնացնելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին թիվ 3-1621(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի նոյեմբերի 9-ի որոշումը):

Վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե գործի քննության ընթացքում կողմերից մեկը բարձրացնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ձևերից մեկով ժառանգությունն իր կողմից ընդունելու հարցը, ապա նմանատիպ գործեր քննելիս միշտ կարևոր է այն իրավական հարցի պարզաբանումը, թե արդյոք անձը փաստացի տիրապետման հիմքով ընդունել է ժառանգությունը (ի թիվս այլ ակտերի տե՛ս Վլադիմիր Բալասանյանն ընդդեմ Կարինե Սերոպյանի, ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտարի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականներն անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքի վկայականը համապատասխան բաժիններով տրամադրելու, Սերյոժա Բալասանյանի 01.02.1994 թվականի կտակը մասնակիորեն անվավեր ճանաչելու, Թամարա Բալասանյանի մահից հետո փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած միակ ժառանգ ճանաչելու և Այգեստանի 10-րդ փողոցի 2-րդ շենքի 58-րդ բնակարանի և ավտոտնակի նկատմամբ Կարինե Սերոպյանի սեփականության իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջների մասին թիվ 3-183(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի մարտի 27-ի որոշումը): ՈՒստի դատարանում գործի քննության ժամանակ պետք է հիմնավորվի փաստացի տիրապետման հիմքով ժառանգական գույքն ընդունելու փաստը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ժառանգական գույքի փաստացի տիրապետելու փաստը կարող է ապացուցվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով նախատեսված ապացույցների տեսակներով, ընդ որում, գույքի տիրապետման կամ կառավարման ապացույց կարող է հանդիսանալ նաև բնակարանային շահագործման մարմինների, համատիրությունների, բնակարանային-շինարարական կոոպերատիվների, տեղական ինքնակառավարման մարմինների և օրենսդրությամբ համապատասխան փաստաթուղթ տալու իրավունք ունեցող այլ մարմինների կողմից տրված տեղեկանքը, կամ այլ ապացույցներ, որոնք ուղղակիորեն հաստատում են այն, որ ժառանգը փաստացի տիրապետմամբ ընդունել է ժառանգությունը (տե՛ս Միշա Վարդանյանն ընդդեմ Վարդան Վարդանյանի, Արմավիրի նոտարական տարածքի նոտար Նարինե Մկրտչյանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արմավիրի տարածքային ստորաբաժանման` Վարդան Վարդանյանի անվամբ տրված ըստ օրենքի ժառանգության և սեփականության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու, փաստացի տիրապետման եղանակով Միշա Վարդանյանին ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին թիվ 3-938(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունիսի 1-ի որոշումը):

Եթե օրենսդիրը դիմում տալու եղանակով ժառանգության ընդունման հատուկ ընթացակարգ է նախատեսել (ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին վեցամսյա ժամկետում հանձնելը), ապա փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ժառանգության ընդունումը կարող է տեղի ունենալ ժառանգի կողմից ամենատարբեր բնույթի ակտիվ գործողություններ սկսելու հիմքով, որպիսիք ուղղված են ժառանգատուի գույքի փաստացի տիրապետման և կառավարման հնարավորությունների ապահովմանը (տե՛ս Կիմա Սարգսյանն ընդդեմ Հարություն Սարգսյանի, Վարդուհի Սարգսյանի և Անժելա Սարգսյանի` փաստացի տիրապետման եղանակով բնակարանի ժառանգությունն ընդունած համարելու պահանջի մասին թիվ 3-1224(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկին որոշումներում արտահայտած իր իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ ըստ օրենքի ժառանգման դեպքում ժառանգատուի մահվանից հետո վեցամսյա ժամկետում ժառանգի կողմից ժառանգված գույքի փաստացի տիրապետումն ու կառավարումն արդեն իսկ գիտակցված, ակտիվ գործողություններ են, որոնք նպատակաուղղված են ժառանգության ընդունմանը: Եթե ժառանգը, գիտակցելով, որ գույքը պատկանել է ժառանգատուին, վերջինիս մահվանից հետո տիրապետում և կառավարում է այդ գույքը, ըստ էության գիտակցաբար կատարում է ակտիվ գործողություններ, իսկ նման գործողությունների կատարումն օրենսդիրը համարում է ժառանգության ընդունման եղանակներից մեկը: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ գործով հիմնավորված է ժառանգատուի մահվանից հետո ժառանգված գույքի փաստացի տիրապետման և կառավարման հանգամանքը, ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու համար այլևս անհրաժեշտություն չկա ապացուցելու այլ ակտիվ, գիտակցված գործողությունների կատարման վերաբերյալ փաստեր: Ընդ որում, ժառանգության ընդունման փաստը հաստատված համարելու համար որևէ նշանակություն չունի այն հանգամանքը, որ ժառանգը գույքը տիրապետել և կառավարել է նաև մինչև ժառանգատուի մահը: Ժառանգման իրավահարաբերությունների առանձնահատկություններով պայմանավորված ժառանգության զանգվածի մեջ մտնող որևէ գույք ժառանգման իրավունք ունեցող անձի փաստացի տիրապետման և կառավարման ներքո կարող է գտնվել նաև մինչև ժառանգության բացումը: Նման պարագայում ժառանգության ընդունման համար էական է այն փաստը, որ ժառանգը ժառանգատուին պատկանող գույքի փաստացի տիրապետման և կառավարման գործողությունները շարունակի կատարել նաև ժառանգատուի մահվանից հետո վեցամսյա ժամկետում:

Այլ է իրավիճակն ըստ կտակի ժառանգման պարագայում, քանի որ այդ դեպքում ժառանգության ընդունման փաստը հաստատված համարելու համար ժառանգը պետք է հիմնավորի, որ իր գործողությունները միտված են եղել հատկապես ըստ կտակի ժառանգությունն ընդունելուն (տե՛ս Գևորգ Բերբերյանն ընդդեմ Մարինե Բերբերյանի` իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի` հողամասը սեփականության իրավունքով տիրապետելու փաստը հաստատելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին և հակընդդեմ հայցի` ժառանգությունն ընդունելու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և ըստ կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին թիվ ԵԱՔԴ/1018/02/09 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը): Ըստ կտակի ժառանգության դեպքում օրենքով սահմանված ժամկետում կտակված գույքի փաստացի տիրապետումն ու կառավարումն ինքնին չեն վկայում այն մասին, որ ժառանգն ընդունել է ըստ կտակի ժառանգությունը, այդ դեպքում գույքի փաստացի տիրապետման և կառավարման գործողությունները կարող են վկայել ըստ օրենքի ժառանգությունն ընդունելու մասին (եթե ըստ կտակի ժառանգը պատկանում է ըստ օրենքի ժառանգների թվին), իսկ ըստ կտակի ժառանգությունն ընդունելու համար անհրաժեշտ են գիտակցված, ակտիվ գործողություններ: Ըստ էության, դրանք հանգում են ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումն օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելուն:

 

Սույն վեճի նկատմամբ վերոնշյալ մեկնաբանությունների կիրառումը

Վերաքննիչ դատարանը Սամվել Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ. «Դատարանն իրավացիորեն հաստատված չի համարել փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունելու պահանջի ապացուցման առարկա կազմող ժառանգությունն ընդունելու ժառանգի կամքի և ցանկության փաստը:

Մասնավորապես, հաշվի առնելով, որ սեփականաշնորհման իսկ օրվանից վարելահողի նկատմամբ սահմանված է եղել օգտագործման կարգ` այն հանձնվել է սկզբնական հայցվորին, հետևաբար նշված վարելահողի մշակումը չի կարող գնահատվել որպես ժառանգության ընդունման ուղղությամբ ժառանգի կողմից իրականացվող կանխամտածված, ակտիվ գործողությունների համակցություն, որն ուղղված է ժառանգական գույքն իր սեփականությունը դարձնելուն: Այսինքն` վարելահողի տիրապետումը մինչև ժառանգատուի մահը` որպես տարիներ առաջ իր տիրապետմանը հանձնված գույքի, հնարավորություն չի ընձեռում հաստատելու այն փաստը, որ դրա տիրապետումը նաև ժառանգատուի մահվանից հետո նպատակաուղղված է եղել ժառանգության ընդունմանը: Նշված եզրահանգումները հավասարապես վերաբերում են նաև ժառանգատուի կողմից իր կենդանության օրոք ավանդների գրքույկներն իրեն հանձնված լինելու փաստին, քանի որ այդ գրքույկների միայն սկզբնական հայցվորի մոտ գտնվելու փաստը չի կարող որակվել ժառանգական գույքը փաստացի տիրապետելուն ուղղված ակտիվ գործողություն և ժառանգական գույքն ընդունելու կամահայտնության առկայություն»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը 10.01.2012 թվականին հարևանների կողմից տրված հայտարարությունները, ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավանի գյուղապետարանի կողմից տրված տեղեկանքը` որպես ապացույց, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել համակցության մեջ, որպիսի ապացույցներն ակնհայտորեն վկայում են այն մասին, որ Սամվել Հովհաննիսյանն ինչպես մոր մահվանից առաջ, այնպես էլ դրանից հետո մինչ այսօր մշակել և մշակում է թիվ 638782 սեփականության իրավունքի վկայականով տրված 0,94 հա վարելահողը, այսինքն` առկա է եղել ժառանգի կամքը և ցանկությունն ընդունելու ժառանգությունը: Սամվել Հովհաննիսյանը` որպես ժառանգ, միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից և հավակնություններից պաշտպանելու համար, կատարել է դրա պահպանմանն ուղղված ծախսեր:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սամվել Հովհաննիսյանը փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ընդունել է մոր ժառանգության մի մասը, իսկ դա նշանակում է, որ նա ընդունել է մոր մահվանից հետո իրեն հասանելիք ամբողջ ժառանգությունը:

Նկատի ունենալով, որ գործի փաստերի համաձայն գույքի փաստացի տիրապետման և կառավարման եղանակով մոր ժառանգությունն ընդունել է նաև պատասխանող Մանվել Հովհաննիսյանը (վերջինիս կողմից ներկայացված հակընդդեմ հայցը բավարարվել է և այդ մասով Վերաքննիչ դատարանի որոշումը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ), ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժառանգական զանգվածի` ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում Վարդանուշ Հովհաննիսյանին համասեփականությամբ պատկանող 30.08.2001 թվականին գրանցված (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 340700) բնակելի տան և 0,21 հա տնամերձ հողամասի, 12.03.2003 թվականին գրանցված (սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 638782) 0,94 հա վարելահողի և 06.07.2008 թվականին գրանցված (սեփականության իրավունքի գրանցման վկայական` թիվ 1841731) 2,42 հա պտղատու այգու 1/7-րդ մասերի նկատմամբ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ պետք է ճանաչել նաև Սամվել Հովհաննիսյանին:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2013 թվականի որոշման` Սամվել Հովհաննիսյանի հայցը մերժելու մասը և այդ մասով այն փոփոխել. հայցը բավարարել` ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում Վարդանուշ Հովհաննիսյանին համասեփականությամբ պատկանող 30.08.2001 թվականին գրանցված (սեփականության իրավունքի գրանցման վկայական` թիվ 340700) բնակելի տան և 0,21 հա տնամերձ հողամասի, 12.03.2003 թվականին գրանցված (սեփականության իրավունքի գրանցման վկայական` թիվ 638782) 0,94 հա վարելահողի և 06.07.2008 թվականին գրանցված (սեփականության իրավունքի գրանցման վկայական` թիվ 1841731) 2,42 հա պտղատու այգու 1/7-րդ մասերի նկատմամբ Սամվել Հովհաննիսյանին ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ:

2. Մանվել Հովհաննիսյանից հօգուտ Սամվել Հովհաննիսյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար վճարված պետական տուրքի գումար, 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար, և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Մանվել Հովհաննիսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.03.2012 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.10.2013
N ԱՐԱԴ2/0420/02/11
Որոշում