Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 197-ՐԴ, 163...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 197-ՐԴ, 163-ՐԴ, 192-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական      Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1661/02/09

    դատարանի որոշում                                            2013 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1661/02/09

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի հոկտեմբերի 04-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Աղաջան և Հնազանդ Ավագյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.02.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նելլի Հարությունյանի ընդդեմ Աղաջան և Հնազանդ Ավագյանների` անշարժ գույքում ունեցած բաժնեմասի առանձնացման կամ դրա անհնարինության դեպքում` համապատասխան փոխհատուցման դիմաց սեփականության իրավունքի փոխանցման պահանջների մասին, ըստ հայցի Աղաջան և Հնազանդ Ավագյանների ընդդեմ Նելլի Հարությունյանի և երրորդ անձինք Հարություն Յանդյանի և Անահիտ Պողոսյանի` ավտոմեքենայի արժեքի 1/6-րդ մասի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի 1/6-րդ մասի արժեքը վերադարձնելու, տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, գործարքի անվավերության հետևանքները կիրառելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Նելլի Հարությունյանի ընդդեմ Աղաջան և Հնազանդ Ավագյանների` ժառանգական գույքի հաշվին ժառանգության հետ կապված ծախսերի հատուցման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նելլի Հարությունյանը պահանջել է առանձնացնել ընդհանուր բաժնային սեփականությունից Երևանի Նոր Արեշի 9-րդ փողոցի թիվ 22 տան և հողամասի իրեն պատկանող 5/6-րդ բաժնեմասը, իսկ դրա անհնարինության դեպքում թույլատրել Աղաջան և Հնազանդ Ավագյաններին վճարելու փոխհատուցում վիճելի տան և հողամասի 1/6-րդ բաժնի դիմաց (թիվ ԵԷԴ/1661/02/09):

Դիմելով դատարան` Աղաջան և Հնազանդ Ավագյանները պահանջել են Նելլի Հարությունյանից բռնագանձել ավտոմեքենաների 1/6-րդ բաժնեմասերի գումարը, այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները, ինչպես նաև պարտավորեցնել Նելլի Հարությունյանին վերադարձնել «ԳԱԶ-3110» մակնիշի 63 LU 033 համարանիշի ավտոմեքենան:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Նելլի Հարությունյանը պահանջել է Աղաջան և Հնազանդ Ավագյաններից բռնագանձել 1.730 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես կատարված հուղարկավորության ծախսերի հատուցում, ինչպես նաև 516.000 ՀՀ դրամ` որպես կոմունալ ծառայությունների դիմաց կատարված վճարումների գումար` բռնագանձումը տարածելով «ԳԱԶ-21» մակնիշի 63 SO 367 համարանիշի ավտոմեքենայում Աղաջան և Հնազանդ Ավագյաններին ժառանգության իրավունքով պատկանող 1/6-րդ բաժնեմասի և այլ գույքի վրա (թիվ ԵԷԴ/0974/02/10):

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.06.2011 թվականի որոշմամբ թիվ ԵԷԴ/0974/02/10 քաղաքացիական գործը միացվել է թիվ ԵԷԴ/1661/02/09 քաղաքացիական գործին:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Վ. Ասլանյան) (այսուհետ` Դատարան) 22.11.2012 թվականի վճռով Նելլի Հարությունյանի հայցը բավարարվել է: Թույլատրվել է Երևանի Նոր Արեշի 9-րդ փողոցի թիվ 22 հասցեի անշարժ գույքի 5/6-րդ բաժնի սեփականատեր Նելլի Հարությունյանին որպես փոխհատուցում 6.830.000 ՀՀ դրամ վճարել նույն հասցեի անշարժ գույքի 1/6-րդ բաժնի սեփականատերեր Աղաջան և Հնազանդ Ավագյաններին: Աղաջան և Հնազանդ Ավագյաններից համապարտության կարգով հօգուտ հայցվոր Նելլի Հարությունյանի բռնագանձվել է 2.100 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես ժառանգատու Սահակ Ավագյանի պատշաճ հուղարկավորության և գերեզմանի կառուցման համար կատարված ծախսի հատուցում, և 382.854 ՀՀ դրամ` որպես Երևանի Նոր Արեշի 9-րդ փողոցի թիվ 22 հասցեի տան համար Նելլի Հարությունյանի կողմից կատարված կոմունալ ծախսերի հատուցում` բռնագանձումը տարածելով պատասխանողների տիրապետման տակ գտնվող «ԳԱԶ-21» մակնիշի 63 SO 367 համարանիշի ավտոմեքենայից պատասխանողներին որպես ժառանգական գույքի հասանելիք 1/6-րդ բաժնեմասի նկատմամբ: Աղաջան և Հնազանդ Ավագյանները ճանաչվել են «Մերսեդես-Բենց C 200» մակնիշի 03 LU 794 համարանիշի և «ԳԱԶ-3110» մակնիշի 63 LU 033 համարանիշի ավտոմեքենաների 1/6-րդ բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ: Նելլի Հարությունյանից հօգուտ Աղաջան և Հնազանդ Ավագյանների բռնագանձվել է 750 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես «Մերսեդես-Բենց C 200» մակնիշի 03 LU 794 համարանիշի ավտոմեքենայի վաճառքից ստացած գումարի 1/6-րդ մասի գումար, և 133.300 ՀՀ դրամ` որպես «ԳԱԶ-3110» մակնիշի 63 LU 033 համարանիշի ավտոմեքենայի վաճառքից ստացած 1/6-րդ մասի գումար: Մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.02.2013 թվականի որոշմամբ Նելլի Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, իսկ Աղաջան և Հնազանդ Ավագյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն: Մասնակի` Աղաջան և Հնազանդ Ավագյանների հայցի և Նելլի Հարությունյանի հակընդդեմ հայցի մասերով բեկանվել է Դատարանի 22.11.2012 թվականին կայացրած վճիռը, և գործն այդ մասերով ուղարկվել է նույն դատարան` նոր քննության: Վճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ` օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Աղաջան և Հնազանդ Ավագյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի պահանջները, խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 18-րդ, 19-րդ, 31-րդ, 92-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ, 163-րդ, 192-րդ, 195-րդ, 198-րդ, 331-րդ, 333-րդ, 335-րդ, 411-րդ, 1186-րդ, 1242-1244-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 219-րդ, 220-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի որոշմամբ թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Գործում գտնվող ապացույցները լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ չեն հետազոտվել, չեն գնահատվել ըստ էության:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետը կիրառելու համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների պարտադիր և միաժամանակյա առկայությունը, որոնք տվյալ պարագայում բացակայում են: Վիճելի հասցեում իրենց բաժինն աննշան չէ, կարող է իրապես առանձնացվել, և ընդհանուր գույքի օգտագործման մեջ իրենք էական շահ ունեն:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ «Կառուցագետ» ՍՊԸ-ի կողմից դեռևս 12.03.2010 թվականին տրված եզրակացությամբ առաջարկվել է Երևանի Նոր Արեշի 9-րդ փողոցի թիվ 22 հասցեի անշարժ գույքի` բնակելի տան և հողամասի 1 և 5 մասերի բաժանման երկու տարբերակ:

Բացի այն, որ վիճելի հասցեի անշարժ գույքը, որը սեփական տուն է` երկու կողմից հողամասերով, երեք մուտքերով, երեք սանհանգույցներով, առանձնացվում է անհրաժեշտ մասերի: Ըստ անշարժ գույքի սեփականության վկայականի` հողամասը կարելի է առանձնացնել 52,5 քմ (315:6), իսկ բնակելի տնից` 35,07 քմ (210.4:6), և այդ 35 քմ իրենից ներկայացնում է երկու սենյակ առաջին հարկում, որտեղ իրենք փաստացի ապրում են: Ընդհանուր գույքի օգտագործման մեջ իրենք էական շահ ունեն, այն իրենց և իրենց որդու կառուցած տունն է, իրենց հանգուցյալ որդու հետ կապված հիշողություններն իրենց թույլ չեն տալիս նույնիսկ մեկ օրով բացակայել տնից: ՈՒրիշ բնակվելու տեղ չունեն: Իսկ ինչ վերաբերում է Նելլի Հարությունյանի կողմից նշված Երևանի Նոր Արեշի 15 փողոցի թիվ 42 տանը, ապա այն իրենց դստեր ու իր ընտանիքի տունն է, որի մասին Նելլի Հարությունյանը քաջատեղյակ է, և որի մասին իրենք բազմիցս հայտարարել են:

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ իրենց հայցի մասով ներկայացված հիմքերին չի անդրադարձել: Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի իրենց հասանելիք 1/6-րդ մասի արժեքը պետք է հաշվարկվեր ոչ թե այդ ավտոմեքենայի վաճառքի գինը` 4.500 ԱՄՆ դոլար, այլ ի սկզբանե ձեռք բերված գնով` 7.500 ԱՄՆ դոլարով: Վերաքննիչ դատարանը պարտավոր էր անվավեր ճանաչել Նելլի Հարությունյանի և Անահիտ Պողոսյանի միջև 03.02.2009 թվականին կնքված «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրը և կիրառեր գործարքի անվավերության հետևանքները, քանի որ բացակայում էր ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող այդ գույքի համասեփականատերերի համաձայնությունը, որով էլ խախտվել է իրենց իրավունքները: Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսներ, որով ևս խախտվել է իրենց իրավունքները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ Նելլի Հարությունյանը ժառանգության հետ կապված ծախսերի` հուղարկավորության և ժառանգական գույքը պահպանելու և կառավարելու ծախսերի հատուցման պահանջ է ներկայացրել օրենքով սահմանված ժառանգներին պահանջներ ներկայացնելու ժամկետների խախտումներով` բաց թողնելով հայցային վաղեմության ժամկետները: Ինչպես նաև հաշվի չի առել այն հանգամանքը, որ Նելլի Հարությունյանի կողմից կամովին կատարված գերեզմանի կառուցման և հուշարձանի տեղադրման աշխատանքները չեն համարվում պարտադիր և անհրաժեշտ, քանի որ հուղարկավորության պարտադիր ծառայություններ, աշխատանքներ, ծախսեր են համարվում բացի հուղարկավորությունը, նաև մետաղե ցուցատախտակի տեղադրումը: Հետևաբար Նելլի Հարությունյանի կողմից կամովին կատարված գերեզմանի կառուցման և հուշարձանի տեղադրման աշխատանքները չեն համարվում պարտադիր և անհրաժեշտաբար կատարված ծախսեր, և այդ ծախսերի հատուցման պահանջը չի բխում օրենքից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 22.02.2013 թվականի որոշումը և այն փոփոխել` Նելլի Հարությունյանի հայցը և հակընդդեմ հայցը մերժել, Աղաջան և Հնազանդ Ավագյանների հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի կողմից 22.04.2009 թվականին և 18.05.2009 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 3512 և թիվ 4414 վկայագրերի համաձայն` Սահակ Ավագյանի մահից հետո վերջինիս գույքի` Երևանի Նոր Արեշի 9-րդ փողոցի թիվ 22 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/3-րդ մասի, ինչպես նաև «ՓԵՐԻ-Ա.Մ» ՓԲԸ-ում ունեցած 100% բաժնետոմսի 1/2-րդ բաժնի ժառանգներն են հանդիսանում Նելլի Հարությունյանը, Լուսինե, Նազանի, Մարիաննա Ավագյանները, վերջիններս իրենց ժառանգությունից հրաժարվել են հօգուտ Նելլի Հարությունյանի, իսկ նշված գույքերի 1/6-րդ բաժնի նկատմամբ` Աղաջան և Հնազանդ Ավագյանները (1-ին հատոր, գ.թ. 8-11), (2-րդ հատոր, գ.թ. 10-11):

2) Համաձայն Հայկ Հովհաննիսյանի կողմից 20.10.2010 թվականին տրված հայտարարության` Նելլի Հարությունյանի պատվերով 2009 թվականին Հայկ Հովհաննիսյանն իրականացրել է գերեզմանի աշխատանքներ, որի ընդհանուր արժեքը կազմել է 7.600 ԱՄՆ դոլար (3-րդ հատոր, գ.թ. 17):

3) Համաձայն Աշոտ Հարությունյանի և Կամո Վարդանյանի կողմից 15.10.2010 թվականին տրված թիվ 6662 հայտարարության, որը վավերացվել է նոտարի կողմից, Նելլի Հարությունյանի պատվերով կատարվել է Սահակ Ավագյանի խաչքար-հուշաքարի պատրաստումը և տեղադրումը, որի ընդհանուր արժեքը կազմել է 9.500 ԱՄՆ դոլար, որը վճարել է Նելլի Հարությունյանը (2-րդ հատոր, գ.թ. 113):

4) Համաձայն ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի թիվ 2 հաշվառման քննչական բաժանմունքի 23.09.2010 թվականի թիվ 17/22-1154 գրության` ԳԱԶ-21 մակնիշի 63 SO 367 համարանիշի ավտոմեքենան 13.03.1995 թվականից հաշվառված է Սահակ Ավագյանի անվամբ (2-րդ հատոր, գ.թ. 114):

5) ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից 29.05.2009 թվականին տրված թիվ 2288880 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Երևանի Նոր Արեշի 9-րդ փողոցի թիվ 22 հասցեում գտնվող տան 5/6-րդ մասի սեփականատերն է Նելլի Հարությունյանը, իսկ 1/12-ական մասերինը` Աղաջան և Հնազանդ Ավագյանները (1-ին հատոր, գ.թ. 26-27):

6) Համաձայն 20.11.2008 թվականին կնքված պայմանագրի` Նելլի Հարությունյանը «Մերսեդես-Բենց C 200» մակնիշի 03 LU 794 համարանիշի ավտոմեքենան 4.500 ԱՄՆ դոլար գումարով վաճառել է Անահիտ Ալավերդյանին (2-րդ հատոր, գ.թ. 21):

7) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի թիվ 2 հաշվառման քննչական բաժանմունքի 11.08.2010 թվականի գրությամբ կից ներկայացված դիմումի և պայմանագրի համաձայն` Նելլի Հարությունյանի անվամբ գրանցված ԳԱԶ-3110 մակնիշի 63 LU 033 համարանիշի ավտոմեքենան 03.02.2009 թվականին վաճառվել է Անահիտ Պողոսյանին (2-րդ հատոր, գ.թ. 36-38):

8) ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 04.03.2011 թվականի թիվ 17571007 փորձագետի եզրակացության համաձայն` Երևանի Նոր Արեշի 9-րդ փողոցի թիվ 22 հասցեում գտնվող անշարժ գույքից հնարավոր չէ առանձնացնել կողմերին պատկանող բաժնեմասերը, քանի որ կխախտվեն քաղաքաշինության ոլորտում առկա նորմերը (1-ին հատոր, գ.թ. 110-115):

9) ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 15.06.2011 թվականին տրված թիվ 14951107 փորձագետի եզրակացության համաձայն` Երևանի Նոր Արեշի 9-րդ փողոցի թիվ 22 հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքը կազմել է 53.745.000 ՀՀ դրամ, իսկ 1/6-րդ բաժնի արժեքը` 8.960.000 ՀՀ դրամ (1-ին հատոր, գ.թ. 155-165):

10) «Վի Էմ-Ար Փի» ՍՊԸ-ի կողմից 01.08.2012 թվականին տրված եզրակացության համաձայն` Երևանի Նոր Արեշի 9-րդ փողոցի թիվ 22 հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքը կազմել է 41.000.000 ՀՀ դրամ, իսկ 1/6-րդ բաժնի արժեքը` 6.830.000 ՀՀ դրամ (6-րդ հատոր, գ.թ. 1-21):

11) «Վի Էմ-Ար Փի» ՍՊԸ-ի կողմից 04.06.2012 թվականին տրված եզրակացության համաձայն` Երևանի Նոր Արեշի 9-րդ փողոցի թիվ 22 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/6-րդ բաժնեմասը հնարավոր չէ առանձնացնել(5-րդ հատոր, գ.թ. 29-38):

12) ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի «Էրեբունի» տարածքային ստորաբաժանման կողմից 04.03.2011 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Երևանի Նոր Արեշի 15-րդ փողոցի թիվ 42 հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Հնազանդ Ավագյանին (1-ին հատոր, գ.թ. 135), (6-րդ հատոր, գ.թ. 104):

13) «Կառուցագետ» ՍՊԸ-ի կողմից 12.03.2010 թվականին տրված թիվ Կ-10/013-01 եզրակացության համաձայն` Երևանի Նոր Արեշի 9-րդ փողոցի թիվ 22 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/6-րդ բաժնեմասն իրենից ներկայացնում է հողամասի 52,5 քմ մակերեսով մասը և բնակելի տան 35,07 քմ մակերեսով հատվածը: Նշված բաժնեմասի առանձնացման համար մշակվել է երկու տարբերակ (1-ին հատոր, գ.թ. 43-49):

14) Աղաջան և Հնազանդ Ավագյանները փաստացի բնակվում են Երևանի Նոր Արեշի 9-րդ փողոցի թիվ 22 հասցեում գտնվող տանը (անվիճելի փաստ):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցերին.

i

ա) ինչպիսի՞ պայմաններ պետք է առկա լինեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5-րդ կետերով նախատեսված բաժնեմասն առանձնացնելու համար` հիմք ընդունելով նաև նախկինում կայացրած որոշումներում արտահայտած դիրքորոշումը,

բ) Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու իրավաչափությունն այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանի կարծիքով անհրաժեշտ է գործի նոր քննության իրականացում առաջին ատյանի կարգով, և չնայած Վերաքննիչ դատարանի կողմից բավարարվել է վերաքննիչ բողոքը, և գործն ուղարկվել է նոր քննության, այնուհանդերձ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատավարական նորմի խախտում վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին չանդրադառնալու տեսքով:

ա) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության,կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը:

Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով, կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակցին բնեղենով առանձնացվող գույքի անհամաչափությունը բաժնային սեփականության իրավունքում նրա բաժնին վերացվում է նրան համապատասխան դրամական գումար վճարելով կամ այլ փոխհատուցումով:

Բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն մյուս սեփականատերերը կարող են այդ մասնակցի համաձայնությամբ նրան փոխհատուցում վճարել: Այն դեպքերում, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի, դատարանը կարող է նաև այդ սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրել վճարելու փոխհատուցում:

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն հոդվածին համապատասխան` փոխհատուցումն ստանալու պահից սեփականատերը կորցնում է ընդհանուր գույքում բաժնի նկատմամբ իրավունքը:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:

Վճռաբեկ դատարանը Դավիթ Ասատրյանն ընդդեմ Սվետլանա Ասատրյանի և Արթուր Գասիսյանի գործով անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հիշատակված դրույթի մեկնաբանությանը (տե՛ս Դավիթ Ասատրյանն ընդդեմ Սվետլանա Ասատրյանի և Արթուր Գասիսյանի` բաժնային սեփականություն հանդիսացող բնակարանից բաժինը բնեղենով առանձնացնելու պահանջի մասին թիվ ԵՄԴ/0199/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում զարգացնել նշված դիրքորոշումը:

Վերը հիշատակված դրույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ գոյություն ունեցող իրավակարգավորումը հնարավոր է համարում բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնել ինչպես բնեղենով, այնպես էլ դրամական հատուցմամբ: Ընդ որում, նախապատվությունը տրվում է բաժինը բնեղենով առանձնացնելուն, քանի որ այս դեպքում անձը շարունակում է պահպանել իր սեփականության իրավունքը բնեղենով առանձնացված մասի նկատմամբ, մինչդեռ փոխհատուցման դեպքում անձի սեփականության իրավունքը բաժնեմասի նկատմամբ դադարում է: Բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնել իր բաժինը միայն այն դեպքում, երբ բաժնային սեփականության մասնակիցների միջև բացակայում է ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնություն:

Միաժամանակ օրենսդիրը նախատեսել է հետևանքներ այն դեպքերի համար, երբ կոնկրետ տեսակի գույքը բաժանելու հնարավորությունը սահմանափակված է օրենքով կամ անհնար է առանց այդ գույքին անհամաչափ վնաս պատճառելու: Այդպիսին կարող են համարվել այն դեպքերը, երբ կոնկրետ գույքի կամ գույքի որոշակի տեսակի համար օրենքով, իսկ եթե օրենքում հղում է կատարվում այլ իրավական ակտի, այդ ակտով նախատեսված է բաժանման արգելք, կամ գույքն ունի պատմական նշանակություն կամ մշակութային արժեք և բաժանման դեպքում այն կկորցնի իր նշանակությունը: Յուրաքանչյուր դեպքում կոնկրետ գործի փաստերից ելնելով` դատարանները նշված պայմանների հաշվառմամբ պետք է գնահատեն գույքի բաժանման հնարավորությունը: ԵՎ միայն նշված պայմանների բացակայության դեպքում է առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից իրավունք ստանում պահանջելու վճարել իր բաժնի արժեքը: Ընդ որում, այդ արժեքի վճարումը հնարավոր է միայն բաժնային սեփականության մյուս մասնակիցների համաձայնությամբ, քանի որ այդպիսի համաձայնության բացակայությունը կհանգեցնի կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության սկզբունքի խախտման, հետևաբար նաև անձի սեփականության իրավունքի խախտման:

Վերոգրյալ համաձայնության պարտադիր լինելը հաստատվում է նաև այն հանգամանքով, որ բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն մյուս սեփականատերերը նրան փոխհատուցում վճարելու իրավունք ունեն նույնպես միայն նրա համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի:

Սեփականատիրոջ բաժնի չափի աննշան լինելը որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն ոչ միայն այդ բաժնի և ընդհանուր գույքի մակերեսների չափերի հարաբերակցությունը, այլև այն հանգամանքը, թե արդյոք տվյալ բաժնեմասը հնարավոր է օգտագործել ինքնուրույն` իր նպատակային նշանակությանը համապատասխան: Ինքնին բաժնեմասի հարաբերականորեն փոքր լինելը չպետք է մեկնաբանվի որպես աննշան քննարկվող հոդվածի իմաստով:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ բաժնի առանձնացման պայմանի ստուգման համար դատարանները պետք է նշանակեն փորձաքննություն այն հաշվով, որպեսզի ստանան մասնագիտական եզրակացություն` վիճելի գույքն իրապես առանձնացնելու հնարավորությունը պարզելու համար:

Անդրադառնալով վերջին պայմանի մեկնաբանությանը` անհրաժեշտ է նշել, որ նախկինում Վճռաբեկ դատարանն անդրադարձել և դիրքորոշում է ձևավորել այդ պայմանի առնչությամբ (տես` Մուրադ Խաչատրյանն ընդդեմ Դոնարա Խաչատրյանի թիվ 3-249/ՎԴ գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը): Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը գտել է, որ ընդհանուր գույքի օգտագործման մեջ սեփականատիրոջ էական շահի առկայության կամ բացակայության հարցին անդրադառնալիս դատարանը պետք է հաշվի առնի սեփականատիրոջ շահագրգռվածության համաչափությունը բաժնային սեփականության իրավահարաբերություններում մյուս սեփականատերերին պատճառված անհարմարություններին, սեփականության իրավունքով համանման այլ ունեցվածք ունենալը (այդպիսին կարող է լինել փաստացի բնակվելու համար պիտանի այլ բնակտարածության առկայությունը), այդ բաժնի նկատմամբ սեփականատիրոջ շահագրգռվածության առկայությունը և այլն:

Ընդհանրացնելով նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարաններն ընդհանուր գույքի օգտագործման մեջ էական շահ ունենալը պարզելիս պետք է հաշվի առնեն անձի գույքային շահը տվյալ տարածքի նկատմամբ: Էական շահ չունենալը չի կարող պայմանավորված լինել բաժնեմասի չափի աննշան լինելու հետ, այլ դրանք պետք է գնահատվեն ինքնուրույն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նմանատիպ գործերի քննության ընթացքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ պայմաններին դատարանները պետք է անդրադառնան առանձին-առանձին: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում հիշյալ իրավադրույթը կիրառման ենթակա չէ:

Սույն գործի փաստերի համաձայն` «Կառուցագետ» ՍՊԸ-ի կողմից 12.03.2010 թվականին տրված թիվ Կ-10/013-01 եզրակացության համաձայն` Երևանի Նոր Արեշի 9-րդ փողոցի թիվ 22 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/6-րդ բաժնեմասն իրենից ներկայացնում է հողամասի 52,5 քմ մակերեսով մասը և բնակելի տան 35,07 քմ մակերեսով հատվածը: Նշված բաժնեմասի առանձնացման համար մշակվել է երկու տարբերակ, որոնց վերաբերյալ դատողություններն ինչպես Դատարանի վճռում, այնպես էլ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ բացակայում են: Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հիշատակել Ռաֆայել Ավետիսյանն ընդդեմ Սեյրան Վարդանյանի իրավահաջորդներ Արթուր և Անժելա Վարդանյանների թիվ ԿԴ1/0133/02/09 գործով փորձագիտական եզրակացությունների գնահատման վերաբերյալ արտահայտած հետևյալ դիրքորոշումը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածում խոսքը գնում է փորձագետին առաջադրված հարցերի վերաբերյալ հետևությունների և դրանց հիման վրա հիմնավորված պատասխանների (եզրակացության) մասին: Հետևաբար, փորձագիտական եզրակացության արդյունքում տրված հավանական եզրահանգումները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի և 62-րդ հոդվածի ուժով չեն կարող ունենալ ապացուցողական նշանակություն որոշակի փաստի առկայությունն ապացուցելու առումով: Փորձագետի հետևությունների ձևը չի որոշում եզրակացության դերը և տեղն ապացուցման պրոցեսում: Հետևության ձևը (հավանական կամ կատեգորիկ) և փորձաքննության արդյունքում տրված եզրակացությունն այն երկու բաղադրամասերն են, որոնք հնարավոր չէ տարանջատել: Ոչ հավանական եզրակացությունն ինքնին և ոչ էլ եզրակացության մեջ նշված տվյալներն առանձին վերցրած չունեն ապացուցողական նշանակություն. այդպիսին չեն համարվում նաև հիպոթեթիկ եզրակացության համար հիմք հանդիսացող տվյալները: Հավանական հետևությունների թվից, որքան էլ որ դրանք շատ լինեն, չի առաջանում հավաստի և իրական եզրակացություն. հավանական հետևությունների քանակը չի ավելացնում փորձագիտական եզրակացության ապացուցողական նշանակությունը:

Հետևաբար փորձագիտական եզրակացությունների գնահատումը պետք է կատարել այնպես, որ ամբողջ եզրակացությունը, այլ ոչ թե այդ եզրակացության որոշակի բաժնում արտացոլված տվյալները գնահատվեն որպես մեկ ապացույց:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի 22.11.2012 թվականի վճռով Նելլի Հարությունյանի սկզբնական հայցի մասը և մասնակիորեն բավարարելով Աղաջան և Հնազանդ Ավագյանների վերաքննիչ բողոքը, որոշման հիմքում դրել է միայն այն հանգամանքը, որ բողոքաբերներն իրենց պնդումը որևէ թույլատրելի ապացույցով չեն հիմնավորել: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանում որպես բողոքի հիմք Աղաջան և Հնազանդ Ավագյանները նշել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի սխալ կիրառումը, որին Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել:

Նշված եզրահանգումներից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից պատշաճ գնահատականի չեն արժանացվել սույն գործով թույլատրելի համարվող վերոնշյալ ապացույցները, իսկ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել բողոքաբերների վկայակոչած հիմքին` թույլ տալով դատավարական նորմի խախտում:

բ) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի` ըստ էության ճիշտ վճիռը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է օրինական ուժի մեջ:

Նշված իրավադրույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք մի կողմից ապահովում են գործն ըստ էության ճիշտ լուծած դատական ակտի կայունությունն անկախ ոչ էական, ձևական և դատական ակտի վրա ազդեցություն չունեցող դատավարական խախտումների առկայությունից, մյուս կողմից ապահովում են ցանկացած դատական ակտի վերացում (բեկանում) այն դեպքերում, երբ դատավարական խախտումների հետևանքով գործը սխալ է լուծվել:

Վերադաս դատական ատյաններում բողոքների քննությունը ենթադրում է նաև բողոքում ներկայացված փաստարկների գնահատում: Վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի խնդիրն է պարզել ոչ միայն ստորադաս դատարանի կողմից թույլ տրված խախտման առկայությունը, այլև այդ խախտման ազդեցությունը գործի ելքի վրա: Այս առումով կարևորվում են այն դեպքերը, երբ բողոքի հիմքերը և դրանցում տեղ գտած փաստարկները վերաբերում են ապացուցման ընթացքում տեղ գտած սխալերին (ապացույցների ոչ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի գնահատում և այլն): Դատավարական այս խախտումների առկայությունն ինքնին չպետք է հանգեցնի վերանայվող ակտի անվերապահ բեկանման, եթե այդ ապացույցներն առերևույթ չեն կարող ազդել գործի ելքի վրա: Նման իրավիճակներ կարող են առաջանալ այն դեպքերում, երբ, օրինակ` ներկայացվել են ապացույցներ այն փաստերի հիմնավորման համար, որոնք ապացուցման առարկայում չեն ներառվել: Եթե դատավարական նման խախտումը ստացել է գնահատական վերաքննիչ ատյանում, ապա նույն խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի ներկայացումն արդարացված չի կարող համարվել և ազդել ստորադաս ատյանի որոշման վրա: Հնարավոր են նաև իրավիճակներ, երբ բողոքում ապացույցների հետազոտման և գնահատման վերաբերյալ ներկայացված հիմքում ներառված փաստարկները վերաքննիչ դատարանի կողմից չդարձվեն քննության առարկա, սակայն բողոքն այլ հիմքով բավարարվի և գործն ուղարկվի նոր քննության: Նման մոտեցումը Վճռաբեկ դատարանը կարող է համարել արդարացված և չբեկանել ստորադաս ատյանի որոշումը զուտ այն պատճառաբանությամբ, որ բողոքի հիմքերում ներառված փաստարկներին անդրադարձ չի կատարվել, եթե օբյեկտիվորեն անհրաժեշտ է նոր քննության ընթացքում գնահատել ապացույցները:

Վերոնշյալ դիրքորոշման համատեքստում անդրադառնալով բողոքաբերների այն պատճառաբանությանը, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Նելլի Հարությունյանը ժառանգության հետ կապված ծախսերի` հուղարկավորության և ժառանգական գույքը պահպանելու և կառավարելու ծախսերի հատուցման պահանջ է ներկայացրել օրենքով սահմանված ժառանգներին պահանջներ ներկայացնելու ժամկետների խախտումներով` բաց թողնելով հայցային վաղեմության ժամկետները, ինչպես նաև այն, որ Նելլի Հարությունյանի կողմից կամովին կատարված գերեզմանի կառուցման և հուշարձանի տեղադրման աշխատանքները չեն համարվում պարտադիր և անհրաժեշտ կատարված ծախսեր, և այդ ծախսերի հատուցման պահանջը չի բխում օրենքից, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, այդ մասերով բեկանելով Դատարանի 22.11.2012 թվականի վճիռը և գործն ուղարկելով նույն դատարան` նոր քննության, իրավացիորեն նշել է, որ գործի նոր քննության ծավալում պարզման ենթակա է համարում նաև այն հարցը, թե արդյոք Աղաջան և Հնազանդ Ավագյանները հակընդդեմ հայցի դեմ առարկել են այն օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո ներկայացված լինելու հիմքով, թե ոչ, բացի այդ, պարզման ենթակա է նաև վերջինների դիրքորոշումը հուղարկավորության ծախսերի չափի վերաբերյալ, քանի որ վիճարկվում են ժառանգատուի հուղարկավորության համար իրենցից բռնագանձման ենթակա գումարի չափը` գտնելով, որ իրենցից բռնագանձման ենթակա գումարի չափը չի կարող դիտվել որպես օրենսդրորեն սահմանված անհրաժեշտ ծախս:

Ինչ վերաբերում է բողոքաբերների այն պատճառաբանությանը, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի իրենց հասանելիք 1/6-րդ մասի արժեքը պետք է հաշվարկվեր ոչ թե այդ ավտոմեքենայի վաճառքի գինը` 4.500 ԱՄՆ դոլար, այլ ի սկզբանե ձեռք բերված գնով` 7.500 ԱՄՆ դոլարով, պարտավոր էր անվավեր ճանաչել Նելլի Հարությունյանի և Անահիտ Պողոսյանի միջև 03.02.2009 թվականին կնքված «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրը և կիրառեր գործարքի անվավերության հետևանքները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսները, որով ևս խախտվել է իրենց իրավունքները, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ բացակայում են դատողություններ բողոքաբերների կողմից վերաքննիչ բողոքում ներկայացված վերոնշյալ փաստարկների վերաբերյալ: Այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանն Աղաջան և Հնազանդ Ավագյանների հայցի և Նելլի Հարությունյանի հակընդդեմ հայցի մասերով դատական ակտը բեկանել և ուղարկել է նույն դատարան` նոր քննության, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտն այդ մասով պետք է թողնել օրինական ուժի մեջ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.02.2013 թվականի որոշման` Նելլի Հարությունյանի հայցի մասով Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.11.2012 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասը և գործն այդ մասով ուղարկել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.02.2013 թվականի որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյող

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.10.2013
N ԵԷԴ/1661/02/09
Որոշում