Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.1-ՐԴ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1087.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական        Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0807/02/11

    դատարանի որոշում                                              2013 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0807/02/11

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի հուլիսի 4-ին

դռնբաց դատական նիստում քննելով «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.11.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մարգարիտա Խաչատրյանի ընդդեմ Ընկերության` 2011 թվականի ապրիլի 21-ին «Հրապարակ» օրաթերթի 73(684) համարի 1-ին էջում հրապարակված հոդվածի հերքումն Ընկերության կողմից տպագրելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մարգարիտա Խաչատրյանը պահանջել է հարկադրել Ընկերությանը տպագրել 2011 թվականի ապրիլի 21-ին «Հրապարակ» օրաթերթի թիվ 73(684) համարի 1-ին էջում հրապարակված հոդվածի հերքումը, պարտավորեցնել Ընկերությանը փոխհատուցել իրեն պատճառված բարոյական վնասը` 2.000.000 ՀՀ դրամի չափով, փոխհատուցել սույն հայցի համար վճարված պետական տուրքի գումարը:

Փոխելով հայցապահանջը` Մարգարիտա Խաչատրյանը պահանջել է պարտավորեցնել թերթին տպագրելու հերքում և խնդրել ներողություն:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 30.07.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.11.2012 թվականի որոշմամբ Մարգարիտա Խաչատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 30.07.2012 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը բավարարվել է. Ընկերությունը պարտավորեցվել է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված ժամկետում հրապարակել 21.04.2011 թվականի թիվ 73(684) համարի առաջին էջում տեղ գտած Մարգարիտա Խաչատրյանին վերաբերող հոդվածի հերքումը և ներողություն խնդրել նրանից:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մարգարիտա Խաչատրյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 26-րդ, 27-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ կետը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սահմանադրական դատարանն իր 15.11.2011 թվականի ՍԴՈ-997 որոշմամբ հստակ դիրքորոշում է հայտնել, որ նյութի հրապարակումը չի կարող որակվել ողջամիտ կամ իրավաչափ, եթե նման տեղեկատվություն տարածողը չի ստուգել դրա իսկությունը շահագրգիռ անձին հարցում կատարելու միջոցով և խուսափել է հրապարակել այդ անձի դիրքորոշումը: Տվյալ դեպքում հոդվածը տպագրող լրագրողը զանգահարել է Մարգարիտա Խաչատրյանին տեղեկատվության ճշտման կապակցությամբ, և վիճելի հոդվածում վիճարկվող տեղեկատվության հետ միաժամանակ տպագրվել է նաև վերջինիս դիրքորոշումը, այն է` մեջբերում. «Սակայն տիկին Մարգարիտան հերքեց դա. «Տենց բան չկա, բալես, ինձ գլխի վրա են ընդունել: Ես բալա եմ տվել, ես Տանջոյի մաման եմ, ու հլը չկա տենց մարդ, որ Տանջոյի մամային ասի` քամին գա քեզի: Ես քսան հատ մեդալ եմ ստացել, եթե ինձ քաշքշեին, ես մեդալակիր չէի ըլնի»:

Ողջամիտ հրապարակումների էությունը կայանում է նրանում, որ անձն ազատվում է զրպարտություն համարվող տեղեկատվություն տարածելու համար պատասխանատվությունից, եթե գործել է բարեխղճորեն, իսկ այդ սկզբունքի պահպանմամբ տեղեկատվություն տարածելու դեպքում բացակայում է նաև պատասխանատվության առաջացման առանցքային պայմաններից դիտավորությունը, մինչդեռ Վերաքննիչ դատարանը գտել է, որ դիտավորության հատկանիշի առկայությունը կամ բացակայությունը զրպարտության համար պատասխանատվության ենթարկելիս էական չէ:

Ավելին, Վերաքննիչ դատարանը վիճարկվող հոդվածում տեղ գտած հրապարակումները որակել է որպես զրպարտություն, սակայն բավարարել է նաև ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջը, մինչդեռ զրպարտության դեպքում ներողություն խնդրելը կամ դրան հարկադրելը չի հանդիսանում պաշտպանության միջոց: Ներողություն խնդրելը հանդիսանում է վիրավորանքի դեպքում կիրառվող պաշտպանության միջոց:

Վերաքննիչ դատարանի 23.11.2012 թվականի որոշումը հակասում է Վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի թիվ ԵԿԴ/2293/02/10 որոշմանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.11.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 30.07.2012 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Սույն գործի քննության ժամանակ Ընկերությունը դատարանում չհիմնավորեց այն փաստը, որ վերջին այցերից մեկի ժամանակ զորամասերից մեկում վիճաբանություն է սկսվել Մարգարիտա Խաչատրյանի և հրամանատարական կազմի միջև, տեղի է ունեցել քաշքշոց և ծեծ: Ավելին, մինչև հոդվածի տպագրումը լրագրողը զանգահարել է Մարգարիտա Խաչատրյանին և ճշտել է, որ նման միջադեպ տեղի չի ունեցել, սակայն տպագրել է զրպարտություն համարվող տեղեկությունը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Մարգարիտա Խաչատրյանը 1998 թվականից իրականացնում է հասարակական գործունեություն ՀՀ զինված ուժերում: 2009 թվականից Մարգարիտա Խաչատրյանն ընդգրկվել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդում (հատոր 1-ին, գ.թ. 32):

2) Ընկերության կողմից հրապարակվող «Հրապարակ» օրաթերթի 21.04.2011 թվականի 73(684) համարում հրապարակված հոդվածում նշվել է. ««Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը` հայտնի Մարոզը, պարբերաբար ստուգայցեր է կատարում ՀՀ զորամասերում: Նա աչքի է ընկնում իր կոպիտ վարքագծով` զորամասերում թերություններ, խախտումներ հայտնաբերելիս զերծ չի մնում հայհոյանքներից», «զորամասերից մեկում վիճաբանություն է սկսվել Մարգարիտա Խաչատրյանի և հրամանատարական կազմի միջև, և բանը հասել է նույնիսկ քաշքշոցի ու ծեծի: Սակայն տիկին Մարգարիտան հերքեց դա. «Տենց բան չկա, բալես, ինձ գլխի վրա են ընդունել: Ես բալա եմ տվել, ես Տանջոյի մաման եմ, ու հլը չկա տենց մարդ, որ Տանջոյի մամային ասի` քամին գա քեզի: Ես քսան հատ մեդալ եմ ստացել, եթե ինձ քաշքշեին, ես մեդալակիր չէի ըլնի»» (հատոր 1-ին, գ.թ. 30):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերով նախկինում կայացրած որոշումներում ձևավորել է դիրքորոշում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ, հետևաբար սույն բողոքի շրջանակներում այդ դիրքորոշման լույսի ներքո է անդրադառնում ստորադաս դատական ատյանի պատճառաբանությունների գնահատմանը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցերին.

ա) արդյո՞ք Ընկերության հրապարակած հոդվածում տեղ գտած տեղեկությունը կարող է գնահատվել որպես զրպարտություն,

բ) ներողություն խնդրելը կիրառելի՞ է որպես պատասխանատվության միջոց զրպարտության համար:

ա) Վճռաբեկ բողոքով բարձրացված առաջին հարցին պատասխանելու համար վճռաբեկ դատարանն անհրաժեշտաբար հիշատակում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ կետի վերաբերյալ արտահայտած դիրքորոշումն այն հաշվով, որ միայն այս հարցին պատասխանելուց հետո է հնարավոր ստուգել Վերաքննիչ դատարանի կողմից 1087.1-րդ հոդվածի 5-րդ կետի չկիրառման իրավաչափությունը: Մասնավորապես` վիճարկվող տեղեկությունն իրականությանը չհամապատասխանելու, հրապարակային ներկայացված լինելու և անձի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու փաստերը հաստատված լինելու դեպքում է հնարավոր գնահատել դրանց` զրպարտություն չհամարելու իրավաչափությունը 1087.1-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի հիմքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` սույն օրենսգրքի իմաստով զրպարտությունն անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արատավորող կարող են լինել այնպիսի տվյալները, որոնք բովանդակում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից գործող օրենսդրության պահանջների խախտման, անարդարացի վարքագծի դրսևորման, անձնական, հասարակական կամ քաղաքական կյանքում էթիկայի պահանջներին հակասող վարքագծի դրսևորման, տնտեսական կամ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ անբարեխղճության, գործարար շրջանառության սովորույթների խախտման և այլ տեղեկություններ, որոնք չեն հիմնավորվում վերաբերելի և թույլատրելի ապացույցներով (իրական չեն), նվաստացնում, նսեմացնում են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Անդրադառնալով կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշներին` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ`

1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,

2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,

3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,

4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Որպեսզի միջամտությունը խոսքի և կարծիքի ազատ արտահայտման իրավունքին լինի համաչափ օրինական նպատակներին` այլ մարդկանց հեղինակության պաշտպանությանը, անհրաժեշտ է օբյեկտիվ կապի առկայություն գնահատող դատողությունների և այն անձի միջև, ով դիմել է դատարան: Հրապարակումների զրպարտչական բնույթի մասին միայն ենթադրելը և կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը, որ որևիցե կոնկրետ անձի հասցվել է վնաս: Գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ (տե՛ս Դյուլդին և Կիսլովը ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը, կետ 44):

Վճռաբեկ դատարանը գտել է, որ հրապարակային արտահայտությունը կամ հրապարակային ներկայացումը կարող է դրսևորվել տպագրության միջոցով, ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով հեռարձակմամբ, զանգվածային լրատվության միջոցներով տարածմամբ, համացանցի միջոցով տարածմամբ, ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով, կամ որևէ այլ կերպ թեկուզ մեկ երրորդ անձի դրանց հաղորդակից դարձնելով: Այդպիսի արտահայտությունների ներկայացումը հասցեատիրոջը չի կարող համարվել հրապարակային, եթե դրանք ներկայացնող անձը բավականաչափ միջոցներ է ձեռնարկել դրանց գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ, որպեսզի դրանք հասանելի չդառնան այլ անձանց:

Մեկնաբանվող հոդվածի կարգավորումից դուրս են այն դեպքերը, երբ հայտարարությունը կատարվել է ոչ հրապարակային (անձը զրպարտել է տուժողին առանց երրորդ անձանց ներկայության):

Անդրադառնալով որոշակի փաստական հիմք ունեցող գնահատող դատողության պաշտպանությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված դրույթում ամրագրված զրպարտության սահմանումը չի կարող ենթադրել, որ անձի համբավին վնաս պատճառող ցանկացած բացասական կարծիք կամ որոշակի փաստական հիմք ունեցող գնահատող դատողություն պաշտպանված չէ օրենքով: Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումն այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա: Ի տարբերություն փաստերի, որոնք կարող են ներկայացվել և հիմնավորվել, գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել: Գնահատող դատողության ապացուցման պարտականությունն անհնար է իրականացնել և ինքնին խախտում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ամրագրված իրավունքի հիմնարար մասն է կազմում: Այնուամենայնիվ, երբ հայտարարությունը որակվում է որպես գնահատող դատողություն, անհրաժեշտ է, որ վերջինս հիմնվի բավարար փաստական կազմի վրա (տե՛ս Պեդերսենը և Բաադսգաարդն ընդդեմ Դանիայի գործով Եվրոպական դատարանի 17.12.2004 թվականի վճիռը, կետ 76): Գնահատողական դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել (տե՛ս Ռիզոսը և Դասկասն ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 27.05.2004 թվականի վճիռը, կետ 45):

Անդրադառնալով «Ստույգ փաստեր» եզրույթին` Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այդպիսիք հանդիսանում են այն փաստերը, որոնք հիմնավորվում են ապացույցներով տեղեկատվության հրապարակման հետ միաժամանակ կամ հանդիսանում են հանրահայտ փաստեր (ապացուցման անհրաժեշտություն չունեցող): Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել փաստերի և գնահատող դատողությունների տարբերակման խնդրին, քանի որ դրանք մեծ կարևորություն են ներկայացնում գործի քննության համար և մեծապես կարող են ազդել գործի ելքի վրա: Եվրոպական դատարանը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 10-րդ հոդվածի համատեքստում անդրադառնալով նշված խնդրին, հստակ տարանջատում է կատարում փաստերի և գնահատող դատողությունների միջև, որի վերաբերյալ ձևավորել է հետևյալ ընդհանուր սկզբունքը. «Եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել. գնահատող դատողությունների ապացուցումն անհնարին խնդիր է, և նման պահանջը խախտում է կարծիքի արտահայտման ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հիմնարար մասերից է» (տե՛ս Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 46):

 

Վերոգրյալից զատ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ գնահատող դատողությունը, դիտարկելով որպես կարծիքի ազատ արտահայտման, այլ ոչ թե տեղեկություններ տարածելու իրավունքի դրսևորում, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնել այն, թե արդյոք տվյալ դատողությունը հիմնված է որոշակի փաստերի վրա: Փաստական հիմքից զուրկ գնահատող դատողությունը պաշտպանված չէ պետական միջամտությունից: Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նաև նրանով, որ անդրադառնալով նշված հարցին` Եվրոպական դատարանը նշել է, որ անձնական կարծիքը կարող է չափազանցված համարվել` հատկապես փաստացի հիմքի բացակայության պայմաններում (տե՛ս Օբերշլիքն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 01.07.1997 թվականի վճիռը, կետ 33):

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով` արդյոք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում:

Հետևաբար, հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միանշանակ պահանջն է, որպեսզի վիրավորանքի և զրպարտության գործերով հստակ տարանջատում կատարվի գնահատողական դատողության և փաստերի միջև` Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումներ թույլ տալը բացառելու նպատակով (վերը նշված իրավական հիմնավորումները տե՛ս Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշման մեջ):

Վերաքննիչ դատարանը, բողոքը բավարարելիս մեջբերելով Ընկերության հրապարակած հոդվածի տեքստը, նշել է, որ այն պարունակում է իրականությանը չհամապատասխանող և հայցվորի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող տվյալներ, ինչն էլ հիմք է հայցի բավարարման և պատասխանողի քաղաքացիաիրավական պատասխանատվության ծագման համար, քանի որ զրպարտություն որակված տեղեկատվություն հրապարակած սուբյեկտի նպատակը, նրա ուղղակի կամ անուղղակի դիտավորություն ունենալ կամ չունենալու հանգամանքը չի կարող պատասխանատվությունից, այն է` զրպարտություն որակված նյութի հերքումը տպագրել պարտավորեցնելուց ազատելու հիմք հանդիսանալ:

Սույն գործով հայցվորն ըստ էության զրպարտություն էր համարել Ընկերության հրապարակած տեղեկությունն այն մասին, որ «խախտումներ հայտնաբերելիս Մարգարիտա Խաչատրյանը զերծ չի մնում հայհոյանքներից» և «զորամասերից մեկում վիճաբանություն է սկսվել Մարգարիտա Խաչատրյանի և հրամանատարական կազմի միջև, և բանը հասել է նույնիսկ քաշքշոցի ու ծեծի»:

Վճռաբեկ դատարանը նշված երկու տեղեկությունների գնահատումը կատարելիս հիմք է ընդունում զրպարտության վերաբերյալ վերը նշված չափորոշիչները, որի արդյունքում արձանագրում է, որ կողմերի միջև բացակայում է վեճն այն մասին, որ նշված տեղեկություններն արվել են հրապարակային ձևով: Հետևաբար առկա է հրապարակայնության չափորոշիչը:

Նշված տեղեկություններից առաջինը` հայհոյանքներից զերծ չմնալը, իր բնույթով ընդհանրական է և չունի կոնկրետ ուղղվածություն` ում նկատմամբ և ինչ հայհոյանքներ են կիրառվել: Տեղեկության ընդհանրական կամ վերացական լինելը, որքան էլ որ նման տեղեկությունը չհամապատասխանի իրականությանը, զրկում է այդպիսի տեղեկությունը փաստացի տվյալ դիտարկելու հնարավորությունից: Նման տեղեկությունը քննարկվող հոդվածի իմաստով չունի իրավական արժեք և չի կարող առաջացնել հոդվածի կիրառման համար անհրաժեշտ պայման: Այլ կերպ` վերացական կամ ընդհանրական ձևակերպված տեղեկությունները (փաստերը) չպետք է համարվեն փաստացի տվյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Նման տեղեկությունների ըստ էության կոնկրետ և հստակ ուղղվածություն չունենալը զրկում են դրանց փաստացի տվյալ լինելուց:

Հաշվի առնելով այն, որ քննարկվող առաջին արտահայտության առնչությամբ չի հաստատվում անհրաժեշտ չորս պայմաններից մեկի առկայությունը` Վճռաբեկ դատարանը «խախտումներ հայտնաբերելիս Մարգարիտա Խաչատրյանը զերծ չի մնում հայհոյանքներից» արտահայտությունը չի գնահատում որպես զրպարտություն:

Ի տարբերություն առաջին արտահայտության` ներկայացված երկրորդ տեղեկությունը բավարար չափով է մատնացույց անում երևույթը (վիճաբանություն, քաշքշոց, ծեծ), կատարման վայրը (զորամասերից մեկը) և սուբյեկտային կազմը (Մարգարիտա Խաչատրյան և հրամանատարական կազմի ներկայացուցիչներ): Այսինքն` տեղեկությունն ընթերցողի մոտ հստակ պատկերացում է կազմվում, թե որտեղ և ում միջև է տեղի ունեցել վիճաբանությունը, քաշքշոցը և ծեծը: Այս արտահայտությունից հստակ է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել զորամասերից մեկում, իսկ դրա մասնակիցները սույն գործով հայցվորը և հրամանատարական կազմի ներկայացուցիչներն են: Այս հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված երկրորդ տեղեկությունը իրենից ներկայացնում է փաստացի տվյալ: Հետևաբար քննարկվող երկրորդ տեղեկության մասով առկա են երկու անհրաժեշտ չափորոշիչները:

Վիճարկվող արտահայտության զրպարտչական բնույթի գնահատումը հաջորդ չափորոշչի համատեքստում ցույց է տալիս, որ գործում առկա որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույցով չի հիմնավորվել այն փաստը, որ նշված տեղեկատվությամբ ներկայացված փաստերից «քաշքշոց և ծեծ»-ը իրականում տեղի են ունեցել: Դատարանում գործի քննության ընթացքում պատասխանող կողմը, ով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 4-րդ կետի ուժով կրում էր այդ փաստերի` իրականության համապատասխանելու փաստի ապացուցման բեռը, չի ներկայացրել որևէ ապացույց ի հավաստումն նշված փաստի: Փաստերի դասավորվածության նման պարագայում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հրապարակված տեղեկատվության` իրականությանը չհամապատասխանելու չափորոշչի առկայությունը: Ինչ վերաբերում է «վիճաբանություն» տեղի ունենալուն, ապա Վճռաբեկ դատարանը, թեև վերոնշյալ հիմնավորմամբ այն համարում է իրականությանը չհամապատասխանող, այդուհանդերձ, նշված փաստացի տվյալն ինքնին սույն գործի շրջանակներում չունի անձի պատիվը և/կամ արժանապատվությունն արատավորող բնույթ: Այս արտահայտության պատիվը և/կամ արժանապատվությունն արատավորող բնույթի բացառման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը ձևավորվում է այն հիմնավորմամբ, որ զորամասեր այցելելն ինքնին կարող է առաջ բերել անհամաձայնություն հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ` հաշվի առնելով Մարգարիտա Խաչատրյանի ղեկավարած կազմակերպության գործունեության ուղղությունը և նպատակը (իրավապաշտպան գործունեություն զինված ուժերում, զինված ուժերում կարգուկանոնի, կանոնադրական հարաբերությունների ամրապնդում և այլն (մեջբերում հայցադիմումից)): Նման գործունեության ընթացքում առաջ եկող տարաբնույթ հարցերի վերաբերյալ անհամաձայնությունները կարող են հանգեցնել վիճաբանության: Այս դեպքում վիճաբանությունն ինքնին որպես բացասական երևույթ դիտարկելը նշանակում է հաշվի չառնել վիճաբանության` որպես կոնկրետ խնդրի կամ հարցի լուծման գործառույթ ունենալու հանգամանքը: Այլ կերպ, այն, որ անձը վիճաբանել է զինված ուժերում առկա որևէ խնդրի կապակցությամբ, ըստ էության չի ազդում հանրության կողմից այդ անձին և նրա գործողություններին տրվող սոցիալական գնահատականի (պատվի), ինչպես նաև արժանապատվության վրա, որի պաշտպանության սահմանները որոշվում են միայն այնքանով, որքանով համապատասխանում են հասարակության կողմից տրվող օբյեկտիվ գնահատականին:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանին մնում է ստուգելու այն, թե «քաշքշոց և ծեծ» տեղի ունենալու փաստացի տվյալն ունի Մարգարիտա Խաչատրյանի պատիվը և/կամ արժանապատվությունն արատավորող բնույթ: Այս առումով Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հիմնավորված է հարցի դիտարկումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետի համատեքստում, քանի որ նշված դրույթի կիրառման համար անհրաժեշտ փաստակազմի առկայության դեպքում կբացակայի վիճարկվող փաստացի տվյալը զրպարտություն դիտելու համար անհրաժեշտ չորրորդ չափորոշիչը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե` (...) այն բխում է զրպարտության ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանից ելնող փաստաթղթից:

Ընկերությունը Դատարանում գործի քննության ժամանակ ներկայացրել է փաստարկ առ այն, որ հայցվորի` ծեծի միջոցով հարաբերությունները պարզող անձ լինելը բխում է իր իսկ հրապարակային ելույթից, մասնավորապես` մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել է. «Ես ծեծող կանանցից մեկն եմ»: Ի հավաստումն նշված փաստարկի ներկայացրել է այն ինտերնետային կայքի հղումը (www.armtown.com/news/am/zam/ 20071203/7685), որտեղից ստացվել է տեղեկությունը: Մարգարիտա Խաչատրյանը չի ներկայացրել որևէ հակափաստարկ և ապացույց` ի հերքումն վերոնշյալի:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված կայքում տեղադրված նյութի բովանդակությունից հետևում է, որ «Տեսակետ» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Մարգարիտա Խաչատրյանն արել է հետևյալ արտահայտությունը. «Ես ծեծող կանանցից մեկն եմ»:

Նշված փաստի գնահատումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերի համատեքստում Վճռաբեկ դատարանին հնարավորություն են տալիս արձանագրելու, որ «քաշքշելու և ծեծելու» փաստերը հիմնված են Մարգարիտա Խաչատրյանի հրապարակային ելույթի վրա, ուստի նշված փաստերը չեն կարող ունենալ անձի պատիվը և/կամ արժանապատվությունն արատավորող բնույթ: Հետևաբար բացակայում է տեղեկատվությունը զրպարտություն դիտելու համար անհրաժեշտ չորրորդ չափորոշիչը:

Վերոնշյալ հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատական ատյանը չի գնահատել և ստուգել զրպարտության համար անհրաժեշտ բոլոր պայմանների առկայությունը, այլ բավարարվել է բոլոր փաստերի վերաբերյալ ընդհանուր բնույթի դատողություն կատարելով: Նման կերպ Վերաքննիչ դատարանը, հակասելով Վճռաբեկ դատարանի` նմանատիպ գործերով արտահայտված և վերը հիշատակված դիրքորոշումներին, թույլ է տվել նյութական իրավունքի սխալ, ինչն ազդել է գործի ելքի վրա:

Այսպիսով, թեև վերոնշյալ պատճառաբանությամբ հիմնավորվում է զրպարտության փաստի բացակայությունը, այդուհանդերձ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ բողոքաբերի այն փաստարկին, որ իր կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի պահպանմամբ միջոցներ են ձեռնարկվել հրապարակվող տեղեկատվության ճշմարտացիությունը պարզելու ուղղությամբ` դիտելով նշված հրապարակումը «ողջամիտ հրապարակում»: Նշված փաստարկին անդրադառնալով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նշված իրավադրույթում ամրագրված «գերակա հանրային շահ» եզրույթին, նշել է, որ յուրաքանչյուր դատական գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է պարզել` արդյոք ներկայացված փաստացի տվյալները տվյալ իրավիճակում և իրենց բովանդակությամբ բխել են գերակա հանրային շահից, որն անմիջականորեն պայմանավորված է հասարակության տեղեկացված լինելու իրավունքի շահով, արդյոք հանրության համար այդ տեղեկատվությունը զգալիորեն անհրաժեշտ է եղել, արդյոք հասարակությունը հետևել է այդ տեղեկությունների տարածման ընթացքին և սպասել դրանց հետագա հրապարակմանը: «Գերակա հանրային շահը» գնահատելիս վերոնշյալ հարցերին պատասխանելու անհրաժեշտությունը բխում է նրանից, որ զանգվածային լրատվության միջոցների վրա է դրված հասարակական հետաքրքրություն ներկայացնող ոլորտների և հարցերի վերաբերյալ տեղեկատվության, այդ թվում գաղափարների տարածման պարտականություն: Զանգվածային լրատվության միջոցների այդ գործառույթին (պարտականությանը) զուգորդվում (համապատասխանում) է հասարակության կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքը (տե՛ս Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

Զարգացնելով նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նշված իրավադրույթում գերակա հանրային շահով պայմանավորված լինելու պայմանն ունի գերակշռող ազդեցություն, իսկ մյուս պայմանները` ճշմարտությունը և հիմնավորվածությունը պարզելը և հավասարակշռված և բարեխղճորեն ներկայացնելը ունեն լրացուցիչ բնույթ և լրացնում են այդ պայմանին` այդպիսով ամբողջացնելով տեղեկությունը զրպարտություն չդիտելու հիմքը: Հետևաբար պետք է արձանագրել, որ հիշատակված դրույթի պայմանները ինքնուրույն գործել չեն կարող:

«Գերակա հանրային շահ» եզրույթում օգտագործվող «գերակա» ածականը բնութագրում է հրապարակվող տեղեկատվության հրատապությունը, այդ տեղեկատվության սոցիալական անհրաժեշտությունը: Հետևաբար դատարանները նշված եզրույթը գնահատելիս օգտվում են որոշակի հայեցողությունից և կոնկրետ դեպքում պետք է որոշեն, թե արդյոք այս կամ այն տեղեկատվությունը պայմանավորված է եղել սոցիալական անհրաժեշտությամբ, թե այն զուտ մասնավոր բնույթ է կրել: Անհրաժեշտաբար պետք է ընդգծել, որ մամուլում հրապարակվող ցանկացած տեղեկություն չի կարող բավարարել այս պայմանին, քանի որ տեղեկությունները հաճախ կրում են մասնավոր բնույթ և չունեն հանրային լայն հետաքրքրություն:

Վերը նշված Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի գործով կայացված որոշմամբ Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի վերաբերյալ նշել է, որ ի տարբերություն վիրավորանքի, երբ տեղեկատվության` գերակա հանրային շահով պայմանավորված լինելու հանգամանքի առկայությունը բացառում է տվյալ տեղեկատվությունը վիրավորանք համարելը, զրպարտության դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ փաստական կազմի առկայություն: Մասնավորապես` փաստացի տվյալներ հրապարակած անձը պետք է ապացուցի, որ մինչ հրապարակելը ձեռնարկել է այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն են ընձեռել վերջինիս հանգելու հետևության այն մասին, որ փաստացի այդ տվյալները պայմանավորված են հանրային գերակա շահով և կարող էին համապատասխանել իրականությանը: Բացի այդ, հրապարակող անձը պետք է նշված տվյալները բացահայտի բարեխիղճ և հավասարակշռված: Այս դեպքում բարեխղճությունը ենթադրում է տեղեկատվության (փաստացի տվյալի (տվյալների)) ամբողջական, առանց էական նշանակություն ունեցող փաստերի փոփոխման շարադրանք: Ինչ վերաբերում է «հավասարակշռված» եզրույթին, ապա Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ հավասարակշռվածություն պետք է լինի ներկայացվող փաստացի տվյալների և գերակա հանրային շահի հարաբերակցության առումով: Փաստացի տվյալների հրապարակումը, պայմանավորված լինելով գերակա հանրային շահով, չպետք է պարունակի զրպարտող այլ տեղեկություններ, որոնք չեն առնչվում տվյալ խնդրին:

Զարգացնելով նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «մինչև տեղեկությունների հրապարակումը միջոցներ ձեռնարկելու» պահանջն ինքնանպատակ չէ: Այն ուղղված է երկու հարցի պատասխանը ստանալուն: Նախ արդյոք հրապարակվող տեղեկատվությունը բխում է հանրային գերակա շահից, հանրությունն արդյոք հետաքրքրված է նման տեղեկատվությամբ և սպասում է դրան: Երկրորդ` հրապարակվող տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, թե ոչ: Ինքնանպատակ կլիներ օրենսդրական նման կարգավորումը, եթե քննարկվող դրույթն ընկալվեր բացառապես տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու ճշտումը կատարելու ֆորմալ պարտականություն: Դրույթի նման մեկնաբանումը և կիրառումը կարող է հանգեցնել ցանկացած տեղեկատվության հրապարակման, թեկուզև անձը, ում վերաբերյալ հրապարակվում է տեղեկատվությունը, նախապես հերքել է այն: Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկվող դրույթի պաշտպանությունից չեն կարող օգտվել այն սուբյեկտները, ովքեր բավարարվել են զուտ տեղեկատվության իրական լինելը ճշտելու պահանջի ձևական պահպանմամբ և թեկուզև ստանալով հրապարակվող նյութի` իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ տեղեկություն` հրապարակել են այն:

բ) Անդրադառնալով սույն որոշմամբ բարձրացված երկրորդ հարցին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն` Մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն` բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաև պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

Վերոգրյալից հետևում է, որ զրպարտության դեպքում որպես ներազդման միջոց նախատեսված են երկուսը` զրպարտություն համարվող տեղեկատվության հերքումը և ոչ նյութական վնասի դրամային հատուցումը: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ զրպարտության դեպքում դատարանը կկիրառի որևէ այլ միջոց, քան վերոնշյալները, պետք է արձանագրել խոսքի ազատության իրավունքի միջամտություն, որը նախատեսված չէ օրենքով: Նման միջամտությունը հանգեցնում է սահմանադրորեն ամրագրված հիմնարար իրավունքի խախտման:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն Ընկերության նկատմամբ որպես պատասխանատվության միջոց ի թիվս վերոգրյալի, կիրառել է ներողություն խնդրելը: Պատասխանատվության նման միջոցի կիրառումը Վճռաբեկ դատարանը դիտում է որպես օրենքով չնախատեսված միջամտություն Ընկերության խոսքի ազատության իրավունքին:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը` սույն որոշման պատճառաբանություններով հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.11.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.07.2012 թվականի վճռին սույն որոշման պատճառաբանություններով:

2. Մարգարիտա Խաչատրյանից հօգուտ «Հրապարակ օրաթերթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.07.2013
N ԵԿԴ/0807/02/11
Որոշում