Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ               Վարչական գործ թիվ ՎԴ6/0076/05/12

    դատարանի որոշում                                             2013 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ6/0076/05/12

Նախագահող դատավոր` Ա. Աբովյան

    Դատավորներ`        Ա. Առաքելյան

                       Գ. Ղարիբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի մայիսի 24-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անուշ Իսպիրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.01.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի (այսուհետ` Ծառայություն) ընդդեմ Անուշ Իսպիրյանի` վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ծառայությունը պահանջել է Անուշ Իսպիրյանին ենթարկել վարչական պատասխանատվության:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ալավերդյան) (այսուհետ` Դատարան) 14.08.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 206.9-րդ հոդվածով Անուշ Իսպիրյանի նկատմամբ նշանակել 50.000 ՀՀ դրամ տուգանք:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.01.2013 թվականի որոշմամբ Դատարանի 14.08.2012 թվականի վճռի դեմ Անուշ Իսպիրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.08.2012 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անուշ Իսպիրյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 206.9-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Անուշ Իսպիրյանի կողմից օրինական ուժի մեջ մտած վճռի կատարմանը խոչընդոտող որևէ գործողություն չի կատարվել: Ավելին, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ երեխայի հետ տեսակցության ժամի խախտումը պայմանավորված է եղել երեխայի քնած լինելու հանգամանքով, որի պատճառով տեսակցությունը տեղի է ունեցել նախատեսված ժամի խախտումով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.01.2013 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 31.03.2011 թվականի վճռով թույլատրվել է հայցվորներ Խաչիկ Շամիրի Իսպիրյանին, Սուսաննա Սուրենի Իսպիրյանին, Դավիթ և Տիգրան Իսպիրյաններին շփվել երեխայի` Խաչիկ Գագիկի Իսպիրյանի (ծնված 20.04.2010 թվականին) հետ` սահմանելով տեսակցության հետևյալ կարգը` յուրաքանչյուր ամսվա 22-ին, 25-ին և 28-ին օրական 4 ժամ տևողությամբ, ժամը 14.00-ից մինչև 18.00-ն (հատոր 1-ին, գ.թ. 9-15):

2) ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 31.03.2011 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա 18.05.2011 թվականին տրվել է թիվ ԼԿԹ 3-502 կատարողական թերթը (հատոր 1-ին, գ.թ. 7-8):

3) 01.09.2011 թվականի «երեխայի տեսակցության մասին» արձանագրության համաձայն` ... սույն թվականի օգոստոսի 22-ին և 25-ին չկայացած տեսակցությունները կողմերի համաձայնությամբ տեղափոխվել են սեպտեմբերի 1-ին և 5-ին: ... սեպտեմբերի 1-ին տեսակցությունը կատարվեց Ստեփանավանի «Անահիտ» հանգստյան համալիրում, մասնակցում և շփվում էին երեխայի հետ տատը` Սուսաննա Իսպիրյանը, Դավիթ Իսպիրյանը և մայրը` Անուշ Իսպիրյանը (հատոր 1-ին, գ.թ. 20):

4) 05.09.2011 թվականի արձանագրության համաձայն` ... երեխայի տեսակցությունը տեղի ունեցավ ժամը 11.00-ին, ք. Ստեփանավան, «Անահիտ» հանգստյան համալիրում: Տեսակցությանը մասնակցում էին երեխայի տատը` Սուսաննա Իսպիրյանը, հորեղբայրը` Դավիթ Իսպիրյանը և մայրը` Անուշ Իսպիրյանը: Տեսակցությունն անցավ նորմալ պայմաններում (հատոր 1-ին, գ.թ. 22):

5) 25.09.2011 թվականի արձանագրության համաձայն` ... երեխայի տեսակցությունը տեղի ունեցավ ժամը 10.00-ին, ք. Ստեփանավան, «Անահիտ» հանգստյան համալիրում: Տեսակցությանը մասնակցում էին երեխայի պապը` Խաչիկ Իսպիրյանը, տատը` Սուսաննա Իսպիրյանը, հորեղբայրը` Տիգրան Իսպիրյանը և մայրը` Անուշ Իսպիրյանը: Տեսակցությունն անցավ նորմալ պայմաններում (հատոր 1-ին, գ.թ. 23):

6) 28.09.2011 թվականի արձանագրության համաձայն` ... երեխայի տեսակցությունը տեղի ունեցավ ժամը 16.00-ին, ք. Ստեփանավան, «Անահիտ» հանգստյան համալիրում: Տեսակցությանը մասնակցում էին երեխայի պապը` Խաչիկ Իսպիրյանը, տատը` Սուսաննա Իսպիրյանը, հորեղբայրը` Տիգրան Իսպիրյանը և մայրը` Անուշ Իսպիրյանը: Տեսակցությունն անցավ բարեկիրթ և նորմալ պայմաններում (հատոր 1-ին, գ.թ. 24):

7) 28.10.2011 թվականի արձանագրության համաձայն` ... երեխայի տեսակցությունը տեղի ունեցավ Ստեփանավան քաղաքի վերջնամասում գտնվող հյուրանոցում: Տեսակցությանը մասնակցում էին Անուշ Իսպիրյանը, Տիգրան Իսպիրյանը, պապը` Խաչիկ Իսպիրյանը: Երեխայի հետ շփումն անցավ նորմալ, բողոքներ և առարկություններ չեղան: Տեսակցությունը կողմերի համաձայնությամբ տեղի ունեցավ ժամը 16.00-ից մինչև 20.00-ն (հատոր 1-ին, գ.թ. 25):

8) 28.12.2011 թվականի արձանագրության համաձայն` ... տեսակցությունը տեղի ունեցավ ժամը 16.00-ին, կողմերի համաձայնությամբ` երեխայի քնի ռեժիմը չխախտելու պատճառով: Տեսակցությանը մասնակցում էին տատը` Սուսաննա Իսպիրյանը, հորեղբայրը` Դավիթ Իսպիրյանը, մայրը` Անուշ Իսպիրյանը: Տեսակցությունն անցավ նորմալ (հատոր 1-ին, գ.թ. 28):

9) 22.01.2012 թվականի արձանագրության համաձայն` կատարողական թերթի պահանջը կատարելու նպատակով հարկադիր կատարող Արտակ Տեր-Ստեփանյանն այցելել է կատարողական թերթում նշված Անուշ Իսպիրյանի հասցե: Այցելությամբ պարզվել է, որ երեխան` Խաչիկ Իսպիրյանը, քնած է մոտավորապես ժամը 13.00-ից: Երեխան արթնացել է ժամը 15.03-ին: Անուշ Իսպիրյանը հայտնել է, որ պահանջատերերը կարող են գալ իր տուն, և տեսակցությունը տեղի ունենա երեխայի և մոր սենյակում: Տեսակցությունն անցել է ժամը 15.20-ից մինչև ժամը 18.00-ն` նորմալ վիճակում: Մեկ ժամ 20 րոպե ուշացման մասին Անուշ Իսպիրյանը նախօրոք չի հայտնել և չի համաձայնեցրել ո՛չ պահանջատերերի, ո՛չ էլ Ծառայության հետ, ինչը հանգեցրել է որոշման ոչ պատշաճ կատարմանը, այն է` հանդիպումը կայացել է ոչ թե 4 ժամ տևողությամբ, այլ ընդամենը 2 ժամ 40 րոպե(հատոր 1-ին, գ.թ. 30-32):

10) 25.01.2012 թվականի արձանագրության համաձայն` հարկադիր կատարող Արտակ Տեր-Ստեփանյանը 24.01.2012 թվականին հեռախոսազրույց է ունեցել երեխայի մայր Անուշ Իսպիրյանի հետ հերթական տեսակցությունը կազմակերպելու մասին: Անուշ Իսպիրյանը հայտնել է, որ երեխան ունի բարձր ջերմություն, պառկած է և, եթե հաջորդ օրն էլ ջերմություն ունենա, պահանջատերերը կարող են գալ իր և երեխայի սենյակում առանձին պայմաններում տեսակցությունն անցկացնելու: 2012 թվականի հունվարի 25-ի առավոտյան հարկադիր կատարողը կրկին հեռախոսազրույց է ունեցել Անուշ Իսպիրյանի հետ, որի ժամանակ նա հայտնել է, որ երեխան դեռևս չի ապաքինվել: Նշված հանգամանքների իսկությունը պարզելու նպատակով հարկադիր կատարողն այցելել է պարտապանի բնակության վայր, որտեղ տեսել է, որ երեխան քնած է: Անուշ Իսպիրյանը խնդրել է, որ պահանջատերերը երեխային գան տեսակցելու իր տանը, ինչը լավ կանդրադառնա երեխայի վրա(հատոր 1-ին, գ.թ. 33-35):

11) «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին» Ծառայության 27.01.2012 թվականի որոշմամբ հարկադիր կատարող Արտակ Տեր-Ստեփանյանը որոշել է պարտավորեցնել պարտապան Անուշ Իսպիրյանին չխոչընդոտել դատական ակտի կատարմանը և յուրաքանչյուր ամսի 22-ին, 25-ին և 28-ին օրական 4 ժամ տևողությամբ, ժամը 14.00-ից մինչև 18.00-ն ապահովել երեխայի տեսակցությունը(հատոր 1-ին, գ.թ. 36):

12) «Երեխայի տեսակցության համար պարտապանի հասցե այցելելու մասին» 28.01.2012 թվականի արձանագրության համաձայն` այցելությամբ պարզվեց, որ երեխան` Խաչիկ Գագիկի Իսպիրյանը, քնած էր: Երեխան արթնացավ ժամը 16.12-ին: Երեխայի քնելու (քնած լինելու) պատճառով տեսակցությունը տեղի ունեցավ ժամը 16.28-ին: Տեսակցությունը ժամը 16.28-ից մինչև 18.00-ն անցավ նորմալ վիճակում: Պահանջատերերի առաջարկն այն մասին, որ հանդիպման ժամանակը երկարացվի պարտապանի ուշացման ժամանակին համապատասխան` մերժվեց պարտապանի կողմից: Պարտապանն իր ուշացման մասին նախօրոք չէր տեղեկացրել ոչ պահանջատերերին և ոչ էլ Ծառայությանը և նման վարքագծով խոչընդոտեց դատարանի որոշման պատշաճ կատարմանը (հատոր 1-ին, գ.թ. 38-40):

13) 03.02.2012 թվականի «Վարչական իրավախախտում կատարելու մասին» արձանագրության համաձայն` Անուշ Իսպիրյանը թույլ է տվել վարչական իրավախախտում` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 206.9-րդ հոդվածի հատկանիշներով (հատոր 1-ին, գ.թ. 5):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է այն իրավական խնդրին, թե արդյո՞ք երեխայի քնած լինելու հետևանքով տեսակցությունը ուշ սկսելու կամ տեղի չունենալու դեպքում պարտապանի գործողություններում առկա է երեխայի տեսակցության կարգ սահմանող օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու դիտավորություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է:

i

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` կատարողական թերթում պետք է նշվի դատական ակտի եզրափակիչ մասը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կատարողական թերթ տված դատարանը պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումով իրավունք ունի հետաձգելու կամ տարաժամկետելու դատական ակտի կատարումը, փոփոխելու դրա կատարման եղանակն ու կարգը:

«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` հարկադիր կատարողի պարտականությունն է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար և ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոններին համապատասխան, իսկ հարկադիր կատարման, այսինքն` կատարողական գործողություններ իրականացնելու միակ հիմքն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է, որում նշվում է դատական ակտի եզրափակիչ մասը: Ընդ որում, հարկադիր կատարողը կրում է իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ և ժամանակին կատարելու պարտավորություն: Այսինքն` նշվածից հետևում է, որ դատական ակտի հարկադիր կատարման ժամանակ թե՛ հարկադիր կատարողը և թե՛ կատարողական վարույթի մասնակիցներն իրավասու չեն միմյանց ներկայացնելու այնպիսի պահանջներ, որոնք նախատեսված չեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթում: Հակառակ դեպքում նման գործողությունները կհանգեցնեն կատարողական թերթի պահանջների կատարման եղանակի կամ կարգի փոփոխման: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը նախատեսել է դատական ակտի կատարումը հետաձգելու, տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոփոխելու հնարավորություն:

Դա նախատեսված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով, որի համաձայն` կատարողական թերթ տված դատարանը պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումով իրավունք ունի հետաձգելու կամ տարաժամկետելու դատական ակտի կատարումը, փոփոխելու դրա կատարման եղանակն ու կարգը: Այսինքն` դատական ակտի կատարումը հետաձգելու, տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոփոխելու իրավունքը վերապահված է կատարողական թերթ տված դատարանին և, քանի դեռ առկա չէ դատական ակտի կատարումը հետաձգելու, տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոփոխելու մասին դատարանի համապատասխան որոշում, թե՛ հարկադիր կատարողը և թե՛ կատարողական վարույթի մասնակիցները պարտավոր են իրականացնելու միայն այնպիսի գործողություններ, որոնք բխում են կատարողական թերթի պահանջներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածում ամրագրված իրավադրույթը համապարտադիր ուժ է տալիս օրինական ուժ ստացած բոլոր ակտերին` նշելով սուբյեկտների այն շրջանակը, ում վրա տարածվում է օրինական ուժ ստացած դատական ակտի գործողությունը, ինչպես նաև այն տարածքը, որտեղ պարտադիր կատարման է ենթակա օրինական ուժ ստացած դատական ակտը: Սուբյեկտների նկատմամբ դատական ակտերի պարտադիրության աստիճանի առումով հարկ է ընդգծել, որ այն առաջնային նշանակություն ունի վիճելի հարաբերության կողմերի համար, քանի որ դատական ակտով նախ և առաջ վեճի կողմերի համար են սահմանվում որոշակի գործողություններ կատարելու կամ կատարումից ձեռնպահ մնալու պարտադիր պահանջներ:

Նշված պահանջների կատարման բացակայության փաստը պահանջատեր հանդիսացող կողմին հնարավորություն է տալիս հարկադիր կատարման միջոցով հասնել իր պահանջի փաստացի բավարարմանը կամ, որ նույնն է` պարտադրել մյուս կողմին կատարելու օրինական ուժ ստացած դատական ակտի պահանջները: Դատական ակտի հարկադիր կատարման կառուցակարգն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը: Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հիշատակել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) ամրագրած հետևյալ իրավական դիրքորոշումը. «6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը կդառնար երևակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնային անկատար: Դժվար կլիներ պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները (արդար, հրապարակային և արագ դատաքննություն), չպաշտպաներ դատական որոշումների կատարումը: Դատական ակտերի կատարման նկատմամբ 6-րդ հոդվածի գործողության բացառումը կհանգեցներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների: ՈՒստի, ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարում պետք է դիտվի որպես «դատաքննության» բաղկացուցիչ մաս` 6-րդ հոդվածի իմաստով» (տե՛ս ի թիվս այլոց, Հորնսբին ընդդեմ Հունաստանի, թիվ 18357/91 գանգատով ՄԻԵԴ 1997 թվականի մարտի 19-ի վճիռ, կետ 40):

i

Այդուհանդերձ հնարավոր են իրավիճակներ, երբ նույնիսկ հարկադիր կատարման փուլում գտնվող դատական ակտի կատարումը փաստացի տեղի չունենա պարտապանի գործողությունների կամ անգործության հետևանքով: Նման պարագայում վրա է հասնում վարչաիրավական պատասխանատվությունը: Մասնավորապես, դատական ակտերի կատարման ապահովմանն է ուղղված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 206.9-րդ հոդվածով նախատեսված նորմը: Վերջինս իրավական երաշխիք է ստեղծում դատական ակտերի կատարման, հետևաբար նաև արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման համար:

Հիշատակված հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը (բացառությամբ գումարի բռնագանձման պահանջի և քաղաքացիաիրավական պայմանագրերից բխող պարտավորությունների) այդ ակտերում սահմանված ժամկետներում, իսկ ժամկետներ սահմանված չլինելու դեպքում այդ ակտերն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, քաղաքացիների կողմից դիտավորությամբ չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:

Վճռաբեկ դատարանը, իրավակիրառ պրակտիկայում միասնական մեկնաբանման անհրաժեշտությամբ պայմանավորված, հարկ է համարում նշել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 206.9-րդ հոդվածով ամրագրված զանցակազմի կիրառելիությունը պայմանավորված է դատական ակտի հարկադիր կատարման վարույթի հարուցված լինելով: Նման դիրքորոշման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք), իսկ վարչական դատարանի իրավասությանը վերապահված հարցերով (...) նույն օրենսգրքի 206.9-րդ հոդվածով նախատեսված դեպքում` դատավճռի, վճռի կամ այլ դատական ակտի կատարումն ապահովող պետական մարմինը (պաշտոնատար անձը):

Նշված իրավակարգավորումը համադրելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում ամրագրված դրույթի հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քանի դեռ չկա հարուցված կատարողական վարույթ, չի կարող գործել դատական ակտի հարկադիր կատարման մեխանիզմը, ուստի հարկադիր կատարողի մոտ չեն կարող առաջանալ լիազորություններ դատական ակտի կատարմանը դիտավորությամբ խոչընդոտելու դեպքում ներգործության միջոցներ կիրառելու համար: Այլ կերպ` քանի դեռ չկա հարուցված կատարողական վարույթ, պարտապանը չի կարող ենթարկվել պատասխանատվության: Հետևաբար հիշատակված զանցակազմում նախատեսված ժամկետների հաշվարկը ևս պետք է կատարվի կատարողական վարույթի հարուցումից հետո:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 206.9-րդ հոդվածով նախատեսված զանցանքն օբյեկտիվ կողմից դրսևորվում է օրինական ուժի մեջ մտած ցանկացած դատական ակտի պահանջները չկատարելու (գործողությամբ կամ անգործությամբ) ձևով:

Սուբյեկտիվ կողմից նշված զանցանքը կարող է դրսևորվել միայն դիտավորությամբ: Այլ կերպ` պարտապանը, ում համար պարտադիր է դատական ակտի կատարումը վերը նշված ժամկետներում, այդ ժամկետների ընթացքում չի կատարում դատական ակտի պահանջները, գիտակցաբար ցուցաբերում է այնպիսի հակաիրավական վարքագիծ, որով ցանկանում է դատական ակտի կատարման խոչընդոտում և գիտակցում կամ գիտակցաբար թույլ է տալիս, որ իր գործողությունները կամ անգործությունը հանգեցնեն նման հետևանքի առաջացմանը: Նշված մեկնաբանությունը բխում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ հոդվածի կանոնակարգումներից:

Նույն օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն` տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Նշված իրավադրույթները Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 206.9-րդ հոդվածով նախատեսված զանցանքի վերաբերյալ արտահայտված դիրքորոշման հետ համադրելու արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձին վարչական պատասխանատվության ենթարկող մարմինը, նախ պետք է հիմնավորի անձի արարքում իրավախախտման առկայությունը, ինչը ենթադրում է ինչպես օբյեկտիվ կողմի, այնպես էլ սուբյեկտիվ կողմի բացահայտումը և ապա քննարկման առարկա դարձնի կատարված իրավախախտման բնույթի, խախտողի անձի, նրա մեղքի աստիճանի, գույքային դրության հետ կապված հարցերը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները և դրանց հաշվառմամբ նշանակի տույժ:

Վերաքննիչ դատարանի որոշման մեջ դիտավորության հարցի առնչությամբ մասնավորապես ասված է. «... բողոքով դատաքննության և վերոշարադրյալ վերլուծության արդյունքում Վերաքննիչ դատարանը հաստատված է համարում, որ տվյալ դեպքում, եթե նույնիսկ առկա չէ Անուշ Իսպիրյանի ուղղակի դիտավորությունը, ապա առկա է առնվազն նրա անուղղակի դիտավորությունը ...»: Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումը հիմնվում է բացառապես` որոշման մեջ նշված հետևյալ փաստարկման վրա. «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դեռևս երկու տարեկան չդարձած երեխայի քնած լինելը ոչ բոլոր դեպքերում կարող է խոչընդոտ գնահատվել նրա տեղափոխմանը: Բացի այդ, ստանձնելով պարտապանի պարտականությունները` Անուշ Իսպիրյանը պարտավոր էր կազմակերպել գործընթացն այնպես, որ ապահովեր այդ պարտականությունների կատարումը»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Ինչպես վերը նշվեց, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 206.9-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունն առաջանում է անձի կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու դեպքերում: Այսինքն` դատական ակտը չկատարելու, դրա կատարմանը խոչընդոտելու հետ կապված անձի գործողությունները պետք է փոխկապակցված լինեն նույն անձի կողմից դրսևորած դիտավորության, վարքագծի, կանխամտածվածության և այլ հանգամանքների հետ: ՈՒստի, յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք անձի կողմից օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու հիմքում առկա է դիտավորություն, արդյո՞ք տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ, արդյո՞ք նա ենթակա է վարչական պատասխանատվության, կա՞ն արդյոք պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ, ինչպես նաև պարզել իրավահարաբերության ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ, որոնք կապահովեն կատարողական վարույթի մասնակիցների` օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներն ու ազատությունները երաշխավորող պահանջների կատարումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է: Վերաբերելի ապացույցը թույլատրելի է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերոգրյալ դիրքորոշման լույսի ներքո և գործի փաստերի համադրմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում օրինական ուժի մեջ մտած դատական ակտով նախատեսված` ժամը 14.00-ին տեսակցությունը սկսելու պայմանը պարտապան Անուշ Իսպիրյանի կողմից խախտելը պայմանավորված է եղել բացառապես նրա մանկահասակ երեխայի քնած լինելու հանգամանքով: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Անուշ Իսպիրյանի գործողություններում առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դիտավորությամբ չկատարելուն ուղղված այնպիսի վարքագիծ, որով կհիմնավորվեր դատական ակտը դիտավորությամբ չկատարելու հանգամանքը: Վարչական պատասխանատվության ենթարկելիս դատարանը բավարար ապացույցների համակցության արդյունքում պետք է գար այն եզրահանգման, որ Անուշ Իսպիրյանը երեխային քնեցնելու միջոցով յուրաքանչյուր անգամ ցանկացել է խուսափել դատարանի վճռի կատարումից: Այն, որ վարչական մարմնի կողմից արձանագրվել են երեխայի քնած լինելու արդյունքում տեսակցությունն ուշ սկսելու փաստերը, դեռևս չի վկայում այդ հարցում Անուշ Իսպիրյանի դիտավորության առկայության մասին: Դիտավորությունն առկա կարող էր լինել այն դեպքում, երբ հաստատվեին փաստեր, որ Անուշ Իսպիրյանը յուրաքանչյուր անգամ ստեղծել է պայմաններ տեսակցությունը սկսելու ժամին երեխայի քնած լինելու համար` գիտակցելով, որ երեխայի քնելու հետևանքով նվազում է տեսակցության սահմանված ժամաքանակը և ցանկանալով այդպիսի հետևանքների վրա հասնելը:

Մինչդեռ, պարտապան Անուշ Իսպիրյանը, ելնելով իր մանկահասակ երեխայի շահերից, ինչպես նաև հաշվի առնելով ազգականների հետ շփվելու երեխայի իրավունքը, բազմիցս առաջարկել է տեսակցությունը կազմակերպել իր և երեխայի բնակության վայրում, ինչը սույն գործի փաստերի շրջանակներում ևս մեկ անգամ հավաստում է, որ պարտապան Անուշ Իսպիրյանի գործողություններում բացակայում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դիտավորությամբ չկատարելու հանգամանքը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.01.2013 թվականի որոշումը և այն փոփոխել. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի հայցն ընդդեմ Անուշ Իսպիրյանի` վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, մերժել:

2. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 3.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար, 8.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումարներ:

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնից հօգուտ Անուշ Իսպիրյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.05.2013
N ՎԴ6/0076/05/12
Որոշում