ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0167/02/12
դատարանի որոշում 2013 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0167/02/12
Նախագահող դատավոր` Տ. Սահակյան
Դատավորներ` Կ. Հակոբյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Գ. Հակոբյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2013 թվականի մայիսի 24-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Սպարտակ, Թեհմինե, Ալինա Հակոբյանների և Քնարիկ Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2012 թվականի որոշման դեմ` ըստ Սպարտակ, Թեհմինե, Ալինա Հակոբյանների և Քնարիկ Վարդանյանի հայցի ընդդեմ Արայիկ, Նորաշխարհիկ, Աննա, Ամալյա և Միքայել Հակոբյանների` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, և ըստ Արայիկ, Նորաշխարհիկ, Աննա, Ամալյա և Միքայել Հակոբյանների հակընդդեմ հայցի ընդդեմ Սպարտակ, Թեհմինե, Ալինա Հակոբյանների և Քնարիկ Վարդանյանի` տնից վտարելու, որոշումն անվավեր ճանաչելու և գումար բռնագանձելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Սպարտակ, Թեհմինե, Ալինա Հակոբյանները և Քնարիկ Վարդանյանը պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքը ՀՀ Արարատի մարզի Մրգանուշ համայնքի Աբովյան թիվ 5 հասցեում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Արայիկ, Նորաշխարհիկ, Աննա, Ամալյա և Միքայել Հակոբյանները պահանջել են Սպարտակ, Թեհմինե, Ալինա Հակոբյաններին և Քնարիկ Վարդանյանին վտարել համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող ՀՀ Արարատի մարզի Մրգանուշ գյուղի Զ.Անդրանիկի թիվ 6 հասցեում գտնվող տնից, անվավեր ճանաչել ՀՀ Արարատի մարզի Մրգանուշ համայնքի ղեկավարի 29.02.2012 թվականի թիվ 14 որոշումը, որով Սպարտակ Հակոբյանին` որպես բնակարանի առանձին միավորի սեփականատիրոջ, շնորհվել է Աբովյան թիվ 5 հասցեն, ինչպես նաև վերջիններից հօգուտ իրենց բռնագանձել 150.000 ՀՀ դրամ գումար` որպես փաստաբանի վարձատրության գումար:
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Հ. Ենոքյան) (այսուհետ` Դատարան) 21.06.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է անվավեր ճանաչել ՀՀ Արարատի մարզի Մրգանուշ համայնքի ղեկավարի 29.02.2012 թվականի թիվ 14 որոշումը. մնացած պահանջների մասով հակընդդեմ հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.10.2012 թվականի որոշմամբ Արայիկ, Նորաշխարհիկ, Աննա, Ամալյա և Միքայել Հակոբյանների ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 21.06.2012 թվականի վճիռը հայցը բավարարելու և հակընդդեմ հայցը մերժելու մասերով բեկանվել ու փոփոխվել է` հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է` որոշվել է Սպարտակ, Թեհմինե, Ալինա Հակոբյաններին և Քնարիկ Վարդանյանին վտարել համատեղ սեփականության իրավունքով Արայիկ, Նորաշխարհիկ, Աննա, Ամալյա և Միքայել Հակոբյաններին պատկանող ՀՀ Արարատի մարզի Մրգանուշ գյուղի Զորավար Անդրանիկի թիվ 6 հասցեում գտնվող անշարժ գույքից. մնացած պահանջների մասով վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Սպարտակ, Թեհմինե, Ալինա Հակոբյանները և Քնարիկ Վարդանյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ և 277-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ և 277-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածը, 187-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 279-րդ ու 280-րդ հոդվածների 1-ին կետերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ և 47-րդ հոդվածները, 48-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերը, 51-րդ, 53-րդ հոդվածները, 219-րդ հոդվածի 3-րդ կետն ու 220-րդ հոդվածը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն ու անտեսել է, որ դեռևս 1982 թվականին իրենցից Սպարտակ Հակոբյանի և Արայիկ Հակոբյանի մայրը` Ամալյա Հակոբյանը, ով հանդիսացել է վիճելի տան սեփականատերը, տունը բաժանել է երկու մասի` տան մի մասում բնակվել է Սպարտակ Հակոբյանն իր ընտանիքով, այդ թվում` նաև Ամալյա Հակոբյանը, իսկ մյուս մասում բնակվել են Արայիկ, Նորաշխարհիկ, Աննա, Ամալյա և Միքայել Հակոբյանները: Նշված մասերն իրենք շարունակել են տիրապետել և օգտագործել նաև Ամալյա Հակոբյանի մահվանից հետո:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ձեռքբերման վաղեմության ժամկետի հաշվարկը պետք է սկսել ոչ թե 2003 թվականից, երբ Արայիկ, Նորաշխարհիկ, Աննա, Ամալյա և Միքայել Հակոբյանները վերը նշված տան նկատմամբ ստացել են անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական, այլ հենց 1982 թվականից:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Արայիկ, Նորաշխարհիկ, Աննա, Ամալյա և Միքայել Հակոբյանները երբևէ չեն հետաքրքրվել իրենց կողմից օգտագործվող և տիրապետվող բաժնեմասի ճակատագրով, այսինքն` փաստացի հրաժարվել են տան այդ բաժնից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 05.10.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ օրինական ուժ տալ Դատարանի 21.06.2012 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Սպարտակ Հակոբյանը ծնվել է ՀՀ Արարատի մարզի Մրգանուշ գյուղում, փաստացի մշտական հաշվառմամբ բնակվել է Աբովյան փողոցի թիվ 5 տանը, ընտանիքի կազմն է` ինքը, կինը` Քնարիկ Վարդանյանը, դուստրերը` Ալինա և Թեհմինե Հակոբյանները: Սպարտակ Հակոբյանը ծնվել է 06.01.1950 թվականին, Քնարիկ Վարդանյանը` 07.10.1949 թվականին, Ալինա Հակոբյանը` 27.06.1975 թվականին, Թեհմինե Հակոբյանը` 01.01.1980 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 5, 7-10).
2) ՀՀ Արարատի մարզի Մրգանուշ գյուղում Աբովյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող 142,2 քմ մակերեսով բնակելի տան և 0,155 հա մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ 15.07.2003 թվականին գրանցվել է Արայիկ, Նորաշխարհիկ, Աննա, Ամալյա և Միքայել Հակոբյանների համասեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 11,12).
3) Ամալյա Լալայանը մահացել է 1982 թվականին (անվիճելի փաստ).
4) ՀՀ Արարատի մարզի Մրգանուշ գյուղի բնակչուհի Ամալյա Լալայանի մահվանից հետո տնտեսությունը վարել և ծուխը շարունակել են որդիները` Արայիկ և Սպարտակ Հակոբյաններն իրենց ընտանիքներով ու վարում են առանձին տնտեսություն (հատոր 1-ին, գ.թ. 6).
5) ՀՀ Արարատի մարզի Մրգանուշ գյուղի բնակիչ Սպարտակ Հակոբյանը 19.04.2012 թվականին որպես առանձին տնտեսություն ստացել է առանձին հասցե` Աբովյան 5 (հատոր 1-ին, գ.թ. 52).
6) Սպարտակ Հակոբյանը նշված հասցեում հանդիսանում է էլեկտրաէներգիայի սպառման և ջրօգտագործման առանձին բաժանորդ, շենքի կամավոր ապահովագրության պայմանագրի կողմ (հատոր 1-ին, գ.թ. 13-19, հատոր 2-րդ, գ.թ. 21):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Սույն բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ստորադաս դատարանի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունք ձեռք բերելու համար անհրաժեշտ պայմանների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշման կիրառումը գնահատելու հանգամանքով:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից` այդ իրավունքի դադարման միջոց:
Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման վերաբերյալ արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`
1. Տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:
2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:
3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:
4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի և մյուսների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):
Վերահաստատելով իր դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել նաև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկությունների վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գույքի սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:
Ըստ էության օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար:
Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը որպես սեփականությունից հրաժարվելու հիմք կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):
Անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը:
Այս առումով Վճռաբեկ դատարանը նշել է, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին:
Բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը և անցման պահին անձը եղել է բարեխիղճ (տե՛ս Գայանե Խաչատրյանը և Նորայր Սարգսյանն ընդդեմ Բուրաստան Դավթյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0084/02/12 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանը, հաստատված համարելով, որ 1982 թվականից Սպարտակ Հակոբյանն իր ընտանիքով բնակվելով այնտեղ` բացահայտ, բարեխիղճ և ավելի քան 10 տարի անընդմեջ որպես սեփական գույք տիրապետում է տվյալ բնակելի տան` իր մոր կողմից նաև իր համար առանձնացված մասը, էլեկտրաէներգիայի և ջրի ծառայությունների մասով Սպարտակ Հակոբյանը դարձել է առանձին բաժանորդ ու կատարում է դրանց հետ կապված վճարումները, բացել է առանձին մուտք, որի հիման վրա Մրգանուշ համայնքի ղեկավարի կողմից վերջինիս տրվել է առանձին հասցե, գտել է, որ այդ հիմքով Սպարտակ Հակոբյանն իր ընտանիքով կարող է վերը նշված գույքի նկատմամբ ձեռք բերել սեփականության իրավունք:
Վերաքննիչ դատարանը դատական ակտը բեկանելու և հայցը մերժելու հիմքում դնելով այն, որ 2003 թվականին ՀՀ Արարատի մարզի Մրգանուշ համայնքում գտնվող 142,2 քմ մակերեսով բնակելի տան և 0,155 հա մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ գրանցվել է Արայիկ, Նորաշխարհիկ, Աննա, Ամալյա և Միքայել Հակոբյանների համասեփականության իրավունքը, որպիսի պարագայում ակնհայտ է, որ տվյալ գույքի սեփականատերերն իրենց գույքից չեն հրաժարվել, ընդհակառակը` գրանցելով գույքի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը` ակտիվ գործողություններով արտահայտել են իրենց մտադրությունը գույքը պահպանելու վերաբերյալ, նշել է, որ սույն պարագայում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված չորս պարտադիր վավերապայմաններից մեկը` գույքի տասը տարի տիրապետումն առկա չէ, տասը տարվա տիրապետումը պետք է առկա լիներ տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումից սկսած, մինչդեռ 2003 թվականից հետո դեռևս տասը տարին չի լրացել:
Վերոնշյալ դիրքորոշման համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում գյուղացիական տնտեսության անդամ լինելու հիմքով 2003 թվականին գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելն ինքնըստինքյան չի ընդհատում փաստացի տիրապետողի կողմից դրա տիրապետումը: Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:
Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն` Սպարտակ Հակոբյանն իր ընտանիքով մոր մահվանից հետո` 1982 թվականից, ինչպես մինչև 2003 թվականը, այնպես էլ դրանից հետո` մինչև օրս, շարունակում է տիրապետել վիճելի գույքը, երբևէ դրանից չի հրաժարվել, իսկ Արայիկ Հակոբյանն իր ընտանիքով վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելով դեռևս 2003 թվականին` այդ իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները կատարել են, տվյալ դեպքում` վիճելի հասցեից վտարելու մասին պահանջը Դատարան ներկայացրել են միայն 2012 թվականին` վիճելի գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելուց հետո:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքում դրել է նաև այն, որ 1982 թվականից վիճելի հասցեում բնակվելը դեռևս հիմք չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի հիման վրա Սպարտակ Հակոբյանի և նրա ընտանիքի անդամների սեփականության իրավունքը ճանաչելու համար, քանի որ նման տիրապետումը պայմանավորված է եղել գույքի սեփականատիրոջ համաձայնությամբ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումն անհիմն է, քանի որ այն չի բխում ինչպես Վերաքննիչ դատարանի հիշատակած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածից, այնպես էլ Վճռաբեկ դատարանի վերոնշյալ դիրքորոշումներից, մասնավորապես գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման, և տիրապետումը պետք է լինի բացահայտ` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով: Հետևաբար սեփականատիրոջ համաձայնությամբ գույքի տիրապետումն այլ անձին անցնելը գնահատվում է որպես բարեխիղճ տիրապետում:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Այս դեպքում վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատճառաբանում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, եթե այն թերի կամ սխալ է պատճառաբանված:
Տվյալ դեպքում Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու արդյունքում օրինական ուժ տալ Դատարանի դատական ակտին, քանի որ դատարանների կողմից սույն գործով հաստատված փաստերը բավարար չեն ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ վավերապայմանների միաժամանակյա առկայությունը հաստատված համարելու համար: Գործի նոր քննության ժամանակ անհրաժեշտ է պարզել հետևյալ փաստերը`
1) երբ են ծխի գլուխը և նրա ընտանիքի անդամներն օրենքի ուժով սեփականության իրավունք ձեռք բերել վերը նշված հասցեի նկատմամբ.
2) երբվանից է (կոնկրետ ամիսը և տարին) Սպարտակ Հակոբյանն իր ընտանիքով անցել վիճելի անշարժ գույքի` որպես սեփական գույքի բարեխիղճ և բացահայտ տիրապետմանը.
3) որքան ժամանակ է Սպարտակ Հակոբյանն իր ընտանիքով բարեխիղճ և բացահայտ տիրապետում այդ գույքը, տիրապետումն ընդհատվել է, թե ոչ.
4) ինչպես նաև գնահատել, թե 2003 թվականին սեփականության իրավունքի պետական գրանցումը չբողոքարկելը ինչպես է համադրվում բարեխղճության հասկացության հետ` հիմք ընդունելով բարեխղճության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի վերոնշյալ դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Գ. Հակոբյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան