Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 274-ՐԴ, 277...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 274-ՐԴ, 277-ՐԴ, 278-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0074/02/11

    դատարանի որոշում                                              2013 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0074/02/11

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2013 թվականի մայիսի 24-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Վագ քար» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.11.2012 թվականի որոշման դեմ` ըստ «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) հայցի ընդդեմ Ընկերության, երրորդ անձինք ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղապետարանի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (այսուհետ` Նախարարություն)` գույքի ապօրինի տիրապետումը դադարեցնելու, գույքն ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, որոշակի գործողությունների կատարմանը պարտավորեցնելու, որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերության ապօրինի տիրապետումից հետ պահանջել և պարտավորեցնել Ընկերությանն ազատել 16.03.2010 թվականին կնքված վարձակալության իրավունքի վաճառքի թիվ 571 պայմանագրի հիման վրա իր կողմից ձեռք բերված ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի Սարալանջի թիվ 1 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 8 հա մակերեսով հողատարածքի մասը` վարձակալության իրավունքի գրանցման թիվ 2385893 վկայականով ամրագրված սահմանների և «Գեոդեզիական և քարտեզագիտական» կենտրոն ՊՈԱԿ-ի տրամադրած հողատարածքի կոորդինատների և գլխավոր հատակագծի սխեմայի համաձայն, նշված տարածքում գտնվող մեխանիզմները և սարքավորումներն ապամոնտաժել և դուրս հանել 8 հա մակերեսով հողատարածքից, ձեռնպահ մնալ վերոգրյալ հողատարածք մուտք գործելուց կամ դրան առնչվող ցանկացած գործողությունների կատարումից:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 31.07.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.11.2012 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 31.07.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ, 277-րդ, 278-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ, 60-րդ, 62-րդ, 219-րդ, 220-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ, 5-րդ, 29-րդ, 33-րդ, 40-րդ, 43-րդ հոդվածները, Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 16-րդ, 17-րդ հոդվածները, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 14-րդ, 16-րդ, 17-րդ, 19-րդ, 20-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերությանը ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքում գտնվող տրավերտինի և կավի հանքավայրի տեղամասից տրամադրված 8,7 հա մակերեսով հողամասի նկատմամբ 08.04.2005 թվականից, իսկ «Գևսյուզ» ՍՊԸ-ին նույն համայնքում գտնվող 8 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և արտադրական նշանակության տրամադրված հողամասի նկատմամբ 04.07.2006 թվականից կազմվել է գլխավոր հատակագծի սխեման, ինչպես նաև կատարվել են համապատասխան գրանցումներ: Ընդ որում, վերոգրյալ հատակագծերը հաստատվել են համայնքի ղեկավարի կողմից, ով իրավասու է հողամասի վերաբերյալ տրամադրել տեղեկություններ, և օգտվելով իր այդ իրավասությունից` ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղապետը հայտնել է, որ Ընկերությանը և Կազմակերպությանը տարանջատում է 2 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածք: Այսինքն` ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմել և հաստատել է համայնքի գլխավոր հատակագիծը, քաղաքաշինական գոտիավորման նախագիծն ու հողերի օգտագործման սխեման, ինչպես նաև դրանց համապատասխան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել է Ընկերությանը և «Գևսյուզ» ՍՊԸ-ին տրամադրված հողերի օգտագործման սխեմաները: Հետևաբար, սույն գործում առկա Նախարարության աշխատակազմի ղեկավարի 27.08.2010 թվականի թիվ 08-Ա հրամանի հիմքով ստեղծված հանձնաժողովի 01.09.2010 թվականի արձանագրությունը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 15.10.2010 թվականի թիվ Ն-2/14-10 գրությունը, Նախարարության աշխատակազմի ընդերքի վերահսկողության պետական տեսչության 30.12.2010 թվականի գրությունը և Նախարարության աշխատակազմի ղեկավարի 27.01.2011 թվականի թիվ 07/26.2/240-11 գրությունը թույլատրելի և վերաբերելի ապացույցներ չեն: Դեռ ավելին, Նախարարության աշխատակազմի ղեկավարի 27.08.2010 թվականի թիվ 08-Ա հրամանի հիմքով ստեղծված հանձնաժողովի 01.09.2010 թվականի արձանագրությունը ՀՀ վարչական դատարանի 02.06.2011 թվականի թիվ ՎԴ3/0098/05/11 վճռով ճանաչվել է անվավեր:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ սույն գործում առկա են «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի եզրակացությունը` անհրաժեշտ ելակետային տվյալների անբավարար լինելու պատճառով Դատարանի որոշումն անկատար թողնելու մասին, «Հողշինմոնիտորինգ» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից կատարված չափագրումները` ներկայիս բացահանքի տարածքն Ընկերության հողհատկացման սահմաններում գտնվելու մասին, սակայն նման պայմաններում էլ Դատարանն իր նախաձեռնությամբ չի նշանակել փորձաքննություն, հիմք է ընդունել իրարամերժ ու հակասական գրությունները և գտել է, որ առկա է Ընկերության կողմից Կազմակերպությանը պատկանող հողամասի համադրում: Ավելին, սույն գործում առկա փորձագետի 08.02.2012 թվականի եզրակացությամբ նշվել է, որ 1981 թվականին կազմված երկրաբանական քարտեզը չի արտահայտում ներկայիս իրավիճակը (տրավերտինների արդյունահանման, լցակույտառաջացման հետևանքով տարածքի ռելիեֆը փոխվել է, առաջացել են նոր հանքախորշեր, փոխվել է դաշտամիջյան ճանապարհների տեղադիրքը, չկան էլեկտրական հոսանքագծերի հենասյուները և այլն), իսկ նշված փոփոխությունները հնարավորություն չեն տալիս նույնականացնել երկրաբանական քարտեզում ներկայացված իրավիճակը ներկա իրավիճակի հետ, որի արդյունքում սխալվելու հնարավորությունը մեծ է: Այսինքն` Դատարանի կողմից բազմաթիվ հակասական գրավոր փաստաթղթերի և փորձագետների կողմից պահանջվող մասնագիտական հարցին սպառիչ պատասխան տալու հնարավորություն չունենալու պայմաններում հիմք են ընդունվել գրություններում արծարծված փաստերը, և կայացվել է անհիմն դատական ակտ` չնշանակելով լրացուցիչ փորձաքննություն, որպեսզի բացահայտվեր գործի քննությունը վերսկսելու համար հիմք հանդիսացած հանգամանքը` կողմերի կողմից զբաղեցված տարածքների` բնության մեջ տեղակայվածությունը պարզելու վերաբերյալ: Այսպիսով, Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել փորձագետի 08.02.2012 թվականի եզրակացությանը և այն հանգամանքին, որ Կազմակերպության կողմից չի հիմնավորվել իր խախտված իրավունքի առկայության փաստը, թե իր տարածքը բնության մեջ կոնկրետ որ մասում է գտնվում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.11.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Ընկերության կողմից բերված վճռաբեկ բողոքում նշված հիմքերը, հիմնավորումները, ինչպես նաև իրավական նորմերով սահմանված պահանջները հիմնավորված չեն, քանի որ Կազմակերպության կողմից բերված փաստերից, դրանք հիմնավորող ապացույցներից և իրավական վերլուծությունից հետևում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից պահպանվել են դատաքննությամբ հիմնավորված փաստարկները և իրավական նորմերով սահմանված պահանջները, որպիսի պարագայում Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտն օրինական և հիմնավորված է, իսկ բերված վճռաբեկ բողոքը հիմնավոր չէ, և այն ենթակա է մերժման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 16.03.2010 թվականի «Վարձակալության իրավունքի վաճառքի» պայմանագրի 1-ին կետի համաձայն` «Գևսյուզ» ՍՊԸ-ն վաճառել է ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղական համայնքի կողմից վարձակալության պայմանագրով իրեն հանձնված ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղում գտնվող 8 հա մակերեսով հողի վարձակալության իրավունքը, իսկ Կազմակերպությունը գնել է վարձակալության պայմանագրով սահմանված իրավունքները և պարտավորությունները (հատոր 1-ին, գ.թ. 33):

2) 19.03.2010 թվականի «Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման» թիվ 2385893 վկայականի համաձայն` ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղի Սարալանջի թիվ 1 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակությամբ հողատարածքի նկատմամբ 16.03.2010 թվականի վարձակալության իրավունքի վաճառքի թիվ 571 պայմանագրի հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 03031-2-2 մատյանի 000255 համարի տակ գրանցված է Կազմակերպության վարձակալության իրավունքը:

Նույն վկայականի «Հողամասի տվյալները» բաժնում որպես հողամասի չափ նշված է` 8 հա (հատոր 1-ին, գ.թ. 9-11):

3) Նախարարության աշխատակազմի ղեկավարի 27.08.2010 թվականի թիվ 08-Ա հրամանի հիման վրա ստեղծված հանձնաժողովի 01.09.2010 թվականի արձանագրության համաձայն` ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ`

- Ընկերությանը թիվ 094 լիցենզային պայմանագրով տրամադրված տեղամասն արտահայտվում է թվով 4 եզրագծային կոորդինատներով, իսկ նույն պայմանագրի 1-ին հավելվածի սխեմատիկ քարտեզով տրամադրված տեղամասը պատկերված է թվով 5 եզրագծային ծայրակետային կոորդինատներով:

- Պայմանագրում տրամադրված տեղամասը եզրագծվում է պայմանական եզրագծային կոորդինատներով, որոնցից 2-րդ կետի կոորդինատները դուրս են գտնվում Գոռավան տեղամասի հաստատված պաշարների եզրագծի սահմաններից: Բացի այդ, 1-4-րդ և 2-3-րդ եզրագծերը խաչվում են, որի պատճառով կետերի հերթական դասավորվածության արդյունքում անտրամաբանական է դառնում տրամադրված տեղամասն ու նրա զբաղեցրած մակերեսը:

ՈՒստի, հանձնաժողովն ի վիճակի կլինի առաջադրված հանձնարարականին լուծում տալ Ընկերության թիվ 094 լիցենզային պայմանագրում առկա նշված թերությունները, անհամապատասխանությունները և 2-րդ կետի կոորդինատների անճշտությունը վերացնելուց հետո:

Առանց նշված թերությունները, անճշտությունները և 2-րդ կետի կոորդինատների անճշտությունը վերացնելու` այս պահին Ընկերության կողմից ընդերքի շահագործման տեղամասը գտնվում է թիվ 094 լիցենզային պայմանագրով իրեն տրամադրված տեղամասի կոորդինատներից դուրս:

Այսինքն` Ընկերությունն այն տարածքի համար, որտեղ իրականացնում է ընդերքշահագործման աշխատանքներ, չունի համապատասխան թույլտվություն (հատոր 1-ին, գ.թ. 16):

4) Նախարարության աշխատակազմի ղեկավարի 27.01.2011 թվականի թիվ 07/26.2/240-11 գրության համաձայն` երկու (Կազմակերպությանը տրամադրված հողամասի գլխավոր հատակագծով հատկացված 8 հա մակերեսով և Ընկերության կողմից փաստացի շահագործում իրականացրած տեղամասը` 0,86 հա մակերեսով) տարածքները 0,53 հա մակերեսով իրար ծածկում են (հատոր 1-ին, գ.թ. 15):

5) ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղապետի 08.02.2011 թվականի թիվ 15 գրության համաձայն` Ընկերությանը և Կազմակերպությանը տարանջատում է 2 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածք:

ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղապետարանի հաշվեկշռում թիվ 246-001 տարածքում գտնվող 23,34 հա մակերեսով արդյունաբերական և ընդերքօգտագործման տարածքի հողերը գտնվում են ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի հողային հաշվեկշռում և տրված են վարձակալությամբ:

Կազմակերպությունը հողի վարձակալության առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղապետարանին հողատարածքի սահմանների անճշտության կապակցությամբ գրավոր դիմում չի ներկայացրել (հատոր 1-ին, գ.թ. 48):

6) ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդու տարածքային ստորաբաժանման ղեկավարի 11.02.2011 թվականի թիվ 453 գրության համաձայն` պետական գրանցման հիմք հանդիսացող հատակագծերը կազմված են առանց կոորդինատային տվյալների, ըստ այդմ` գրանցված իրավունքները հնարավոր չէ ճշգրիտ տեղադրել էլեկտրոնային քարտեզում: Ճշգրիտ կոորդինատային տվյալների առկայության դեպքում միայն կարող է պարզվել` հողատարածքների միջև համադրում կա, թե ոչ, և ինչպես են հարևանում Ընկերության և Կազմակերպության անվամբ գրանցված հողատարածքները (հատոր 1-ին, գ.թ. 74):

7) Դատարանի 11.08.2011 թվականի որոշմամբ սույն գործով նշանակվել է դատաշինարարատեխնիկական փորձաքննություն, և փորձագետներին պարզաբանման համար առաջադրվել են հետևյալ հարցերը`

- Համապատասխանում է արդյոք Կազմակերպության կողմից փաստացի զբաղեցված տարածքը վերջինիս վարձակալության իրավունքի վկայականում և գլխավոր հատակագծում ամրագրված տվյալներին` չափերին և դիրքին:

- Համապատասխանում է արդյոք Ընկերության կողմից փաստացի զբաղեցված տարածքը վերջինիս վարձակալության իրավունքի վկայականում և գլխավոր հատակագծում ամրագրված տվյալներին` չափերին և դիրքին:

- Համապատասխանում է արդյոք Ընկերության կողմից փաստացի զբաղեցված տարածքը վերջինիս լիցենզիոն թիվ 094 պայմանագրով ամրագրված տարածքին, և նրա կողմից փաստացի արդյունահանված տարածքը որքանով է համադրվում լիցենզիոն թիվ 094 պայմանագրով իրեն ամրագրված տարածքին:

- Առկա է արդյոք հողամասի ինքնակամ զավթում Կազմակերպության և (կամ) Ընկերության կողմից, և եթե այո, ապա որի կողմից, ինչ չափով, ում սեփականության կամ (և կամ) վարձակալության իրավունքով տրամադրված հողամասից է ինքնակամ զավթվել:

- Ներկա պահին Ընկերությանը պատկանող մեխանիզմները և սարքավորումներն ում սեփականության կամ (և կամ) վարձակալության իրավունքով տրամադրվող հողամասում են գտնվում:

- Համադրվում են արդյոք Կազմակերպությանը և Ընկերությանը վարձակալության իրավունքով պատկանող հողամասերը, և եթե այո, ապա ինչ չափով և ինչի արդյունք է այդ համադրումը:

Նույն որոշմամբ սույն գործի վարույթը կասեցվել է` մինչև փորձաքննության եզրակացությունը ստանալը(հատոր 2-րդ, գ.թ. 28-29):

8) «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 29.06.2012 թվականի փորձագետի թիվ 11-2744 եզրակացության համաձայն` փորձաքննությանն առաջադրված հարցերի պարզաբանման համար անհրաժեշտ է նաև Դատարանի որոշմամբ փորձագետ ճանաչված «Գեոդեզիական և քարտեզագիտական» ՊՈԱԿ-ի բաժնի պետ Զորի Շահինյանի եզրակացությունը, սակայն նա հայտնել է, որ ծանոթ չէ որոշմանը և իրեն ներգրավել են առանց իր գիտության, միաժամանակ հրաժարվում է մասնագիտական եզրակացություն տրամադրելուց: Նույն եզրակացությամբ Դատարանի 11.08.2011 թվականի փորձաքննություն նշանակելու վերաբերյալ որոշման պահանջները թողնվել են անկատար` անհրաժեշտ ելակետային տվյալների անբավարար լինելու պատճառով(հատոր 2-րդ, գ.թ. 38-42):

9) Դատարանի 03.07.2012 թվականի որոշմամբ սույն գործի վարույթը վերսկսվել է (հատոր 2-րդ, գ.թ. 46):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյոք դատարանի որոշմամբ նշանակված փորձաքննության արդյունքում փորձագետի եզրակացությամբ այդ որոշումն անկատար թողնելու, այսինքն` փորձաքննությամբ դատարանի որոշմամբ սահմանված հարցերը պարզաբանված չլինելու պայմաններում դատարանն իրավասու է, վերսկսելով գործի վարույթը, կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Այդ տեղեկությունները հաստատվում են`

1) գրավոր և իրեղեն ապացույցներով.

2) փորձագետների եզրակացություններով.

3) վկաների ցուցմունքներով.

4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ մեկ այլ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը, եթե նշանակել է փորձաքննություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակել փորձաքննություն` իր որոշմամբ սահմանելով հարցերի ցանկը և բովանդակությունը, իսկ փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքում դատարանն իրավունք ունի նաև նշանակել լրացուցիչ փորձաքննություն: Փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն` փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ և չի կարող կրել ձևական բնույթ: Դրա արդյունքների նկատմամբ դատարանը պարտավոր է լինել հետևողական, որպիսի հետևողականության դեպքում դատարանը չի կարող փորձաքննություն նշանակելու վերաբերյալ իր իսկ որոշմամբ սահմանված հարցերը պարզաբանված չլինելու պայմաններում, վերսկսելով կասեցված գործի վարույթը, կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ, քանի որ այդ դեպքում հատուկ գիտելիքներ պահանջող հարցերը կմնան չպարզաբանված:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման սխալից խուսափելու նպատակով դատարանը պետք է ակտիվորեն օգտագործի իր դատավարական լիազորությունները` գործով լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասով: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված լրացուցիչ փորձաքննության նշանակումը թեև դատարանի բացառիկ լիազորությունն է, սակայն դատարանն իր այդ լիազորությունն իրականացնելիս պարտավոր է ապահովել և երաշխավորել նույն օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմանը հանգելու պարտականության լիարժեք իրականացումը: Հակառակ դեպքում` փորձաքննություն նշանակելու հիմքով մինչև փորձագիտական եզրակացություն ստանալը գործի վարույթի կասեցումն ըստ էության կկրի ձևական բնույթ և չի ծառայի իր նպատակին: Արդյունքում նման իրավիճակը կարող է հանգեցնել անձի` ողջամիտ ժամկետում իր գործի քննության սահմանադրորեն երաշխավորված իրավունքի խախտմանը:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 11.08.2011 թվականի որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական փորձաքննություն, այդ նպատակով փորձագետներին պարզաբանման համար առաջադրվել են որոշակի հարցեր, և կասեցվել է գործի վարույթը, սակայն «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 29.06.2012 թվականի փորձագետի թիվ 11-2744 եզրակացությամբ հայտնվել է, որ Դատարանի որոշմամբ փորձագետ ճանաչված «Գեոդեզիական և քարտեզագիտական» ՊՈԱԿ-ի բաժնի պետ Զորի Շահինյանը հրաժարվում է մասնագիտական եզրակացություն տրամադրելուց, և Դատարանի 11.08.2011 թվականի որոշման պահանջները (հարցերը) թողնվել են անկատար` հիմքում դնելով անհրաժեշտ ելակետային տվյալների անբավարար լինելու հանգամանքը, որից հետո էլ Դատարանի 03.07.2012 թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է, և կայացվել է վճիռ (գործն ըստ էության լուծող դատական ակտ)` հայցը բավարարելու տեսքով:

Վերոնշյալ դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով գործի փաստերին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, իր իսկ կայացրած որոշմամբ նշանակելով փորձաքննություն և այդ նպատակից ելնելով փորձագետներին պարզաբանման համար առաջադրելով որոշակի հարցեր, փորձաքննության արդյունքների նկատմամբ չի եղել հետևողական, ինչից հետևում է, որ Դատարանի կողմից փորձաքննության նշանակումը կրել է ձևական բնույթ, որն ազդել է գործի ելքի վրա, քանի որ քննության ժամանակ ծագած հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանված չլինելու պայմաններում սույն գործով հնարավոր չէ պարզել գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև սույն վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Տվյալ դեպքում փորձագետի կողմից փորձաքննության չիրականացումը և փորձագիտական եզրակացության չտրամադրումը պայմանավորված է եղել Դատարանի կողմից փորձագետ ճանաչված անձին փորձաքննության իրականացման համար ելակետային տվյալների ոչ բավարար տրամադրման հետ, որպիսի հանգամանքը չէր բացառում Դատարանի կողմից լրացուցիչ ելակետային տվյալների տրամադրումը կամ փորձաքննության իրականացումն այլ անձի կամ կազմակերպության հանձնարարումը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանի կողմից նշանակված փորձաքննության պայմաններում փորձագետի կողմից փորձագիտական եզրակացություն չտրամադրելու պայմաններում Դատարանը կարող էր ավարտել գործի վարույթը միայն այն դեպքում, երբ անհնարին էր փորձագետին անհրաժեշտ ելակետային տվյալների տրամադրումը կամ չկային համապատասխան փորձագետներ: Ընդ որում, այն դեպքերում, երբ փորձագետին անհրաժեշտ տվյալները գտնվում են դատավարության մասնակիցների տիրապետման ներքո, ապա դրանց չտրամադրման դեպքում Դատարանն ապացուցման կանոններին համապատասխան պետք է անդրադառնա դրա բացասական հետևանքներին:

Արդյունքում, Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Դատարանը, վերսկսելով գործի վարույթը, հետամուտ չի եղել համոզվելու, թե փորձագետին անհրաժեշտ տվյալները հնարավոր է տրամադրել, թե` ոչ, կամ առկա տվյալներով այլ փորձագետ կարող է տալ փորձագիտական եզրակացություն, թե` ոչ, ու այդ պայմաններում ավարտել է գործի վարույթը` գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները որոշելով թերի ապացույցներով, որպիսի հանգամանքներն էլ անտեսվել են Վերաքննիչ դատարանի կողմից:

Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքում վկայակոչված մյուս փաստարկներին չի անդրադառնում, քանի որ Դատարանի կողմից թույլ տրված նշված խախտման, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի կողմից դրա անտեսման պայմաններում դրանք տվյալ պահին չեն կարող դառնալ քննության առարկա:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.11.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.05.2013
N ԱՎԴ1/0074/02/11
Որոշում