(ուժը կորցրել է 24.12.01 ՆՀ-1005 հրամանագիր)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՄՅՈՒՍ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՏԱՐՎՈՂ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրապետությունում ստեղծված անցումային բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակը, գործող օրենսդրության անկատարությունը, բանկային, ֆինանսական և իրավապահ մարմինների առանձին ստորաբաժանումների անբավարար աշխատանքը նպաստավոր պայմաններ են ստեղծել մի շարք հանցավոր խմբերի և անձանց համար զբաղվելու պետական, հասարակական և քաղաքացիներին պատկանող գույքի հափշտակությամբ: Նման ոտնձգություններն ուղղված են նոր կազմավորվող ազգային պետականության հիմքերի խարխլմանը, ոտնահարում են քաղաքացիների և կազմակերպությունների սահմանադրական իրավունքները` ծնելով իշխանությունների հանդեպ անվստահության դրսևորումներ:
Պետական, հասարակական և քաղաքացիներին պատկանող գույքի հափշտակությունների, տնտեսական բնույթի մյուս հանցագործությունների դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով, որոշում ե մ.
1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, պետական տեսչության, գերատեսչությունների, միավորումների միջոցով, դրանց ղեկավարների անձնական պատասխանատվությամբ, երկամսյա ժամկետում նախապատրաստել և ս/թ նոյեմբերի 1-ից 30-ը անցկացնել պետական ունեցվածքի գույքագրում պետական բոլոր ձեռնարկություններում, կազմակերպություններում: Պակասորդների և այլ չարաշահումների վերաբերյալ նյութերը, սահմանված կարգով, հանձնել իրավապահ մարմինների քննությանը:
Այդ աշխատանքներն անհրաժեշտ ձևով վերահսկելու և դրանց իրականացման արդյունավետությունն ապահովելու համար մշակել համապատասխան մեխանիզմ` ներգրավելով նախարարությունների, պետական վարչությունների, պետական տեսչության, գերատեսչությունների պատասխանատու աշխատողներին, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:
2. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործկոմներին` քննության առնել և հատուկ միջոցներ նախատեսել բնակելի շենքերի մուտքերի, առանձնատների և ամառանոցների, ավտոկանգառների պահպանության նախազգուշական-պրոֆիլակտիկ միջոցառումների իրականացման ուղղությամբ:
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ելնելով Երևան քաղաքում տիրող հանցածին կացությունից, կազմակերպել պետական, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների գույքի պահպանության ապահովմանը, հափշտակությունների կանխարգելմանն ուղղված շուրջօրյա նպատակային պարեկություն` հատուկ պարեկային խմբերով:
4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը, Հայաստանի Հանրապետության բանկին` մշակել և երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել առաջարկություններ` ուղղված բանկային համակարգում հափշտակությունների կանխարգելմանը, պետական գույքի պահպանության ուժեղացմանը:
/5 կետն ուժը կորցրել են 14.04.95 հրամանագիր/
i
/6 կետն ուժը կորցրել են 02.02.95 հրամանագիր/
i
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը, Հայաստանի Հանրապետության բանկին` երկամսյա ժամկետում ուսումնասիրել բանկերի տված ժամկետանց վարկերի առաջացման պատճառները:
Կատարված ստուգումների արդյունքներից ելնելով ձեռնարկել համապատասխան միջոցներ, անհրաժեշտության դեպքում, նյութերը հանձնել դատախազության մարմիններին:
8. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` ուժեղացնել հսկողությունը հանրապետությունից թանկարժեք և գունավոր մետաղների, քարերի, այլ նյութերի, արվեստի արժեքավոր ստեղծագործությունների ապօրինի դուրսբերումը կանխելու ուղղությամբ, ակտիվացնելով համագործակցությունը իրավապահ մարմինների հետ:
9. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`
հափշտակությունների դեմ տարվող պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, յուրաքանչյուր կիսամյակի վերջում ամփոփել օրենսդրության պահանջների կատարման վիճակը, կոորդինացնել իրավապահ և շահագրգիռ մյուս մարմինների աշխատանքը` այն նպատակամղելով այդ հանցագործությունների կանխմանը: Առանձնակի հսկողություն սահմանել հափշտակությունների վերաբերյալ քրեական գործերի քննության նկատմամբ.
յուրաքանչյուր կիսամյակը մեկ տարվող աշխատանքների և սույն հրամանագրի կատարումն ապահովելու մասին ինֆորմացիա տալ Հայաստանի Հանրապետության նախագահին` նշելով պետական կառավարման այն համակարգերը, որտեղ հափշտակությունները տարածված բնույթ են կրում և գործնական միջոցներ չեն ձեռնարկվում դրանք կանխելու համար:
10. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` վերահսկողություն իրականացնել հավաստի վիճակագրական տեղեկատվություն ապահովելու նկատմամբ, կատարել պարբերական ուսումնասիրություններ և յուրաքանչյուր և եռամսյակի արդյունքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության նախագահին:
11. Առաջարկել Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժին` տնտեսական գործունեության մեջ հայտնաբերված օրինականության ու պետական կարգապահության առավել լուրջ խախտումների, թերությունների և բացթողումների մասին պարբերաբար հաղորդումներ ուղարկել Հայաստանի Հանրապետության դատախազությանը, ներքին գործերի նախարարությանը, մյուս իրավապահ մարմիններին` մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը քննության առնելու համար:
1 սեպտեմբերի 1992 թվական
ՆՀ-149