Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ԵՎ 373-ՐԴ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ԵՎ 373-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ԼԴ/0093/01/12  

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԼԴ/0093/01/12

Նախագահող դատավոր` Ս. Չիչոյան

    Դատավորներ`        Ե. Դարբինյան

                       Գ. Ավետիսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Դ. Ավետիսյանի

 

    մասնակցությամբ դատավորներ                 Ս. Ավետիսյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    քարտուղարությամբ                          Մ. Պետրոսյանի

 

    2012 թվականի դեկտեմբերի 5-ին                        ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Արսեն Կարենի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի օգոստոսի 14-ի որոշման դեմ ՀՀ զինվորական դատախազության Լոռու կայազորի զինվորական դատախազ Թ. Միրզաբեկյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2012 թվականի հունվարի 23-ին ՀՀ ՊՆ ՔԾ յոթերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 90450412 քրեական գործը:

2012 թվականի ապրիլի 4-ին Արսեն Կարենի Մկրտչյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով:

2012 թվականի մայիսի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանն դատական քննության արագացված կարգի կիրառմամբ 2012 թվականի հունիսի 21-ի դատավճռով ամբաստանյալ Արսեն Մկրտչյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել է ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով:

3. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել ամբաստանյալ Արսեն Մկրտչյանը և պաշտպան Նաիրա Պետրոսյանը` խնդրելով դատավճիռը բեկանել, փոփոխել և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա` նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:

Վերաքննիչ դատարանը 2012 թվականի օգոստոսի 14-ի որոշմամբ բավարարել է վերաքննիչ բողոքը. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունիսի 21-ի դատավճիռը պատժի մասով բեկանել և փոփոխել է, Արսեն Մկրտչյանի նկատմամբ նշանակված 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա, պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 14-ի որոշման դեմ ՀՀ զինվորական դատախազության Լոռու կայազորի զինվորական դատախազ Թ. Միրզաբեկյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

8. Արսեն Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով ՀՀ ՊՆ 63853 զորամասի 3-րդ ՀԳ-ի 9-րդ ՀՎ-ի 3-րդ դասակի 3-րդ ջոկի գնդացրորդ, կոչումով շարքային, 2012 թվականի հունվարի 23-ին` ժամը 09:00-ից, ընդգրկված լինելով զորամասի պահակային ծառայության վերակարգում որպես 1-ին պահակախմբի 3-րդ պահակակետի 2-րդ հերթափոխի ժամապահ, նույն օրը` ժամը 09:15-ի սահմաններում, առանց համապատասխան թույլտվության, ինքնագլուխ թողել է իր պահակակետը և գնացել 2-րդ պահակակետի տարածք, մոտեցել ԳԱԶ 33081 մակնիշի ՊՆ 7082 Շ ավտոմեքենայի մոտ կանգնած 3-րդ ՀԳ-Ի 7-րդ ՀՎ-ի 3-րդ դասակի վարորդ, շարքային Արմեն Վաչագանի Բարսեղյանին, զրույցի բռնվել նրա հետ և երբ շարքային Ա. Բարսեղյանը ոտքը դրել է ավտոմեքենայի ոտնահենակին ու ցանկացել է բարձրանալ ավտոմեքենայի խցիկը, կատակելով, վախեցնելու նպատակով, ենթադրել, որ ինքնաձիգի վրա ամրացված է դատարկ փամփշտատուփ, խախտել է զենքի հետ վարվելու կանոններն ու ծառայությունն իրականացնելու համար իրեն ամրակցված ու իր մոտ գտնվող ԱԿ-74 տեսակի 105948 համարի ինքնաձիգով կատարել է լիցքավորման գործողություն, սեղմել ձգանն ու կրակել նրա ուղղությամբ` վերջինիս անզգուշությամբ պատճառելով առողջության ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող (տե՛ս քրեական գործ, հատոր 1, էջ 210):

9. ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 63853 զորամասի հրամանատարը դեպքի կապակցությամբ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ 2012 թվականի հունվարի 23-ին արձակել է թիվ 57 հրամանը, որով հանձնարարել է` «(...) մարմնական վնասվածք հասցնելու պատճառները պարզելու համար, կարգապահությունը բարձրացնելու և նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով անցկացնել ծառայողական քննություն և արդյունքները եզրակացության տեսքով ներկայացնել ինձ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 92):

ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 63853 զորամասի հրամանատարի 2012 թվականի հունվարի 23-ի մեկ այլ` թիվ 58 հրամանի համաձայն` «ՀՀ ՊՆ 63853 զորամասի 3-րդ ՀԳմ-ի 9-րդ ՀՎ-ի 3-րդ ՀԴ-ի 3-րդ ՀՋ-ի գնդացրորդ` շարքային Արսեն Կարենի Մկրտչյանը 2012 թվականի հունվարի 23-ին, ընդգրկված լինելով պահակային ծառայության մեջ, անզգույշ է վարվել զենքի հետ` մարմնական վնասվածք հասցնելով 3-րդ ՀԳմ-ի 7-րդ ՀՎ-ի 3-րդ ՀԴ-ի վարորդ` շարքային Արմեն Վաչագանի Բարսեղյանին: Մարմնական վնասվածք հասցնելու համար, կարգապահությունը բարձրացնելու և նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով հրամայում եմ`

1. Հայտարարել «Կալանք-10 օր».

1) 3-րդ ՀԳմ-ի 9-րդ ՀՎ-ի 3-րդ ՀԴ-ի 3-րդ ՀՋ-ի գնդացրորդ` շարքային Արսեն Կարենի Մկրտչյանին:

2. Հրամանի կատարման հսկողությունը ստանձնել զորամասի շտաբի պետին:

3. Հրամանը հասցնել անձնակազմին իրենց վերաբերող մասով» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 93):

10. 2012 թվականի ապրիլի 19-ին շարքային Արմեն Բարսեղյանը Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է ոչ պիտանի զինծառայությանը խաղաղ ժամանակ և պիտանի շարային ծառայությանը պատերազմի ժամանակ ու զորացրվել է պահեստազոր (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 264):

11. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հիմնական պայմանը պատճառաբանված լինելն է: Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը պետք է հանգամանորեն քննության առնի ինչպես հանցագործության կատարման, այնպես էլ հանցավորի անձին վերաբերող բոլոր հանգամանքները: Կարևորն այն է, որ հանգի հիմնավոր եզրակացության, որ դատապարտյալի ուղղումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու: (ՀՀ Վճռաբեկ դատարանի Հովհաննես Արտաշեսի Սահակյանի վերաբերյալ 2009 թվականի հունիսի 2-ի թիվ ԵՔՐԴ/0571/01/08 որոշում: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման օրենսդրական պայմանները ՀՀ Վճռաբեկ դատարանը մեկնաբանել և այդ խնդրի վերաբերյալ իր իրավական դիրքորոշումն է արտահայտել նաև Հազարապետ Հարությունյանի վերաբերյալ 2007 թվականի մարտի 30-ի թիվ ՎԲ-50/07, Սուսաննա Ներսիսյանի վերաբերյալ 2007 թվականի հունիսի 12-ի թիվ ՎԲ 124/07, Թամարա Տեր-Գրիգորյանի վերաբերյալ 2007 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ ՎԲ-192/07, Գագիկ Ազատյանի վերաբերյալ քրեական գործով 2007 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ ՎԲ-195/07, Հուսիկ Բաղդասարյանի վերաբերյալ 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԱՎԴ2/0059/01/08, Դավիթ Հովհաննիսյանի վերաբերյալ 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0078/01/09 և այլ որոշումներում):

(...)

Արսեն Մկրտչյանը զղջացել է կատարած արարքի համար, տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, նախկինում դատված չէ, բնութագրվում է դրական, տուժողը և ամբաստանյալը հաշտվել են և տուժող կողմը ամբաստանյալից որևէ պահանջ չի ներկայացրել, իսկ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ սույն գործով բացակայում են:

(...)

Վերաքննիչ բողոքին կցված «Շենավանի բժշկական ամբուլատորիա» ՓԲ ընկերության տեղեկանքների համաձայն` Արսեն Մկրտչյանի ծնողները` Կարեն և Արմինե Մկրտչյանները, վատառողջ են: Վերաքննիչ դատարանն արձանագրում և որպես Արսեն Մկրտչյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում խնամքին վատառողջ ծնողների առկայությունը: Բացի այդ, վերաքննիչ դատարանը հաշվի է առնում, որ տուժող Արմեն Բարսեղյանը հաշտվել է Արսեն Մկրտչյանի հետ, տուժողը որևէ պահանջ չի ներկայացրել և չի առարկել վերաքննիչ բողոքի դեմ, ինչպես նաև այն, որ Արսեն Մկրտչյանն ավարտել է ծառայությունը» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 103-104):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

12. Բողոքի հեղինակի պնդմամբ Վերաքննիչ դատարանը, ամբաստանյալ Ա. Մկրտչյանի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելով, խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածների, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ և 397-րդ հոդվածների, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի թիվ ՎԲ-192/07, ՎԲ-50/07, ՎԲ-201/07, ԱՎԴ2/0059/01/08, ԵԱՔԴ/0078/01/09 որոշումների պահանջները, խաթարել պատժի նպատակները, խախտել սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի` բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ամբաստանյալ Ա. Մկրտչյանի նկատմամբ նշանակված պատիժը չափազանց մեղմ է, չի համապատասխանում հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանին և բնույթին, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալներին, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներին: Հետևաբար, բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի օգոստոսի 14-ի որոշումը և օրինական ուժ տալ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունիսի 21-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

13. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հիմքը Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարած անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի առնվող հանգամանքների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Ա. Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս հաշվի առե՞լ է արդյոք վերջինիս կողմից թույլ տրված` զենքի հետ վարվելու կանոնների խախտման բնույթը:

15. ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու համար, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս կամ առաջացրել է ռազմական տեխնիկայի ոչնչացում կամ այլ ծանր հետևանքներ:

Մեջբերված քրեաիրավական դրույթի վերլուծությունից երևում է, որ մարդու առողջությանը ծանր կամ այլ վնաս պատճառելու, ռազմական տեխնիկայի ոչնչացման կամ այլ ծանր հետևանքների առաջացման նկատմամբ հանցավորը դրսևորում է անզգուշություն: Արարքի հետևանքների նկատմամբ դրսևորված անզգույշ մեղքի ձևին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Է. Ասատրյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ դրսևորված անզգույշ մեղքի (...) տարատեսակները, ելնելով գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններից, տարբեր կերպ են բնորոշում հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը: Այսպես` հանցավոր անփութության դեպքում անձը չի նախատեսում իր արարքի արդյունքում ծանր հետևանքների առաջացման հնարավորությունը, հետևաբար չի գիտակցում նաև իր կողմից տվյալ իրադրությունում թույլ տրված խախտման վտանգավորությունը: Մինչդեռ հանցավոր ինքնավստահության դեպքում անձը գիտակցում է, որ իր կողմից թույլ տրված խախտման արդյունքում կարող են վտանգավոր հետևանքներ առաջանալ, այսինքն` նա գիտակցում է իր արարքի վտանգավորությունը և, չնայած դրան` թույլ է տալիս նշված խախտումը, ինչը վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին» (տե՛ս Էդմոն Գարասիմի Ասատրյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0201/01/11 որոշման 17-րդ կետը):

16. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում և համապատասխանաբար նաև Է. Ասատրյանի գործով որոշման մեջ շարադրված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ դրսևորված անզգույշ մեղքի տարատեսակները, ելնելով գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններից, տարբեր կերպ են բնորոշում հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը: Հետևաբար, նշված հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերով անհրաժեշտ է առանձնակի ուշադրություն դարձնել զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվեցողության կանոնների խախտման, ինչպես նաև դրա արդյունքում առաջացած հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքին:

17. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն`

i

«1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»:

Մեջբերված քրեաիրավական դրույթը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Դ. Հովհաննիսյանի գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել, եթե առկա է դատարանի համոզվածությունը, վստահությունն առանց ռեալ (իրական) պատիժ կրելու դատապարտյալի ուղղվելու հնարավորության մասին: Դատարանը նման հետևության հանգում է միայն օբյեկտիվ գոյություն ունեցող տվյալների վերլուծության հիման վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում են պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին:

(...)

Չնայած պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, դատարանը պարտավոր է, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, հաշվի առնել նաև հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը: (...) Պատիժը պայմանականորեն չկիրառելու համար կարևոր նշանակություն ունեն հանցագործության կատարման հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մեղքի ձևը, հանցավորի կողմից այդ հանցագործության հանրորեն վտանգավոր հետևանքները նախատեսելու բնույթն ու աստիճանը: (...)» (տե՛ս Դավիթ Ռոբերտի Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0078/01/09 որոշման 11-12-րդ կետերը):

18. Սույն որոշման 16-րդ կետում շարադրված եզրահանգումը մեկնաբանելով սույն որոշման 17-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշման լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս կարևոր նշանակություն ունեն հանցագործության կատարման հանգամանքները, եղանակը, հանցավորի կողմից այդ հանցագործության հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ դրսևորված անզգույշ մեղքի տեսակը, ինչպես նաև նշված հանրորեն վտանգավոր հետևանքները նախատեսելու բնույթն ու աստիճանը, քանի որ առանց նշված հանգամանքների գնահատման հնարավոր չէ ճիշտ պատկերացում կազմել հանցավորի անձի և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին:

19. ՀՀ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի (այսուհետ նաև` Կանոնագիրք) 91-րդ հոդվածի համաձայն` «Պահակային ծառայության կատարումը համարվում է մարտական առաջադրանք և անձնակազմից պահանջվում է ճշտորեն պահպանել սույն Կանոնագրքի բոլոր դրույթները, ցուցաբերել բարձր զգոնություն, աննկուն վճռականություն և նախաձեռնություն: (...)»:

Կանոնագրքի 95-րդ հոդվածի համաձայն` «Օբյեկտների անմիջական պահպանման և պաշտպանության համար պահակախմբի կազմից նշանակվում են ժամապահներ:

Ժամապահ է կոչվում զինված պահակը, որը կատարում է իրեն հանձնարարված պահակակետը պահպանելու ու պաշտպանելու մարտական առաջադրանք: (...)»:

Կանոնագրքի 183-րդ հոդվածի համաձայն` «Ժամապահը պարտավոր է`

- աչալրջորեն պահպանել և պաշտպանել իր պահակակետը.

- ծառայությունը կատարել առույգ, ոչնչով չհրապուրվել, ձեռքից բաց չթողնել և ոչ մեկին չտալ զենքը, անգամ այն անձանց, որոնց ինքը ենթակա է.

(...)

- նույնիսկ իր կյանքին վտանգ սպառնալու դեպքում պահակակետը չլքել, քանի դեռ չի հերթափոխվել կամ հանվել, (...)»:

Կանոնագրքի 185-րդ հոդվածի համաձայն` «Ժամապահին արգելվում է` (...) փամփուշտն անհարկի մտցնել փամփշտանոց: (...)»:

Կանոնագրքի 186-րդ հոդվածի համաձայն` «Ժամապահը պարտավոր է առանց նախազգուշացնելու զենք կիրառել իր կամ իր պահպանած օբյեկտի վրա բացահայտ հարձակման դեպքում»:

Մեջբերված կանոնագրքային դրույթների վերլուծությունից երևում է, որ դրանք սահմանում են պահակային ծառայություն իրականացնող ժամապահի պարտականությունները, որոնց թվում են նաև զենքի հետ վարվեցողության կանոնները:

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա. Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ընդգրկված լինելով զորամասի պահակային ծառայության վերակարգում, որպես 1-ին պահակախմբի 3-րդ պահակակետի 2-րդ հերթափոխի ժամապահ, առանց համապատասխան թույլտվության, ինքնագլուխ թողել է իր պահակակետը և գնացել 2-րդ պահակակետի տարածք, մոտեցել շարքային Արմեն Վաչագանի Բարսեղյանին, զրույցի բռնվել նրա հետ և կատակելով, վախեցնելու նպատակով, ենթադրել, որ ինքնաձիգի վրա ամրացված է դատարկ փամփշտատուփ, խախտել է զենքի հետ վարվելու կանոններն ու ծառայությունն իրականացնելու համար իրեն ամրակցված ու իր մոտ գտնվող ինքնաձիգով կատարել է լիցքավորման գործողություն, սեղմել ձգանն ու կրակել Ա. Բարսեղյանի ուղղությամբ` վերջինիս անզգուշությամբ պատճառելով առողջության ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): 2012 թվականի ապրիլի 19-ին շարքային Արմեն Բարսեղյանը Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է ոչ պիտանի զինծառայությանը խաղաղ ժամանակ և պիտանի շարային ծառայությանը պատերազմի ժամանակ ու զորացրվել է պահեստազոր (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

Ա. Մկրտչյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ իր որոշումը Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է նրանով, որ Արսեն Մկրտչյանը զղջացել է կատարած արարքի համար, տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, նախկինում դատված չէ, բնութագրվում է դրական, տուժողը և ամբաստանյալը հաշտվել են, և տուժող կողմը ամբաստանյալին որևէ պահանջ չի ներկայացրել, իսկ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ սույն գործով բացակայում են: Որպես Ա. Մկրտչյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք Վերաքննիչ դատարանը դիտել է նրա խնամքին վատառողջ ծնողների առկայությունը, ինչպես նաև այն, որ տուժող Ա. Բարսեղյանը հաշտվել է ամբաստանյալ Ա. Մկրտչյանի հետ, տուժողը որևէ պահանջ չի ներկայացրել և չի առարկել վերաքննիչ բողոքի դեմ, ինչպես նաև այն, որ Արսեն Մկրտչյանն ավարտել է ծառայությունը» (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):

21. Սույն որոշման 20-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-19-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Ա. Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս անտեսել է այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ա. Մկրտչյանը կոպիտ կերպով խախտել է ՀՀ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի մի շարք պահանջներ, որոնք վերաբերում են ժամապահի պարտականություններին, փամփշտանոց անհարկի փամփուշտ մտցնելուն, զենքը մարդկանց վրա պահելուն, զենքով կատակ անելուն և այլն: Նշված պահանջների խախտումը համարվում է կոպիտ, քանի որ այն առավել հավանական է դարձնում հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը ամբաստանյալ Ա. Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս պատշաճ չի գնահատել սույն գործի բոլոր փաստական հանգամանքները, այդ թվում` հաշվի չի առել վերջինիս կողմից թույլ տրված` զենքի հետ վարվելու կանոնների խախտման բնույթը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ա. Մկրտչյանի կատարած արարքի հետևանքով տուժող Ա. Բարսեղյանը ճանաչվել է խաղաղ ժամանակ զինծառայության համար ոչ պիտանի և զորացրվել է պահեստազոր: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ, սույն գործի հանգամանքներից ելնելով, որպես Ա. Մկրտչյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք չի կարող գնահատվել այն, որ նա ավարտել է ծառայությունը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող որոշման կայացմանը:

Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումները, որոնք ազդել են պատժի մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա` Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու հիմք են:

22. Սույն որոշման նախորդ կետում շարադրված եզրահանգման համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է անդրադառնալ նաև այն հարցին, թե զենքի հետ անզգույշ վարվելու և դրա հետևանքով մեկ այլ զինծառայողի մարմնական վնասվածք հասցնելու համար Ա. Մկրտչյանի նկատմամբ կալանքը որպես կարգապահական տույժ կիրառված լինելու պայմաններում նույն արարքի համար նրան քրեական պատասխանատվության ենթարկելիս չի՞ խախտվել արդյոք կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքը:

23. Զինծառայողի նկատմամբ կալանքը որպես կարգապահական տույժ կիրառված լինելու պայմաններում նույն արարքի համար նրան քրեական պատասխանատվության ենթարկելիս կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Դ.Բաբայանի գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) նույն արարքի համար կրկին անգամ դատվելու անթույլատրելիության (non bis in idem) սկզբունքը հիմնարար տեղ է զբաղեցնում ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված պաշտպանության համակարգում, որի հիմքում ընկած է մեղքը քաված լինելու կանխավարկածը, և այն իրենից ներկայացնում է նույն արարքի համար նույն անձին կրկին քրեական հետապնդման չենթարկելու, չդատապարտելու, չպատժելու երաշխիք: Ընդ որում, «նույն արարքի համար» ձևակերպումը նշանակում է, որ կրկնակի դատապարտման անթույլատրելիության առարկան պետք է ընկալվի ոչ թե հանցանքի իրավական որակման, այլ փաստական նկարագրության իմաստով:

(...)

(...) Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով իրավախախտումը որպես «քրեական» որակելու չափորոշիչներն են` ա) իրավախախտման դասակարգումն ըստ ազգային օրենսդրության, բ) իրավախախտման բնույթը, գ) նշանակված կամ հնարավոր պատժի խստության աստիճանը: Ընդ որում, իրավախախտումը «քրեական» որակելու համար բավարար է այդ չափորոշիչներից միայն մեկի, այլ ոչ թե բոլորի պարտադիր առկայությունը» (տե՛ս Դավիթ Բորիսի Բաբայանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԿԴ1/0043/01/11 որոշման 22-րդ և 24-րդ կետերը):

24. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 63853 զորամասի հրամանատարը դեպքի կապակցությամբ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ 2012 թվականի հունվարի 23-ին արձակել է թիվ 57 հրամանը, որով հանձնարարել է շարքային Արսեն Մկրտչյանի կողմից շարքային Արմեն Բարսեղյանին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ ծառայողական քննություն անցկացնել: ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 63853 զորամասի հրամանատարի 2012 թվականի հունվարի 23-ի մեկ այլ` թիվ 58 հրամանի համաձայն` շարքային Արսեն Մկրտչյանին հայտարարվել է 10 օր ժամկետով կալանք (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

25. Սույն որոշման 24-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 23-րդ կետում և համապատասխանաբար նաև Դ. Բաբայանի գործով որոշման մեջ շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի նոր քննության ժամանակ անհրաժեշտ է պարզել, թե արդյոք Ա. Մկրտչյանը կրել է ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 63853 զորամասի հրամանատարի թիվ 58 հրամանով նշանակված կարգապահական տույժը և դրանից հետո միայն անդրադառնալ այն հարցին, թե զենքի հետ անզգույշ վարվելու և դրա հետևանքով մեկ այլ զինծառայողի մարմնական վնասվածք հասցնելու համար Ա. Մկրտչյանի նկատմամբ կալանքը որպես կարգապահական տույժ կիրառված լինելու պայմաններում նույն արարքի համար նրան քրեական պատասխանատվության ենթարկելիս չի՞ խախտվել արդյոք կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքը:

26. Հիմք ընդունելով սույն որոշման 14-25-րդ կետերում շարադրված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանների կողմից կայացված դատական ակտերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա անհրաժեշտ է բեկանել և գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արսեն Կարենի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունիսի 21-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի օգոստոսի 14-ի որոշումը բեկանել և քրեական գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.12.2012
N ԼԴ/0093/01/12
Որոշում