ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության ԵԿԴ/0025/15/12
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԵԿԴ/0025/15/12
Նախագահող դատավոր` Կ. Ղազարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Դ. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Դանիելյանի
Ս. Ավետիսյանի
Հ. Ասատրյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ Մ. Պետրոսյանի
մասնակցությամբ Լ. Հակոբյանի
դիմողների ներկայացուցիչներ Տ. Եգորյանի
2012 թվականի դեկտեմբերի 5-ին Երևան քաղաքում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի օգոստոսի 31-ի որոշման դեմ դիմողներ Ֆահրադ Ոսկանյանի, Սամվել Թամարյանի, Գառնիկ Աբազյանի, Սարիբեկ Հոռոմսիմյանի ներկայացուցիչներ Լ. Հակոբյանի և Տ. Եգորյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2012 թվականի փետրվարի 15-ին դիմողներ Ֆահրադ Ոսկանյանը, Սամվել Թամարյանը, Գառնիկ Աբազյանը, Սարիբեկ Հոռոմսիմյանը, Ղարիբ Միտիչյանը, Ալբերտ Օվիյանը և Դեմենտի Թադևոսյանը բողոք են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով վերացնել քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին 2011 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ դիմողներ Ֆ. Ոսկանյանի, Ս. Թամարյանի, Գ. Աբազյանի, Ս. Հոռոմսիմյանի, Ղ. Միտիչյանի, Ա. Օվիյանի և Դ. Թադևոսյանի բողոքը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 20-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք են բերել դիմողների ներկայացուցիչներ Լ.Հակոբյանը և Տ.Եգորյանը, որը Վերաքննիչ դատարանի 2012 թվականի մայիսի 25-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի մայիսի 25-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել փաստաբան Լ. Հակոբյանը, որը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ մերժվել է:
2. 2012 թվականի հունիսի 27-ին դիմողներ Ֆ. Ոսկանյանի, Ս. Թամարյանի, Ղ. Միտիչյանի, Գ. Աբազյանի, Ս. Հոռոմսիմյանի, Դ. Թադևոսյանի ներկայացուցիչներ Լ. Հակոբյանը և Տ. Եգորյանը միջնորդություն են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով հարգելի համարել որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու համար նախատեսված ժամկետի բացթողումը և վերականգնել այն:
Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ դիմողների ներկայացուցիչների միջնորդությունը մերժվել է:
3. Դիմողների ներկայացուցիչների վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2012 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հուլիսի 20-ի որոշումը:
4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 31-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել դիմողներ Ֆ. Ոսկանյանի, Ս. Թամարյանի, Գ. Աբազյանի և Ս. Հոռոմսիմյանի ներկայացուցիչներ Լ. Հակոբյանը և Տ. Եգորյանը:
Վճռաբեկ դատարանի 2012 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ դիմողների ներկայացուցիչների վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Դիմողների ներկայացուցիչների` Առաջին ատյանի դատարան ներկայացրած միջնորդության մեջ նշված է` «Դատարանի (...) 20.04.2012 թվականի որոշումը (...) ստացել ենք (...) 02.05.2012 թ: (...) Որոշման եզրափակիչ մասում նշվել է, որ որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` 10 օրվա ընթացքում և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն թվականի 12-ը և 13-ը հանդիսանում էին ոչ աշխատանքային օրեր և ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օր-ի 173-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով` վերաքննիչ բողոքը հանձնել ենք փոստին 14.06.2012 թ.» (տե՛ս նյութեր, թերթ 2-3):
6. Առաջին ատյանի դատարանի դատական ակտում առկա է հետևյալ ձևակերպումը. «(...) Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի որոշումը կարող էր բողոքարկվել մինչև 2012 թվականի մայիսի 02-ը: Մինչդեռ, համաձայն թիվ 36 փոստային բաժանմունքի գրության որոշումը հանձնվել է փաստաբաններին 02.05.2012 թվականին:
Դատարանը փաստում է, որ ինչպես դիմողները, այնպես էլ նրանց ներկայացուցիչները տեղյակ են եղել որոշման կայացման օրվա մասին և չեն ներկայացել դատարան:
(...)
Նման պայմաններում դատարանը գտնում է, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ բողոքարկման ժամկետը հարգելի համարելու հիմքեր չկան» (տե՛ս նյութեր, թերթ 16):
7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Դատարանը 20.07.2012 թ. որոշմամբ փաստարկված գնահատական է տվել բողոքարկման համար նախատեսված ժամկետը բաց թողնելու վերաբերյալ բողոքի փաստարկներին, վերաքննիչ բողոքի հեղինակներն անհարգելի պատճառով են բաց թողել որոշման բողոքարկման ժամկետը, բացի այդ, ինչպես դիմողները, այնպես էլ նրանց ներկայացուցիչները տեղյակ են եղել որոշման կայացման օրվա մասին և չեն ներկայացել դատարան» (տե՛ս նյութեր, թերթ 66):
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում.
8. Բողոքի հեղինակները փաստարկել են, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի, 379-րդ հոդվածի պահանջները:
Բողոքաբերները նշել են, որ Առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկման համար նախատեսված ժամկետը չի կարող հաշվարկվել այնպես, որ տասնօրյա ժամկետն սկսի հոսել վերոնշյալ որոշումը դատական նիստերի դահլիճում հրապարակելու և ոչ թե այն ստանալու պահից: Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածում առկա` «հրապարակելու պահից տասնօրյա ժամկետում» ձևակերպման իմաստով դատական ակտի հրապարակման պահ պետք է դիտարկել բողոք բերող անձի կողմից տվյալ դատական ակտն ստանալու և ոչ թե նիստերի դահլիճում այն հրապարակելու պահը, ինչը բխում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայից, որի համաձայն` նշված դատարանի դատական ակտերի հրապարակման պահ է համարվում դրանք դիմողին հանձնելու օրը, հետևաբար Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, հրաժարվել է արդարադատություն իրականացնելուց:
9. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերները խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի օգոստոսի 31-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման ժամկետը վերականգնելու և այդ համատեքստում անձին դատական պաշտպանության արդյունավետ միջոց տրամադրելու կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
I. Դատական ակտի բողոքարկման ժամկետի վերականգնումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանն արդյո՞ք պատշաճ կերպով գնահատել է բոլոր այն օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, որոնց պատճառով դիմողների ներկայացուցիչները բաց են թողել Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 20-ի որոշման բողոքարկման ժամկետը:
12. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (...)»:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու (...) համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք: (...)»:
i
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտը կայացրած դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողնված ժամկետը: (...)»:
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2000 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 36 որոշմամբ պարզաբանվել է, որ բողոքարկման բաց թողած ժամկետների վերականգնման վերաբերյալ դիմումները քննության առնելիս պետք է մանրամասն հետազոտվեն ժամկետների բաց թողնման պատճառները: Եվ բոլոր այդ դեպքերում, երբ ժամկետը բաց է թողնվել բողոք բերողի կամքից անկախ պատճառներով (հիվանդություն, անհաղթահարելի ուժ, դատական ակտերի կայացման մասին անտեղյակ լինելը ոչ իր մեղքով և այլն), ժամկետի բացթողումը պետք է ճանաչել հարգելի:
Դատարանների նախագահների խորհուրդը պարզաբանել է նաև, որ որպես կանոն բողոքարկման բաց թողնված ժամկետը պետք է դիտվի հարգելի և վերականգնվի նաև այն դեպքում, երբ ժամկետը բաց է թողնվել դատարանի կողմից դատական ակտի պատճենը օրենքով նախատեսված ժամկետից ավելի ուշ հանձնելու պատճառով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից երևում է, որ այն սահմանում է բաց թողնված ժամկետը վերականգնելու հնարավորություն, եթե դատարանը կգտնի, որ ժամկետի բացթողումը հարգելի պատճառներ ունի: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեադատավարական օրենքը չի սահմանում ժամկետի բացթողման պատճառների գնահատման որևէ չափանիշ, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ժամկետի բացթողումը հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու յուրաքանչյուր միջնորդության քննության ժամանակ դատարանը պետք է դատական պաշտպանության իրավունքի համատեքստում պատշաճ կերպով գնահատի բոլոր օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, որոնց պատճառով անձը բաց է թողել բողոքարկման ժամկետը: Այլ խոսքով` բողոքարկման ժամկետի բացթողումը հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդության քննության ժամանակ դատարանը պետք է պարզի, թե արդյոք բողոքարկման ժամկետը բաց է թողնվել բողոք բերող անձի կամքից անկախ պատճառներով, օրինակ` հիվանդության, անհաղթահարելի ուժի առկայության, կայացված դատական ակտի մասին ոչ իր մեղքով անտեղյակ լինելու, դատական ակտի պատճենն օրենքով նախատեսված ժամկետից ուշ իրեն հանձնված լինելու պատճառով և այլն:
i
13. Սույն որոշման նախորդ կետում շարադրված դիրքորոշմանը համահունչ դիրքորոշում է արտահայտել ՀՀ սահմանադրական դատարանը` 2012 թվականի հոկտեմբերի 16-ի ՍԴՈ-1052 որոշման մեջ արձանագրելով, որ «(...) [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքի 380-րդ հոդվածով օրենսդիրը դատարաններին օժտել է լայն հայեցողական լիազորությամբ` հարգելի համարելու կամ չհամարելու ժամկետների բացթողումը: Այս կապակցությամբ, առաջնորդվելով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման անհրաժեշտությամբ, հիմք ընդունելով իր` ՍԴՈ-690 որոշմամբ արտահայտած այն իրավական դիրքորոշումը, որ «վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ` օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն», ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսգրքի 380-րդ հոդվածը լիարժեք չի երաշխավորում ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրացումն այն պատճառաբանությամբ, որ նշված հայեցողական լիազորությունների իրականացումը հանգեցնում է անորոշության:
(...)
Այս կապակցությամբ սահմանադրական դատարանը հիմնավորված չի համարում բողոքարկվող դատական ակտի փաստացի ուշ ստանալու հիմքով բողոքարկման ժամկետի բացթողումը հարգելի համարելու միջնորդություն ներկայացնելու դեպքում դատարաններին լայն հայեցողական լիազորության տրամադրումը: Եթե օրենսդիրը, հիմք ընդունելով բողոքարկվող դատական ակտի բնույթը, հաշվի առնելով դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների իրացման անհրաժեշտությունը, տվյալ ակտի բողոքարկման համար բավարար է համարել տվյալ ժամկետը, կոնկրետ դեպքում` հնգօրյա և տասնօրյա ժամկետները, ապա նշված ժամկետները պետք է մեկնարկեն բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման պահից (...)»:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դիմողների ներկայացուցիչները միջնորդություն են ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով հարգելի համարել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 20-ի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու համար նախատեսված ժամկետի բացթողումը և վերականգնել այն (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը): Վերոնշյալ միջնորդության մեջ դիմողների ներկայացուցիչները փաստարկել են, որ առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումն ստացել են 2012 թվականի մայիսի 2-ին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երևում է, որ սույն գործով դիմողների ներկայացուցիչներն Առաջին ատյանի դատարանի որոշումն ստացել են այնպիսի ժամկետում, երբ բողոքարկման համար մնացած ժամանակն ակնհայտորեն բավարար չի եղել` պատճառաբանված բողոք կազմելու և վերաքննիչ դատարան ուղարկելու համար:
Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ Առաջին ատյանի դատարանը մերժել է դիմողների ներկայացուցիչների միջնորդությունը` պատճառաբանելով, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 20-ի որոշումը կարող էր բողոքարկվել մինչև 2012 թվականի մայիսի 2-ը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը, այն թողել է օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
15. Սույն որոշման 14-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը պատշաճ կերպով չի գնահատել բոլոր այն օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, որոնց պատճառով դիմողների ներկայացուցիչները բաց են թողել Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի ապրիլի 20-ի որոշման բողոքարկման ժամկետը: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը դիմողների ներկայացուցիչներն ստացել են այդ որոշումը բողոքարկելու համար նախատեսված ժամկետի վերջին օրը, ինչի պատճառով զրկվել են օրենքով սահմանված ժամկետում վերաքննիչ բողոք ներկայացնելու, հետևաբար նաև դատական պաշտպանության իրենց իրավունքն իրացնելու հնարավորությունից:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմողների ներկայացուցիչների վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտում:
16. Ինչ վերաբերում է այն հարցին, թե ե՞րբ է սկսվում առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման ժամկետի հաշվարկը. դատական ակտը նիստերի դահլիճում հրապարակելու, թե՞ այն շահագրգիռ անձին հանձնելու պահից, ապա այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել Տ. Հովհաննիսյանի գործով որոշման մեջ: Նշված դիրքորոշման համաձայն «(...) ՀՀ քրեադատավարական օրենքն առաջին ատյանի դատարանի` անձին ազատությունից զրկելու մասին (կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման, անձին բժշկական հաստատությունում տեղավորելու մասին) գործն ըստ էության չլուծող որոշումների բողոքարկման համար սահմանում է հնգօրյա, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս դատական ակտերի համար` տասնօրյա ժամկետ` բողոքարկման ժամկետի սկիզբ համարելով դատական ակտի հրապարակման պահը: Նման կարճ ժամկետների սահմանումը պայմանավորված է անձի իրավունքների և ազատությունների անօրինական կամ անհամաչափ սահմանափակումները հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերացնելու օրենսդրի կամքով: Մյուս կողմից, սակայն, բողոքարկման ժամկետների սկիզբը դատական ակտի հրապարակման պահից համարելու պայմաններում նման կարճ ժամկետները կարող են խոչընդոտել շահագրգիռ անձի` դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացմանը:
Անձի կողմից դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացման, մասնավորապես` իր շահերին առնչվող դատական ակտի դեմ հիմնավոր բողոք բերելու համար, անհրաժեշտ է, որ անձն իր ձեռքի տակ ունենա վիճարկվող դատական ակտը: Մինչդեռ, դատական ակտը հրապարակելուց հետո մինչև շահագրգիռ անձի կողմից այն փաստացի ստանալն օբյեկտիվորեն անցնում է որոշակի ժամանակահատված, ինչը կարող է անձի կամքից անկախ հանգամանքներում հանգեցնել սահմանված ժամկետից ուշ կամ ակնհայտ անհիմն, օրենսդրության պահանջներին չհամապատասխանող բողոքի ներկայացմանը:
Հետևաբար, (...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում առկա` «հրապարակման պահից» բառակապակցությունը պետք է մեկնաբանվի որպես դատական ակտն ստանալու պահը, և ժամկետների հաշվարկման ելակետ պետք է համարել որոշումը շահագրգիռ անձին հանձնելու պահը:
(...) առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման ժամկետի հաշվարկն սկսվում է դատական ակտը շահագրգիռ անձին հանձնելու և ոչ թե այն դատական նիստերի դահլիճում հրապարակելու պահից» (տե՛ս Տիգրան Վարազդատի Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0066/11/12 որոշման 23-24-րդ կետերը):
17. Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հիմք ընդունելով սույն որոշման 15-րդ կետում շարադրված եզրահանգումն այն մասին, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածների և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա` Վերաքննիչ դատարանի որոշումն անհրաժեշտ է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք (...) խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»: ՈՒստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա` սույն գործով Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմողներ Ֆահրադ Ոսկանյանի, Սամվել Թամարյանի, Գառնիկ Աբազյանի, Սարիբեկ Հոռոմսիմյանի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը մերժելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի օգոստոսի 31-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Դ. Ավետիսյան
Դատավորներ` Ե. Դանիելյան
Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան