Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական      Վարչական գործ թիվ ՎԴ/1314/05/10

    և  վարչական պալատի որոշում                                    2012 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/1314/05/10

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

 

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ` Նախարարություն)` Կազմակերպության տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը ճանաչելու, Նախարարության գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի մասին հրամանը վերացնելու, 10.02.2010 թվականի թիվ Ե/2010-051 հարցումով փնտրվող տեղեկությունը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործով Վճռաբեկ դատարանի 18.05.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Կազմակերպության ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանի և Արայիկ Ղազարյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է ճանաչել տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը, վերացնել ՀՀ պաշտպանության նախարարի (այսուհետ` Նախարար) գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի մասին հրամանը և պարտավորեցնել տրամադրել 10.02.2010 թվականի թիվ Ե/2010-051 հարցումով փնտրվող տեղեկությունը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 23.11.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր` Ա. Աբովյան, դատավորներ` Գ. Ղարիբյան, Լ. Սոսյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.03.2011 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.11.2010 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Վճռաբեկ դատարանի 18.05.2011 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 16.03.2011 թվականի որոշման դեմ Կազմակերպության վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Կազմակերպության ներկայացուցիչները:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վճռաբեկ դատարանը, 18.05.2011 թվականի որոշմամբ վերադարձնելով Կազմակերպության վճռաբեկ բողոքը, կիրառել է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» ենթակետը և 12-րդ հոդվածը:

ՀՀ Սահմանադրական դատարանի 06.03.2012 թվականի թիվ ՍԴՈ-1010 որոշման 2-րդ կետով ՀՀ Սահմանադրության 27-րդ և 43-րդ հոդվածներին հակասող և անվավեր է ճանաչվել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի` «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթն այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության: Այսինքն` ՀՀ Սահմանադրական դատարանի 06.03.2012 թվականի թիվ ՍԴՈ-1010 որոշումը սույն գործով նոր հանգամանք է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են «բեկանել» Վճռաբեկ դատարանի 18.05.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և քննության առնել Վերաքննիչ դատարանի 16.03.2011 թվականի որոշման դեմ Կազմակերպության բերած վճռաբեկ բողոքը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ Սահմանադրական դատարանի 06.03.2012 թվականի «Կազմակերպության դիմումի հիման վրա` «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» ենթակետի, 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» թիվ ՍԴՈ-1010 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով որոշվել է, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» ենթակետը և 12-րդ հոդվածի 6-րդ մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, իսկ նույն որոշման 2-րդ կետով ՀՀ Սահմանադրության 27-րդ և 43-րդ հոդվածներին հակասող և անվավեր է ճանաչվել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի` «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթն այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության: Նույն որոշման եզրափակիչ մասի 3-րդ կետով սահմանվել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 9.1-րդ կետի և 69-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջներից ելնելով` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, նաև նկատի ունենալով, որ ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/1314/05/10 դատական գործով 23.11.2010 թվականին կայացրած վճռում վերազանցել է իր լիազորությունները` հաշվի չառնելով ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդվածի պահանջը, արձանագրել է, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի վերջին պարբերությունը չի հակասում ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածին և 83.5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերին:

2) Վճռաբեկ դատարանը, ինչպես նաև ստորադաս դատարանները կիրառել են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, իսկ նույն օրենքի 12-րդ հոդվածը, և մասնավորապես նույն հոդվածի 7-րդ մասի` «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթը, չեն կիրառել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական կամ վերաքննիչ դատարանի` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վարչական դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով` դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրական դատարանը, որոշման եզրափակիչ մասում բացահայտելով օրենքի դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը, այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ գտել է, որ այդ դրույթը նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման` օրենքով սահմանված կարգով:

Վերոնշյալ հոդվածների բովանդակության վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է դատարանի կողմից կիրառված հոդվածի կամ հոդվածի դրույթի հակասահմանադրական ճանաչումը, կամ այլ մեկնաբանությամբ կիրառումը: Հետևաբար, եթե դատարանը չի կիրառել այն դրույթը, որը ՀՀ Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական կամ գտել է, որ այդ դրույթն անձի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դատական ակտը ենթակա չէ վերանայման նոր հանգամանքի հիմքով:

i

Սույն գործով Դատարանը, կիրառելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածները, եզրահանգել է, որ հայցվորի կողմից պահանջված տեղեկատվությունը` ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում մահացած զինծառայողների թվի վերաբերյալ, դասվում է զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերի շարքին և հետևաբար պետք է որակվի որպես գաղտնի, հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն:

Վերաքննիչ դատարանը, կիրառելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածները, եզրահանգել է, որ հայցվորի պահանջած տեղեկատվությունը չի կարող գնահատվել որպես սովորական, առօրեական դեպք, և հիմնավոր է համարել պատասխանողի դիրքորոշումն այն մասին, որ այդ զինծառայողների մահացության դեպքերը դասվում են զորքերում արտակարգ դեպքերի շարքին և պետք է գնահատվեն որպես գաղտնի, հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն:

Վճռաբեկ դատարանը, 18.05.2011 թվականի որոշմամբ վերադարձնելով Վերաքննիչ դատարանի 16.03.2011 թվականի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը, հիմնավոր է համարել Վերաքննիչ դատարանի վերոնշյալ պատճառաբանությունները:

ՀՀ Սահմանադրական դատարանի 06.03.2012 թվականի թիվ ՍԴՈ-1010 որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետով ՀՀ Սահմանադրության 27-րդ և 43-րդ հոդվածներին հակասող և անվավեր է ճանաչվել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի` «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթն այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության: Նույն որոշման եզրափակիչ մասի 3-րդ կետով սահմանվել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 9.1-րդ կետի և 69-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջներից ելնելով` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման` օրենքով սահմանված կարգով:

Համադրելով վերոնշյալ վերլուծությունը և սույն գործի փաստերը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում վերջնական դատական ակտը կայացվել է Վճռաբեկ դատարանի կողմից, որպիսին հանդիսանում է «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը: Ներկայացված բողոքով Հայցվորը խնդրել է նոր հանգամանքի հիմքով վերանայել Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիշյալ որոշմամբ չի կիրառվել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածն ընդհանրապես և այդ հոդվածի 7-րդ մասի «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթը, մասնավորապես:

Ավելին, Վճռաբեկ դատարանի 18.05.2011 թվականի որոշմամբ ի թիվս այլ դրույթների կիրառվել է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, որը ՀՀ Սահմանադրական դատարանի 06.03.2012 թվականի թիվ ՍԴՈ-1010 որոշմամբ ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ինչպես Վերաքննիչ դատարանը, այնպես էլ Դատարանը չեն կիրառել հակասահմանադրական ճանաչված «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթը: Այսպես` Դատարանը վճռում կիրառել է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածները, Վերաքննիչ դատարանը որոշման մեջ կիրառել է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածները, իսկ Վճռաբեկ դատարանը, վերադարձնելով Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը, կիրառել է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի վերը նշված հոդվածները: Հետևաբար, սույն գործով կայացված դատական ակտերից որևէ մեկով չի կիրառվել հակասահմանադրական ճանաչված «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթը: Ավելին, նշված հանգամանքը հիմնավորվում է ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու կապակցությամբ գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդության վերաբերյալ Դատարանի այն դիրքորոշմամբ, որ «Դատաքննության ավարտին հայցվոր կողմը միջնորդել էր սույն գործով` «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի վերջին պարբերության կիրառման պարագայում կասեցնել գործի վարույթը և դիմել ՀՀ Սահմանադրական դատարան` նշված պարբերության` ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածին և 83.5 հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ կետերին համապատասխանության հարցով: Դատարանը փաստում է, որ վերը նշված վերլուծությունները` անկախ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի վերջին պարբերության կիրառման, լիովին բավարար են հայցվորի կողմից ներկայացված պահանջի սահմաններում վերջնական և պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար»:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 06.03.2012 թվականի թիվ ՍԴՈ-1010 որոշումը սույն գործով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված նոր հանգամանք չէ և Վճռաբեկ դատարանի 18.05.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու հիմք չէ:

Ինչ վերաբերում է Դատարան ներկայացված միջնորդության կապակցությամբ Դատարանի վճռում տեղ գտած դիրքորոշմանն այն մասին, որ «դատարանի կարծիքով, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի վերջին պարբերությունը չի հակասում ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածին և 83.5 հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ կետերին», ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե այն դեպքերում, երբ գործի քննության ընթացքում միջնորդություն է ստացվում գործի քննությունը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու` կիրառման ենթակա օրենքի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը պարզելու համար, արդյոք Դատարանն իրավասու է դիրքորոշում հայտնել օրենքի ՀՀ Սահմանադրությանը չհակասելու վերաբերյալ:

ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է սահմանադրական դատարանը:

ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կառավարության, վարչապետի, տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ նորմատիվ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ապա դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը և դիմելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարան դիմում են դատարանները, ինչպես նաև գլխավոր դատախազը, եթե գտնում են, որ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված որևէ իրավական ակտի, որն ունի նորմատիվ բնույթ, դրույթը կամ դրույթները, որոնք ենթակա են կիրառման իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով, հակասում են Սահմանադրությանը:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը և գլխավոր դատախազը պետք է հիմնավորեն իրենց դիրքորոշումը նորմատիվ ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հանգամանքի առնչությամբ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը կարող է իրականացվել միայն վիճարկվող դրույթի կիրառմամբ:

Վերոնշյալ դրույթների մեկնաբանությունից հետևում է, որ վեճը լուծող դատարանները (ընդհանուր իրավասության և (կամ) մասնագիտացված) որոշակի հանգամանքների ի հայտ գալու ուժով լիազորված են կասեցնելու գործի վարույթը: Նման հանգամանքներից է կիրառման ենթակա օրենքի կամ այլ իրավական ակտի` դատարանի կարծիքով ՀՀ Սահմանադրությանը հակասելը: Կոնկրետ դրույթի` ՀՀ Սահմանադրությանը հակասելու հանգամանքը ենթակա է գնահատման դատարանի (գործը քննող դատավոր կամ դատավորների կազմի) կողմից: Լիազորված լինելով գնահատել կիրառման ենթակա դրույթի` ՀՀ Սահմանադրությանը հակասելու հանգամանքը` դատարանն այն իրականացնում է սուբյեկտիվ համոզմամբ, հենվելով օբյեկտիվ չափորոշիչների վրա, մասնավորապես` կոնկրետ դրույթի մեկնաբանումը, այդ դրույթի` իրավունքի սկզբունքներին հակասելը, սահմանադրորեն ամրագրված հիմնական իրավունքներին հակասելը և այլն: Հետևում է, որ դատարանը նախ և առաջ պետք է դիրքորոշում հայտնի կիրառման ենթակա դրույթի և ՀՀ Սահմանադրության կոնկրետ հոդվածներին դրա հնարավոր (ենթադրյալ) հակասության մասին և որպես հետևանք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով կասեցնի գործի վարույթը և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի հիմքով դիմի ՀՀ Սահմանադրական դատարան: Հետևաբար, կիրառման ենթակա օրենքի հոդվածի կամ այլ իրավական ակտի դրույթի Սահմանադրությանը չհակասելու վերաբերյալ դատարանի դատողություններն ուղղված են բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ կետով ամրագրված լիազորության իրականացմանը: Դրանք չեն կարող նույնացվել սահմանադրական արդարադատության հետ, քանի որ ՀՀ Սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունն է որոշել օրենքների և ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածով նախատեսված այլ իրավական ակտերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի պահանջների վերը շարադրվածից տարբերվող մեկնաբանության պարագայում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ գործի վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ ցանկացած միջնորդություն ներկայացվելու դեպքում` անկախ միջնորդության բովանդակությունից և դրա վերաբերյալ դատարանի դիրքորոշումից, դատարանը պարտավորված կլինի կասեցնել գործի վարույթը և դիմել ՀՀ Սահմանադրական դատարան:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ, 134-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ և 204.38-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության` նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2012
N ՎԴ/1314/05/10
Որոշում