(ուժը կորցրել է 16.06.2023 թիվ 951-Ն որոշում)
i
040.0131.210213
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 փետրվարի 2013 թվականի N 131-Ն
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի N 1644-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) դիվանագետների ռոտացիա իրականացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 25-ի «Դիվանագետի ռոտացիա իրականացնելու կարգը և դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը հաստատելու մասին» N 1644-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2013 թվականի փետրվարի 7-ի
N 131-Ն որոշման
ԿԱՐԳ
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի կամ աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման (այսուհետ` Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմիններ) և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների (այսուհետ` օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններ) պաշտոններում դիվանագետների ռոտացիա (այսուհետ` ռոտացիա) իրականացնելու հետ կապված հարաբերությունները:
2. Ռոտացիան իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում և օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագետի` իրար հաջորդող աշխատանքային փուլերով ծառայությունն ապահովելու նպատակով:
3. Ռոտացիան Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների և օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոններում դիվանագետների տեղափոխումն է:
4. Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայության ժամկետն առնվազն երկու տարի է:
5. Օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայության ժամկետը երկու տարի է:
6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի (այսուհետ` նախարար) որոշմամբ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետի երկամյա աշխատանքային փուլի ժամկետը կարող է երկարաձգվել, սակայն մեկ տարվանից ոչ ավելի ժամկետով, եթե`
1) օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարը, համաձայնեցնելով դիվանագետի հետ, հիմնավորում է ներկայացնում.
2) դա բխում է դիվանագետների տեղաբաշխման ծրագրումն արդյունավետորեն իրականացնելու անհրաժեշտությունից:
7. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում աշխատանքային փուլի ժամկետը լրանալուց անմիջապես հետո չի թույլատրվում դիվանագետի նոր նշանակումը մեկ այլ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում:
8. Անհրաժեշտության դեպքում, դիվանագետի համաձայնությամբ, թույլատրվում է դիվանագետի տեղափոխումն օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության այլ մարմին` առնվազն մեկ տարի ժամկետով` պայմանով, որ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագետի ծառայության ընդհանուր ժամկետը չգերազանցի 3 տարին:
9. Ռոտացիան իրականացվում է դիվանագետների տեղաբաշխման ծրագրման հիման վրա:
10. Դիվանագետների տեղաբաշխման ծրագրումը Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում և օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ռոտացիայի ենթակա դիվանագետների մասին տեղեկությունների (անհատական տվյալներ, պաշտոն, ծառայության ժամկետ և վայր, այլ անհրաժեշտ տվյալներ) հավաքագրումն ու դասակարգումն է:
11. Դիվանագետների մասին տեղեկությունները դասակարգվում են` հաշվի առնելով դիվանագետի` տվյալ պաշտոնում ծառայության ժամկետը և վայրը, դիվանագիտական աստիճանը, ռոտացիայի արդյունքում զբաղեցվելիք պաշտոնը, ինչպես նաև տվյալ դիվանագետի նախապատվությունները:
12. Օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում որոշ պաշտոններում նշանակումների համար նախարարի հրամանով կարող է սահմանվել վերապատրաստման պահանջ:
13. Ռոտացիան իրականացվում է, որպես կանոն, ընթացիկ տարվա դեկտեմբեր-հունվար և հուլիս-օգոստոս ժամանակահատվածներում:
14. Ռոտացիայի նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման հարցերով պատասխանատու ստորաբաժանումը նախատեսվող ռոտացիայից առնվազն վեց ամիս առաջ Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող, ռոտացիայի ենթակա դիվանագետների և օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող` ռոտացիայի ենթակա դիվանագետների ցանկերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին (այսուհետ` գլխավոր քարտուղար):
15. Գլխավոր քարտուղարը մեկամսյա ժամկետում` ցանկերում ընդգրկված` ռոտացիայի ենթակա դիվանագետների թեկնածությունները համաձայնեցնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կամ աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման ղեկավարների և օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության համապատասխան մարմինների ղեկավարների, ինչպես նաև համակարգող փոխնախարարների հետ` պարզելով նաև սույն կարգի 6-րդ կետում նշված հիմքերով դիվանագետի աշխատանքային փուլի երկարաձգման անհրաժեշտությունը:
16. Սույն կարգի 15-րդ կետում նշված համաձայնեցումներից հետո` գլխավոր քարտուղարը կոնկրետ պաշտոններում նշանակելու համար առաջարկվող դիվանագետների թեկնածությունները ներկայացնում է նախարարին` որոշում ընդունելու համար:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2013 թվականի փետրվարի 7-ի
N 131-Ն որոշման
ՑԱՆԿ
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|Հայաստանի Հանրապետությունում |Օտարերկրյա պետությունում |
|գործող դիվանագիտական ծառայության |գործող դիվանագիտական |
|մարմնի պաշտոնները |ծառայության մարմնի |
| |պաշտոնները |
|___________________________________________|_________________________|
|Նախարարության աշխատակազմի վարչության պետ |արտակարգ դեսպանորդ և |
| |լիազոր նախարար |
|Նախարարության աշխատակազմի առանձնացված | |
|ստորաբաժանման ղեկավար | |
| | |
|Նախարարության աշխատակազմի առանձնացված | |
|ստորաբաժանման ղեկավարի տեղակալ | |
|___________________________________________|_________________________|
|Նախարարության աշխատակազմի կամ նախարարության|դեսպանության խորհրդական, |
|աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման բաժնի|հյուպատոս |
|վարիչ (պետ), խորհրդական | |
|___________________________________________|_________________________|
|Առաջին քարտուղար |առաջին քարտուղար, |
| |փոխհյուպատոս |
|___________________________________________|_________________________|
|Երկրորդ քարտուղար |երկրորդ քարտուղար |
|___________________________________________|_________________________|
|Երրորդ քարտուղար |երրորդ քարտուղար |
|___________________________________________|_________________________|
|Կցորդ |կցորդ |
._____________________________________________________________________.