ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ Վարչական գործ թիվ ՎԴ/0702/05/11
դատարանի որոշում 2012թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/0702/05/11
Նախագահող դատավոր` Ա. Աբովյան
Դատավորներ` Ա. Առաքելյան
Գ. Ղարիբյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Սողոմոնյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
2012 թվականի հունիսի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.02.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Միսակ Այանյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)` Քաղաքապետի 16.02.2011 թվականի թիվ Վ-6/2 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Միսակ Այանյանը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետի 16.02.2011 թվականի թիվ Վ-6/2 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Սարգսյան) (այսուհետ` Դատարան) 31.08.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.02.2012 թվականի որոշմամբ Քաղաքապետի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 31.08.2011 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 23-րդ, 24-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, ինչպես նաև վերաքննիչ բողոքին կից ներկայացված լուսանկարները, ինչի արդյունքում անտեսել է այն հանգամանքը, որ Քաղաքապետի 12.01.2011 թվականի թիվ Վ-1/5 որոշմամբ վարչական պատասխանատվության` տուգանքի ենթարկվելուց հետո, որն ի դեպ Միսակ Այանյանը չի վիճարկել և վճարել է տուգանքի գումարը, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի շարունակել է իրականացնել շինարարական աշխատանքները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.02.2012 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) 01.12.2010 թվականի թիվ 002540 արձանագրության համաձայն` Միսակ Այանյանը 28.11.2010 թվականից 01.12.2010 թվականն ընկած ժամանակահատվածում Երևանի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 4 հասցեում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի կառուցել է 6 մետր երկարությամբ քարե պատ` ավտոտնակ կառուցելու նպատակով (գ.թ. 12-13):
2) Քաղաքապետի 12.01.2011 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ Վ-1/5 որոշմամբ Միսակ Այանյանի նկատմամբ նշանակվել է 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանք (գ.թ. 16):
3) 31.01.2011 թվականի թիվ 002987 արձանագրության համաձայն` Միսակ Այանյանի նկատմամբ 01.12.2010 թվականին կազմված թիվ 002540 արձանագրության հիման վրա Քաղաքապետի 12.01.2011 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ Վ-1/5 որոշմամբ նշանակված տուգանքից հետո Երևանի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 4 հասցեում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի շարունակվել են շինարարական աշխատանքները: Կառուցվել է 3,5x6,5 չափերի քարե ավտոտնակ, և տեղադրվել է դարպաս (գ.թ. 14-15):
4) Քաղաքապետի 16.02.2011 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ Վ-6/2 որոշմամբ Միսակ Այանյանի նկատմամբ նշանակվել է 2.500.000 ՀՀ դրամ վարչական տուգանք (գ.թ. 17):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է: Վերաբերելի ապացույցը թույլատրելի է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանն ընդունում է սույն օրենսգրքով կամ վարչական դատարանի սահմանած ժամկետում դատավարության մասնակցի կողմից վարչական դատարան չներկայացված ապացույցները, բացառությամբ այն դեպքի, երբ գտնում է, որ դրանք գործի լուծման համար էական նշանակություն չունեն:
Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ դատարանն ընդունում է վարչական դատարան չներկայացված այն ապացույցները, որոնք իր կարծիքով ունեն գործի լուծման համար էական նշանակություն:
i
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներ կատարել շարունակելը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:
Հիմք ընդունելով վերը նշվածը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, այդ թվում` Դատարան ներկայացված, ինչպես նաև վերաքննիչ բողոքին կից ներկայացված իրավախախտման վայրում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի կառուցված պատի
(01.12.2010 թվականի թիվ 002540 արձանագրության), իսկ հետագայում էլ այդ պատի վրա կառուցված և ավարտական տեսքի բերված ավտոտնակի (31.01.2011 թվականի թիվ 002987 արձանագրության) լուսանկարները (գ.թ. 43, 107, 108) և որևէ կերպ չի պատճառաբանել սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող նշված ապացույցները չգնահատելը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.02.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ե. Սողոմոնյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Տ. Պետրոսյան