(ուժը կորցրել է 08.04.2021 թիվ 519-Ն որոշում)
i
040.1212.290912
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 սեպտեմբերի 2012 թվականի N 1212-Ն
ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ախտաբանաանատոմիական փորձաքննությունների անցկացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի սեպտեմբերի 27-ի
N 1212-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ախտաբանաանատոմիական փորձաքննությունների իրականացման և դրա արդյունքներն այլ անձանց տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգը չի տարածվում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքերով նախատեսվող փորձաքննությունների վրա:
3. Ախտաբանաանատոմիական փորձաքննությունը կատարվում է բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի համար լիցենզավորված հաստատությունում (այսուհետ` հաստատություն)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան:
4. Ախտաբանաանատոմիական փորձաքննության հիմնական նպատակն ախտաբանական հետազոտությունների արդյունքների և կլինիկական տվյալների համադրումը և վերջնական ախտորոշման հաստատումն է:
II. ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Ախտաբանաանատոմիական փորձաքննությունը, որպես բժշկական փորձաքննության ձև, ներառում է`
1) բիոպսիոն հետազոտությունը, կատարման ժամկետը` 3 օր.
2) ցիտոլոգիական հետազոտությունը, կատարման ժամկետը` մեկ օր.
3) ախտաբանաանատոմիական հերձումը, կատարման ժամկետը` 24 ժամ.
4) ախտաբանաանատոմիական հերձման (աուտոպսիա) նյութի հետազոտությունը, կատարման ժամկետը` առնվազն` 15 օր.
5) ընկերքի հետազոտությունը, կատարման ժամկետը` մինչև 15 օր.
6) փորձագիտական խորհրդատվությունը, կատարման ժամկետը` մեկ օր.
7) բժշկական միջամտության հետևանքների փորձագիտական գնահատումը, կատարման ժամկետը` մեկ ամիս.
8) բժշկական փաստաթղթերի փորձաքննությունը, կատարման ժամկետը` մեկ ամիս:
6. Ախտաբանաանատոմիական փորձաքննությունն իրականացվում է համապատասխան որակավորում ունեցող մասնագետի և այլ բժշկական մասնագետների մասնակցությամբ` պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ ընտանիքի անդամների դիմումի հիման վրա:
7. Ախտաբանաանատոմիական փորձաքննության օբյեկտ են համարվում մահացածի մարմինը, կենդանի մարդու և մահացածի օրգանները, հյուսվածքները, խոռոչավոր օրգանների պարունակությունը, գեղձերի արտազատուկը և բժշկական փաստաթղթերը:
III. ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
8. Ախտաբանաանատոմիական փորձաքննության արդյունքում կազմվում է գրավոր եզրակացություն, որում նշվում են եզրակացության կազմման օրը, ամիսը, տարեթիվը, պացիենտի ազգանունը, անունը, հայրանունը, սեռը, տարիքը, սույն կարգի 5-րդ կետով նախատեսված գործողությունների իրականացման ընթացքը և դրանց արդյունքները:
9. Ախտաբանաանատոմիական փորձաքննության վերաբերյալ եզրակացությունն ստորագրվում է փորձաքննությանը մասնակցած բոլոր մասնագետների կողմից: Եթե մասնագետներից որևէ մեկը փորձաքննության արդյունքում միասնական կարծիքի չի հանգում, ապա յուրաքանչյուր մասնագետ կազմում է առանձին եզրակացություն:
10. Ախտաբանաանատոմիական փորձաքննության արդյունքում վերջնական հաստատված ախտորոշումը գրանցվում է հիվանդության (ծննդաբերության) պատմության մեջ, իսկ եզրակացությունը կցվում է հիվանդության (ծննդաբերության) պատմությանը:
11. Ախտաբանաանատոմիական փորձաքննության արդյունքում ստացված տեղեկությունները, ինչպես նաև արդյունքում կազմված եզրակացությունը համարվում են բժշկական գաղտնիք և պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
12. Ախտաբանաանատոմիական փորձաքննության վերաբերյալ եզրակացությունը հաստատության ղեկավարի կողմից տրամադրվում է միայն`
1) պացիենտին կամ օրինական ներկայացուցչին` կենդանի մարդու նկատմամբ իրականացվող ախտաբանաանատոմիական փորձաքննության դեպքում.
2) ընտանիքի անդամներին` մահացածի նկատմամբ իրականացվող ախտաբանաանատոմիական փորձաքննության դեպքում.
3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` ոստիկանությանը, դատախազությանը, ազգային անվտանգության ծառայությանը, հատուկ քննչական ծառայությանը կամ դատարանին:
13. Ախտաբանաանատոմիական փորձաքննության վերաբերյալ եզրակացությունը սույն կարգի 12-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված անձանց տրամադրվում է ախտաբանաանատոմիական փորձաքննության ավարտից հետո 5-օրյա ժամկետում, իսկ սույն կարգի 12-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված մարմիններին` հարցումն ստանալուց հետո 2-օրյա ժամկետում: