(ուժը կորցրել է 29.03.2022 թիվ 121-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
19 սեպտեմբերի 2012 թվականի N 373-Ն
ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) 2012 թվականի սեպտեմբերի 19-ի դռնբաց նիստում փաստաբան Վարդան Մկրտչյանի (այսուհետ` Դիմող) 2012 թվականի սեպտեմբերի 7-ի դիմումի (այսուհետ` Դիմում) հիման վրա քննարկեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների կիրառման վերաբերյալ պաշտոնական պարզաբանման հարցը:
Դիմողը հայցել է Հանձնաժողովի պաշտոնական պարզաբանումը հետևյալ հարցերի վերաբերյալ:
Արդյոք նոր ստեղծված և դեռևս գործունեություն չիրականացրած և հետևաբար որևէ ապրանքային շուկայում չգործող տնտեսվարող սուբյեկտի` Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ից 5-րդ կետերով թվարկված գործարքները համարվում են համակենտրոնացում, թե ոչ:
Այսպես, համաձայն Դիմումի` վերոնշյալ խնդրի պարզաբանման անհրաժեշտությունը առաջացել է Օրենքի պահանջներին համապատասխան գործարքը համակենտրոնացում որակելու և հայտարարագրման ենթակա լինելու հարցի որոշման համար:
Դիմողը նշել է, որ 2012 թվականի կեսերին անհատ ձեռնարկատեր չհանդիսացող մեկ ֆիզիկական անձի մասնակցությամբ հիմնադրվել է իրավաբանական անձ, որի կանոնադրական կապիտալը մասնակիցը համալրել է անշարժ գույքով և որևէ գործունեություն չի իրականացրել` ապրանքներ չի իրացրել, ծառայություններ չի մատուցել և աշխատանքներ չի իրականացրել:
Նշված իրավաբանական անձի 100 տոկոս բաժնեմասի (բաժնետոմսերի) ձեռքբերման համար վերջինիս հիմնադիր միակ մասնակից ֆիզիկական անձին է դիմել մեկ այլ իրավաբանական անձ, որն իրականացնում է տնտեսական գործունեություն և առաջին հերթին չի կազմում անձանց խումբ:
Համաձայն Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի` տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացում է համարվում`
1) տնտեսվարող սուբյեկտների միացումը.
2) տնտեսվարող սուբյեկտների միաձուլումը.
3) տնտեսվարող սուբյեկտների կողմից այլ տնտեսվարող սուբյեկտների ակտիվների ձեռքբերումը, եթե դրանց արժեքն ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող ակտիվների արժեքի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների արժեքի 20 տոկոսը կամ ավելին.
4) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոսը կամ ավելին.
5) տնտեսվարող սուբյեկտների ցանկացած միավորում, որի շնորհիվ մեկ տնտեսվարող սուբյեկտը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` Օրենքի իմաստով համակենտրոնացումը կայացվում է`
1) միևնույն ապրանքային շուկայում գործող (մրցակից հանդիսացող) տնտեսվարող սուբյեկտների միջև (հորիզոնական համակենտրոնացում).
2) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում գործող (մրցակից չհանդիսացող` տվյալ ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքներ իրացնող ու ձեռք բերող) տնտեսվարող սուբյեկտների միջև (ուղղահայաց համակենտրոնացում).
3) տարբեր ապրանքային շուկաներում գործող տնտեսվարող սուբյեկտների միջև (խառը համակենտրոնացում):
Միևնույն ժամանակ Դիմողը վկայակոչում է նաև Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված «ապրանք» և «ապրանքային շուկա» հասկացությունները, համաձայն որի` ապրանք է համարվում քաղաքացիական իրավունքի օբյեկտ, այդ թվում` գույք, աշխատանք, ծառայություն (ներառյալ` ֆինանսական), որը նախատեսված է իրացման համար, իսկ ապրանքային շուկա է համարվում Հանձնաժողովի որոշմամբ սահմանված` որոշակի տարածքում տվյալ ապրանքի և դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների շրջանառության ոլորտ, որի սահմանները որոշվում են գնորդի կողմից համապատասխան տարածքում ապրանքի ձեռքբերման տնտեսական հնարավորություններով և նպատակահարմարությամբ:
Դիմողը գտնում է, որ փաստացի գույք ունեցող, սակայն ապրանք չիրացրած և որևէ ապրանքային շուկայում փաստացի չգործող տնտեսվարող սուբյեկտի` համակենտրոնացման մասնակից լինելու դեպքում Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ից 5-րդ կետերով թվարկված համակենտրոնացումների որևէ տեսակ առկա չէ, թեկուզ գործարքի մյուս մասնակիցը հանդիսանա որևէ ապրանքային շուկայում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտ, որն ունի խոշոր ակտիվներ:
Քննարկելով դիմումը` Հանձնաժողովն ամրագրում է հետևյալը:
Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները սահմանում են համակենտրոնացման հասկացությունը` նշելով դրա դրսևորման հնարավոր ձևերը:
Նույն հոդվածի 2-ից 6-րդ մասերը սահմանում են համակենտրոնացման յուրաքանչյուր ձևի մասնակիցների կազմը: Նշված իրավանորմերը չեն նախատեսում համակենտրոնացման մասնակցի` ապրանքային շուկայում փաստացի գործունեություն իրականացնելու` ապրանքներ իրացնելու կամ ձեռք բերելու, ծառայություններ մատուցելու և աշխատանքներ կատարելու պահանջ:
Ինչ վերաբերում է Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներին, ապա դրանք տարբերակում են համակենտրոնացման տեսակներն ըստ դրանց` համապատասխան ապրանքային շուկայում կենտրոնացվածության աստիճանի վրա հնարավոր ազդեցության: Համակենտրոնացումների հայտարարագրումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետությունում ապրանքային շուկաների կենտրոնացվածության գնահատման, գերիշխող դիրքի առաջացմանը կամ ամրապնդմանը հանգեցնող գործարքների վերահսկման համար: Այսպես, համակենտրոնացման մասնակից տնտեսվարող սուբյեկտը, որը դեռևս չի իրականացրել փաստացի գործունեություն, կարող է ունենալ մեծ ֆինանսական կարողություն` ակտիվների տեսքով: Այդ պարագայում նման տնտեսվարող սուբյեկտի հետ համակենտրոնացումը կարող է էականորեն փոխել գործարքի մյուս մասնակցի դերն ու ազդեցությունը` հանգեցնել շուկայական իշխանության առաջացմանը կամ ամրապնդմանն այն ապրանքային շուկայում, որտեղ վերջինս իրականացնում է գործունեություն:
Օրենքի 1-ին հոդվածի համաձայն` Օրենքի նպատակն է պաշտպանել և խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում:
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք Է փոփոխվի դրա իմաստը:
Հաշվի առնելով վերոնշյալը` Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասում տեղ գտած «միևնույն (փոխկապակցվածություն ունեցող տարբեր կամ տարբեր) ապրանքային շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտ» արտահայտությունը հարկ է մեկնաբանել որպես իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր` անկախ վերջիններիս կողմից ապրանքներ իրացնելու կամ ձեռք բերելու հանգամանքից:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը և Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ը» և «թ» կետերը, Հանձնաժողովը որոշում է.
1. Պաշտոնապես պարզաբանել, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ից 5-րդ կետերով սահմանված համակենտրոնացման մասնակից է համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված տնտեսվարող սուբյեկտը` անկախ վերջինիս կողմից ապրանքներ իրացնելու կամ ձեռք բերելու հանգամանքից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: