i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և Բելառուսի Հանրապետության կրթության նախարարությունը, այսուհետ` Կողմեր,
հիմնվելով հայ և բելառուս ժողովուրդների բարեկամության պատմական արմատների վրա,
գիտակցելով փոխադարձ շահագրգռվածությունը իրավահավասար համագործակցության մեջ և ձգտելով խրախուսել ու զարգացնել փոխշահավետ համագործակցությունը կրթության և գիտության բնագավառում,
ընդունելով իրենց փոխհարաբերություններում և հանրակրթական քաղաքականության մեջ համամարդկային արժեքների գերակայությունը,
դիտելով պետական-կրթական և գիտական կառույցները որպես ամբողջական համակարգ, որոնք նպաստում են երկու պետությունների քաղաքացիների լիարժեք զարգացմանը` անկախ էթնիկական պատկանելությունից, քաղաքական և կրոնական հայացքներից ու համոզմունքներից,
արտահայտելով պատրաստակամություն գիտական, կազմակերպչական-մեթոդական և տեղեկատվական համագործակցության,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը, յուրաքանչյուր պետության գործող օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, իրավահավասարության ու փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա կզարգացնեն և կխրախուսեն երկու պետությունների համապատասխան կազմակերպությունների և հաստատությունների համագործակցությունը:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերն իրենց ջանքերը կկենտրոնացնեն համագործակցության հետևյալ ուղղությունների վրա`
- փորձի փոխանակում կրթության զարգացման, կառավարման և պլանավորման կարևորագույն ուղղությունների բնագավառներում, ներառյալ բարձրագույն և հետբուհական կրթությունը,
- համարժեք փոխանակման հիման վրա յուրաքանչյուր Կողմի համար գերակա մասնագիտությունների գծով ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների և փորձնակների պատրաստում այն մասնագիտություններով, որոնք առաջնային են յուրաքանչյուր Կողմի համար,
- գիտամանկավարժական և կառավարչական կադրերի վերապատրաստում և որակավորման բարձրացում,
- փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հետազոտությունների համատեղ անցկացում բնական, տեխնիկական, մանկավարժական, հումանիտար գիտությունների բնագավառներում, այդ թվում` երկու ժողովուրդների պատմական անցյալին առնչվող հարցերի շուրջ,
- կարծիքների փոխանակում ուսումնական ծրագրերի և պատմության, աշխարհագրության ու գրականության դասագրքերի բովանդակության վերաբերյալ,
- կրթության զարգացման սկզբունքային հարցերի շուրջ համաձայնեցված դիրքորոշման մշակում,
- կրթության համակարգի ստեղծագործական և մտավոր ներուժի արդյունավետ օգտագործում:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերն իրենց տարածքներում երաշխավորում են երկու պետություններում մինչև 1992 թվականի հունվարի 1-ը տրված կրթության վերաբերյալ փաստաթղթերի անժամկետ ճանաչումը:
ՀՈԴՎԱԾ 4
Կողմերը պայմանավորվել են անհրաժեշտ աշխատանք տանել 1992 թվականի հունվարի 1-ից հետո երկու պետությունների ուսումնական հաստատությունների կողմից տրված կրթության մասին փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչման հարցերի կարգավորման ուղղությամբ:
ՀՈԴՎԱԾ 5
Կողմերը կնպաստեն Հայաստանի Հանրապետությունում բելառուսական գրականության, Բելառուսի Հանրապետության պատմության ու աշխարհագրության և Բելառուսի Հանրապետությունում հայ գրականության, Հայաստանի Հանրապետության պատմության ու աշխարհագրության ուսումնասիրմանը:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմերը կնպաստեն հայերենի և բելառուսերենի ուսումնասիրության ամենամյա ամառային դասընթացների անցկացմանը, որոնք անհրաժեշտության դեպքում կկազմակերպվեն համալսարանների կողմից` Հայաստանի Հանրապետությունում և Բելառուսի Հանրապետությունում, անվճար համարժեք փոխանակման կամ ուղարկող Կողմի հաշվին:
ՀՈԴՎԱԾ 7
Կողմերը կարող են սահմանել պետական ընդունելության չափաքանակներ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության քաղաքացիների` Բելառուսի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար: ՈՒսման վարձի վճարումը կիրականացվի ուղարկող Կողմի հաշվին: Ընտրության, ընդունելության և ֆինանսավորման կարգը կորոշվի առանձին արձանագրություններով:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերից յուրաքանչյուրը չի առարկում մյուս Կողմի քաղաքացիների` մրցութային հիմունքներով անհատական ընդունելությանը իր ուսումնական հաստատություններ` գործող կանոնների համաձայն, հետագա ուսուցումը կազմակերպելով փոխհատուցման հիմքերի վրա:
ՀՈԴՎԱԾ 9
Կողմերից յուրաքանչյուրը կնպաստի մյուս Կողմի պետության քաղաքացիների որակավորման բարձրացմանը ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում` փոխհատուցման հիմքերի վրա:
ՀՈԴՎԱԾ 10
Կողմերը կձգտեն ընդլայնել իրենց գիտնականների համատեղ մասնակցությունը կրթության բնագավառում միջազգային ծրագրերին ու նախագծերին, հումանիտար գիտությունների գծով սեմինարներին, խորհրդաժողովներին, ընթերցումներին և այլ միջոցառումներին:
ՀՈԴՎԱԾ 11
Կողմերը միջազգային համագործակցության բնագավառում կփոխանակեն տեղեկատվություն, որը կարող է հետաքրքրել մյուս Կողմին, կնպաստեն միջազգային ծրագրերին և նախագծերին համատեղ մասնակցելու համար մասնագետների խմբերի ստեղծմանը:
ՀՈԴՎԱԾ 12
Կողմերը կզարգացնեն ուսումնամեթոդական, գիտական փորձի և նյութերի փոխանակումը, կակտիվացնեն համագործակցությունը կրթության որակի կառավարման բնագավառում:
ՀՈԴՎԱԾ 13
Կողմերը կնպաստեն Կողմերի պետությունների բոլոր մակարդակների կրթական հաստատությունների միջև ուղիղ կապերի զարգացմանը, գիտության և կրթության ներկայացուցիչների անձնական հաղորդակցման ամրապնդմանը:
ՀՈԴՎԱԾ 14
Կողմերը կնպաստեն բարձրագույն ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատանքի գծով հումանիտար, բնական և տեխնիկական գիտությունների բնագավառների մասնագետների փոխանակմանը, Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը:
ՀՈԴՎԱԾ 15
Կողմերը կնպաստեն միջնակարգ հանրակրթական դպրոցների, մասնագիտական տեխնիկական ուսումնարանների, միջնակարգ հատուկ ուսումնական հաստատությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը հետևյալ ուղղություններով`
- փորձի փոխանակում մանկավարժական գործունեության բնագավառում,
- ուսումնական ձեռնարկների ու ծրագրերի, ուսումնական գործընթացում համակարգչային ծրագրերի մշակման փորձի փոխանակում,
- գիտական տեղեկատվության փոխանակում,
- համատեղ ուսումնական ծրագրերի մշակում,
- սպորտային պատվիրակությունների և գեղարվեստական ինքնագործ կոլեկտիվների փոխանակում,
- ստեղծագործական մրցույթների և առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացքում հաղորդակցման ընդլայնում,
- փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ գիտահետազոտական աշխատանքների կատարում:
Սույն հոդվածի շրջանակներում փոխանակությունը կկատարվի պայմանագրային հիմունքներով:
ՀՈԴՎԱԾ 16
Կողմերը կնպաստեն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի ստեղծմանը Բելառուսի Հանրապետությունում և Բելառուսի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի ստեղծմանը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև այդպիսի համատեղ ուսումնական հաստատությունների ստեղծմանը:
ՀՈԴՎԱԾ 17
Կողմերը կաջակցեն Հայաստանի Հանրապետության ազգությամբ բելառուս քաղաքացիների և Բելառուսի Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիների իրավունքների ապահովմանը կրթության բնագավառում:
ՀՈԴՎԱԾ 18
Կողմերից յուրաքանչյուրը, ազգային օրենսդրությանը համաձայն, իր պետության տարածքում մշտապես բնակվող մյուս պետության քաղաքացիների համար կրթության բնագավառում երաշխավորում է իր քաղաքացիներին հավասար իրավունքներ:
ՀՈԴՎԱԾ 19
Կողմերն անհրաժեշտության դեպքում պատվիրակություններ կփոխանակեն կապերի ամրապնդման, աշխատանքի փորձի փոխանակման, համագործակցության հետագա զարգացման հարցերի քննարկման, ինչպես նաև սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված խորհրդակցությունների անցկացման համար:
Պատվիրակությունների տրանսպորտային ծախսերը կատարվում են ուղարկող Կողմի հաշվին: Պատվիրակությունների կեցության ապահովման ծախսերը կատարվում են ընդունող Կողմի հաշվին:
ՀՈԴՎԱԾ 20
Կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են ստեղծել խառը հանձնաժողով սույն Համաձայնագրի իրականացման և Կողմերի բեղմնավոր փոխգործակցությանն ուղղված երաշխավորությունների պատրաստման համար:
ՀՈԴՎԱԾ 21
Սույն Համաձայնագիրը Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ կարող է փոփոխվել և լրացվել:
Փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 22-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և կիրարկման վերաբերյալ տարաձայնությունները Կողմերը կլուծեն բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
ՀՈԴՎԱԾ 22
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով գործընթացների ավարտման մասին դիվանագիտական խողովակներով միմյանց տեղեկացնելու օրվանից և գործում է հինգ տարվա ընթացքում:
Համաձայնագրի գործողությունն ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամանակաշրջանով, եթե Կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չի տեղեկացնում Համաձայնագիրը չեղյալ հայտարարելու իր մտադրության մասին:
Սույն Համաձայնագրի դադարեցումը կամ որևէ փոփոխություն չի ազդի սույն Համաձայնագրի գործողության ժամանակահատվածում սկսված և մինչև Համաձայնագրի գործողության դադարեցման կամ նման փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահը չավարտված նախագծերի իրագործման վրա:
Կատարված է Երևան քաղաքում 2001 թվականի մայիսի 26-ին` երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման տարակարծության դեպքում գերադասելի է համարվում ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի դեկտեմբերի 26-ից: