Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Բուլղարիայի Հանրապետության հողագործության և անտառների նախարարությունը (այսուհետ` Պայմանավորվող կողմեր),

ձգտելով գյուղատնտեսության բնագավառում տնտեսական և գիտատեխնիկական կապերի զարգացմանը` հավասարության և փոխշահավետության սկզբունքներից ելնելով,

նկատի ունենալով Պայմանավորվող կողմերի տնտեսական գործակալների միջև շուկայական հարաբերությունների զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Պայմանավորվող կողմերը կնպաստեն երկու պետությունների ձեռնարկությունների, կազմակերպությունների և տնտեսական գործակալների միջև տնտեսական և գիտատեխնիկական կապերի հաստատմանը, որոնք գործում են գյուղատնտեսության բնագավառում փոխշահավետ հիմունքներով, իրենց իրավասության սահմաններում և համաձայն Պայմանավորվող կողմերի երկրների գործող օրենսդրության:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Պայմանավորվող կողմերը կաջակցեն և կզարգացնեն կոնկրետ համագործակցություն հետևյալ ուղղություններով`

- բուսաբուծություն,

- անասնաբուծություն,

- գյուղատնտեսական արտադրության մեքենայացում և ավտոմատացում,

- գյուղի և գյուղական վայրերի զարգացում,

- ձկնաբուծություն,

- խորհրդատվական ծառայություններ,

- գիտական հետազոտություններ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Պայմանավորվող կողմերի միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցությունը կիրականացվի հետևյալ ուղղություններով`

- փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների, նորմատիվ փաստաթղթերի, ստանդարտների, ապրանքների նմուշների փոխանակում,

- գիտական հետազոտությունների համատեղ իրականացում և դրանց ներդրում,

- ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում բուսաբուծությունում և անասնաբուծությունում,

- աջակցություն համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը,

- գյուղատնտեսության բնագավառում գիտական և տնտեսական միջոցառումների մասին տեղեկությունների փոխանակում (տոնավաճառների, ցուցահանդեսների, մրցույթների, սեմինարների, կոնֆերանսների և գիտաժողովների կազմակերպում),

- կադրերի պատրաստման ծրագրերի համատեղ կազմակերպում,

- մասնագետների փոխանակում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ հանդիպումների կազմակերպում:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պայմանավորվող կողմերը կստեղծեն Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչներից կազմված համատեղ աշխատանքային խումբ, որի վրա կդրվեն հետևյալ պարտականությունները`

- գյուղատնտեսության բնագավառում համագործակցության դրության վերլուծություն,

- համագործակցության նոր ձևերի հայտնաբերում,

- երկկողմանի համագործակցության ընթացքում ծագող վիճելի հարցերի վերլուծություն:

Համատեղ աշխատանքային խումբը կգործի Կողմերի հաստատած կանոնադրության համապատասխան: Հանձնաժողովը հանդիպումներ կանցկացնի առնվազն տարին մեկ անգամ, հաջորդաբար` Հայաստանի Հանրապետությունում և Բուլղարիայի Հանրապետությունում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում համատեղ միջոցառումների կազմակերպման և իրականացման անցկացման հետ կապված ծախսերը կկատարի Պայմանավորվող Կողմերից յուրաքանչյուրը համամասնորեն` նախապես պայմանավորվածությանը համապատասխան:

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի տարածքում սույն Համաձայնագրով ենթադրվող և իրականացվող մյուս միջոցառումների հետ կապված ծախսերը կկատարի այդ միջոցառումներն իրականացնող Պայմանավորվող կողմը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ընթացքում ծագող վիճելի հարցերը կլուծվեն դիվանագիտական ճանապարհով` փոխադարձ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, համապատասխան ձևով ձևակերպված առանձին արձանագրությամբ, որը կդառնա Համաձայնագրի անբաժան մասը:

Նշված արձանագրությունը ուժի մեջ կմտնի 8-րդ հոդվածի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար Պայմանավորվող կողմերի` ներպետական անհրաժեշտ ընթացակարգերը ավարտելու մասին դիվանագիտական ճանապարհով միմյանց գրավոր ծանուցելու օրվանից:

Սույն Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով: Նրա գործողությունը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամկետներով, եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը սույն Համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից առնվազն վեց ամիս առաջ Պայմանավորվող կողմերից մյուսին դիվանագիտական ուղիներով գրավոր ձևով չհայտնի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր ցանկության մասին:

 

Կատարված է Երևան քաղաքում 2001 թվականի ապրիլի 11-ին` երկու բնօրինակով` հայերեն, բուլղարերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի հոդվածների մեկնաբանման հետ կապված որոշ տարաձայնությունների ծագման դեպքում որպես հիմք կընդունվի ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի ապրիլի 12-ից:

 

 

pin
11.04.2001
Միջազգային պայմանագիր