i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բելառուսի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
ընդունելով փոխադարձ հետաքրքրությունը զբոսաշրջության բնագավառում երկարաժամկետ և սերտ համագործակցության հաստատման հարցում,
ցանկություն հայտնելով զարգացնելու այդ բնագավառում հարաբերությունները երկու երկրների, ինչպես նաև նրանց զբոսաշրջային կազմակերպությունների միջև,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը կնպաստեն Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև զբոսաշրջիկների փոխանակման ընդլայնմանը` երկու երկրների ժողովուրդների կյանքին, պատմությանը և մշակույթին ծանոթանալու նպատակով:
Համագործակցությունը կիրականացվի Կողմերի պետությունների օրենսդրությանը և սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերը կաջակցեն զբոսաշրջության բնագավառի պետական կառավարման մարմինների և զբոսաշրջային կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային և ներքին զբոսաշրջության զարգացմանը մասնակցող այլ կազմակերպությունների միջև էլ ավելի սերտ համագործակցությանը:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերը կնպաստեն զբոսաշրջային տեղեկության, տպագիր նյութերի, տեսաֆիլմերի փոխանակմանը, կաջակցեն գովազդային միջոցառումների, գիտաժողովների, սեմինարների, ցուցահանդեսների և տոնավաճառների անցկացմանը: Այդ նպատակով Կողմերը կարող են մյուս Կողմի պետության տարածքում ստեղծել տեղեկատվական կենտրոններ կամ նշանակել զբոսաշրջության պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ:
ՀՈԴՎԱԾ 4
Կողմերը կնպաստեն զբոսաշրջության բնագավառի մասնագետների և այլ աշխատողների, ինչպես նաև զբոսաշրջության մասնագիտությունների գծով ուսանողների ուսուցման, պատրաստման և փոխանակման բնագավառում համագործակցությանը: Զբոսաշրջության զարգացման տարբեր հետազոտությունների և ծրագրերի իրականացման հարցում Կողմերը կօժանդակեն հասարակական և մասնավոր հատվածի կազմակերպություններին:
ՀՈԴՎԱԾ 5
Կողմերը զբոսաշրջության պետական կառավարման իրենց մարմինների միջոցով կիրականացնեն զբոսաշրջությանը վերաբերող իրենց օրենսդրության, ինչպես նաև միջազգային զբոսաշրջային կազմակերպություններում իրենց կողմից իրականացվող գործունեության մասին տեղեկության փոխանակում:
ՀՈԴՎԱԾ 6
Սույն Համաձայնագրի ավելի արդյունավետ իրագործման նպատակով Կողմերը տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի շրջանակներում կձևավորեն աշխատանքային խումբ, որի կազմի մեջ կընդգրկվեն երկու երկրների զբոսաշրջության ոլորտի մասնագետներ` զբոսաշրջության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված համատեղ առաջարկների, ծրագրերի և որոշումների իրագործման նպատակով:
ՀՈԴՎԱԾ 7
Կողմերը պայմանավորվում են, որ սույն Համաձայնագրի գործողության ընթացքում փոխադարձորեն ձեռք բերված արդյունքներն օգտագործելու են իրենց հայեցողությամբ:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերը կարող են փոփոխություններ և լրացումներ կատարել սույն Համաձայնագրում, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով, կհանդիսանան սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 10-րդ հոդվածով նախատեսված կարգով:
ՀՈԴՎԱԾ 9
Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ժամանակ վեճեր առաջանալու դեպքում Կողմերը կձգտեն դրանք լուծել բանակցությունների միջոցով կամ վեճերի կարգավորման ցանկացած այլ ընդունելի եղանակով:
ՀՈԴՎԱԾ 10
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ ներպետական համապատասխան ընթացակարգերի կատարումը հաստատող Կողմերի վերջին ծանուցման ստացման պահից:
Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի յուրաքանչյուր հաջորդ հնգամյա ժամկետներով, եթե Կողմերից որևէ մեկը համապատասխան ժամկետը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ դիվանագիտական ճանապարհով մյուս Կողմին չծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդի այն ծրագրերի և նախագծերի կատարման վրա, որոնք համաձայնեցվել են նրա գործողության ժամկետում, եթե Կողմերը այլ բանի մասին չեն պայմանավորվել:
Կատարված է Երևան քաղաքում 2000 թվականի հոկտեմբերի 31-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` բելառուսերեն, հայերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում առավելությունը կտրվի ռուսերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի մարտի 26-ից: